Զբոսաշրջային երթուղիներ` այլընտրանք վանքերին կամ ճիշտ փաթեթավորում

27.03.2018 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Սամվել Կարապետյան #Մեխակ Ապրեսյան #Վահէ Լոռենց
Զբոսաշրջային ընկերությունների երթուղիներից շատերը հագեցած են վանքեր եւ եկեղեցիներ այցերով, որն էլ երբեմն դժգոհությունների առիթ է տալիս զբոսաշրջիկների շրջանում։ Banks.am-ը փորձել է պարզել խնդրի էությունը՝ հարցի շուրջ համախմբելով տարբեր կարծիքներ։

Վանքից վանք տանող երթուղիներ

Հայաստանի տարածքում հաշվվում է ավելի քան 24 հազ. պատմամշակութային հուշարձան, որոնց ցանկում իրենց ուրույն տեղն ունեն միջնադարյան վանքերն ու եկեղեցիները։ Անշուշտ, դրանցից յուրաքանչյուրն անկրկնելի ճարտարապետական կառույց է, սակայն ոչ մասնագետ դիտորդին հայկական եկեղեցիները կարող են միատեսակ թվալ։

Հայաստանյան 10 զբոսաշրջային ընկերությունների    կողմից առաջարկվող երթուղիների ուսումնասիրությունը թույլ տվեց պարզել, որ դրանց հանգուցային կետերի մեծ մասը կազմում են վանքերն ու եկեղեցիները, թեեւ աշխարհիկ կառույցներով եւ բնության հուշարձաններով Հայաստանը եւս հարուստ է։


Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ ներկայացվող հուշարձանատեսակների միօրինակությունը զբոսաշրջիկների համար հոգնեցուցիչ է։

«Վերջերս հայ զբոսավարի ուղեկցությամբ մեր գրասենյակ էին եկել մի խումբ բրիտանացիներ։ Զբոսավարն ինձ մոտեցավ եւ ասաց, որ հյուրերը հոգնել են վանքեր այցերից, հարցնում են՝ արդյոք այլ բան չունե՞նք ցույց տալու։ Թվարկեց, թե ինչ են ցույց տվել մի քանի օրերի ընթացքում՝ բոլորը վանքեր եւ եկեղեցիներ էին»,- պատմում է Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ եթե նույնիսկ այս միջադեպը չլիներ, դա ամենեւին էլ չէր նշանակի, թե նման խնդիր գոյություն չունի։  

Մյուս կողմից, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն ասում է՝ նման համատարած խնդիր չկա։

«Պետք չէ թերագնահատել մեր վանքերն ու եկեղեցիները։ Դրանք նույնպես շատ մեծ պատմամշակութային արժեք են ներկայացնում եւ ուրույն տեղ ունեն մեր զբոսաշրջության զարգացման մեջ։ Բացի այդ, չմոռանանք, որ զբոսաշրջիկների շուրջ 90%-ն անհատապես է այցելում Հայաստան, եւ միայն 10%-ն է գալիս օպերատորների միջոցով»,- նշում է Մեխակ Ապրեսյանը՝ հիշեցնելով, որ կոմիտեն բաց է բոլոր տեսակի առաջարկներ քննարկելու համար։

Հուշարձանի մատուցումը

Զբոսաշրջիկին գրավելու համար միայն մշակութային հարուստ ժառանգությունը բավարար չէ։ Կարեւոր է նաեւ այն գրավիչ ներկայացնելը։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշում է, որ հայ զբոսավարներներից շատերը ամեն հուշարձանի մասին որոշ անգիր արած տեղեկություններ ունեն եւ միշտ նույնն են մատուցում։ Նա վստահ է, որ վանքերն ու եկեղեցիները եւս կարելի է հետաքրքիր ներկայացնել՝ մարդկանց ուշադրությունն այլ բանի վրա գրավելով։ Օրինակ՝ Հաղպատի, Դեղձուտի վանքերի խաչվող կամարներով գավիթները ճարտարապետական եզակի հորինվածքներ են, որ կառուցվել են 13-րդ դարում։

Դեղձուտի վանքի խաչվող կամարներով գավիթը

Պատկերների գրավչություն

Պատմաբան, «Տիր-Ար» զբոսաշրջային ընկերության տնօրեն Վահէ Լոռենցը եւս փաստում է, որ, որպես կանոն, զբոսաշրջիկներին միայն եկեղեցիներ են մատուցվում, եւ այս առումով բողոքներ մշտապես առկա են։ Նա ընդգծում է, որ զբոսավարի մասնագիտական հմտություններից զատ՝ կարեւոր է տեսողական պատկերը։

«Ագրայում Թաջ Մահալով շատերն են հիանում, մինչդեռ զբոսավարի պատմածը մարդկանց միայն 5%-ի մոտ է տպավորվում։ Մեզ մոտ տեսողական առումով ամեն ինչ բավական միօրինակ է, ամբողջ ներուժը չի օգտագործվում»,- նշում է Վահե Լոռենցը։

Պատմաբանը տպավորիչ պատկերներ ստեղծելու գաղափարներ շատ ունի։ Նա առաջարկում է Դաշտադեմի ամրոցում միջնադար պատկերող թատրոն ստեղծել։

Դաշտադեմի ամրոցը

«Պատկերացրեք մի արենա, որտեղ մենամարտ է ցուցադրվում միջնադարյան ասպետների զենք ու զրահով, կամ վերականգնվում է միջնադարյան ամրոցն ու քաղաքն իր ամբողջ գրավչությամբ՝ պանդոկ-հյուրատներ, արհեստագործական կենտրոններ, օրվա մեջ մի քանի ժամ իշխանն է իր թիկնազորով շրջում այնտեղ։ Կամ մեկ այլ տարբերակ՝ ստեղծենք ազգային դրամների բացօթյա թանգարան, որտեղ կցուցադրվեն մեր հին ու միջնադարյան բոլոր դրամները»,- մանրամասնում է Վահէ Լոռենցը:

Նա հավելում է՝ առաջարկով շատերին է դիմել, բայց արձագանք չի ստացել։

Աղբյուր-հուշարձանները՝ որպես այլընտրանք

Սամվել Կարապետյանի կարծիքով՝ հայերս մեր պատմական ժառանգությունից այնքան էլ տեղեկացված չենք։ Աշխարհի որեւէ այլ երկրում չկան աղբյուր-հուշարձաններ՝ ջրին նվիրված ճարտարապետական կառույցներ, սակայն մենք աղբյուրները չենք ներկայացնում որպես հայկական եզակի հուշարձանատեսակ։

«Տաթեւ գյուղի մոտ, վանքից փոքր-ինչ հեռու 19-րդ դարի պարզ թաղակապ աղբյուր կա, որի ջրհորդանը վիշապի երախ է։  Կամար աղբյուր են կոչում։

Կամար աղբյուրը

Նման մի աղբյուր կա նաեւ Ակն գավառի Մուշեղկա գյուղում։ Վիշապի երախ պատկերող ջրհորդանները շատ հին ժամանակներից հողագործությամբ զբաղվող ազգի ցուցանիշ են, քանի որ միայն հողագործը ջրի նկատմամբ հարգանքը գիտի եւ դրա մշտահոսությունը վիշապին է վստահում։ Այս աղբյուր-հուշարձանները պետք է մեր ձեռքին հաղթաթուղթ լինեին, սակայն այս թեման չենք արծարծում»,- պատմում է Սամվել Կարապետյանը։

Մուշեղկա գյուղի աղբյուրը

Զբոսաշրջիկները տարբեր են, նրանց նախասիրությունները՝ եւս։ Հայաստանն ունի այն ամենը, որ կարող է գոհացնել անգամ ամենաքմահաճ հյուրին, սակայն ճիշտ փաթեթավորումն ու գրավիչ մատուցումն այս դեպքում շատ կարեւոր է։

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 11234
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai