Ֆինարբիտրաժ. «Վեճերի մեծ մասը բխում է վարկային հարաբերություններից»

05.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանի բանկերի միության Ֆինանսական արբիտրաժի նախագահ Նաիրա Մարգարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Ֆինանսական արբիտրաժը Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) կողմից ստեղծված կառույց է եւ, քանի որ ՀԲՄ-ի հիմնական նպատակը բանկերի շահերի պաշտպանությունն է, առաջին հարցս վերաբերում է Ձեր ղեկավարած կառույցի անկողմնակալության երաշխիքներին:

- Չնայած այն հանգամանքին, որ Ֆինանսական արբիտրաժը ստեղծվել է Հայաստանի բանկերի միության կողմից, այնուամենայնիվ, այն գործում է ՀՀ օրենքների եւ այլ իրավական ակտերի համաձայն: Առեւտրային վեճերը լուծելիս՝ Ֆինանսական արբիտրաժն անկախ է, անկողմնակալ, եւ ոչ ոք, այդ թվում եւ Հայաստանի բանկերի միությունը, իրավունք չունի միջամտելու արբիտրաժային տրիբունալի գործունեությանը: Բացի այդ, ֆինանսական արբիտրաժն ընտրվում է կողմերի ցանկությամբ եւ կոչված է ապահովելու անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից առեւտրային վեճերի արդարացի լուծումը` արդարության ընդհանուր սկզբունքներից ելնելով:

Առեւտրային վեճեր լուծելու նպատակով Ֆինանսական արբիտրաժին դիմել են ոչ միայն բանկերը, այլեւ վարկային կազմակերպությունները, բանկերի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները:

Ֆինանսական արբիտրաժն իր գործունեության ընթացքում ապացուցել է եւ, կարծում եմ, կշարունակի ապացուցել, որ առեւտրային վեճերը լուծելիս արբիտրաժային տրիբունալներն անկախ են եւ անկողմնակալ:

- ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատին կից գործում է Արբիտրաժային դատարան. հարցազրույցին նախապատրաստվելիս ծանոթացա նշյալ կառույցի եւ Ֆինանսական արբիտրաժի գործունեությունը կարգավորող փաստաթղթերին, սակայն այդպես էլ չբացահայտեցի, թե ո՞ր դեպքերում է պետք դիմել Ֆինանսական արբիտրաժ, եւ հակառակը:

   
- Ընդհանրապես, արբիտրաժները կողմերի միջեւ առաջացած առեւտրային վեճերը լուծող կառույցներ են: Թե կոնկրետ որ արբիտրաժի կողմից պետք է լուծվի վեճը, որոշում են կողմերը՝  իրենց միջեւ կնքված արբիտրաժային համաձայնությամբ:

Եթե պայմանադիր կողմերը կնքել են արբիտրաժային համաձայնություն եւ պայմանավորվել, որ պայմանագրի շուրջ իրենց միջեւ առաջացած վեճերը պետք է լուծվեն Հայաստանի բանկերի միության Ֆինանսական արբիտրաժում, ապա նրանց միջեւ առաջացած վեճերը լուծելու նպատակով պետք է դիմեն մեր կառույցին, որն էլ պետք է քննի ու լուծի վեճը:

Եվ, համապատասխանաբար, վեճերը կքննվեն եւ կլուծվեն Առեւտրաարդյունաբերական պալատին կից գործող Արբիտրաժային դատարանում, եթե կողմերը արբիտրաժային համաձայնությամբ վերջինիս են վերապահել այդ իրավասությունը: 

Կարեւորն այն է, որ վեճը լինի առեւտրային, եւ կողմերը կնքած լինեն արբիտրաժային համաձայնություն:

- Ֆինանսական արբիտրաժի ձեւավորման փուլում առաջարկվում էր, որ մինչեւ 10 մլն դրամի գույքային վեճերը քննվեն Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, իսկ ավելի բարձր գումարի դեպքում ընտրի հաճախորդը` դիմի կամ դատարան, կամ Ֆինանսական արբիտրաժ: Ի վերջո, ինչպե՞ս հանգուցալուծվեց այս հարցը:

- Համաձայն ՀՀ գործող օրենսդրության, Ֆինանսական համակարգի հաշտարարին պահանջներ ներկայացնելու իրավունք ունեն միայն ֆիզիկական անձինք: Իրավաբանական անձինք, այդ թվում նաեւ ֆինանսական կառույցները՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները  Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավունք չունեն: Հետեւաբար, Ֆինանսական համակարգի հաշտարարը քննում է մինչեւ 10 մլն դրամ արժեք ունեցող այն գույքային վեճերը, որոնցով խախտվել են ֆինանսական կազմակերպությունների ֆիզիկական անձ հաճախորդների շահերը, եւ այդ ֆիզիկական անձինք դիմել են Ֆինանսական համակարգի հաշտարարին: Առավել եւս, ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են, եւ, կարծում ենք, որ մինչեւ 10 մլն դրամ արժեք ունեցող գույքային վեճերով ֆինանսական կառույցների ֆիզիկական անձ հաճախորդները նախընտրում են դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին, այլ ոչ թե առեւտրային արբիտրաժներին կամ դատարան:

Բացի այդ, համաձայն ՀՀ գործող օրենսդրության, եթե գործը գտնվում է արբիտրաժային տրիբունալի վարույթում, ապա Ֆինանսական համակարգի հաշտարարն իրավունք չունի ընդունելու գործը եւ քննելու այն: Եվ, ընդհակառակը, եթե վեճը քննվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի մոտ, ապա այն չի կարող քննվել առեւտրային արբիտրաժում, այդ թվում նաեւ՝ ֆինանսական: 

- Վերջերս ՀՀ Սահմանադրական դատարանը համաձայնեց Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումներին՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները բողոքարկելու հնարավորության վերաբերյալ։ Իսկ ի՞նչ ուժ ունեն Ձեր կողմից կայացրած վճիռները:

- Արբիտրաժային տրիբունալի կողմից կայացված վճիռներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, վերջնական են, այսինքն, բողոքարկման ենթակա չեն եւ պարտադիր են կողմերի համար: Այդ վճիռների պահանջները կամովին չկատարելու դեպքում արբիտրաժային տրիբունալի վճիռները ի կատար են ածվում հարկադիր կարգով՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Բացի այդ, արբիտրաժային տրիբունալի վճիռները պարտադիր են ճանաչվում եւ ի կատար ածվում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ «Օտարերկրյա  արբիտրաժային որոշումների ճանաչման եւ կատարման մասին» Նյու-Յորքի կոնվենցիայի անդամ հանդիսացող բոլոր պետություններում:

- Դուք հայտարարել էիք, որ 2010-ից մինչ օրս Ֆինանսական արբիտրաժում քննվել է շուրջ 350 ֆինանսական վեճ: Ո՞րն է այդ վեճերի առավել հաճախ հանդիսացող առարկան, եւ գործերի ո՞ր մասն է հանգուցալուծվել ի օգուտ ֆինանսական կառույցների:


- Մեր կողմից քննված վեճերը հիմնականում վարկային հարաբերություններից բխող վեճերն են, երբ վարկառուները չեն կարողանում ժամանակին մարել իրենց վարկերը, ֆինանսական կազմակերպությունները դիմում են վարկի գումարը, տոկոսներն ու տույժերը բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկաների վրա տարածելու պահանջներով: Սակայն, ունեցել ենք վեճեր՝ կապված գործարքների անվավերության կամ վճարային քարտերով կատարված գործարքների հետ, եւ այլն: 

Ֆինանսական արբիտրաժը վեճը լուծելուց առաջ նախ փորձում է հաշտեցնել կողմերին, իսկ եթե դա չի հաջողվում, նոր միայն կայացվում է վճիռ: Այդ է պատճառը, որ Ֆինանսական արբիտրաժի կողմից քննված բազմաթիվ գործերով կնքվել է հաշտության համաձայնություն:

Ինչ վերաբերում է վեճերը ֆինանսական կառույցների օգտին լուծելու վերաբերյալ Ձեր հարցին, ապա ասեմ, որ, ելնելով մեր կողմից քննված գործերի բնույթից, վճիռները մեծ մասամբ կայացվել են ֆինանսական կառույցների օգտին: Բայց պատճառն եղել է ոչ թե այն, որ Ֆինանսական արբիտրաժը ստեղծվել է Հայաստանի բանկերի միության կողմից եւ պաշտպանել է բանկերի շահերը, այլ այն, որ  Ֆինանսական արբիտրաժում քննված գործերի գերակշռող մեծամասնությունն եղել է վարկային հարաբերություններից բխող վեճեր:

Նշեմ նաեւ, որ բազմաթիվ գործերով ֆինանսական կառույցների հայցերը բավարարվել են մասնակի, նրանց պահանջները մասամբ մերժվել են: Կարծում եմ,  կարեւորն այն է, որ ֆինանսական արբիտրաժում քննված բոլոր գործերով վճիռների կայացումից հետո վիճող բոլոր կողմերն էլ համոզվել են, որ արբիտրաժային տրիբունալի վճիռն արդարացի է, օբյեկտիվ ու անկողմնակալ՝ անկախ այն հանգամանքից, թե ում օգտին է եղել վճիռը:

- Ինչպիսի՞ն է Ֆինանսական արբիտրաժ դիմելու ընթացակարգը եւ արբիտրաժային վճարի չափը: Ի դեպ, վեճերի քննությունն իրականացվում է արբիտրների կոլեգիա՞լ  կազմով:

- Ֆինանսական արբիտրաժին դիմելու համար կողմերը ներկայացնում են հայցադիմում, կողմերի միջեւ կնքված արբիտրաժային համաձայնությունը, որը կարող է կնքված լինել ինչպես առանձին համաձայնության տեսքով, այնպես էլ ներառված լինել կողմերի միջեւ կնքված պայմանագրերում: Բացի այդ, Ֆինանսական արբիտրաժին դիմելու դեպքում դիմողը պետք է ներկայացնի նաեւ արբիտրաժային վճարի նախապես վճարված անդորրագիրը:

Ֆինանսական արբիտրաժի ծառայությունները վճարովի են, եւ արբիտրաժային վճարի չափը սահմանվում է՝ ելնելով հայցագնի արժեքից: Մասնավորապես, համաձայն ֆինանսական արբիտրաժի կանոնակարգի, արբիտրաժային վճարը սահմանված է հայցագնի 1.5%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 25 000 դրամը եւ ոչ ավել, քան 1 500 000 դրամը: Ոչ գույքային պահանջներով արբիտրաժային վճարը սահմանված է 50 000 դրամի չափով:

Ֆինանսական արբիտրաժի կանոնակարգի համաձայն, եթե կողմերի միջեւ կնքված արբիտրաժային համաձայնությամբ այլ բան սահմանված չէ, ապա մինչեւ 5 մլն դրամ կամ դրան համարժեք արտարժույթային գումարների բռնագանձման պահանջներով վեճերը քննվում են միանձնյա արբիտրաժային տրիբունալի կողմից: Իսկ 5 մլն դրամը (համարժեք արտարժույթը) գերազանցող պահանջներով, ինչպես նաեւ ոչ գույքային պահանջների վերաբերյալ գործերը քննվում են կոլեգիալ արբիտրաժային տրիբունալի կողմից, որպես կանոն՝ երեք արբիտրների կազմով:

- Ձեր մասնագիտական փորձից ելնելով՝ ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան բիզնես հանրության իրավաբանական գրագիտության մակարդակը:

   
- Ցավում եմ, բայց միջինից ցածր:

Նաիրա Մարգարյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 7099
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai