Երեւանի ֆինանսական ակադեմիայի շրջանավարտների ավելի քան 70%-ը աշխատում են մասնագիտությամբ

12.04.2010 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Երեւանի ֆինանսական ակադեմիայի պրոռեկտոր Կարեն Գասպարյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

- Ձեր Ակադեմիան ֆինանսական կրթության շուկայում գործում է շուրջ 20 տարի: Կայացման ի՞նչ հիմնական փուլեր եք անցել:

- Այս տարին մեզ համար հոբելյանական է. Ակադեմիան հիմնադրվել է 1990 թվականին, այս տարի լրանում է մեր 20 ամյակը: Անշուշտ, մեկնարկային փուլը մեզ համար ամենաբարդն էր, այն եղել է խորհրդային ժամանակահատվածում, երբ մասնավոր կրթության նկատմամբ վերաբերմունք դեռեւս ձեւավորված չէր: Երբ մենք դեռ նոր էիք սկսում, ունեինք ընդամենը մեկ լսարան եւ մեկ աշխատասենյակ, որում միաժամանակ աշխատում էին Ակադեմիայի ղեկավար եւ դասախոսական կազմը:

Մեզ համար բեկումնային դարձավ 2000 թվականը, երբ Ակադեմիան առաջիններից մեկը ստացավ պետական հավատարմագիր 5 թվի ներքո: Այսպիսով, մենք դարձանք երկրի հինգերորդ ոչ պետական բուհը, որը հավատարմագրվեց եւ իրավունք ստացավ պետական նմուշի դիպլոմ տրամադրել:

Կարճ բնութագրելով անցած ուղին` այն չեմ անվանի դժվար կամ հեշտ. դա աշխատանքային գործընթաց էր, որն անցնում էր բնականոն, հաստիքային ռեժիմով:

- Ներկայումս ի՞նչ մասնագիտություններով է ընթանում ուսուցումը, դրանցից որո՞նք են ավելի պահանջված ուսանողների կողմից:

- Մեր բուհը Հայաստանի այն սակավաթիվ ուսումնական հաստատություններից է, որը մասնագիտանում է կոնկրետ ֆինանսների ոլորտում: 

Մեզ մոտ ուսուցումը կատարվում է երկու ֆակուլտետներում` Ֆինանսներ եւ վարկեր (ֆինանսներ, միջազգային ֆինանսներ, ֆինանսական մենեջմենթ, բանկային գործ, արժեթղթերի վերլուծություն եւ կառավարում), ինչպես նաեւ Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ (բանկային հաշվառում եւ աուդիտ, հարկեր եւ հարկագրում):

Պահանջվածության տեսանկյունից կառանձնացնեի հաշվապահական հաշվառումը, քանի որ, ինչպես մենք միշտ ասում ենք մեր ուսանողներին, բացի մասնագիտությունից, հաշվապահությունը նաեւ, ըստ էության, արհեստ է: Եթե դու լավ հաշվապահ ես, երբեք առանց աշխատանքի չես մնա:

Մենք ունեինք ընդլայնման հնարավորություն, եղել են առաջարկներ, սակայն դա ղեկավարության սկզբունքային դիրքորոշումն է` չբացել նոր ֆակուլտետներ, որոնք կապ չունեն ֆինանսների հետ եւ դուրս են տնտեսական ոլորտի շրջանակներից:

- Ի՞նչ կրթության հիման վրա եւ ի՞նչ քննություններ հանձնելով կարելի է ընդունվել Ակադեմիա, որքա՞ն է տեւում ուսուցումը, եւ ուսանողները հնարավորություն ունե՞ն արդյոք ուսուցումը շարունակել մագիստրատուրայում:

- Սկսեմ հարցի վերջին մասից: Ներկայումս մեր Ակադեմիայի մագիստրատուրան ֆինանսների ոլորտում միակ հավատարմագրված մագիստրատուրան է ՀՀ ոչ պետական բուհերի շարքում:

Ակադեմիա ընդունվել կարող են միջնակարգ դպրոցների շրջանավարտները: Բացի այդ, մենք համաձայնագրեր ունենք երկու ֆինանսական քոլեջների` «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի եւ Երեւանի պետական ֆինանսատնտեսական քոլեջի հետ, որոնց համաձայն, այդ երկու ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ընդունվում են մեր Ակադեմիա, համապատասխանաբար, երրորդ եւ երկրորդ կուրսեր:

Մեզ մոտ հաճախ գալիս են երկրի տարբեր բուհերի շրջանավարտներ, ովքեր ցանկանում են ստանալ երկրորդ մասնագիտություն: Իրենց ուսումնական հաստատությունում անցած առարկաների տարբերությունից կախված` նրանք դառնում են երկրորդ կուրսի, կամ, հումանիտար կրթության դեպքում, առաջին կուրսի ուսանողներ` ընդհանուր հիմունքներով:

Ակադեմիա ընդունվելու համար անհրաժեշտ է հանձնել 2 քննություն` հայոց լեզու եւ մաթեմատիկա, անհրաժեշտության դեպքում դիմորդը կարող է հայոց լեզվի փոխարեն հանձնել ռուսերեն: Ուսուցումը երկաստիճան է` 4 տարի բակալավրիատ եւ 2 տարի մագիստրատուրա: Առանց բավարար գնահատականների բակալավրիատն ավարտած ուսանողներն ավտոմատ կերպով անցնում են մագիստրատուրա: Իսկ այն բուհերի ուսանողները, ովքեր ցանկանում են ուսուցումը շարունակել մեր մագիստրատուրայում, հարցազրույց են անցնում ընտրած մասնագիտության համաձայն:

- Ուսանողներն ակտիվ պրակտիկա անցնու՞մ են բանկային համակարգի հաստատություններում:

- Պրակտիկայի նպատակով մենք համաձայնագրեր ենք կնքել մի շարք բանկերի` «Արարատբանկի», «Հայէկոնոմբանկի», «Յունիբանկի», «Արդշինինվեստբանկի» հետ: Բացի դրանից, մենք համապատասխան համաձայնագիր ունենք Պետական եկամուտների կոմիտեի հետ:

Ուսանողները պրակտիկա են անցնում երկու անգամ` երրորդ կուրսում եւ նախադիպլոմային: Նախադիպլոմային պրակտիկան հաշվապահներն անցնում են «Երեւանի գարեջուր» գործարանում եւ «Նոյան» ընկերությունում:

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում պրակտիկային, կարծում ենք, որ այն լավ տրամպլին է մեր ուսանողների համար, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ Ակադեմիան ավարտելուց հետո մեր շրջանավարտները մնում են այնտեղ, որտեղ անցել են ուսումնական պրակտիկան:

Մագիստրատուրայում անցկացվում է նաեւ ուսուցողական պրակտիկա, երբ դասախոսությունների որոշակի կուրս լսելուց հետո ուսանողները մտնում են լսարան եւ իրենք են անցկացնում սեմինարներ ու մշակումներ: Դա մեծամասամբ արվում է ապագա դասախոսներ պատրաստելու նպատակով, ինչը շատ արդյունավետ է, քանի որ այսօր մեր դասախոսների թվում կան Ակադեմիան 90-ական թվականներին ավարտած ուսանողներ:

- Ի՞նչ աշխատանքի/պաշտոնի կարող է հավակնել Ակադեմիայի շրջանավարտը այս կամ այն ֆինանսական հաստատությունում: Դուք հետեւու՞մ եք նրանց հետագա կարիերային:

- 2008 թվականին մենք անցկացրեցինք մեր շրջանավարտների աշխատանքի տեղավորման ընդլայնված մոնիտորինգ, եւ պարզվեց, որ նրանցից 71 տոկոսն աշխատում է մասնագիտությամբ: Ակադեմիայի շրջանավարտների թվում կան վարչությունների պետեր Կենտրոնական բանկում, բաժինների ու վարչությունների պետեր առեւտրային բանկերում, գլխավոր հաշվապահներ տարբեր ընկերություններում:

Անկասկած, միայն բակալավրիատն ավարտած ուսանողները չեն կարող հավակնել բարձր պաշտոնների. նրանք հնարավորություն ունեն տեղավորվելու բանկում, կամ այլ բիզնես-կառույցում որպես շարքային աշխատակից: Մինչդեռ մագիստրատուրայի շրջանավարտները կարող են աշխատել ցանկացած պաշտոնում: Օրինակ, նրանցից մեկն այսօր ֆինանսների նախարարությունում աշխատում է որպես բաժնի պետ:

- Ովքե՞ր են ընդգրկված Ակադեմիայի դասախոսական կազմում, կա՞ն արդյոք նրանց թվում ֆինանսաբանկային համակարգի գործող աշխատակիցներ:

- Ֆինանսական շուկայի գործող աշխատակիցներին որպես դասախոս Ակադեմիայի կազմում ընդգրկելը ողջունվում եւ գործարկվում է մեր կողմից: Մասնավորապես, աուդիտ են դասավանդում աուդիտորներ «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ից, քարտային վարկեր է դասախոսում բանկերից մեկի համապատասխան բաժնի ղեկավարը: Ինչպես արդեն նշեցի, Ակադեմիայում ակտիվ դասախոսական գործունեություն են ծավալում նաեւ մեր շրջանավարտները:

Բացի հիմնական դասախոսական կազմից, մենք նաեւ հրավիրում ենք երկրում մեծ ճանաչում ունեցող դասախոսներին, մասնավորապես, Երեւանի պետական համալսարանից եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից: Մեզ համար շատ կարեւոր է նրանց ներուժը, եւ նրանց ներկայությունը ոգեւորում է մեր ուսանողներին:

Ընդհանուր առմամբ, Ակադեմիայի դասախոսական կազմում ընդգրկված է շուրջ 30-35 մարդ, որոնց շուրջ 70 տոկոսը մեր հիմնական, հաստիքային դասախոսներն են:

- Ակադեմիան ապահովվա՞ծ է անհրաժեշտ մասնագիտական գրականությամբ, դուք մեթոդական ձեռնարկներ հրատարակու՞մ եք:

- Մենք ունենք բավականին լուրջ գրադարան, ավելին, այսօր մենք աշխատում ենք էլեկտրոնային գրադարան ստեղծելու ուղղությամբ, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան Ակադեմիայի կայքից ներբեռնել անհրաժեշտ գրականությունը:

Տարեկան մի քանի հրատարակություններ ֆինանսավորվում եւ հրապարակվում են մեր կողմից. դրանք հիմնականում ուսումնական հրատարակություններն են, մեթոդական ձեռնարկները, որոնք պատրաստվում են մեր դասախոսների կողմից: Օրինակ, նախորդ տարի մենք հրատարակեցինք հաշվապահական հաշվառման 2 խնդրագիրք:

Գրականության փոխանակման մասով մենք ակտիվ համագործակցում ենք Մոսկվայի տնտեսության եւ վիճակագրության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի հետ: Նրանց կողմից տրամադրվող գրականությունը մեծամասամբ անդրադառնում է ֆինանսական ծառայությունների շուկայի ժամանակակից միտումներին:

- Ձեր կողմից իրականացվու՞մ են երկրի ֆինանսական համակարգի խնդիրները շոշափող արտադասային ծրագրեր:

- Առնվազն տարին մեկ անգամ մեզ մոտ կազմակերպվում են համաժողովներ ուսանողների մասնակցությամբ, որոնցում քննարկվում են երկրի ընթացիկ ֆինանսական իրավիճակի կոնկրետ հարցերը, ինչպես նաեւ հետագա զարգացումների վերաբերյալ ուսանողների տեսլականները:

Որպես կանոն, համաժողովներն անց են կացվում ամեն տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Դրանց ընթացքում բարձր կուրսերում սովորողները հնարավորություն են ստանում ցույց տալ ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները: Դա, իր հերթին, լավ խթան է առաջին կուրսեցիների համար, ովքեր, այսպես կոչված, լիցք ստանալով իրենց ավագ ընկերներից, իրենց աչքով տեսնում են, թե գիտելիքների ինչ առաջընթաց կարող է նրանց սպասվել Ակադեմիայում ուսումնառության ընթացքում:

- Ուսուցման ի՞նչ վճար է սահմանված Ակադեմիայում, եւ տրամադրու՞մ եք արդյոք արտոնյալ պայմաններ այս կամ այն ուսանողի համար:

- Բակալավրիատում ուսուցման վճարը կազմում է 280 հազար դրամ, մագիստրատուրայում` 320 հազար դրամ: Ինչ վերաբերում է արտոնություններին, ապա մենք ունենք արտոնյալ խմբեր, որոնք ձեւավորվում են` հաշվի առնելով կոնկրետ ուսանողի սոցիալական վիճակը:

Բացի դրանից, մեզ մոտ բավական ակտիվ գործում է ուսանողական խորհուրդը, որի գործունեությունն ուղղված է Ակադեմիայի հասարակական կյանքի ակտիվացմանը: Մասնավորապես, գործում է «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ուսանողական թիմը, «Ֆ» ուսանողական թատրոնը, եւ այն ուսանողներին, ովքեր մեծ ակտիվություն են ցուցաբերում, մենք հատկացնում ենք ուսուցման 10% արտոնություն:

- Ակադեմիայում գործում է ճապոնական լեզվի ուսուցման կենտրոն: Ինչո՞վ է պայմանավորված այդ կենտրոնի հիմնադրումը, դա ինչ-որ կապ ունի՞ Ակադեմիայում լուծվող հիմնական խնդիրների հետ:

- Իսկապես, մեզ մոտ գործում է ճապոնական լեզվի ուսուցման «Ֆուդզի» կենտրոնը, որը սերտորեն համագործակցում է Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան հետ: Անկեղծ ասած, կենտրոնը ոչ մի կապ չունի ֆինանսական կրթության հետ: Այն ստեղծվել է մեր ուսանողների խմբի նախաձեռնությամբ, ովքեր մի քանի տարի առաջ հետաքրքրվում էին ճապոներենով, ինքնուրույն ուսումնասիրում էին այն, եւ մեզ խնդրեցին օգնել նրանց այդ հարցում:

Կենտրոնի հիմնադրման գործընթացում ձեւավորվեց աշխատանքային խումբ, հրավիրվեց դասախոս Ճապոնիայից. արդյունքում ստեղծվեց ճապոներեն լեզվի, Ճապոնիայի պատմության եւ մշակույթի ուսուցման կենտրոն: Ուսուցումն ընթանում է բացառապես ճապոներենով եւ տեւում է 2 տարի: Այն ավարտելուց հետո տրվում է ճապոնացի քննողի` Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան աշխատակցի կողմից հաստատված հավաստագիր:

Մեր գնահատմամբ, «Ֆուդզի» կենտրոնը եւս մեր ուսանողների հետագա ճանապարհներից մեկն է այն իմաստով, որ մենք հնարավորություն ենք ունենում կադրեր պատրաստել Հայաստանում Ճապոնիայի ապագա դեսպանատան համար, որի բացումը նախանշվում է առաջիկա 1-2 տարիներին:

- Կցանկանայի լսել Ձեր մեկնաբանությունը մեր երկրի ֆինանսական գրագիտության մակարդակի վերաբերյալ:

- Վերջին տարիներին բանկային համակարգի զարգացման հետ մեկտեղ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը զգալիորեն բարձրացավ, բայց միեւնույն ժամանակ, երկրի ֆինանսական շուկայում տեղի ունեցող զարգացումների, դրանց պատճառահետեւանքային կապի ընդհանուր ըմբռնման տեսանկյունից մեր համաքաղաքացիները դեռեւս ունեն մակերեսային գիտելիքներ: Կարծում եմ, պատճառը բնակչությանը ոչ բավարար չափով տեղեկատվության տրամադրումն է:

Ինչ վերաբերում է ֆինանսական շուկայի գործող աշխատակիցների պատրաստվածության մակարդակին, ապա նրանց հետ, ովքեր ստացել են համապատասխան կրթություն, որպես կանոն, խնդիրներ չեն ծագում: Այլ բան է, որ այսօր բանկային ոլորտում հաճախ հանդիպում են մասնագիտական կրթություն չունեցող մարդիկ, օրինակ, հումանիտար բուհերի ուսանողներ:Կարծում եմ` ժամանակի ընթացքում գործատուներն իրենք էլ կզգան արհեստավարժ կադրերի ընտրության անհրաժեշտությունը, առանց որոնց ցանկացած հաստատություն հազիվ թե պատշաճ տեղ ունենա երկրի ֆինանսական շուկայում:

Դիտում՝ 36005
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai