«Փորձում եմ կապ հաստատել տիեզերքի եւ բնության հետ»

13.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Իդրամ» վճարային համակարգի տնօրեն Գայանե Ստեփանյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Ե՞րբ վաստակեցիք Ձեր առաջին դրամը:

- Առաջին դրամը վաստակել եմ 21 տարեկանում աշխատավարձի տեսքով, երբ գիտահետազոտական ինստիտուտում էի աշխատում:

-Պատմեք Ձեր աշխատանքային գործունեությունից: Ինչպե՞ս դարձաք ղեկավար:

- Համալսարանն ավարտելուց հետո աշխատել եմ որպես ծրագրավորող, հետո ծնվեցին երեխաներս, 7 տարի չեմ աշխատել, մեծացնում էի նրանց եւ զարմանալիորեն մոռացել էի ամեն ինչի մասին: Այսօրվա եւ 20 տարի առաջվա կյանքի ռիթմը տարբեր է, երբ աղջիկս 6 ամսեկան էր, ինձ առաջարկեցին ինչ-որ նախագծում ներգրավվել, չհամաձայնեցի. այդ ժամանակ իմ համար առաջնայինը մայր լինելն էր:

7-ամյա դադարից հետո անցա աշխատանքի «ՀայՓոստ» ՓԲԸ-ում, զբաղվում էի դրամական փոխանցումների ծառայությունների ոլորտի զարգացմամբ, կարճ ժամանակում բաժնի ղեկավարից հասա վարչության պետի պաշտոնի: 2007-ին աշխատանքի առաջարկ ստացա «Իդրամ» թիմի կողմից, քանի որ ոլորտը շատ հոգեհարազատ էր ինձ, առանց վարանելու համաձայնեցի: Դժվարություններն, իհարկե շատ էին, բայց, փառք Աստծո, տարիների ընթացքում մեր թիմով կարողացանք հաղթահարել դրանք: Այսօր մեր հասարակությունը սկսել է ընկալել էլեկտրոնային փողի, վճարային համակարգի, առցանց վճարումների նշանակությունը, արդյունավետությունն ու հարմարավետությունը, օր օրի աճում է մեր ընկերության ծառայություններից օգտվողների թիվը:

- Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում Ձեր աշխատանքում:

- Մեր կարեւորագույն սկզբունքներից է հաճախորդի հարմարավետության ապահովումը, ժամանակի խնայողությունը, ինչպես նաեւ ինտերնետ միջավայրում ֆինանսական գործառույթների մաքսիմալ պաշտպանվածությունը: Քանի որ ոլորտում առաջինն ենք, առաջինն էլ հայտնաբերում եւ գրանցում ենք բոլոր խնդիրներն ու խոչընդոտները, շատ արագ արձագանքում դրանց, նորամուծությունների եւ լավ աշխատանքի շնորհիվ տալիս լուծումներ, որն էլ ապահովում է ոլորտում առաջատարի դիրքը: «Իդրամ»-ն առաջին էլեկտրոնային փող թողարկողն է, առաջին էլեկտրոնային դրամապանակն ունեցողը, մտադիր ենք այդպես շարունակել, առաջինը լինելու, առավելագույնս լավ ու որակով ծառայություններ մատուցելու համար այլ ծրագրեր էլ ունենք:

- Այսօր կան կազմակերպություններ, որոնք ստացել կամ փորձում են ստանալ էլեկտրոնային փող թողարկելու իրավունքը. Ի՞նչ կտա դա Ձեր աշխատանքին:

- Իրավական եւ տեխնիկական տեսանկյունից մենք լավ դիրքերում ենք միջազգային շուկայում, ինչը, իհարկե, չեմ կարող ասել օգտագործման մասին: Սա օրեցօր զարգացող միջավայր է, ինչի համար միայն ուրախ ենք, իսկ մրցունակ մնալու համար պահանջվում է նպատակասլաց եւ որակով աշխատանք:

- Ի՞նչ պահանջվեց Ձեզնից ֆինանսական ոլորտում հաստատվելու համար:

- Մեր հասարակությունում գործարար կնոջ համար դժվարություններ կան. պետք է համատեղել աշխատանքը եւ ընտանիքը: Աշխատելով այս բարդ եւ զարգացող ոլորտում` աշխատանքային ժամերից բացի պետք է օգտագործես նաեւ հավելյալ ժամեր, բայց երբ դու կարողանում ես ճիշտ կազմակերպել աշխատանքն ու ընտանեկան կյանքը, երբ աշխատում ես համակարգված եւ սիրով, ամեն ինչ ստացվում է: Այս ամենին հասնելու համար պետք եղան նպատակամղվածություն, աշխատանք, ջանքեր եւ առողջություն:

- Ասում են, ղեկավար լինելու համար հատուկ հոգեբանություն է պահանջվում: Ինչպիսի՞ ղեկավար եք Դուք:

- Իմ մոտ առաջնայինը մարդկային հարաբերութուններն են, երբեք ինքս իմ վրա չեմ զգացել պաշտոնի բարձրացումն ու փոփոխությունը, չկան սահմանագծեր, ես միշտ նույն զգացողության մեջ եմ, իմ համար ոչինչ չի փոխվում: Ասում են, դիմացինների համար եւս, դրանք միայն պաշտոններ ու անուններ են, որոնք ուղղակի ավելացնում են պատասխանատվությունն ու աշխատանքի ծավալը: «Իդրամ»-ը համախմբված, նպատակասլաց, մարդկային արժեքները նմանատիպ ընկալող եւ ուժեղ թիմ է, որի յուրաքանչյուր անդամն ունի իր յուրահատուկ տեղը եւ դերը մեր ընդհանուր գործում: Կենսախնդությունը միշտ ներկա է մեր աշխատանքում: Չեմ ընկալում ղեկավարի անձնավորումն ու կեղծ խոսքեր շռայլելը նրա հասցեին, իմ համար դրանք նույնիսկ վիրավորական են: Անկեղծ եւ նվիրված աշխատանքն ամենամեծ հարգանքն է:

- Ձեզ միշտ կարելի է տեսնել խնամված ու կոկիկ: Որքա՞ն ժամանակ եք անցկացնում հայելու առջեւ կամ գեղեցկության սրահում:

- Շնորհակալ եմ բարի խոսքերի համար: Շաբաթվա մեջ լինում են օրեր, երբ փորձում եմ ժամանակ գտնել գեղեցկության սրահ այցելելու համար, իսկ հայելու առջեւ այնքան էլ շատ ժամանակ չեմ անցկացնում, չեմ ձգտում ստանդարտների, ուղղակի ինքս ինձ համար ներկայանալի, հաճելի պետք է լինեմ: Կարեւորում եմ ոչ միայն կնոջ արտաքին տեսքը, այլեւ ֆիզիկական, հոգեւոր եւ մտավոր ներդաշնակությունը:

- Մի փոքր խոսենք Ձեր նախասիրությունների մասին:

- Փորձում եմ գտնել հոգու եւ ուղեղի ներդաշնակություն, այդ հարցում ինձ օգնում են յոգայի տարբեր տեսակները, օրվա մեջ մեկ ժամ տրամադրում եմ հոգեւոր յոգային` Քիգոնգին, այն ինձ օգնում է լցվել դրական էներգիայով, կապ հաստատել տիեզերքի եւ բնության հետ` հասնելով հոգու եւ մտքի ներդաշնակության: Հանգստյան օրերին զբաղվում եմ շնչառական յոգայով: Սիրում եմ նաեւ կարդալ, երիտասարդ տարիներին նախընտրում էի գեղարվեստական գրականություն, վերջին 10 տարիներին աշխարհաճանաչողական գրքեր եմ կարդում:

Մի գաղտնիք ասեմ. երիտասարդ մնալուն օգնում են ոչ թե գեղեցկության սրահները, այլ մարդու հոգեւոր եւ ֆիզիկական էվոլյուցիան, երբ դու չես կարծրանում ֆիզիկապես կամ որեւէ մտածողության մեջ, ինքնըստինքյան մնում ես երիտասարդ եւ գեղեցիկ: Հաճախ երաժշտություն եմ լսում, Ռեյ Չարլզը բոլոր ժամանակներում ինձ համար եղել է լավագույնը:

- Ինչպե՞ս եք սկսում օրը:

- Օրս սկսում եմ մեկ բաժակ դառը սուրճով… Երեկոյան երբեմն հյուր եմ գնում, թատրոն կամ համերգ, ժամանակի առումով դա հաճախ չի լինում, վերջին ամիսներին աշխատում ենք էքստրեմալ գրաֆիկով:

- Ձեր ընտանիքից խոսենք:

- Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա` աղջիկ եւ տղա, աղջիկս ավարտել է ուսումը եւ պատրաստվում է աշխատանքի անցնել բժշկության ոլորտում, տղաս ծառայել է հայկական բանակում, իսկ այժմ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի երրորդ կուրսի ուսանող է: Նրանք ազնիվ են, կենսախինդ եւ շատ կապված միմյանց, հաճախ ենք խորհրդակցում:

Մասնագիտության ընտրությունը միասին ենք կատարել` հաշվի առնելով իրենց նախասիրությունները: Իմ կարծիքով յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր սիրած գործով, կյանքում ամենակարեւորը ճիշտ տեղը գտնելն է եւ ճիշտ ընտրություն կատարելը:

- Հանգստյան օրերի հիմանական զբաղմունքը ո՞րն է:

- Շատ կապված եմ հարազատներիս հետ, հաճախ այցելում եմ մայրիկիս, ժամանակ եմ տրամադրում յոգայի ֆիզիկական վարժություններին: Հանգստյան օրերին խոհանոցն իմն է, ամբողջ շաբաթ տատիկն է պատրաստում: Չեմ ուզում անհամեստ լինել, բայց համեղ եմ պատրաստում, ընտանիքս այդ օրերին սպասում է նոր ու հետաքրքիր ուտեստների:

Ամանորն իմ ամենասիրած տոնն է, հետեւաբար տոնական բոլոր ճաշատեսակներն ու թխվածքները ինքս եմ պատրաստում` սիրով ու հաճույքով:

- Ձեր աշխատասենյակում ծաղիկներ տեսա. հաճա՞խ եք ծաղիկներ ստանում:

- Չեմ դժգոհում, սակայն հաճախ ինքս էլ եմ գնում ծաղիկներ, քանի որ գեղեցիկի ցանկացած դրսեւորում լավ տրամադրություն է ստեղծում, ինչը գործարար կնոջը շատ անհրաժեշտ է:

Գայանե Ստեփանյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 8967
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai