BSC. «Մրցակցային պայքարի զգալի ճակատ տեղափոխվել է ինտերնետ»

20.12.2011 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Երեւան/Մեդիամաքս/. Անցնող տարում  Հայաստանի ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների պահանջարկը Բի-Էս-Սի Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) թրեյնինգային ընկերության ծառայությունների նկատմամբ ավելացել է`արձանագրվել է պահանջարկի շարունակական աճ ինչպես նախկինում առաջարկվող, այնպես էլ նոր ուսուցողական եւ թրեյնինգային ծրագրերի նկատմամբ: 

Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Բի-Էս-Սի ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը նշել է, որ 2011 թվականին արձանագրված պահանջարկը ենթարկվել է նաեւ կառուցվածքային փոփոխությունների: Մասնավորապես, ի լրացում հարկային եւ աշխատանքային օրենսդրություններին վերաբերվող սեմինարների, որոնց նկատմամբ հետաքրքրությունը միշտ բարձր է եղել, այս տարի  պահանջարկը բավականին մեծ էր նաեւ վաճառքների ունակությունների զարգացման եւ հաճախորդների սպասարկման թրեյնինգների մասով:    

2011 թվականին հաճախորդների ուշադրության կենտրոնում էին մի շարք նոր թեմաներ` հաճախորդների բողոքների կառավարում, ինտերնետ մարքեթինգ,  ուսուցման ներքին պոտենցիալի զարգացում եւ այլն: Այսինքն, ըստ Սամվել Գեւորգյանի,  շեշտը դրվում  էր ոչ միայն հաճախորդների հետ աշխատանքների եւ սպասարկման որակի, այլեւ ներքին ռեսուրսների արդյունավետության բարձրացման վրա:

«Հատկապես կարեւորում եմ ինտերնետ մարքեթինգի հետ կապված զարգացումները, քանի որ մրցակցային պայքարի մի զգալի ճակատ արդեն տեղափոխվել է ինտերնետ միջավայր:  Եթե մինչեւ 2011 թվականը բանկերի եւ այլ ֆինանսական հաստատությունների մեծ մասը կարեւորում էր միայն որակյալ վեբ-կայքերի առկայությունը, ապա հիմա հստակ միտումներ են ձեւավորվել սոցիալական ցանցերում ներկայության, որոնողական համակարգերի արդյունավետության եւ այլ ինտերնետային գործիքների օգտագործման մակարդակի բարձրացման առումով:
Բայց եւ այնպես, այս ուղղությամբ դեռ շատ գործ կա անելու, եւ կշահեն այն բանկերը, վարկային կազմակերպությունները եւ ապահովագրական ընկերությունները, որոնք կսկսեն ակտիվանալ այս ոլորտում»,- նշել է Սամվել Գեւորգյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքերով, բանկերը սկսել են լուրջ ուշադրություն դարձնել ներքին ռեսուրսների զարգացմանը: Ընդ որում, սա վերաբերվում է ոչ թե  մասնագիտական հարթությանը, որը ավանդապես բավականին զարգացած է եղել բանկային համակարգում, այլ գիտելիքների փոխանցմանը եւ ուսուցողական կարողությունների զարգացմանը: «Ենթադրենք, բանկային մասնագետը ամբողջովին տիրապետում է ռիսկերի կառավարման մեթոդոլոգիային, սակայն չի կարողանում առավեագույնս  արդյուանավետ այդ գիտելիքները փոխանցել երիտասարդ մասնագետներին: Այստեղ անհրաժեշտ են թրեյների ունակություններ, եւ հենց այդ ուղղությամբ էլ Բի-Էս-Սի  ընկերությունը համագործակցեց ֆինանսական ոլորտի որոշ կազմակերպությունների հետ»:

2011 թվականն առանձնացավ նաեւ թրեյնինգների նկատմամբ ապահովագրական ընկերությունների կողմից ցուցաբերվող ակտիվությամբ, ինչը, բնականաբար, պայմանավորված էր ԱՊՊԱ-ի ներդրմամբ: Վերջինների ուշադրության կենտրոնում էին բողոքների կառավարմանը, հաճախորդների սպասարկմանը, բանակցությունների վարմանը եւ կոնֆլիկտների կառավարմանը նվիրված թեմաները:

Դեռեւս պակաս ակտիվ են վարկային կազմակերպությունները: Այն ՈՒՎԿ-ները,  որոնք մշտապես օգտվել են ընկերության ծառայություններից, շարունակում են օգտվել, սակայն մի մասը դեռ պասիվ է:  Բայց եւ այնպես, Սամվել Գեւորգյանի կարծիքով, մրցակությունը նրանց համար էլ հիմնավոր պատճառ կհանդիսանա  թրեյնինգային ծառայություններից օգտվելու համար:

Բի-Էս-Սի ընկերության ղեկավարի գնահատմամբ, 2011 թվականի վերոհիշալ զարգացումների հիմնական շարժիչ ուժերն էին. մրցակցության թեժությունը; հաճախորդների ակնկալիքների եւ պահանջների փոփոխությունները; աշխատակազմի բիզնեսի վարման  որակի նկատմամբ պահանջների ավելացումը; օրենսդրական փոփոխությունները, առավելապես` ապահովագրական շուկայում:

Դիտում՝ 5451
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai