Բերքաբերը հավակնում է դառնալ ագրոտուրիստական կենտրոն

15.03.2018 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Աննա Մազմանյան #Բերքաբեր #գաստրո տուր
Ադրբեջանական դիրքերից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի սահամանամերձ Բերքաբեր համայնքը առաջիկայում կարող է դառնալ գյուղական եւ գաստրո տուրիզմի կենտրոն. համայնքի զարգացման եւ բարեկարգման ծրագրում առանցքային դեր ունեն հենց տեղի բնակիչները: Նախաձեռնության մանրամասների շուրջ Banks.am-ը զրուցել է դրա հեղինակ, գործարար եւ գաստրոբլոգեր Աննա Մազմանյանի հետ:  

Գաստրո տուրեր Հայաստանում

Մոտ երեք տարի առաջ «Արեւաքար» տուրգործակալության եւ Food Adventures բլոգի հեղինակ Աննա Մազմանյանի համագործակցությամբ Հայաստանում սկսեցին կազմակերպել գաստրո տուրեր:

Դրանց նպատակն է ճանաչելի դարձնել Հայաստանը խոհանոցի միջոցով: Տարիների փորձի արդյունքում Աննա Մազմանյանը հասկացել է, որ երբ մարդը մասնակցում է գաստրո տուրերին, նա չի գալիս «հաց ուտելու»՝ բառի բուն իմաստով, նա գալիս է ծանոթանալու այդ երկրի մշակույթին՝ խոհանոցի միջոցով: Հետեւաբար, գաստրո տուրիզմի մի մասնիկն է շրջել տարբեր գյուղերում եւ ապրել հենց գյուղացու տանը, ինչն օգնում է ավելի լավ հասկանալ տվյալ տարածաշրջանը:


Գաստրո տուրերի հիմնական թիրախում ռուս զբոսաշրջիկներն են, աշխատանքներ են տարվում նաեւ Վրաստանի ուղղությամբ: Բացի այդ, Աննա Մազմանյանը նկատում է, որ անգամ Հայաստանում ապրողները շատ քիչ պատկերացում ունեն հայկական խոհանոցի մասին, հետեւաբար՝ իրենց թիրախում են նաեւ տեղացիները:

Առաջիկայում «Արեւաքար»-ի բոլոր տուրերի մասնակիցները կստանան հրավեր՝ մասնակցելու սահմանամերձ Բերքաբեր գյուղի՝ որպես ագրոտուրիստական կենտրոնի բացման արարողությանը:

Սա բարեգործություն չէ, ներդրում է

Շրջելով Հայաստանի ամենատարբեր համայնքներում, ծանոթանալով դրանց տուրիստական հնարավորություններին՝ Աննա Մազմանյանն այս տարի որոշում է կայացրել գաստրո տուրերից ստացված իր ամբողջ եկամուտը ներդնել Բերքաբերում ագրոտուրիզմի զարգացման մեջ:

Ծրագիրն իրականացվում է «Սահման» ՀԿ-ի հիմնադիր Ջորջ Տաբակյանի եւ մոսկվաբնակ ճարտարապետ Հայկ Զալիբեկյանի հետ համագործակցությամբ:

«Մենք շատ տարբեր ձեւեր ենք դիտարկել՝ ինչպես գտնել ֆինանսավորում այս նախագծի համար,- Banks.am-ի հետ զրույցում ասում է Աննա Մազմանյանը:- Դրամահավաքի տարբերակը չենք դիտարկում, քանի որ ես կարծում եմ, որ եթե ուզում ես զարգացնել երկրի տնտեսությունը, ապա պետք է այնպես անել, որ փողը փող գեներացնի: Ես իմ գիտելիքներով ու փորձով կարողանում եմ գումար վաստակել, եւ հենց այդ գումարն էլ կներդնեմ համայնքի զարգացման նախագծում: Բայց սա բարեգործություն չէ, սա ներդրում է»,- ասում է Աննա Մազմանյանը:

Ընդ որում, նրա խոսքով, ծրագրում իրեն հավասար գործընկերներ են հենց համայնքի բնակիչները, որոնք եւս պատրաստ են որոշակի ներդրում ունենալ նախագծում:

Իսկ թե երբ կմեկնարկեն գյուղի բարեկարգման աշխատանքները, նախագծի հեղինակի խոսքով՝ կախված է հենց ֆինանսների առկայությունից:

Ինչո՞ւ Բերքաբեր

Տավուշում, Վայոց ձորում եւ Լոռիում մոտ մեկ տարի նախագծին հարմար բնակավայր փնտրելուց հետո ի վերջո Աննայի ընտրությունը կանգ է առել Բերքաբերի վրա:

«Նախ, գյուղն ինքնին շատ հետաքրքիր է, այնտեղ գրեթե անելու բան չկա,- բացատրում է նախագծի հեղինակը: -Ճարտարապետական առումով այն շատ ճիշտ նախագիծ ունի, փողոցները հավասար գծագրված են, շատ գեղեցիկ է, գտնվում է ջրամբարի ափին, ունի հրապարակ, անգամ թանգարան»:


Մյուս կողմից, Աննայի խոսքով՝ իրենց ընտրության հարցում ոչ պակաս կարեւոր դեր է ունեցել բերքաբերցիների պատրաստակամությունը եւ համախմբվածությունը:

«Այդ գյուղում, երբ ներկայացրինք ծրագիրը, մոտ 30 մարդ էր հավաքված, ուշադիր լսեցին, ու մի պահ լռություն էր: Չէի կարողանում հասկանալ՝ իրենց դուր եկավ, թե ոչ: Մեկ էլ այդ լռության միջից մեկն ասաց՝ երբ ենք սկսում: Ու նրա հետեւից բոլորը. «Հա, բա ե՞րբ ենք սկսում»»,- իր առաջին տպավորությամբ է կիսվում Աննա Մազմանյանը:

Բացի այդ նրա խոսքով՝ համայնքում կա յուրահատուկ համախմբվածություն, եւ շահառուների ընտրության հարցում իրենք անգամ չեն էլ մտածել: «Դա այնքան ունիկալ համայնք է, որ ընտրելու բան էլ չկա: Այնտեղ շատ համախմբված են, մի տան պես են ապրում: Եթե ուզում ես իմանալ՝ «համայնք» բառն ինչ է նշանակում, պիտի գնաս Բերքաբեր, տեսնես՝ մարդիկ ինչպես են աշխատում»,- ասում է նա:

Խանութ-սրճարան, կինոթատրոն, B&B-ներ

Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակում կբարեկարգվի Բերքաբերի հրապարակում գտնվող փոքրիկ խանութը, իսկ դրան հարող տարածքը կվերածվի սրճարանի: Հատուկ տարածք է նախատեսվում նաեւ բացօթյա կինոթատրոնի համար:

Ընդ որում, խանութ-սրճարանի նախագիծն արդեն արվել է ճարտարապետ Հայկ Զալիբեկյանի կողմից: Անհրաժեշտ ֆինանսավորման ապահովումից հետո առաջին գործը կլինի հենց սրճարանի կառուցումը, հետո կսկսեն աղբահանությունը կազմակերպել, ներկել դարպասները եւ ընդհանուր առմամբ զբաղվել B&B-ների բարեկարգմամբ:


«Մենք արդեն գնացել, գյուղացիների տները նայել ենք. տներ կան, որտեղ շատ մեծ աշխատանքներ կան անելու, տներ կան, որ ավելի քիչ: Այդ տներն արդեն ընտրված են, ու մենք սպասում ենք, որպեսզի անհրաժեշտ գումարը հավաքվի եւ մենք սկսենք»,- ասում է Աննան:

Երբ որ ամեն ինչ պատրաստ լինի, նախատեսվում է կազմակերպել տարբեր թեմաներով տուրեր, այդ թվում՝ գաստրո այցելություններ դեպի Բերքաբեր: Սրճարանի համար կմշակվի հատուկ մենյու՝ կենտրոնում դնելով այդ գյուղի էնդեմիկ արքայանարնջի հատուկ տեսակը՝ արքայանարնջով աղցան, աղանդ, ապուր եւ այլն:


Ադրբեջանից 200 կմ-ի վրա

Սահմանամերձ բնակավայրում ներդրում կատարելու ռիսկը չի մտահոգում ո՛չ նախագծի հեղինակին, ո՛չ էլ համայնքի բնակիչներին:

«Կանգնում ես ջրամբարի ափին, ու եթե տեսողությունդ լարես, կտեսնես ադրբեջանական դիրքերը եւ անգամ էնտեղ կանգնած մարդկանց,- ասում է Աննա Մազմանյանը: -Առաջին անգամ, երբ այնտեղ էի, ինքս էլ վախենում էի, մտածում էի՝ ես երկու երեխա ունեմ, ինչ գործ ունեմ այստեղ: Բայց մի քանի ժամ հետո վախն անցնում է: Դու տեսնում ես, որ այստեղ բաց տարածքում երեխաներ են խաղում, որ այստեղ մարդիկ շարունակում են բնականոն կյանքով ապրել ու չեն հեռանում»:


Նրա խոսքով՝ եթե այդպես դիտարկենք, արտասահմանցի զբոսաշրջիկի տեսանկյունից կարող է վտանգավոր լինել անգամ Երեւանը, հաշվի առնելով, որ երկրի տարածքը շատ փոքր է, իսկ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում: Հետեւաբար, նա վստահ է, որ պետք չէ տեղում դոփել, քանի որ «Ադրբեջանն այդտեղից ոչ մի տեղ չի գնալու», պետք է ընդունել այդ փաստը ու պարզապես առաջ շարժվել:

Արժանավայել կյանքի իրավունքով

Ծրագրի համահեղինակներն ակնկալում են, որ հաջողության դեպքում սա կարող է օրինակ ծառայել մյուս համայնքների համար:

«Դու առանձին գնում, մարդկանց բացատրում ես, բայց, ցավոք, նրանք չունեն այն հավատը, որ իրենք կարող են դա անել: Մենք ուզում ենք ցույց տալ, որ տեսեք, ստացվեց, ձեզ մոտ էլ կարող է այդպես լինել, եթե ուզում եք, եկեք մտածենք»,- ասում է Աննան:

Նախագիծը կհամարվի հաջողված, երբ կգործի արդեն սրճարանը, B&B-ները վերանորոգված կլինեն, եւ Բերքաբերը կընդունի այցելուների առաջին խումբը: «Այդ ժամանակ ես կհամարեմ, որ այն, ինչ որ ինձնից էր կախված, ես արեցի»,- ասում է Աննան:

Հակառակ դեպքում, եթե անգամ զբոսաշրջիկների մեծ հոսք չլինի, գոնե գյուղի մարդիկ կապրեն արժանավայել պայմաններում:

«Ինձ համար կարեւոր է իմանալ, որ այդ երեխաները նորմալ պայմաններում են ապրում՝ գեղեցիկ, մաքուր, վերանորոգված: Ես հավատում եմ, որ երբ երեխաները մեծանում են արժանավայել միջավայրում, ինքնավստահություն են ձեռք բերում սեփական անձի նկատմամբ եւ երբեք, նախ, չեն լքի երկիրը, եւ հատկապես երբեք թույլ չեն տա, որ իրենց ընտրաձայնը գնեն: Ու երբ մարդը հավատում ու վստահում է սեփական ուժերին, նրան ոչ մեկ չի կարող ճիշտ ճանապարհից շեղել»,- վստահեցնում է Աննա Մազմանյանը:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 30116
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai