ԼայթՍոֆթ. Ավտոմատացման տեղական համակարգերի առավելությունն անվիճելի է

05.08.2013 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ապահովագրական ոլորտը Հայաստանի ֆինանսական համակարգի թերեւս ամենադինամիկ աճող հատվածն է, ու թեեւ ոլորտի ընկերությունների թիվը մեծ չէ, սակայն ծավալները շարունակում են աճել՝ պայմանավորված ԱՊՊԱ-ի, սոցփաթեթի եւ հասարակության շրջանում ձեւավորված ապահովագրական մշակույթի անընդհատ զարգացմամբ:

Ոլորտի աճին համաքայլ զարգանում են նաեւ վերջինս սպասարկող բիզնեսները: Դրանցից առավել ուշադրության արժանին ապահովագրական ընկերությունների համար նախագծված բիզնեսի ավտոմատացման համակարգերի մշակումն է: Վերջիններս խիստ կարեւոր դեր ունեն՝ ապահովագրական հատվածի դինամիկ աճի եւ ուժգնացող մրցակցության պայմաններում: Ապահովագրական ընկերությունների համար ավտոմատացման համակարգերի նախագծման գործում մասնագիտացված ԼայթՍոֆթ ընկերության փոխտնօրեն Ռազմիկ Խաչատուրյանը Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել է ոլորտի զարգացումների եւ հայաստանյան առանձնահատկությունների մասին:

- Որքանո՞վ է Հայաստանի ֆինանսական հատվածի եւ, մասնավորապես, ապահովագրական ընկերությունների համար նպատակահարմար ընտրել հենց տեղական շուկայի ընկերությունների արտադրանքը, եւ ոչ թե արդեն իսկ առկա օտարերկրյա լուծումները:

- Վստահորեն կարող եմ նշել, որ չկա այնպիսի ոլորտ, որը հնարավոր չլինի ավտոմատացնել տեղական ՏՏ ընկերությունների կողմից: Այդ իսկ պատճառով անձամբ ես խիստ բացասական եմ վերաբերվում այն փաստին, որ շատ տեղական ընկերություններ սոֆթ են ձեռք բերում արտասահմանյան ընկերություններից: Ավտոմատացման տեղական համակարգերի առավելությունն անվիճելի է՝ հաշվի առնելով տեղական նորմատիվային դաշտի փոփոխությունների հանդեպ ճկունությունը եւ պատվիրատուի պահանջներին արագ արձագանքելու եւ անհատական լուծումներ մշակելու հնարավորությունը:

Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունը, ունենալով բավականին խելացի ռեսուրսներ, չի կարողանում պահպանել դրանք, եւ անընդհատ տեղի է ունենում այդ ռեսուրսների արտահոսք: Ուստի չի բացառվում նաեւ, որ արտասահմանյան երկրներից ձեռք բերվող սոֆթերը մշակված լինեն հենց մեր մասնագետների կողմից: Այստեղից պետք է հանգենք մի պարզ եզրակացության. եթե մեր ՏՏ շուկան տեղական սպառողների կողմից ապահովված լինի անհրաժեշտ քանակությամբ պատվերներով, ապա մեր բարձրակարգ մասնագետները ապահովված կլինեն արժանապատիվ աշխատանքով, որը, թեեւ արտասահմանում նմանօրինակ աշխատանքի համեմատ ավելի ցածր վարձատրվող կլինի, սակայն մեր մասնագետները կգերադասեն մնալ հայրենիքում, եւ մենք կկարողանանք օգտագործել վերջիններիս բարձրակարգ ռեսուրսները տեղական որակյալ լուծումների մշակման գործում:

- Որո՞նք են ձեր ընկերության առանձնահատկությունները այս ոլորտի խաղացողների շարքում, եւ որո՞նք են ոլորտի խնդիրները:

- ԼայթՍոֆթը երիտասարդ ընկերություն է՝ համալրված երիտասարդ կադրերով: Մեր ոլորտում կա երկու ընկերություն, որոնք մեզ համար օրինակ են ծառայում բազմաթիվ հարցերում՝ L-Soft-ը եւ Հայկական Ծրագրերը: Մենք, լինելով ավելի երիտասարդ թիմ, փորձում ենք ավելի նորարար լուծումներ առաջարկել մեր հաճախորդներին:

Ոլորտի գերխնդիրը որակյալ ռեսուրսների սղությունն է: Լինելով բիզնեսի համեմատաբար նոր ուղղություն` մեզ մոտ առկա է որակյալ կադրերի պահանջ, ովքեր կլինեն տեղեկացված ֆինանսական ոլորտի առանձնահատկություններից եւ ում ձեռքը միշտ կլինի անընդհատ փոփոխվող ֆինանսական շուկայի զարկերակի վրա: Գաղտնիք չէ, որ նման ռեսուրսները բավականին թանկ արժեն: Սա է նաեւ այն հիմանական պատճառներից մեկը, որ մեր ոլորտի ընկերություններն ունիվերսալ չեն դառնում:

Այսօր ապահովագրական շուկան, ելնելով արագ զարգացման բարձր տեմպերից, բավական պահանջկոտ է: Մեր հիմնական խնդիրը եւ, ինչու չէ, նաեւ առավելությունն այն է, որ մենք ոչ թե փորձում ենք հաճախորդին սահմանափակել, այլ որքան հնարավոր է ճկուն աշխատել, հասկանալ, թե ինչի կարիք ունեն նրանք: Պահանջներն ու դրանց կատարումը այստեղ ուղիղ համեմատական են շուկայի զարգացման տեմպերին:          

- Ձեր հիմնական թիրախային շուկան ապահովագրական ընկերություններն են: Հայաստանում այս պահի դրությամբ գործում է ընդամենը 7 ապահովագրական ընկերություն: Արդյո՞ք ռիսկային չէ աշխատել նման փոքրաթիվ հաճախորդների հետ:      
 
- Շատ ռիսկային է, սակայն կա նաեւ հետեւյալ փաստը. թեեւ ընկերությունները փոքրաթիվ են, շուկայի ծավալները շարունակում են աճել, եւ մեր անելիքը չի պակասում:

Այս պահի դրությամբ մենք սպասարկում ենք տեղական բոլոր ապահովագրական ընկերությունները՝ բացառությամբ մեկի, ինչը նշանակում է, որ մեր կողմից սպասարկվում է ապահովագրական շուկայի հսկայական մասը: Եվ դա, ի դեպ, մրցակցության պայմաններում: Մեր կողմից միշտ բարձր է գնահատվում ցանկացած ոլորտում մրցակցության դերը: LiteSoft ընկերությունը, լինելով վստահ իր ուժերում եւ հնարավորություններում, երբեք չի թերագնահատում մրցակիցներին:

- Դուք աշխատում եք նաեւ ներդրումային ընկերությունների հետ, որոնք, մեր արժեթղթերի շուկայի իրողություններից ելնելով, ներկայումս պասիվ են: Ունե՞ք լուծումներ՝  կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ:

- Այո, աշխատում ենք ներդրումային ընկերությունների հետ, ունենք համալիր ավտոմատացման եւ առանձին դեպոզիտարիաների համար ավտոմատացման համակարգեր:

Մեր տեղեկություններով, կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված ծրագրային լուծումները ձեռք են բերվել արտասահմանյան ընկերություններից, ինչն անձամբ ինձ համար անհասկանալի է: Օրինակ՝ ես երբեւիցե չեմ լսել, որ որեւէ բանկ գնի արտասահմանից սոֆթ, չհաշված այն դեպքերը, երբ բանկը դրսից ներմուծում է բանկային հաշվի առցանց կառավարման բանկ-հաճախորդ համակարգ: Նման համակարգեր կարելի է ձեռք բերել տեղական ընկերություններից շատ ավելի ցածր գներով:

- Դուք նաեւ արտոնագրված ծրագրային ապահովման վերավաճառող եք: Հայաստանը հայտնի է չարտոնագրված ծրագրերի լայն տարածմամբ: Ինչպե՞ս է ձեզ մոտ վաճառվում արտոնագրված սոֆթը:

- Անձամբ ես, ներկայացնելով IT-ընկերություն, չեմ ընդունում այն իրողությունը, երբ որեւէ մեկն օգտվում է իմ սոֆթից եւ դրա դիմաց չի վճարում: Մեր ընկերությունում չկա համակարգիչ առանց արտոնագրված ծրագրային ապահովման:

Մեզնից արտոնագրված սոֆթ են գնում հիմնականում պետական կառույցները՝ մրցույթների արդյունքներով:  Մասնավոր հատվածում ակտիվություն դեռ չի նկատվում:

- Ի դեպ, ներկայումս բարեփոխումներ են ընթանում պետգնումների ոլորտում: Դուք զգացե՞լ եք այս բարեփոխումները սեփական փորձի վրա:

- Այո, գործընթացը բավականին հեշտացել է, եւ մենք ստանում ենք ողջ տեղեկատվությունն էլ. փոստով: Անհարմարություններից կնշեմ այն, որ կարող է հիմա ստացվել տեղեկատվություն ընդամենը հաշված օրեր անց անցկացվելիք մրցույթի մասին: Նման դեպքերում հնարավոր չէ հասցնել նախապատրաստվել:

Սակայն մեզ համար դա բիզնեսի հիմնական ուղղությունը չէ եւ ընդամենը օժանդակ դեր է կատարում: Մենք ընդամենը մասնակցում ենք տենդերներին այնքանով, որքանով դրանք մեզ հետաքրքիր են:

Ռազմիկ Խաչատուրյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը

Դիտում՝ 7669
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai