Հարցազրույցներ
Հարկավո՞ր են արդյոք Հայաստանի բիզնեսին որակյալ կադրեր
Շաբաթ 28 Ապրիլ 2012
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես-դպրոցի տնօրեն Արթուր Յավրույանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին
- Վերջին շրջանում հաճախ եմ հանդիպում տարբեր բիզնես ոլորտներ ներկայացնող ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպումների հիմնական նպատակն է` հասկանալ մեր բիզնես-էլիտայի հետաքրքրվածությունն իրենց կազմակերպությունների կադրային ներուժի զարգացման, կադրերի գիտելիքների մակարդակի բարձրացման նկատմամբ: Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվում կրթական հաստատություններում պատվերների տեղադրման հնարավորության քննարկմանը` լավագույն մասնագետների հետագա ընտրության նպատակով, ովքեր կկարողանան առանց հավելյալ վերապատրաստման համալրել պատվիրատու ընկերության աշխատակազմը: Տվյալ կադրերը կարող են անցնել այդ վերապատրաստումը բուհում կամ բիզնես-դպրոցում սովորելու ընթացքում:
Հանդիպումների արդյունքում նկատեցի, որ ընկերությունների ղեկավարներն իրենք իսկ բավականին աղոտ պատկերացում ունեն նման կադրային ռազմավարությունների նպատակահարմարության վերաբերյալ: Հազվադեպ է հաջողվում հաճույք ստանալ բարձր մակարդակի մասնագետի հետ շփումից, ով տիրապետում է մենեջմենթի բոլոր նրբություններին: Դա հանգեցնում է մտորումների` մեր բիզնես-հանրության թոփ-մենեջերների մեծամասնության գիտելիքների որակի բարձրացման եւ բիզնեսի ղեկավարման ժամանակակից մեթոդներին տիրապետելու անհրաժեշտության վերաբերյալ: Ի զարմանս ինձ, Հայաստանում բավականին մեծ խնդիր է գտնել լոգիստիկայի ոլորտում մասնագետների, իսկ լոգիստիկայի որոշ ուղղություններով` ուղղակի անհնար է: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, եւ լոգիստիկան կարելի է դասել մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտությունների շարքին:
- Անկեղծ ասած, դժվարությամբ եմ պատկերացնում Հայաստանում թոփ-մենեջերի, ով կընդունի սեփական գիտելիքների պակասը եւ պատրաստակամ կլինի լրացնել այդ բացը:
- Ցավոք, «վայել է» եւ «վայել չէ» հասկացությունները մեր հասարակության մեջ ավելի ուժեղ են արմատավորվել, քան ձգտումը դեպի գիտելիքները եւ բազմագիտակ մասնագետ դառնալու ցանկությունը: «Իմ տարիքում արդեն ամոթ է սովորել» հասկացությունը վկայում է եվրոպական արժեքների եւ մտածելակերպի ուղենիշի ընտրության շտապողականության մասին: Մեր թոփ-մենեջերների «ամաչկոտությունն» ինձ ապշեցնում է: Սակայն ես լի եմ լավատեսությամբ եւ վստահ եմ, որ մոտ ժամանակներս բիզնես-հանրությունը կարթնանա, հակառակ դեպքում, դա ավելի շատ լեթարգիկ քնի կնմանվի:
Համապատասխան միջավայրում նման գիտելիքների պակասի պատճառների մասին հարցը հանգեցնում է միակ տրամաբանական եզրակացության` ղեկավարների մեծամասնությունը ժամանակ չի ունեցել իր գիտելիքների մակարդակը բարձրացնելու համար: Հիմնականում դա 35-ից 50 տարեկան մարդիկ են, հետեւաբար, նրանք կրթություն են ստացել խորհրդային ժամանակաշրջանում: Խորհրդային կրթական համակարգի որակից դժգոհելու առիթ չկա: Սակայն ակնհայտ է այսօրվա եւ այն ժամանակաշրջանի օգտագործվող մեթոդիկաների անհամապատասխանությունը: Հնարավոր է, որ այսօրվա թոփ-մենեջերներից շատերը չունեն խորը գիտելիքներ տարբեր բիզնես-գործընթացներում նոր մոտեցումների վերաբերյալ հենց ազատ ժամանակի բացակայության պատճառով: «Կոմունիզմի» կառուցումից կտրուկ անցումը դեպի «կապիտալիզմի» կառուցում հնարավորություն չի տվել նրանց վերաորակավորվելու եւ բիզնեսում նոր մոտեցումները ուսումնասիրելու համար:
Հետեւաբար, հարց է ծագում` հարկավո՞ր են արդյոք բիզնես-էլիտային բարձր որակավորում ունեցող կադրեր: Չե՞ն լինի նրանք ոչ ցանկալի տվյալ միջավայրում: Ստիպված չե՞ն լինի լավագույն ուղեղները մեկնել այլ երկրներ, ուր իրենց գիտելիքներն ու փորձն ավելի պահանջված են:
- Եվ ինչպե՞ս ճեղքել այդ փակ օղակը:
- Մենք միշտ կողմնակից ենք եղել արտասահմանցի զբոսաշրջիկներ եւ ուսանողներ Հայաստան բերելու նպատակով համապատասխան կրթաթոշակներ եւ դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունների խրախուսման մեխանիզմների ստեղծմանը: Հայաստանի նման փոքր երկրի համար արտասահմանցի ուսանողների եւ զբոսաշրջիկների առկայությունը ռազմավարական նշանակություն ունի: Դա ոչ միայն անվտանգության հավելյալ երաշխիք է, այլեւ, առաջին հերթին, ներդրումներ ներգրավելու եւ տարածաշրջանի համար հեռանկարային կարեւորություն ունեցող բիզնես-ոլորտներից քչերից մեկի` կրթական ծառայությունները զարգացնելու հնարավորություն է:
Կարծում եմ, ցանկության դեպքում համապատասխան ատյանները, հիմնվելով համաշխարհային փորձի վրա, կկարողանան ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք կխթանեն ընկերություններին`իրենց աշխատակիցներին տրամադրել քվոտաներ բիզնես-կրթություն ստանալու համար:
Ամենաարդյունավետ միջոցներից մեկը հավատարմագրումն է, որն այսօր շատ թույլ է կիրառվում մեր երկրում: Ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի նաեւ կրթության որակի վերահսկողությունը: Հուսանք, որ մեզ փոխարինող երիտասարդ սերունդը, ստանալով որակյալ բիզնես-կրթություն, նոր մոտեցումներ կկիրառի բիզնեսի կառավարման գործում, կհարստացնի մեր երկրի բիզնես միջավայրը նոր գաղափարներով եւ բիզնես-գործընթացների նոր տեսլականով:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հայտնել, որ մեր Բիզնես-դպրոցը բաց է երկխոսության համար ցանկացած շահագրգիռ անձի կամ կազմակերպության հետ` Հայաստանում բիզնես-կրթության ասպարեզում կրթաթոշակների եւ դրամաշնորհների մշակույթի ներդրման հնարավորությունների, ինչպես նաեւ կազմակերպությունների կողմից համապատասխան կրթական հաստատություններում քվոտաների տրամադրման շուրջ: Մենք միշտ բաց ենք եւ ուրախ կլինենք քննարկումներ ծավալել մեր գործընկերների եւ շահագրգիռ ատյանների հետ այս եւ հարակից խնդիրների շուրջ:
Մեր դպրոցը շարունակում է Հայաստանում նոր եւ հետաքրքիր կրթական ծրագրեր եւ մասնագիտացումներ ներդնել բիզնես-վարչարարության ոլորտում: Դրանց շարքում են` ձեռներեցությունը (Entrepreneurship), մարդկային ռեսուրսների կառավարումը (HRM), զբոսաշրջության կառավարումը (Tourism Management): Այդ ճանապարհին մենք ի վերջո հույս ունենք բիզնես-հանրության ուշադրությունը սեւեռել բիզնես վարչարարության մագիստրոսի (МВА) դպրոցն անցած մասնագետների քանակի ավելացման անհրաժեշտության վրա: Վստահ ենք, որ շուկայում նման մասնագետների առկայությունը կնպաստի մեր երկրի բիզնես-էլիտայի համար բիզնեսում կորպորատիվ մոտեցումները սովորական երեւույթի դարձնելու գործում:
- Անցած տարի Բիզնես-դպրոցը МBA ծրագրի շրջանակներում տվեց իր առաջին շրջանավարտներին: Ինչպե՞ս դասավորվեց նրանց կարիերան: Որքանո՞վ հաջողված կարելի է համարել «Ֆինանսներ եւ բանկեր» մասնագիտացում անցած ձեր շրջանավարտների կարիերան:
- Իրենք մեր առաջնեկներն էին: Անձամբ ես իրենց շատ եմ սիրում եւ երբեք չեմ մոռանա:
2011 թվականի մեր շրջանավարտները ուսանել են միաժամանակ երկու` շվեյցարական SBS Բիզնես-դպրոցի «Մարքեթինգ» եւ ՀՌՀ Բիզնես-դպրոցի «Ֆինանսներ եւ բանկեր» մասնագիտացումներով: Այդ պատճառով դժվարանում եմ առանձնացնել միայն «Ֆինանսներ եւ բանկեր» մասնագիտացմամբ շրջանավարտներին: Սակայն կարող եմ ասել, որ այդ խմբի շրջանավարտները մեզ շատ ուրախացրին իրենց հաջողություններով եւ կարիերային աճով:
Բերեմ մի քանի օրինակ: Մեծ թենիսի մարզիչը մեր МВА դասընթացներն ավարտելուց հետո աշխատանքի ընդունվեց ACDI/VOCA ընկերությունում, «Sharm Holding» ընկերության բաժնի մենեջերը «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունում մարքեթինգի բաժնի ղեկավարի պաշտոն ստացավ, մեր շրջանավարտներից մեկը МВА-ի կրթության շնորհիվ ընդունվեց Գլազգոյի համալսարանի մագիստրատուրա: Ավարտական խմբերից մեկում կա ունկնդիր, ով, դեռեւս լինելով մեր համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհի, «Մոսկվիչկա» խանութների ցանցի մարքեթինգի բաժնում աշխատանք է ստացել: Նման օրինակներ կարող եմ շատ բերել, սակայն մեզ համար ավելի կարեւոր եւ թանկ են այն գիտելիքները, որոնք ուսանողները տանում են իրենց հետ մեր МВА ծրագրերն ավարտելուց հետո: Բայց եւ այնպես, կարիերայում նման փոփոխություններին հասնելու համար բավական չէ միայն МВА ծրագրին հայտ ներկայացնելը, հարկավոր է գիտելիքներ ստանալու մեծ ձգտում, ինչպես նաեւ դրանց կյանքի կոչելու տեսլական եւ հաջողության հասնելու ցանկություն ունենալ:
Վստահ եմ, որ բիզնես վարչարարության մասնագետի գիտելիքներով օժտված մարդը, ով բիզնեսի կառավարման ոլորտում ստացել է մեկ ծրագրում կենտրոնացած ամբողջական փաթեթ, երբեք անգործ չի մնա: Բացի այդ, նա պարտավոր է լինել բարձր վարձատրվող աշխատակից, հակառակ դեպքում իր ստացած գիտելիքներն ընդհանրապես արժեք չեն ունենա:
Բնականաբար, մենք շատ ուրախ ենք մեր ուսանողների համար եւ հպարտանում ենք իրենց հաջողություններով: Հուսով ենք, հետագայում եւս ստանալ իրենցից միայն լավ լուրեր: Գուցե ժամանակի ընթացքում նրանք նույնպես նպատակահարմար կգտնեն օգնել մեզ` Բիզնես-դպրոցի ամրապնդման գործում, այն դպրոցի, որն իրենց ընկերը դարձավ գիտելիքների մակարդակի բարձրացման եւ կարիերային աճի ասպարեզներում: Հարվարդը բիզնես-կրթության բնագավառում երբեք չէր ունենա այսօրվա կշիռը, եթե չլիներ շրջանավարտների աջակցությունը:
- Որքան հայտնի է, դուք մտադրություն ունեիք համագործակցելու Գլազգոյի համալսարանի հետ: Այն արդեն իրագործվե՞լ է:
- Այո: Այս տարի մենք արդեն սկսել ենք համատեղ մագիստրոսական ծրագրի համար ուսանողների հավաքագրումը: Այսօր մենք կարող ենք միայն երեք տնտեսագիտական մասնագիտացում առաջարկել, բայց հավատում ենք մեր համագործակցության հաջողությանը եւ ակնկալում ենք ընդլայնել համագործակցությունը մոտ ապագայում: Գլազգոյի համալսարանը ՀՌՀ-ի հետ պայմանագիր է ստորագրել, որի շրջանակներում մեր համալսարանի մագիստրոսները համատեղ մագիստրատուրա ընդունվելու հնարավորություն ստացան: Մեր եւ Գլազգոյի համալսարաններում համատեղ ծրագրով համապատասխան կրթական ծրագրերի փուլերն անցնելուց հետո` նրանք արդյունքում կստանան երկու դիպլոմ:
- Բիզնես- կրթությանը նվիրված հարցազրույցներից մեկի ժամանակ մեր զրուցակիցը հետեւյալ արտահայտությունն արեց. «Ինձ համար սովորելը դարձել է հոբբի, ինչ-որ տեղ նաեւ` ազարտ»: Համաձայնվեք , մենք` հայերս, ազարտային մարդիկ ենք, եւ այդ առումով պետք է հուսալ, որ եթե սկսենք «խաղը», այլեւս կանգ չենք առնի: Այդպես չէ՞:
- Չէի ցանկանա ուսանելը համեմատել խաղի հետ: Բայց եւ այնպես, եթե համեմատելու լինենք, ապա ուսանելը կյանքի տեւողությամբ եւ կյանքի գին ունեցող խաղ է: Քանի որ մեր ժամանակներում առանց գիտելիքների կամ անորակ կրթությամբ մարդն արդեն ի վիճակի չէ համապատասխանել շուկայի եւ գործատուների պահանջներին, ապա դա չի կարող չանդրադառնալ իր կյանքի եւ անձնական որակների վրա: Սակայն, հասկանալով ձեր միտքը, կպատասխանեմ` ոչ, կանգ չենք առնի: Կրթություն ստանալու ցանկություն, ինքնակատարելագործման հակում ունեցող եւ դրանից չամաչող մարդը չի կարող կանգ առնել: Զարգացած երկրներում «Կյանքի տեւողությամբ ուսուցում» (Lifelong learning) հասկացությունը քիչ թե շատ իրեն հարգող մարդու համար բնական գործընթաց է:
Արթուր Յավրույանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 3495
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


