Հերմինե Հարությունյան. «Հանգստությունս երբեմն թվացյալ է»

07.03.2013 | 09:09 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Արդեն մի քանի տարի է, ինչ ղեկավարում եք Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը: Ձեր կարծիքով, ի՞նչ  խնդիրներ ունեն կանայք կառավարման ոլորտում:

- Ես գտնում եմ, որ կին ղեկավար լինելու հանգամանքը ոչ մի պարագայում ստվեր չի գցում աշխատանքի որակի վրա. կան խնդիրներ, որոնք անխուսափելի են եւ չեն շրջանցում նաեւ տղամարդ ղեկավարներին, դրանք իրենց բնույթով ու ծավալով պայմանավորված չեն ղեկավարողի սեռական պատկանելիությամբ:

Կանայք ավելի նրբանկատ են, հոգատար եւ գիտակցաբար ստեղծում են հավասարակշիռ մթնոլորտ` ի նպաստ աշխատանքի արդյունավետության: Կարծում եմ, կին ղեկավարների ավելի շատ լինելը մեր օրերում դրական ազդեցություն կունենա:

- Որտեղի՞ց եք սկսել Ձեր աշխատանքային ուղին:

- Իմ կարիերան սկսել եմ ՀՀ Կենտրոնական բանկից, որտեղ զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ: 2008թ-ին նշանակվել եմ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն:

- Ի՞նչն եք համարում կնոջ հաջողության գրավականը կարիերայում:

- Ողջամտությունը, աշխատասիրությունը, համբերատարությունը եւ, իհարկե, կամքը:  

- Մի քանի բառով կներկայացնե՞ք Ձեզ:

- Իհարկե, շատ դժվար է ինքս ինձ գնահատել որպես անձ, բայց, կարծում եմ, համբերատար, աշխատասեր, հանգիստ մարդ եմ: Հանգստությունս երբեմն թվացյալ է, քանի որ ներքին հուզմունք ապրող մեկն եմ, ինչպես բացասական, այնպես էլ դրական հույզերից: Դա, իհարկե, հիմնականում չի նկատվում:   

- Սովորաբար ինչպե՞ս է սկսվում եւ ավարտվում Ձեր օրը:

- Նախ նշեմ, որ աշխատանքի արդյունավետության համար կարեւորում եմ ժամանակի կառավարման պլանավորումը, օրս սկսում եմ  նախորդ օրն այդ օրվա համար կատարված գրառումների ստուգումից, անավարտ թողած աշխատանքները շարունակելու եւ ավարտին հասցնելու ձեռնարկումից եւ, իհարկե, առանձնացնում այն առաջնահերթ խնդիրները, որոնք պետք է այդ օրը կատարվեն:

Իսկ օրվա ավարտը հաջողված եմ համարում, եթե կարողանում եմ այն ավարտին հասցնել իմ նախասիրությունների կիրառմամբ, ինչը երբեմն ստացվում  է:

- Իսկ ի՞նչ նախասիրություններ ունի Հերմինե Հարությունյանը:

- Սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, լսել երաժշտություն: Մշտապես ցանկություն ունեմ զբաղվել տարատեսակ մարզաձեւերով, ինչն ինձ համար թուլություն է. սպորտի հանդեպ առանձնակի հետաքրքրություն ունեմ: Նախկինում զբաղվել եմ սեղանի թենիսով, դպրոցական տարիներին նաեւ հաջողություններ եմ ունեցել այս ոլորտում:

Ժամանակ առ ժամանակ լինում եմ մարզասրահում, զբաղում եմ թենիսով, իսկ բոլորովին վերջերս սկսել եմ զբաղվել նաեւ սքվոշ մարզաձեւով, ինչն ինձ համար լավ տրամադրություն ապահովելու, առօրյա բացասական հույզերը շրջանցելու, դրական լիցքեր ստանալու անփոխարինելի միջոց է:

Մեզ մոտ սքվոշը դեռեւս լայն տարածված մարզաձեւ չէ, այն խաղում են երկուսով` ռակետի եւ գնդակի միջոցով, բայց այստեղ գնդակն էլ, ռակետն էլ անհամեմատ փոքր են, քան ավանդական թենիսում: Խաղում են հատուկ դահլիճում` այսպես կոչված սքվոշի կորտում, որը փակ տարածք է, իսկ խաղացողների նպատակը հակառակորդին դիմացի պատին հարված կատարելու հնարավորություն չտալն է: Շատ դինամիկ, արագ շարժվելու եւ կողմնորոշվելու ունակություն պահանջող մարզաձեւ է:

- Կա՞ն հատուկ իրեր, որոնց հանդեպ ունեք որոշակի «թույլություն»: Ստեղծու՞մ եք հավաքածուներ կամ յուրահատուկ տեղ տրամադրում դրանց Ձեր կյանքում:

- Թուլություն ասել չեմ կարող, բայց դպրոցական տարիներին իմ շատ սերնդակիցների նման ունեի նամականիշերի բավականին հարուստ հավաքածու, ժամանակի ընթացքում դրանց ուղղված մոտիվացիան մարեց:

Այժմ ունեմ մի համեստ հավաքածու, որտեղ տեղ են գտնում իմ այցելած երկրներից ձեռք բերված իրեր, որոնք ինձ համար հաճելի հիշողությունների պատառիկներն են, կոնկրետ երկրի ճանաչման իմ սուբյեկտիվ արտահայտումը:

- Անձնական եւ գործնական կյանքի համատեղումը բարդություններ ծնու՞մ է:

- Իմ կարծիքով, դրանցից ոչ մեկը հետին պլան չպետք է մղվի: Հակված եմ առաջնորդվել այն մտայնությամբ, որ միշտ էլ ելք կա, կարեւորն այն է, որ երկուսն էլ լինեն սիրված եւ հավասար վերաբերմունքի արժանանան:

- Հանգստյան օրերն ինչպե՞ս եք անցկացնում:

- Այստեղ ժամանակի կառավարման խիստ սահմաններ չունեմ, սիրում եմ հանգստանալ ընկերներիս եւ հարազատներիս հետ, այցելել թատրոն եւ համերգասրահ, եթե ժամանակ եմ գտնում, տրամադրում եմ նաեւ իմ նախասիրություններին:

- Առավոտյան քանի՞ րոպե եք անցկացնում հայելու առջեւ:

- Փորձում եմ ամեն ինչ շատ արագ անել, պատշաճ տեսք ունենալու համար երկար ժամանակ չի պահանջվում: Հակված եմ շեշտը դնել բնականի եւ խնամվածության վրա` պահպանելով արտաքին եւ ներքին ներդաշնակությունը:

- Կանայք սիրում են գնումների գնալ, ինչը շատերի մոտ վերածվում է հատուկ միջոցառման. Դուք ունե՞ք նման սովորություն:

- Գնումներ կատարելը հատուկ միջոցառման չի վերածվում, սակայն սիրում եմ, որ դրանք նպատակային են լինում: Եթե հնարավորություն եմ ունենում, գնումներ եմ կատարում նաեւ արտերկրում:

- Իսկ ինչպիսի՞ն է Հերմինե Հարությունյանը խոհանոցում:

- Խոհանոցում ժամանակի սղության պատճառով քիչ եմ լինում, բայց սիրում եմ ուտեստներ պատրաստել նոր բաղադրատոմսերով, որոնք հիմնականում կատարում եմ իմ սիրելի զարմիկների խնդրանքով եւ նրանց հաճույք պատճառում:

Ինքս բուսակեր եմ, ուտելիքների ընտրության հարցում՝ սահմանափակ, հետեւաբար, սիրում եմ պատրաստել ինձ համար նախընտրելի բաղադրիչներով:

- Իսկ որքա՞ն ժամանակ է` ինչ բուսակեր եք:

- Ավելի քան 10 տարի որեւէ կենդանական մթերք չեմ օգտագործում, նույնիսկ ձուկ: Երբեք չեմ մտածում այլ մթերք ուտելու մասին, նաեւ չեմ նյարդայնանում, երբ դիմացինս կենդանական ծագման մթերք է օգտագործում: Երբեմն փորձում են ինձ համոզել, բայց ես կարծում եմ, որ ինձ այսպես ավելի հարմար է եւ հաճելի՝ յուրաքանչյուրն իր ընտրությունն ունի:

- Որքա՞ն հաճախ եք ծաղիկներ կամ կոնֆետներ ստանում:

- Հիմնականում առիթների դեպքում: Ընկերներս գիտեն, որ ես կոնֆետ շատ եմ սիրում, երբեմն առանց առիթի ինձ յուրահատուկ կոնֆետներ են նվիրում: Շատ եմ սիրում սենյակային բույսեր, որոնք հաճախ ինձ նվիրում են, տանը շատ բույսեր ունեմ, խնամել, անկեղծ ասած, չեմ հասցնում, բայց հիանում եմ դրանց խնամվածությամբ: Շատ բույսեր ունենք նաեւ աշխատավայրում, մշտապես հետաքրքրվում եմ դրանց ծագմամբ, խնամքի եղանակներով եւ փորձում բարենպաստ պայամններ ստեղծել այդ բույսերի համար:

- Մոտենում է Մարտի 8-ը, ի՞նչ սպասումներ ունեք այս տոնից:

-Սա իմ սիրած տոներից մեկն է, կցանկանայի, որ ամուր հիմքեր ստեղծվեն այդ օրվան բնորոշ բարձր, լավ տրամադրությունը տարվա մնացած օրերին իշխող դարձնելու համար:

Հերմինե Հարությունյանի հետ զրուցել է  Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 11814
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai