Ներդրումային լուծումներ «լաբորատոր պայմաններում»

20.11.2012 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ընթացիկ տարվա կեսին Հայաստանի ֆինանսական շուկա մուտք գործեց նոր խաղացող`«Ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիա» (Finlab) ներդրումային ընկերությունը: Ըստ ծրագրի, ընկերությունը պատրաստվում է նոր մոտեցումներ եւ տեխնոլոգիաներ առաջարկել իր հաճախորդներին` նպաստելով Հայաստանում ներդրումային գործունեության եւ ֆոնդային շուկայի զարգացմանը:

Ստորեւ ներկայացնում ենք «Ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիա» ՓԲԸ բաժնետեր, տնօրեն Արտակ Նահապետյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին:

- Պ-ն Նահապետյան, հայաստանյան ֆինանսական շուկայի համար անսովոր անվանում եք ընտրել Ձեր ընկերության համար: Ի՞նչ ուղերձ է այն իր մեջ կրում:

- Ընկերության անվանումն ընտրելիս ցանկանում էինք փոխանցել նոր եւ այլընտրանքային լուծումներ առաջարկելու մեր պատրաստակամությունը: Այս առումով նախատեսում ենք համատեղել ֆինանսական շուկայում արդեն իսկ ներկայացված ծառայությունները` կիրառելով նոր մոտեցումներ եւ լուծումներ, ինչպես նաեւ ներմուծել Հայաստանի համար նոր, բայց համաշխարհային ֆինանսական շուկայում արդեն իսկ կիրառվող տեխնոլոգիաներ ու ֆինանսական գործիքներ:

- Որպես կանոն, սկսնակ ընկերությունները շուկա են մտնում  իրենց «զինանոցում» եղած առավել մրցունակ եւ նորարական ապրանքներով կամ ծառայություններով: Այս առումով ո՞րն է Ձեր այցեքարտը:

- Ընկերության հիմնական առաքելությունն է հաճախորդների համար հանդես գալ որպես մեկ միասնական ֆինանսական գործընկեր: Դա նշանակում է, որ մենք հասանելի կլինենք բոլոր նրանց համար, ովքեր ինչ-ինչ սպասելիքներ ունեն ֆինանսական շուկայից, եւ մեր իրավասությունների շրջանակում կփորձենք գտնել  օպտիմալ լուծումներ յուրաքանչյուր հաճախորդի պահանջարկի եւ առանձին դեպքերի համար: Անգամ եթե հարցը կգտնվի մեր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակից դուրս, միեւնույն է, մեզ դիմողներն անպատասխան չեն մնա: Այդ դեպքում մենք հանդես կգանք ֆինանսական միջնորդի դերում եւ կուղղորդենք նրանց համապատասխան մասնագիտացված կառույցի հետ կապ հաստատելու եւ գործարք կատարելու հարցում՝ կանգնելով նրանց կողքին եւ աջակցելով, ընդ որում թե Հայաստանում, թե արտասահմանում:

- Բրոքերային սպասարկման ոլորտում Ձեր առաջարկներն ուղղված են ինչպես կորպորատիվ, այնպես էլ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին: Կարծո՞ւմ եք, եկել է ժամանակը, երբ Ձեր ընկերության դուռը կթակեն ֆիզիկական անձինք՝ արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելու պատրաստականությամբ:

- Վերջերս Հյուսիսային պողոտայով զբոսնելիս՝ ակամայից լսեցի երկու երիտասարդների զրույց. նրանք բանավիճում էին, թե Google եւ Facebօok ընկերություններից որն է ավելի խոշոր: Երիտասարդներից մեկն երազկոտ ասում էր, թե ինչ լավ կլիներ, եթե գոնե մեկ հազարերորդական բաժնեմաս ունենար այդ ընկերություններից մեկում: Դրան հաջորդեց ընկերոջ առաջարկը՝ գնել նշված ընկերությունների բաժնետոմսերը, ինչը մեծ զարմանք եւ շփոթություն առաջացրեց զրուցակցի մոտ:

Այնպես որ, կարծում եմ, եկել է այդ ժամանակը, միայն թե մնում է որոշ ջանքեր գործադրել ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ:  Հենց դրանով է պայմանավորված մեր մտադրությունը ընկերության կառուցվածքում հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ ցանկացողները հնարավորություն կունենան ստանալ գիտելիքների լայն սպեկտր` ֆինանսական այբուբենից մինչեւ ֆինանսական մաթեմատիկա: Դասավանդման ընթացքում մեծ կարեւորություն ենք տալու պրակտիկ դասընթացներին:

Ուսումնական կենտրոնը կսկսի գործել արդեն եկող տարվա հունվարից, այն հագեցած կլինի համապատասխան համակարգչային տեխնիկայով: Յուրաքանչյուր մասնակից կունենա իր առանձին համակարգիչը` համապատասխան ծրագրային ապահովումներով (վերլուծական, հաշվարկային, առեւտրային ծրագրեր), ինչը թույլ կտա սովորել եւ գործնականում կիրառել նյութը: Նրանց հասանելի կլինեն նաեւ առեւտրային հարթակներ, որոնք կտրամադրվեն մեր արտասահմանյան, մասնավորապես` պորտուգալական, գերմանական եւ անգլիական գործընկերների կողմից:

Ուսումնական ծրագրերը նախատեսված կլինեն ինչպես սկսնակների, այնպես էլ ֆինանսական շուկայում գործող մասնագետների համար: Կկազմակերպվեն նաեւ տեղեկատվական բնույթի անվճար դասընթացներ, որոնց ընթացքում ցանկացողները  տեղեկատվություն կստանան շուկայում առկա ֆինանսական գործիքների մասին:

- Իսկ ի՞նչ սպասումներ ունեք կորպորատիվ հաճախորդներից, մասնավորապես, որքանո՞վ է պահանջված այսօր տեղական շուկայում Ձեր կողմից առաջարկվող՝ արժեթղթերի տեղաբաշխման չերաշխավորված եղանակը:

- Կարծում եմ, վերջին զարգացումները, կապված արտարժութային, մասնավորապես, դոլարային պարտատոմսերի շրջանառության հնարավորության հետ, նոր լիցք կհաղորդեն արժեթղթերի շուկային: Բացի այդ, 2014-ից ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը եւս կաշխուժացնի այս շուկան:

Ինչ վերաբերում է տեղաբաշխման երաշխավորված եւ չերաշխավորված եղանակներին, ապա, բիզնես տրամաբանությունից ելնելով, երկու դեպքերում էլ տեղաբաշխող ընկերությունն իր համբավի եւ վերջնական արդյունքի համար պետք է ներդնի առավելագույն ջանքերը: Կարծում եմ, երաշխավորված եղանակն ավելի շատ ֆիկտիվ բնույթ է կրում եւ պայմանավորված է հոգեբանական շարժառիթներով` թողարկող ընկերությունը ցանկանում է գրավոր տեսքով ամրագրել իր սպասելիքները:  

Մենք արդեն իսկ բանակցում ենք հավանական որոշ հաճախորդների հետ, այդ թվում նաեւ IPO-ի կազմակերպման ուղղությամբ:  

- Երկարաժամկետ կտրվածքով նպատակ եք դրել աջակցել հայաստանյան ֆոնդային շուկայի՝ միջազգային շուկաների հետ ինտեգրմանը: Որքանո՞վ է, ըստ Ձեզ, իրատեսական այդ հեռանկարը, թեկուզ եւ երկարաժամկետ ապագայում:

- Սա մեզ համար շատ հետաքրքիր հեռանկար է: Ճիշտ է, կպահանջվի որոշակի ժամանակ, բայց մենք միանգամայն իրատեսորեն ենք նայում այս հարցին: Հաշվի առնելով արտասահմանյան գործընկերների հետ մեր ունեցած կապերը՝ նախատեսում ենք հայկական շուկա ներմուծել արտասահմանյան արժեթղթեր եւ հակառակը: Կարծում եմ, այս հարցում հետաքրքրված է նաեւ Հայաստանի ֆոնդային բորսան: Նշված հեռանկարը մեր արտասահմանյան գործընկերներից մեկի այցելության ժամանակ արդեն քննարկվել է բորսայում: Այսօր մենք արդեն ավելի մոտ ենք դարձել միջազգային ֆոնդային շուկաներին, առաջին հերթին՝ հաշվի առնելով Հայաստանի կապիտալի շուկայում արտարժույթով արտահայտված պարտատոմսերի թողարկման հնարավորությունը:

- Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Ձեր որոշումը զբաղվել ներդրումային բիզնեսով. ենթադրում եմ, որ առանց անհրաժեշտ  մասնագիտական փորձի եւ համապատասխան գիտելիքների հազիվ թե ձեռնարկեիք այս գործը:

- Որպես առավելություն կարող եմ նշել իմ աշխատանքային փորձը թե պետական, թե մասնավոր կառույցներում: ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո մոտ 10 տարի աշխատել եմ Կենտրոնական բանկում, իսկ 2005-ից աշխատանքի եմ անցել «Ամերիա» ընկերությունների խմբում:

Ներդրումային բիզնես հիմնելու գաղափարը մեծ մասամբ պայմանավորված էր Հայաստանի կապիտալի շուկայում նախանշվող նոր եւ հեռանկարային  հնարավորություններով:  

Արտակ Նահապետյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 8863
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai