Անի Հակոբյան. «Հեղափոխությունը հետաձգվում է»

23.03.2012 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ մարքեթինգի եւ հաղորդակցության մենեջեր Անի Հակոբյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Անի, օրերս Ձեր ընկերությունից ստացանք մամուլի հաղորդագրություն, որի համաձայն Հայաստանի բիզնես ասպարեզում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 38%-ը: Նախ, կցանկանայի ճշտել, ի՞նչ  «մեծության» պաշտոններն են այս վերլուծության մեջ դիտարկվել որպես ղեկավար: Այս համատեքստում Ձեր պաշտոնը եւ՞ս այդ ցանում է: Ընդհանուր առմամբ, կոնկրետ Ձեր ընկերությունում քանի՞ կին է զբաղեցնում ղեկավար պաշտոն: 

- Այս հետազոտությունն անց է կացվում աշխարհի 40 երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, որտեղ հարցմանը մասնակցում է մասնավոր հատվածի 200 ընկերություն:
«Ղեկավար պաշտոն» ասելով՝ նկատի ունենք առնվազն վարչության կամ բաժնի ղեկավարման մեջ ներգրավված եւ տվյալ ստորաբաժանման գործունեության ղեկավարմանն առնչվող որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող անձանց:

Իհարկե, հարցվող ընկերություններն ամենատարբեր ոլորտներից են, եւ յուրաքանչյուրն ունի իր կառուցվածքը, բայց պատասխանելիս հիմնվել են այս տրամաբանության վրա: Այս տեսանկյունից, այո՛, իմ զբաղեցրած պաշտոնը եւս դրանց շարքում է, եւ ուրախ եմ, որ մեր ընկերությունը հավասար պայմաններ է ապահովում կանանց եւ տղամարդկանց մասնագիտական վերելքի համար: Այս պահին Գրանթ Թորնթոն-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար պաշտոնների, ներառյալ տարբեր ծառայությունների եւ ոլորտների գծով մենեջերներին, 68%-ը տոկոսը կանայք են զբաղեցնում:  

- Գրանթ Թորնթոն-ի Միջազգային գործարար զեկույցի անցյալ տարվա տվյալներով, Հայաստանում կանայք զբաղեցնում էին ղեկավար պաշտոնների 23%-ը, այս տարի արդեն`38%:  Չի բացառվում, որ նման միտման դեպքում արդեն հաջորդ տարի մենք կխոսենք 50%-ի մասին: Մենք կանգնած ենք գենդերային հեղափոխության շեմի՞ն:

- Չեմ կարծում, որ անհանգստանալու կարիք կա` hեղափոխությունը հետաձգվում է (ծիծաղում է – հեղ.): Եթե ավելի խորը նայենք այս վիճակագրությանը եւ հաշվի առնենք այն հանգամանքը, որ ընդհանուր միտում կա ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց երիտասարդացման բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ այն, որ այսօր աշխատաշուկա է մտնում դժվարին 90-ականների սերունդը, կտեսնենք, որ միանգամայն օրինաչափ է կանանց թվի աճը:   

- Կինը ընտանիքի սյունն է, այդ դեպքում ինչպե՞ս համատեղել ղեկավար պաշտոնն ընտանիքի հետ, հատկապես, երբ տանը սպասում են հաճելի հոգսեր՝ կապված փոքր բալիկի հետ, ինչպես, օրինակ, Ձեր դեպքում է: 

- Երբեւէ նման հարց տղամարդուն չէիք տա (ծիծաղում է – հեղ.): Իսկ կինն իր ողջ կյանքում կանգնած է ինչ-որ ընտրության առջեւ եւ միշտ փորձում է հավասարակշռություն ապահովել իր տարբեր դերերի միջեւ: Ինչը, իրոք, հեշտ չէ, բայց եւ ոչ անհնար: Երբ ասում են, որ «կինն ընտանիքի սյունն է», միշտ զարմանում եմ, որ մոռանում են այն մասին, որ սյունը ճիշտ ու ամուր հենարան պետք է ունենա, այլապես կքանդվի: 

Ես սիրում եմ իմ աշխատանքը, եւ «հեծանիվ հորինած» չեմ լինի, եթե ասեմ, որ երջանիկ է այն մարդը, ով առավոտյան հաճույքով գնում է աշխատանքի, իսկ երեկոյան սիրով շտապում տուն: Նույն տրամաբանությամբ, երջանիկ է այն կինը, ով իրեն լիարժեք է զգում աշխատավայրում՝ ունենալով իր ընտանիքի լիակատար աջակցությունը:

- Առաջարկում եմ ղեկավար պաշտոնից անցում կատարել դեպի կին` բիզնեսի սեփականատեր հասկացողություն: Դուք Ձեզ պատկերացնու՞մ եք այդ կարգավիճակում եւ, եթե գործը հասնի սեփական բիզնես հիմնելուն, ո՞ր ոլորտում Դուք Ձեզ ավելի լավ կզգաք:

- Աշխատանքիս բերումով պարզ տեսնում եմ, որ սեփական բիզնես ունենալը գայթակղիչ հնարավորություններից բացի նաեւ շատ ռիսկային է: Թերեւս, այդ է պատճառը, որ կանայք ավելի մեծ զգուշությամբ են մոտենում այս հարցին, եւ նրանց թիվը բիզնեսի սեփականատերերի մեջ դեռ փոքր է: Անկեղծ ասած, այսօր ավելի մեծ հաճույքով կուզենայի վերադառնալ դասավանդմանը, որը ժամանակի սղության պատճառով ստիպված եղա դադարեցնել: Համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի նրանով, ինչ նրան ամենից շատ է հոգեհարազատ ու ամենալավն է ստացվում:   

- Forbes Women-ի հաղորդմամբ, այսօր մշակվում է հատուկ դասընթաց տղամարդկանց  (ենթադրաբար, ամերիկացի) համար, որը պետք է քննարկման  հարթակ հանդիսանա առ այն, թե ինչու կանանց քանակը բիզնեսում պետք է ավելի շատ լինի: Ի՞նչ եք կարծում, կա՞ արդյոք նման դասընթացի կազմակերպման անհրաժեշտություն հատուկ հայ տղամարդկանց համար:

- Դժվարությամբ եմ պատկերացնում հայ տղամարդկանց խումբ, որը կմասնակցեր նման դասընթացի: Իսկ եթե ավելի լուրջ, ապա չեմ կարծում, որ նման դասընթացի կարիք կա: Այն արդարացի կլիներ միայն այն պարագայում, եթե կանանց մուտքը բիզնես հատուկ խոչընդոտվեր տղամարդկանց կողմից, ինչը, իհարկե, այդպես չէ:

Այլ հարց է, որ, միգուցե, դեռեւս կարիք կա շատացնել ու խորացնել ձեռներեցության վերաբերյալ կանանց համար արվող դասընթացները, ձեռնարկել միջոցառումներ, որոնք կխթանեն կանանց գործունեությունը բիզնեսում, ինչպես, օրինակ, անում են որոշ բանկեր՝ հատուկ պայմաններով վարկավորում առաջարկելով գործարար կանանց:

- Անի, Դուք ներկայացնում եք խոշոր խորհրդատվական եւ աուդիտորական ընկերություն, ուստի հետաքրքիր կլիներ լսել Ձեր կարծիքը Քըրք Քըրքորյանի հետեւյալ մտքի շուրջ. «Եթե տնտեսագետներն իսկապես հասկանային բիզնեսից, իրենք կլինեին հարուստ մարդիկ, այլ ոչ թե հարուստ մարդկանց խորհրդականներ»:


- Կհամաձայնվեի, եթե հարուստ մարդկանց մեջ չլինեին տնտեսագետներ: Կամ, ցույց տվեք մի հարուստ մարդու, ով իր բիզնեսը վարելիս երբեւէ չի դիմել տնտեսագետների խորհրդին: Ընդհանրապես, մարդիկ հարստանում են ամենատարբեր ձեւերով, եւ յուրաքանչյուր պատմություն իր զարգացումն ունի: Ոմանք, իսկապես, հասնում են դրան երկար տարիների քրտնաջան աշխատանքի միջոցով, մյուսները բախտի բերմամբ հայտնվում են ճիշտ տեղում ճիշտ ժամանակին ու կայացնում ճիշտ որոշումներ, եւ այլն: Մի բան անհերքելի է, որ հարուստ մարդիկ հիմնականում պարզ տեսնում են, թե որ ոլորտներում ունեն տարբեր մասնագետների ներգրավվածության ու խորհրդի կարիք, եւ կարողանում են այդ խորհրդատվությունն օգտակար դարձնել իրենց բիզնեսի զարգացման համար:

Անի Հակոբյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 13083
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai