Ռուբեն Հարությունյան. Բիզնեսը հավերժական մրցավազք է

13.02.2018 | 09:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Ռուբեն Հարությունյան #FAST

Henderson ընկերության հիմնադիր Ռուբեն Հարությունյանը միացել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամին (FAST) ու հայազգի 18 գործարարների հետ հայտարարել, որ «բիզնես հրեշտակ» կդառնա գիտատեխնիկական հիմքով հայաստանյան սկսնակ ընկերությունների համար:

Ռուբեն Հարությունյանի հիմնած Henderson մոդայի տունը ներկայանում է Henderson տղամարդկանց դասական ոճի հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների ու casual ոճի HAYAS հավաքածուներով:

Banks.am-ը Ռուբեն Հարությունյանին խնդրել է պատմել բիզնեսում գրանցած իր հաջողությունների եւ հաղթահարած դժվարությունների մասին:

Հայտնի եւ հաջողակ գործարար դառնալու մասին

Բազմաթիվ գործոններ են դեր խաղացել: Այն, ինչ մենք ստիպված էինք անել 1990-ականների սկզբին եւ ճանապարհը, որն անցանք, համապատասխանում էին ժամանակի միջավայրին եւ պայմաններին: Մենք շատ սովորեցինք մեր արտասահմանցի ընկերներից եւ գործընկերներից, ձգտում էինք մեր բիզնեսում նորարարական լուծումները ներդնել ավելի շուտ, քան Ռուսաստանի մեր մրցակիցները: Ձգտում էինք արտասահմանյան ընկերությունների հետ նույն մակարդակի վրա լինել, որպեսզի կարողանայինք մրցակցել նրանց հետ: Անխախտելի բիզնես ճշմարտություն է՝ ուզում ես լինել մեծ ընկերություն, մտածիր եւ գործիր մեծ ընկերության նման եւ կդառնաս այն:

Շուկան մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում: Միայն գեղեցիկ ապրանք ստեղծելը բավարար չէ: Այն պետք է ստեղծել եւ գնորդին հասցնել ժամանակին: Պետք է ճիշտ ձեւավորել եւ զարգացնել թիմը, ընկերությունն ու բիզնեսն ընդլայնել խնամքով՝ կանոնավոր բարելավելով կառուցվածքը եւ գնորդի հետ արդյունավետ հաղորդակցություն հաստատելով:

Ամենօրյա աշխատանք

Իսկապես, ծանր, ամենօրյա աշխատանք է: Իմ կարծիքով, հաջողակ ընկերության համար գլխավոր գիծն ինչ-որ բանում յուրօրինակությունն է եւ մրցակիցներից ավելի արագ սովորելու ունակութունը: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Ոչ մի բիզնես-մոդել երկար չի աշխատում, մրցակիցները գալիս-հասնում են ձեզ, սպառողները փոխում են իրենց նախասիրությունները, նորաձեւությունը փոփոխական է:

Երբեք չես կարող թուլանալ, այսօր մեր բիզնեսն աշխատում է վեց ժամային գոտիներում՝ Կալինինգրադից մինչեւ Իրկուտսկ, իսկ աշնանը, երբ Վլադիվոստոկում բացվի նոր սրահը, ժամային գոտիները կդառնան 8-ը: Հասկանում ես, որ այն ինչ արել ես, միայն հիմքն է ամենի, ինչ դեռ պետք է անես: Հավերժական մրցավազք է:  

Հաջողված բրենդ ստեղծելու եւ զարգացնելու բանաձեւը

Առաջին հերթին պետք է հաջողակ լինես քո երկրում: Եթե ինչ-որ բան ես ստեղծել եւ առաջատար չես դարձել երկրումդ, դժվար թե մտածածդ մեծ շանսեր ունենա այլ շուկաներում: Օրինակ, մեր ոլորտում շատ մեծ նշանակություն ունի այն տարածքը, որտեղ զարգանում ենք: Մեր բախտն ինչ-որ առումով բերել է, ապրում ու զարգացնում ենք մեր բիզնեսը Ռուսաստանում՝ բնակչությամբ եւ տարածքով մեծ երկրում, որտեղ ծավալվելու տեղ կա: Այստեղ, իհարկե այլ կողմն էլ կա՝ այսպիսի շուկաներում շատ հաճախ կամ մեծ հաջողության ես հասնում կամ մեծ անկում ապրում:  

Տարբեր շուկաներ եւ տարբեր «բանալիներ»

Նորաձեւության ոլորտում այլ շուկաներ դուրս գալը բավական դժվար է, քանի որ բոլոր սպառողները տարբեր են, պետք է բանալի գտնել բոլոր գնորդների համար: Եվրոպայում այդ բանալին մեկն է, Միացյալ Նահանգներում երկրորդը, Ասիայում` բոլորովին այլ: Սա հեշտ գործընթաց չէ: Այս առումով մենք շատ պահպանողական ենք ու միշտ ասում ենք` «ոչ, մենք դեռ այդքան իդեալական չենք, որ այլ շուկաներ դուրս գանք», չնայած, այսօր 160-ից ավելի խանութներ ունենք Ռուսաստանի 60 քաղաքներում, ընդ որում, մենք դեռ աճի ներուժ ենք տեսնում ռուսական շուկայում ու բարեփոխումներ ենք կատարում ընկերությունում:

Henderson-ի երկրպագուները

Մի անգամ Նովոսիբիրսկում բիզնես ժողովի էի մասնակցում: Ելույթից հետո ինձ մոտեցավ մի մարդ ու ասաց` «կարո՞ղ եմ ձեր ձեռքը սեղմել», ասացի` «իհարկե»: Նա ինձ մեկնեց իր այցեքարտը, որից պարզ դարձավ, որ ռուսական խոշոր բանկի մասնաճյուղերից մեկի տնօրենն է, որի հետ աշխատանքային առնչություն չունեինք:

Հարցրի` «ինչո՞վ կարող եմ օգտակար լինել», ասաց.

«Ես ձեր բրենդի մեծ երկրպագուն եմ: Աշխատում էի Մոսկվայում ու երբ ինձ Նովոսիբիրսկում մասնաճյուղի ղեկավարի պաշտոն առաջարկեցին, ժամանակ խնդրեցի մտածելու համար: Միակ բանը, որ ցանկանում էի ինձ համար իմանալ` արդյո՞ք, Նովոսիբիրսկում կա Henderson-ի խանութ, որտեղից ես սովորաբար գնումներ եմ կատարում: Հետո համացանցով ստուգեցի, որ այնտեղ երեք խանութ կա: Ստորագրեցի տեղափոխման վերաբերյալ պայմանագիրը»:

Այսինքն՝ մարդկանց մոտ ձեւավորվում է կայուն պահանջարկ, եւ հագուստը դառնում է նրանց կյանքի մաս: Շատ ուրախ ենք, որ տարեկան մեր խանութներ է մտնում մոտ 12 մլն գնորդ: Ինչ-որ խաբեություններով կամ մարքեթինգային քայլերով սա չեն անում: Այսօր Henderson-ի խանութներում 85%-ից ավելի գնումները մշտական հաճախորդներն են կատարում, որոնք մեր արտոնությունների քարտից են օգտվում: Որակի լավ որոշիչ կա, երբ գնորդը վերադառնում է ոչ թե գնումը վերադարձնելու, այլ նորը կատարելու համար:   

Ռուբեն Հարությունյանի հարցազրույցի մյուս հատվածները կարող եք կարդալ Mediamax.am կայքում:

Մարի Թարյան

Դիտում՝ 4959
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo