ACBA Լիզինգ. «Կարողանում ենք սպասարկել տնտեսության գրեթե բոլոր ոլորտները»

23.07.2012 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արսեն Բազիկյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am  պորտալին:

- Լիզինգի մասին այսօր խոսում են շատերը, սակայն, երբ գործը  հասնում է ծառայության  հստակ  պարզաբանմանը, որպես կանոն,  հնչում են  անորոշ, երբեմն նաեւ՝ իրականությունից հեռու պատասխաններ:  Իսկ Դուք ինչպե՞ս  կգնահատեք պոտենցիալ սպառողների իրազեկման մակարդակը:

- ԱԳԲԱ Լիզինգի գործունեության սկզբնական փուլում`2003-2006 թվականներին,  շատ քչերը  գաղափար ունեին լիզինգի մասին, «լիզինգ» տերմինը  եւ ծառայության բուն իմաստը  ծանոթ էր այն սակավաթիվ մեր հաճախորդներին, ովքեր մինչ այդ արտասահմանում բիզնես վարելու փորձ ունեին: Լիզինգի մասին տեղյակ էին քչերը, սակայն շատ էին մեզ դիմող այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք  հիմնական միջոցների  ձեռքբերման անհրաժեշտություն էին զգում: Եվ դա բնական էր` շուրջ 30-40 տարի Հայաստանում տեղի չէր ունեցել հիմնական միջոցների թարմացում:

Լիզինգային ընկերություն ստեղծելու գաղափարը ծագեց դեռեւս 2001 թվականին, երբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը նախատեսում էր տրամադրել երկարաժամկետ ֆինանսավորում գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու նպատակով: Սակայն պոտենցիալ վարկառուներին այլեւս չէր բավարարում այն ժամանակ կիրառվող 2-3 տարի վարկերի մարման ժամկետը, գումարի մեծությունը, ինչպես նաեւ գրավի առկայության պայմանը:  Դրանից ելնելով, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, ֆրանսիական Crédit Agricole բանկային խմբի եւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի ( այն ժամանակ՝ Հայգյուղփոխբանկի ) համատեղ ջանքերով հիմնվեց ԱԳԲԱ Լիզինգ  վարկային կազմակերպությունը:

Լիզինգը որպես պրոդուկտ Հայաստանում  մշակվել է հենց մեր բանկի ջանքերով: Գործընթացն իրականացնելիս, մենք հանդիպեցինք օրենսդրական բացերի, գոյություն ուներ օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, որի հիմնական մասը իրագործվեց  2003-2005 թվականների ընթացքում:

Բայց եւ այնպես, մինչ օրս մենք չունենք լիզինգային գործունեությունը կարգավորող առանձին օրենք: Խնդիրը նրանում է, որ լիզինգը չի կարելի դիտարկել որպես միայն առանձին բանկային ծառայություն`իրականում այն շատ ավելի ամբողջական եւ ծավալուն պրոդուկտ է, որը թույլ է տալիս մուտք գործել տնտեսության ցանկացած ոլորտ:

Վերադառնալով Ձեր հարցին, կարող եմ արձանագրել, որ լիզինգը, լինելով զարգացած երկրներին բնորոշ պրոդուկտ, այսօր  այլեւս «օտար» հասկացություն չէ, սակայն, անկախ ամեն ինչից,  հաճախորդների հետ առաջին իսկ հանդիպումից անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրել լիզինգի վերաբերյալ: Եթե ֆինանսական այլ գործիքներ ներկայացնելու համար պահանջվում է 10-15 րոպե, ապա լիզինգի համար  մենք հատկացնում ենք առնվազն 2-2,5 ժամ:

Կարծում եմ, այս իմաստով բավականին աշխատանք ենք իրականացրել, ինչի մասին են  վկայում մեր  տարեցտարի աճող լիզինգի  պորտֆելն ու այն հանգամանքը, որ  այսօր սպասարկում ենք հաճախորդների, ովքեր 3-4 տարվա ընթացքում կնքում են  արդեն երկրորդ-երրորդ պայմանագրերը:

- Արտասահմանում լիզինգից ակտիվորեն  օգտվում են ֆիզիկական անձիք, մինչդեռ մեզ մոտ այն  ընկալվում է որպես կորպորատիվ հաճախորդներին ուղղված պրոդուկտ: Ի՞նչ եք կարծում, ժամանակը չէ մասսայականացնել լիզինգը:

- 2010 թվականին կազմակերպության կանոնակարգում փոփոխություն մտցվեց, համաձայն որի մենք սկսեցինք տրամադրել լիզինգ նաեւ ֆիզիկական անձանց: Սակայն կցանկանայի հատուկ նշել, որ ստեղծման  իսկ օրվանից ԱԳԲԱ Լիզինգի հիմնական առաքելությունն է `աջակցել մեր երկրի  տնտեսության զարգացմանը, ուստի  նպատակահարմար ենք գտել, որ գոնե սկզբնական շրջանում կազմակերպության գործունեությունից  պետք է  ավելի շատ  շահի տնտեսությունը: Հաշվի առնելով այդ հանգամանքը,  ինչպես նաեւ այն իրողությունը, որ շուկայում ակտիվորեն գործում է սպառողական ապրանքների ապառիկ վարկավորում, մենք ավելի նպատակաուղղված աշխատում ենք կորպորատիվ հաճախորդների հետ եւ, բնավ, նպատակը սպառողական նշանակության առարկաների ձեռքբերման ֆինանսավորումը չէ: 

Մեր հաճախորդների 60-70 %-ը` խոշոր, կայացած մենեջմենթ  ունեցող, որակական աուդիտ անցնող, հարկային հաշվետվություններում իրենց գործունեությունը ամբողջությամբ արտացոլող,  թափանցիկ ընկերություններ են:  Լիզինգը դառնում է  մատչելի պրոդուկտ, երբ այն արտացոլվում է ընկերության  հաշվապահության մեջ, հենց դրանում է  կայանում լիզինգի գլխավոր առանձնահատկությունը:

Ֆիզիկական անձանց դեպքում գոյություն ունեն ռիսկեր` իրենց կողմից  ձեռք են բերվում այնպիսի ապրանքներ, որոնք ունեն բացառապես սպառողական նշանակություն` ավտոմեքենա, համակարգիչ, կենցաղային ապրանքներ եւ այլն: Միեւնույն ժամանակ, եթե դրանք օգտագործվում են կորպորատիվ նպատակներով, սկսում են կատարել հիմնական միջոցի դեր եւ, բնականաբար, դառնում են լիզինգի առարկա:

Միեւնույն ժամանակ,  նախատեսում ենք ակտիվացնել մեր աշխատանքը  ֆիզիկական անձանց հետ, քանի որ  գտնում ենք, որ այս դաշտում կան այնպիսի մարդիկ, ովքեր զբաղված են տնտեսական գործունեությամբ եւ կցանկանային օգտվել լիզինգից ֆիզիկական անձի կարգավիճակով: Այս համատեքստում խոսքը գնում է  գյուղացիական տնտեսություններ ունեցող անձանց մասին, որոնց այսօր  ֆինանսավորում ենք բացառապես  ֆիզիկական անձի կարգավիճակով:

- Իսկ որո՞նք են լիզինգի առավելությունները եւ թերությունները դասական վարկի նկատմամբ:

- Նախ նշեմ  ֆինանսական առավելությունները:  Լինելով մասնագիտացված ընկերություն եւ մատուցելով ընդամենը մեկ պրոդուկտ, մեզ հաջողվում է միջազգային կազմակերպություններից  ներգրավել նպատակային միջոցներ, որոնք ավելի մատչելի են, քան բանկային միջոցները:  Բացի այդ, կազմակերպությունը հնարավորություն ունի տրամադրել երկարաժամկետ ֆինանսավորում.   5-7 տարի` շարժական գույքի եւ մինչեւ 10 տարի` կոմերցիոն անշարժ գույքի լիզինգի համար: Կարեւոր առավելություններից է նաեւ գրավի բացակայությունը եւ դրանից բխող նոտարական եւ կադաստրային փաստաթղթային քաշքշուկի բացակայությունը , ինչը թույլ է տալիս հայտ ներկայացնելուց հետո 3-7 բանկային օրվա ընթացքում, անկախ գումարի չափից, կնքել լիզինգի պայմանագիրը եւ բացել պատվերը:  

Ֆինանսական առավելություններից են նաեւ մեր մատակարարների մեծ բանակը` շուրջ 120 մատակարար ընկերություններ, որոնց հետ համագործակցության շրջանակում հնարավորություն ունենք հատուկ գներով ձեռք  բերել լիզինգի առարկաները: Ընդ որում, այստեղ մենք գումար չենք աշխատում` մեզ տրամադրած զեղչը  ամբողջությամբ փոխանցում ենք հաճախորդին:

Մեր ծառայությունների փաթեթի մեջ ներառում ենք նաեւ տրանսպորտային փոխադրումները,    ապահովագրության եւ մաքսազերծման հետ կապված  աշխատանքները, բանակցությունները ոչ ռեզիդենտ մատակարարների հետ` եւ այս ամենը  բացարձակապես անվճար:

Կցանկանայի նշել նաեւ լիզինգի հարկային առավելությունը, մասնավորապես, հարկային արտացոլման հնարավորությունը, ինչը նախատեսում է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հաշվանցման հնարավորություն լիզինգի մարումներին զուգահեռ: Պարզ ասած, լիզինգառու ընկերությունը, ունենալով ամենամսյա վճարման ենթակա ԱԱՀ, կարող է ամեն ամիս պակաս վճարել՝ ի հաշիվ լիզինգի վճարի  մեջ  մտնող ԱԱՀ-ի:

Հարկային առավելությունների ընդլայնման ուղղությամբ այսօր աշխատում ենք Կենտրոնական բանկի հետ` համատեղ քննարկում ենք օրենսդրական փոփոխությունների հեռանկարը, որի արդյունքում լիզինգը կրկնակի անգամ ավելի գրավիչ կդառնա:

Ինչ վերաբերվում է թերություններին , ապա կարող եմ վստահաբար ասել, որ շարժական գույքի լիզինգի դեպքում դրանք պարզապես բացակայում են:  Թերություն ենք տեսնում անշարժ գույքի լիզինգի մասով ` այն ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք է, ինչը տեղի չի ունենում վարկային գործարքի ժամանակ:  Անշարժ գույքի լիզինգը երիտասարդ պրոդուկտ է, մենք այն համեմատում ենք բիզնես հիփոթեքի հետ եւ կարծում ենք, որ նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում այս հարցը եւս լուծում կստանա:

- Ի՞նչը կարող է հանդիսանալ լիզինգի առարկա եւ որո՞նք են Ձեր կազմակերպության առավել պահանջված լիզինգի առարկաները:

- Լիզինգի առարկաները դասակարգել ենք 21 խմբերի մեջ, թվարկեմ մի քանիսը.
 
- բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ (մարդատար, բեռնատար, նեղ մասնագիտացված),
- շինարարական տեխնիկա (հանքարդյունահանման, ճանապարհաշինարարական),
- գյուղատնտեսական տեխնիկա (մինչեւ 40 եւ 40-ից ավել ձիաուժ ունեցող),
- գյուղատնտեսության բոլոր ոլորտների համար նախատեսված սարքավորումներ (ձկնաբուծություն, բուսաբուծություն, անասնապահություն, մթերքների եւ մսամթերքների վերամշակում, փաթեթավորում),
- բժշկական սարքավորումներ (նեղ մասնագիտական եւ ընդհանուր պրոֆիլակտիկ նշանակության),
- տեղեկատվական տեխնոլոգիաների համար նախատեսված սարքավորումներ (ինտերնետ-պրովայդերների, կաբելային հեռուստատեսություն հեռարձակողների համար) եւ այլն:  

Փաստացի այսօր մենք կարողանում ենք սպասարկել տնտեսության գրեթե բոլոր ոլորտները: Մինչ օրս շուրջ  8 700 տեսակի լիզինգի առարկա ենք տրամադրել` 30 000-ից ավել լիզինգի միավոր:

Քանի որ մեր գործունեությունը  սկսել ենք շարժական գույքի լիզինգից, ապա մեխանիկորեն ամենապահանջվածը տրանսպորտային միջոցներն են` պորտֆելի 25-26%-ը:  Սկսել ենք  կոմերցիոն անշարժ գույքի լիզինգը, ինչը համարում ենք բավականին արդիական պրոդուկտ եւ նախատեսում ենք, որ այն կկազմի մեր պորտֆելի 10-15 %-ը:

- Այս տարի հարցազրույց էինք արել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ, ով, անդրադառնալով հայկական շոու-բիզնեսի ֆինանսավորման հարցին, նշել էր.  \" այստեղ շատ ավելի իրատեսական է լիզինգը, հատկապես, երբ խոսքը գնում է շոու-բիզնեսի տեխնիկական հագեցվածության մասին\":  Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կարծիքը:

- Վերոնշյալ 21 խմբերից մեկը ներառում է համերգային գործունեության համար սարքավորումներ, որոնք  արդեն երրորդ տարին է, ինչ տրամադրում ենք մեր հաճախորդներին: Դրանք տարբեր տեսակի սարքավորումներ են` լուսա-ձայնային, LED-էկրաններ, բեմային սարքավորումներ: Սա մի ոլորտ է, որտեղ կա մեծ շահութաբերություն եւ մենք հաճույքով ենք այստեղ ներդրումներ կատարում: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք կոմերցիոն առաջարկ ներկայացնել նաեւ Գրիգոր Նազարյանին եւ ոլորտը ներկայացնող այլ  գործիչներին:

- Մոտ մեկ տարի առաջ վենդորային համաձայնագիր էիք ստորագրել  Ցեպելին Արմենիա ընկերության հետ, որով նախատեսվում էր հանրաճանաչ Caterpillar ընկերության շինարարական տեխնիկայի տրամադրում: Ի՞նչ փուլում է գտնվում ծրագրի  իրականացումը:

- Իրականում սա Հայաստանում կնքված վենդորային պայմանագրի առաջին փորձն էր: Վենդորային պայմանագիրը ենթադրում է փոխշահավետ առեւտրային համագործակցություն, որի շրջանակում երկու ընկերություններ մշակում են երկուստեք ձեռնտու պայմաններ, ինչի շնորհիվ մեկի մոտ ավելանում են վաճառքները, մյուսի մոտ` ֆինանսավորման ծավալները: Վենդորային պայմանագրի կողմ հանդիսացող յուրաքանչյուր ընկերություն գնում է ինչ-որ մի զիջման` դա կարող է վերաբերվել գնին, տոկոսադրույքին, տեխնիկայի տեսականուն:   Արդյունքում հաճախորդը շահում է ավելի շատ, քան պայմանագրի երկու կողմերը առանձին վերցրած:

$7.5 մլն արժողությամբ պայմանագիրը ստորագրվել էր անցյալ տարի մայիսի վերջին, մինչ օրս արդեն տրամադրվել է մոտ $6 միլիոնի   ճանապարհաշինական եւ հանքարդյունաբերական տեխնիկա: Մինչեւ պայմանագրի ավարտը դեռ  6-7 ամիս ժամանակ կա եւ արդեն իսկ ունենք մնացած  $1.5 միլիոնի տեխնիկա ձեռք բերելու հայտ: 

Պայմանագրի շրջանակում մենք ձեռք բերեցինք նոր  հաճախորդներ, Caterpillar ընկերությունը ունեցավ իրացման ծավալների բավականին մեծ աճ: Հատկանշական է, որ նախորդ 2 տարիների ընթացքում Caterpillar-ը չէր վաճառել այսքան տեխնիկա, որքան վաճառեց պայմանագրի գործողության առաջին 6 ամիսների ընթացքում:

- Ինչպե՞ս են  ընթանում ԱԳԲԱ Լիզինգ-ի գործերը:

- Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր լիզինգային ներդրումների պորտֆելն աճել է շուրջ 30%-ով եւ այսօր կողմում է 7.2 մլրդ դրամ, ինչը, կարծում ենք,  բավականին լավ ցուցանիշ է: Սակայն դեռ շատ անելիքներ կան, մասնավորապես նոր պրոդուկտների մշակման ուղղությամբ, այս մասով աշխատանքներ են տարվում եւ, հույսով եմ, շատ արագ դրանք  շուկա կմտնեն:

Մենք բարելավել ենք նաեւ մեր աշխատանքային պայմանները, գնել ենք կազմակերպության համար նոր գրասենյակային տարածք քաղաքի կենտրոնում: Այստեղ շատ ավելի հարմարավետ է սպասարկել հաճախորդներին, քանի որ մեր գրասենյակը գտնվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված «Արմենիա» մասնաճյուղի հարեւանությամբ: Դա հնարավորություն է ընձեռում տեղում տրամադրել մեր հաճախորդներին ծառայությունների ամբողջական փաթեթ:  

Արսեն Բազիկյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 39260
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai