«Հայաստանում ձեռնարկատիրություն չեն սովորեցնում»

03.05.2010 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Այ Էյ Բի Կենտրոն» ՓԲԸ նախագահ եւ ակադեմիական ղեկավար Ռոյ Դոդջի հարցազրույցը Banks.am պորտալին

- Տնտեսական ճգնաժամերի ժամանակ հաճախ խոսվում է կրթության ոլորտում ներդրումների անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով, որ «Այ Էյ Բի Կենտրոնն» աշխատում է հայաստանյան բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների շրջանավարտների հետ, ինչպե՞ս եք գնահատում նրանց պատրաստվածությունը մասնագիտական գործունեությանը:

- Հայաստանյան շատ բուհեր չունեն ակադեմիական նվաճումներ եւ ուսանողներին չեն նախապատրաստում իրական աշխարհին: Զարմանալի չէ, որ բուհերի շատ շրջանավարտներ ստիպված են անցնել հետագա մասնագիտական որակավորում` պատշաճ աշխատանքի տեղավորվելու նպատակով:

Տարին երկու անգամ մեր ընկերությունը տնտեսագիտական ֆակուլտետների շրջանավարտներին օգնում է գրանցվել Դիպլոմավորված ատենակալ հաշվապահների ասոցիացիայում (Association of Chartered Certified Accountants - ACCA), որը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական կառույց Միացյալ Թագավորությունում: Սովորաբար մենք ամեն տարի ACCA-ում գրանցում ենք ավելի քան 160 թեկնածուների: ACCA-ում գրանցմանը նախորդող դասընթացների ընթացքում մենք ծանոթանում ենք այն առարկաների ցուցակին, որոնք ուսանողներն անցել են համալսարաններում: Դա կատարվում է այն նպատակով, որպեսզի պարզվի, թե արդյո՞ք իրենց համալսարանական կրթությունը ուսանողներին թույլ է տալիս ազատվել ACCA-ում այս կամ այն քննություններից: Երբ ես նայում եմ ցուցակները, զարմանում եմ առարկաների առատությունից, որոնց ուսումնասիրությունն ուսանողների համար հանդիսանում է ժամանակի զուր կորուստ, իսկ պետության համար` միջոցների վատնում: 

Երբ տեսնում եմ առարկաներ այնպիսի անվանումներով, ինչպես օրինակ` «Արդյունաբերական բնագավառների տեխնոլոգիա», «Պետական տնտեսագիտական տեխնոլոգիայի համակարգեր», «Շուկայական տնտեսությունների նորմեր եւ ցուցումներ», «Ապրանքատեսակների լոգիստիկա», «Աշխատանքի տնտեսագիտություն», «Մենեջմենթի արտասահմանյան փորձը», «Մարդ-մեքենա փոխգործակցության մեթոդները», ես չեմ հասկանում, թե ինչ են ուսուցանում մեր ուսանողներին: Հավանաբար, այդ դիսցիպլիններից մի քանիսը պահպանվել են խորհրդային ժամանակներից: Ենթադրվում է, որ համալսարանները պետք է ուսանողներին նախապատրաստեն կյանքին, մինչդեռ նման առարկաները ուսանողին տալիս են ներածական եւ թյուր պատկեր` թե նրանք ինչ պետք է ակնկալեն աշխատանքի տեղավորվելիս: 

Ասվածից ենթադրվում է այն ակնհայտ իրողությունը, որ Հայաստանում բարձրագույն կրթության համակարգը բարեփոխման կարիք ունի:

- Ձեր կարծիքով, որո՞նք են ստեղծված իրավիճակի պատճառները, եւ ինչի՞ց պետք է սկսել բարեփոխումները:

- Հավանաբար, որոշ դեկանների տեսադաշտից վրիպել է այն, որ այսօր Հայաստանում արդեն գործում է լիաֆունկցիոնալ շուկայական տնտեսություն: Եվ եթե ուսանողներին ուսուցանեն, թե ինչպես է աշխատում բիզնեսը, նրանք հավասարապես ունակ կլինեն կիրառել իրենց գիտելիքները եւ ինտելեկտը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ոլորտներում աշխատելու ընթացքում: Ցավոք, տնտեսագիտության մեջ աստիճան ստացող ուսանողները բավարար չափով չեն ուսուցանվում նրան, թե ինչպես է գործում բիզնեսը:

Հայաստանյան բուհերում ես չեմ հանդիպել գոնե մեկ առարկայ «Ձեռնարկատիրություն» կան նման անվանմամբ: Ձեռնարկատիրությունն այն է, ինչը ստեղծում է շուկայական տնտեսություն, սակայն Հայաստանում չկա ձեռնարկատիրությանն առնչվող ոչ մի ուսումնական հաստատություն, որը համապատասխանում է շուկայի պահանջներին: Նույնիսկ ձեռնարկատիրությանն առնչվող այն հաստատությունները, որոնք ստեղծված են արեւմտյան բիզնես-դպրոցների մոդելով, պատրաստում են այնպիսի մասնագետներ, որոնք կարող են միայն արտասանել ճիշտ բառեր, սակայն չունեն բավարար չափով կոնկրետ գիտելիքներ բիզնես-մենեջմենթի ոլորտում: 

- ՀՀ տնտեսական իշխանությունները բազմիցս ընդգծել են Հայաստանի բանկային հատվածի կայունությունն ու հուսալիությունը եւ մտադրություն են հայտնում երկիրը վերածել տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում բանկային գործի դասավանդման մակարդակը: 

- Բանկային գործի հետ կապված դասընթացները շատ են, եւ դա նույնիսկ մտավախություն է առաջացնում: Անհասկանալի է, թե ինչ նպատակով է շեշտը դրվում բանկային գործի դասընթացների վրա, մինչդեռ բանկային հատվածը հայաստանյան տնտեսության շատ փոքր մասն է:

Ամեն դեպքում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետազոտությունը համալսարաններում բանկային գործի դասավանդման որակի վերաբերյալ վկայում է, որ այդ առարկաներն անհրաժեշտ մակարդակով չեն դասավանդվում:

- ՀՀ ֆինանսական հատվածը եւ խոշոր ձեռնարկություններն արդեն անցում են կատարել ֆինանսական Միջազգային ֆինանսական հաշվետվական ստանդարտներին (ՄՖՀՍ), որոնք շուտով պետք է ամբողջությամբ փոխարինեն տեղական ստանդարտները: Հաշվապահական հաշվառման համալսարանական դասավանդումը որքանո՞վ է համապատասխանում ժամանակի մարտահրավերներին:

- Ես նկատել եմ, եւ Համաշխարհային բանկի համապատասխան հետազոտությունը վկայում է այն մասին, որ հաշվապահական գործ դասավանդող ՀՀ շատ պրոֆեսորներ ուսանողներին մատուցում են հնացած տեղեկատվություն: Դա զարմանալի չէ: Նույնիսկ պրակտիկա անցնող դասախոսին դժվար է հետեւել ամեն ամիս կատարվող բոլոր փոփոխություններին: Միակ ելքը Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդին (International Accounting Standards Board - IASB) էլեկտրոնային բաժանորդագրությունն է:

Նշեմ, որ «Այ Էյ Բի Կենտրոնը» նախապատրաստական դասընթացներ է անցկացնում պրակտիկա անցնող հաշվապահների համար: Դասընթացներն ուղղված են հաշվապահներին ՄՖՀՍ-ում կատարվող վերջին փոփոխությունների մասին տեղյակ պահելուն:

Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մենք պատրաստ ենք համալսարանական բոլոր պրոֆեսորներին թույլ տալ անվճար այցելել մեր դասախոսություններին: Դասընթացներն անցկացվում են երեկոյան եւ հայերեն լեզվով: Դասախոսներին մեր առաջադրած միակ պայմանն այն է, որ եթե նրանցից մեկը կցանկանա օգտագործել մեր կողմից մշակված ուսումնական նյութերը սեփական դասախոսությունների ընթացքում, պետք է հղում կատարի «Այ Էյ Բի Կենտրոնի» հեղինակային իրավունքին:

Դիտում՝ 31564
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai