«Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունն ինքնին շահութաբեր չէ»

20.07.2010 | 21:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության փոխտնօրեն, Հայաստանի ապահովագրողների ասոցիացիայի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Օհանջանյանի հարցազույցը «Մեդիամաքս» գործակալությանը եւ Banks.am պորտալի կողմից

- Պարտադիր ավտոապահովագրության ներդրան հետ ոլորտի ընկերությունները դիմում են այլընտրանքային մարքեթինքային գործիքների ներդրմանը, օգտագործելով ինչպես իրենց, այնպես էլ փոխկապակցված ընկերությունների հնարավորությունները: Ինչպե՞ս է «Սիլ-Ինշուրանսը» նախապատրաստվում պարտադիր ավտոապահովագրությանը: Դիտարկվու՞մ են արդյոք համատեղ քայլեր ձեզ հետ փոխկապակցված «Հայէկոնոմբանկի» հետ:

- Անշուշտ: Մենք նախատեսում ենք պոլիսների վաճառք իրականացնել «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղային ցանցի միջոցով: Մենք արդեն գրանցել ենք «Հայէկոնոմբանկին» որպես գործակալ եւ օգտագործելու ենք բանկի մասնաճյուղերը որպես վաճառքի կետեր:

- Հայաստանի ավտոտրանսպորտային պարկը մոտավոր հաշվարկներով հասնում է մոտ 400 000 միավորի, որոնցից ապահովագրված են միայն մի քանի հազարը: Որքանո՞վ է Հայաստանի ապահովագրական շուկան պատրաստ պարտադիր ավտոապահովագրության  սպասարկմանը:

-  Համոզված եմ, որ բոլոր ապահովագրական ընկերությունները աշխատում են պատվով լուծել այս խնդիրը. ակտիվորեն ընթանում են ընդլայնման գործընթացներ, բացվում են նոր մասնաճյուղեր, ներգրավվում են նոր գործակալներ: Ընկերությունները հստակ պատկերացնում են իրենց առջեւ դրված խնդիրները: Օրենքով ամրագրված է, որ պարտադիր ապահովագրությամբ զբաղվել ցանկացող ընկերությունները պետք է մասնաճյուղեր կամ գործակալներ ունենան բոլոր մարզերում: 

Նշեմ, որ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ներդրումն իրոք պատմական հնարավորություն է մեր ապահովագրական շուկայի համար: Խիստ անհրաժեշտ է գիտակցել, որ համապատասխան օրենքի ընդուման իմաստը ոչ թե ապահովագրական շուկան զարգացնելն է, այլ տրանսպորտային միջոցների շահագործումից տուժած անձանց կրած վնասների փոխհատուցումը երաշխավորելն է: Պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքը ամենեւին էլ կոչված չէ ապահովագրական ընկերությունները հարստացնելուն, ավելին, խիստ հավանական է, որ ընկերությունները ապահովագրական այս դասից  ընդհանրապես շահույթ չունենան:

Պետությունը, որպես հասարակության մեծագույն մենեջեր, տեսնելով վերջինիս սպառնացող վտանգները, պարզապես միջոցներ է ձեռնարկում դրանք զսպելու ուղղությամբ: Օրենսդրությամբ սահմանված է, որ տրանսպորտային միջոցը առավել վտանգի աղբյուր հանդիսացող առարկա է, որով հասցված վնասի համար պատասխանատու է տվյալ առարկայի սեփականատերը:

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ փողոցներում շրջում են վտանգ ներկայացնող շուրջ 400 000 առարկաներ, մինչդեռ որեւէ կերպ սահմանված չէ, թե ինչպես է երաշխավորվում տուժողների՝ հատուցում ստանալու իրավունքը:

- Դուք նշեցիք, որ պարտադիր ավտոապահովագրությունը կարող է շահութաբեր չլինել: Կարելի՞ է եզրակացնել, որ մրցակցությունը ապահովագրողների միջեւ այս ոլորտում ամենեւին էլ թեժ չի լինելու:

- Այո, ապահովագրության այս տեսակն ինքնին շահութաբեր չէ, սակայն դա չի նշանակում, որ ապահովագրոքղները շահագրգռված չեն զբաղվել այս տիպի ապահովագրությամբ: Այլ երկրների փորձը ցույց է տվել, որ պարտադիր ապահովագրության ներդրումից հետո աշխուժանում է նաեւ կամավոր ապահովագրությունը: Մարդիկ պարտադրված շփվում են ապահովագրական ընկերությունների հետ, տեսնում են այս շփման օգուտները, եւ սկսում են կամավոր ապահովագրել իրենց այլ ռիսկերը:

Հետեւաբար, ապահովագրական ընկերությունների շահագրգռվածությունն այստեղ պայմանավորվում է հետագայում կամավոր ապահովագրության աշխուժացման ակնկալիքներով:

- Որո՞նք են Հայաստանի ապահովագրողների ասոցիացիայի առաջնահերթ նպատակները:  

- Ասոցիացիայի առաջնահերթ նպատակն է միավորել ապահովագրական ընկերություններին ընդհանուր խնդիրների շուրջ եւ առաջադրել դրանց լուծման համատեղ ուղիներ: Ի դեպ, պարտադիր ապահովագրության ներդրման հետ կապված նման խնդիրներն ավելացել են: Դրանցից կարելի է առանձնացնել հանրային իրազեկման հարցը: Կենտրոնական բանկի /ԿԲ/ եւ այլ շահագրգիռ կառույցների հետ այժմ փորձում ենք մշակել համապատասխան ծրագիր:

Ընդհանրապես, ասոցիացիան վերջերս բավականին ակտիվ է. մենք մշտապես մասնակցում ենք ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակմանը, ունենք համատեղ աշխատանքային խումբ ԿԲ-ի հետ, որը գրեթե ամեն շաբաթ քննարկումներ է իրականացնում նոր նախագծերի շուրջ:

Օրենսդրությունը երբեք կատարյալ  չի լինում, եւ մենք հետեւողականորեն աշխատում ենք եղած խնդիրների լուծման ուղղությամբ: Այնուամենայնիվ, տվյալ պահին ապահովագրական շուկայի զարգացմանը խոչընդոտող լուրջ օրենսդրական խնդիրներ, կարծես թե չկան:

- Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված ակնկալվում է, որ բանկերի եւ կենսաթոշակային հիմնադրամների հետ մեկտեղ քաղաքացիների կենսաթոշակային ակտիվների կառավարման համար մրցելու են նաեւ ապահովագրական ընկերությունները: Ինչպիսի՞ք են ձեր ակնկալիքները բարեփոխումներից:

- Քանի որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը դեռեւս սաղմնային փուլում է, նախապատրաստական աշխատանքներ ապահովագրական շուկայում դեռեւս չկան:

Կենսաթոշակային ապահովագրությունը հանդիսանում է կյանքի ապահովագրության տեսակ, իսկ այսօրվա դրությամբ Հայաստանում ոչ մի ընկերություն չունի կյանքի ապահովագրության լիցենզիա:

Օրենսդրությունն արգելում է մի ընկերությանը համատեղ զբաղվել եւ´ կյանքի, եւ´ ոչ կյանքի ապահովագրությամբ, հետեւաբար, կենսաթոշակային ապահովագրության իրականացման նպատակով պետք է ստեղծվեն նոր ապահովագրական ընկերություններ: Կարծում եմ, որ դրանք շուտով կհայտնվեն մեր շուկայում:

- Հետաքրքիր է իմանալ, ինչպե՞ս են ներկայումս կառավարվում Հայաստանի ապահովագրական ընկերությունների եւ, մասնավորապես, «Սիլ-Ինշուրանսի» ակտիվները:

- Ապահովագրողների ակտիվները կառավարվում են ԿԲ-ի նորմատիվ ակտերով սահմանված որոշակի չափանիշների համաձայն: Ապահովագրական ընկերությունների ակտիվները հիմնականում ներդրված են բանկային ավանդներում եւ Հայաստանի պետպարտատոմսերում:

Ապահովագրողները, որպես կանոն, չեն ուղղում իրենց ակտիվները միջազգային շուկաներ, քանի դեռ Հայաստանում ակտիվների եկամտաբերությունը բավականին բարձր է:

- Ւնչպիսի՞ ցուցանիշներով է ընկերությունն ավարտել առաջին կիսամյակը: 

- Առաջին կիսամյակը «Սիլ-Ինշուրանս»-ն ավարտել է բավականին գոհացուցիչ ցուցանիշներով: Ապահովագրավճարների հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 13%-ով: Ակտիվները 2009թ. առաջին կիսամյակի հետ համեմատ աճել են 43%-ով, կապիտալը՝ մոտ 57%-ով:

Ապահովագրական ընկերության պարտավորությունները հիմնականում ապահովագրական պահուստներն են, որոնց պարբերական նվազումը եւ աճը բնական երեւույթ է:

- Անցյալ տարվա վերջին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բացվեց «Ապահովագրական գործ» ուսումնա-մեթոդաբանական կենտրոնը, որի հիմնադրմանը մասնակցել է նաեւ «Սիլ-Ինշուրանսը»: Ինչպե՞ս է առաջ ընթանում  կենտրոնի գործունեությունը:

- Շատ բարձր եմ գնահատում այդ կենտրոնի դերը, եւ ակնկալում եմ, որ տնտեսագիտական համալսարանը, ուսանողությունը եւ դասախոսական կազմը ավելի ակտիվ կլինեն ապահովագրական ընկերությունների հետ իրենց աշխատանքում: Ժամանակ առ ժամանակ տարբեր ապահովագրական ընկերություններ ներկայացնում են կենտրոնում իրենց առաքելությունը եւ ծառայությունները: Վերջին շրջանում նկատվում է ունկնդիրների թվի զգալի ավելացում:

- 2009-ի վերջից Հայաստանի ապահովագրական շուկայում սկսել են նկատվել կոնսոլիդացման միտումներ: Ի՞նչ եք կարծում, շարունակվելու՞ է արդյոք այդ տենդենցը, եւ մասնավորապես, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվելու ապահովագրական շուկայի կոնյուկտուրան պարտադիր ավտոապահովագրության ներդրման արդյունքում: 

- Չեմ կարծում, որ ապահովագրական ընկերությունների թիվը մոտակա տարիներին էապես փոխվի: Հայաստանի ապահովագրական շուկայի հետագա զարգացումները մեծապես կախված են նրանից, թե ինչպես կգործարկվի պարտադիր ավտոապահովագրությունը:

Դիտում՝ 55884
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai