Հայաստանյան տուրիզմի «ներքին խոհանոցը»

10.02.2018 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#զբոսաշրջիկ #տուրիզմ
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2017-ին ավելացել է։ Մեր երկիր ամեն տարի այցելում են ոչ միայն հազարավոր սփյուռքահայեր, այլեւ ճամփորդներ, որոնց երակներում հայկական արյուն չի հոսում։ Գիդերն ու տուր-մենեջերներն ասում են՝ նրանցից շատերը նույնիսկ Հայաստանի մասին լսած չեն լինում, պարզապես տարածաշրջանով անցնելիս որոշում են մեր երկիր էլ մտնել։

Սովորաբար տուրիզմի զարգացման մասին խոսում են պետական պաշտոնյաները կամ տուրիստական ընկերությունների ղեկավարները: Մենք էլ որոշեցինք զրուցել զբոսաշրջիկների հետ անմիջապես աշխատող, բողոքներն ու ցանկությունները լսող մարդկանց հետ։

Լիանա Խաչատրյան, Geographic Travel Club
ներգնա տուր-մենեջեր

2015-ից եմ աշխատում, սկզբում շատ պասիվ էր։ Հիմա շատացել են տուրիստները։ Սեզոնին ամիսը 2 խումբ ենք միշտ ունեցել։ Խմբում 12-26 հոգի է, այս տարի կշատացնենք։ Կարծում եմ՝ աճին նպաստում է սոցիալական մեդիայի գործոնը։ Ինչքան էլ զանգեմ Ֆրանսիա ու ներկայացնեմ մեր կազմակերպությունը, գովազդին չեմ հասնի։ Իմ աշխատանքն էական նշանակություն չի ունենում, ինչքան՝ երկրի ճիշտ գովազդը, ֆիլմերը, տեսահոլովակները:

Չնայած այս լավ պատկերին, լուրջ խնդիրներ դեռ կան ոլորտում։ Քարուքանդ ճանապարհներից չեն դժգոհում, որովհետեւ մինչեւ գալն արդեն պատկերացնում են՝ ինչ երկիր են գալիս։ Միշտ դժգոհում են զուգարաններից, որ ճանապարհներին կամ չկան, կամ չեղածի հաշիվ են։ Մյուս խնդիրը մարզերի հյուրանոցներն են. շատ քիչ են, կամ գրեթե չունենք։ Գորիսն, օրինակ, զարգացած է, իսկ Տաթեւը՝ ոչ։ Կարող են գնալ հատուկ ընտանիքների մոտ հյուրընկալվելու, բայց դա էլ Տաթեւի գյուղում է, իսկ գյուղ հասնելու համար Սատանի կամրջով պետք է անցնել, ճանապարհն էլ սարսափելի է։ Տաթեւում անհրաժեշտ է նոր հյուրանոցներ կառուցել, 1-2-ը գործում են, բայց շատ վատն է սերվիսը։ Եղեգնաձորում էլ է նույնը, եթե տուրիստն ուզենա մնալ, պետք է տանենք Սիսիան։ Սիսիանում էլ հյուրանոցները վատն են, մարդկանց տանում հասցնում ենք Գորիս, այնտեղ էլ թեժ սեզոնին արդեն զբաղված է։ Հյուրանոցների առումով Հայաստանի հյուսիսային մասն ավելի լավ վիճակում է, քան՝ հարավը։

Լիանա Հակոբյան, Cascade Hotel
ընդունարանի աշխատակից

Տուրիստներն ամենաշատը ուտելիքն են հավանում։ Կգան, ամեն օր կհարցնեն՝ որտեղ ուտել, հետո կպատմեն, թե ի՜նչ լավ ռեստորաններ էին։ Չնայած բուսակերներն էլ միշտ բողոքում են, որ առանց միս ճաշատեսակները շատ քիչ են։ Սպասարկումից էլ են շատ գոհ, պատրաստման ու մատուցման ձեւն են հավանում։ Օրինակ, մեր խոհարարուհի տիկին Նատան միշտ բացատրելով է հյուրասիրում՝ իր ներկայացնելու ձեւից արդեն տուրիստը միանգամից իրեն ապահով է զգում, ասես, մամայի եփած ճաշն է ուտելու։

Շատ են ֆիլիպինցիները, իսկ նրանց մեջ էլ շատ են նույնասեռականները։ Միշտ հարցնում են՝ ինչ ակումբներ կարող են գնալ։ Հաճախ պատմում են, որ մի քանի ակումբներում մուտքի համար ավելի շատ են գումար վճարում։ Ասում են՝ մուտքը զույգերով է, պատասխանում են՝ զույգ են, մեկ է՝ այդպես չեն թույլատրում, խեղճերից միշտ ավելի շատ գումար են գանձում։

Շատ են հարցնում՝ արդյոք Հայաստանն ապահո՞վ տեղ է, հաճելիորեն զարմանում են, որ ասում եմ՝ շատ ապահով է։ Ֆիլիպինցիներից շատերը Հայաստանն ընկալում են որպես շատ ազատ եվրոպական երկիր։ Հիմնականում Դուբայից են գալիս, աշխատում են այնտեղ, իսկ արձակուրդներին գալիս են Հայաստան։ Գիշերվա ժամերին դուրս կգան զբոսնելու, այնքան բաց հագնված, ասես, տաբատը մոռացած լինեն, հետո կբողոքեն՝ մեր հետեւից վատ բաներ ասացին։ Մտածում են՝ Հայաստանը մուսուլմանական երկիր չէ, ուրեմն կարելի է։

Չինար Գրիգորյան, Armenian Guide
զբոսավար

Ամենալուրջ անհարմարությունն ու նաեւ զարմանքը տուրիստի համար զուգարանների բացակայությունն է։ Անցած անգամ Սեւանի ճանապարհի կեսին մեկն ուզում էր կանգնենք, մի տեղ գտանք վերջը։ Մտել էր զուգարանն ու դուրս եկել անմիջապես, ասում էր՝ այնքա՜ն կեղտոտ է։ Հիմնականում չկա, եթե գտնես էլ, ապա մի չոլի մեջտեղում ու մոռացված։

Նրանց համար շատ անսովոր է, որ այստեղ գրեթե ամեն տեղ ծխելը թույլատրելի է։ Շատերը չեն ընդունում ծուխը, հաճախ թողնում հեռանում են փաբերից, ռեստորաններից, չնայած ուտեստները միշտ շատ են հավանում։ Ի դեպ, տուրիստներիս մեծ մասը Հայաստանի մասին առաջին անգամ է լսած լինում։ Տարածքում են լինում, իմանում են՝ վիզան on-arrival (ժամանման պահին) է, մի երկու բան կարդում են ու գալիս։ Կարծում եմ՝ ավելի շատ գովազդը կնպաստի զբոսաշրջության աճին։

Վաճառողներից շատերը ոչ հարգալից վերաբերմունքով փորձում են տուրիստ «կպցնել»։ Ինչքան էլ լեզուն զբոսաշրջիկը չհասկանա, կարծում եմ՝ նման կռիվներից ու վերաբերմունքից կվիրավորվեն շատերը։ Մի օր Գեղարդում էինք, մի տարեց կին գաթա հյուրասիրեց , հետո խումբը պարզապես շնորհակալություն հայտնեց, մեկ էլ գոռում է. «Տո՜, ի՞նչ մերսի, սաղ եկաք կերաք ու չեք առնում»։ Երբեք այլ երկրներում նման բան չեմ տեսել, գուցե Ֆրանսիայում կամ Իտալիայում մի քանիսը համոզեն, որ առնես, բայց նրանք էլ էմիգրանտներն են, ստիպված են ապրանքը ծախել։ Իսկ Հայաստանում տեղացիներն են այդպես վաճառում։ Դե, տեղացի ես, հպարտ եղիր, մեկ է՝ քո ապրանքը չի մնա, կառնեն։

Արթուր Հարությունյան, Couchsurfing.com
couchsurfer (անվճար հյուրընկալող)

Couchsurfing-ով ես միայն լավություն չեմ անում ու տուրիստներին անվճար հյուրընկալում իմ տանը: Գաղափարն ավելի վեհ է՝ այն միջմշակութային հաղորդակցություն է, որի կարիքը շատ հաճախ եմ զգում՝ ապրելով մոնոմշակութային երկրում։ Ամիսը 1-2 ճամփորդ անպայման հյուրընկալում եմ, չնայած խնդրանք-նամակներ գրեթե ամեն օր եմ ստանում տուրիստներից։

Նախընտրում եմ իմ սիրած երկրներից մարդկանց հյուրընկալել։ Հաճելի է, երբ ինքս եմ նրանց քաղաքի գողտրիկ վայրերը ցույց տալիս։

Հյուրերիս խորհուրդ եմ տալիս ավտոստոպով ճամփորդել, քանի որ այլընտրանքը քիչ է։ Երեւանից այլ քաղաքներ գնացող տրանսպորտը շատ անհարմար է կազմակերպված։ Օրինակ, Վայք գնացող մեքենաները շարժվում են Գործարանային մետրոյի կայարանից դեպի Նորագավիթ տանող ճանապարհից։ Ի՞նչն է խնդիրը, որ Կիլիկիա ավտոկայանից չեն շարժվում։ Եթե մի կենտրոնացված ավտոկայան լինի, կարող ես տուրիստին հստակ ուղղորդել։ Ավելին՝ հիմնականում մարշրուտկաներ են, ու ներսում էլ կարող են տաբուրետկա դնել ու ասել, որ տուրիստը նստի։ Օնլայն չվացուցակներ չկան, բոլորին հասանելի լեզվով տեղեկությունը քիչ է։ Միշտ իմ ծանոթների միջոցով եմ տրանսպորտի ժամերը ճշտում նրանց համար։ Երբ այցելում եմ ինչ-որ մի երկիր, պարզապես «գուգլ» եմ անում ու կարողանում եմ գլխիս ճարը տեսնել, իսկ այստեղ ստիպված եմ ինքս օգնել տուրիստին կամ ուղեկցել նրան։

Շատ են հարցնում՝ որտեղ կարելի է գնալ ու լավ պարել, վայր, որտեղ ոչ թե խմում  կամ միայն ծխում են՝ ինչպես մեր փաբերի մեծամասնությունում, այլ ակումբ՝ միայն լավ ու պարային երաժշտությամբ։ Վերջերս մեկը գտել եմ, բայց հիմնականում նման տեղ չկա առաջարկելու։ Զարմացած են նաեւ մարդկանց առատաձեռնությունից։ Այնքա՜ն են հայկական հյուրասիրությունից խոսում։ Շատերն ասում են, որ չափից շատ է մեր շատ բաց ու հյուրասեր լինելը, երբեմն կասկածելի է օտարի համար։

Ամալի Խաչատրյան
Դիտում՝ 5349
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo