«Բռիջ»՝ համալսարանից մինչեւ գործատու մեկ քայլ է

11.12.2017 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Բռիջ» #Breedge #Վահան Մելքոնյան
2017թ. մարտին 5 ուսանողներից բաղկացած «Բռիջ» (Breedge) ստարտափը որոշեց իր վրա վերցնել ուսանողների զբաղվածության խնդիրը՝ կամուրջ հանդիսանալով ուսանողների եւ գործատուների միջեւ: Նորաբաց ընկերության՝ արդեն գրանցած հաջողությունների եւ աշխատանքի մեխանիզմների մասին Banks.am-ը զրուցել է համահիմնադիրներ Վահան Մելքոնյանի եւ Մարկ Համազասպյանի հետ:  

Startup Boost Weekend

Ամեն ինչ սկսվեց 2017թ. մարտին, երբ Հայ-ռուսական սլավոնական համալսարանում կազմակերպված Startup Boost Weekend միջոցառմանը հանդիպեցին ապագա ստարտափի 5 անդամները՝ 5-ն էլ ուսանող: Վահան Մելքոնյանի թիմի՝ մրցույթին ներկայացված ծրագիրը թեեւ անցավ եզրափակիչ փուլ, բայց տարբեր կազմակերպությունների ղեկավարների, գործարարների (որոնք միջոցառմանը հրավիրվել էին որպես մենթորներ) հետ խորհրդակցելուց հետո հասկացան, որ «ուսանողների գործը թեթեւացնելու նախագիծը» չափազանց լայն է, եւ անհրաժեշտ է այն նեղացնել: Հիմնական գաղափարից չշեղվելով՝ կենտրոնացան ուսանողների գործազրկության խնդիրը լուծելու վրա՝ միաժամանակ անհրաժեշտ կադրեր ապահովելով գործարարների համար:

Ներդրված ջանքերը ժյուրին գնահատեց: Արդյունքում գործատուներին եւ ուսանողներին կապող «Բռիջ» նախագիծը գրավեց առաջին տեղը՝ իր հետ տանելով $600 դրամաշնորհ, Ամերիկյան համալսարանի Epic ինկուբատորում ծրագրի զարգացման հնարավորություն, Sevan Startup Summit-ի մասնակցության հրավեր եւ ամենակարեւորը՝ «լիքը գիրք»:


Փոքր կազմակերպությունները՝ «թարմ ուղեղի» փնտրտուքներում

Startup Boost Weekend-ի շրջանակում շփվելով տարբեր գործարարների հետ՝ «Բռիջի» անդամները հասկացան, որ երբեմն հատկապես փոքր ընկերությունները ցանկանում են աշխատանքի ընդունել «թարմ ուղեղների»՝ ուսանողների, սակայն հասանելիություն չունեն նրանց բազային, իսկ համալսարանների կարիերայի կենտրոնները միշտ չէ, որ արդյունավետ են աշխատում:

«Կան կազմակերպություններ, որոնք ունեն, օրինակ, պրոֆեսիոնալ ծրագրավորող, ու իրենց պետք է մարդ, որ շատ հեշտ կինտեգրվի արդեն գոյություն ունեցող թիմում կամ շատ հեշտ լեզու կգտնի պրոֆեսիոնալի հետ ու նրանից արագ կսովորի: Իսկ այդ չափանիշներին իդեալական կերպով համապատասխանում է հենց ուսանողը»,- ասում է «Բռիջի» համահիմնադիր Վահան Մելքոնյանը:

Մյուս կողմից, նրա խոսքով՝ մի շարք ոլորտներում (մարկետինգ, վաճառքներ, կոնտենտ մենեջմենթ ու ՄՌ) շատ արագ զարգանում են նոր տեխնոլոգիաները, հետեւաբար՝ ընկերությունների համար էլ առավել ձեռնտու է աշխատանքի վերցնել «թարմ ուղեղների», որոնք կաշխատեն պրոֆեսիոնալների կողքին եւ ժամանակի ընթացքում աճելով՝ կդառնան թիմի անդամ:

Թիրախում՝ ՏՏ ոլորտն ու ուսանողները

Որպես թիրախ ընտրվեցին մի կողմից՝ ուսանողները, մյուս կողմից՝ ՏՏ ոլորտի փոքր եւ միջին կազմակերպությունները, ստարտափները:

Նման ընտրությունը «Բռիջի» անդամները պայմանավորում են նրանով, որ ՏՏ ոլորտն ավելի հեշտ է ընդունում այն գաղափարը, որ աշխատանքային փորձ չունեցող ուսանողը կարող է օգուտ տալ իրենց կազմակերպությանը:

Համալսարանների ընտրությունն էլ մի կողմից՝ «պարտադրվել է» գործատու կազմակերպությունների պահանջներով, մյուս կողմից՝ հանգամանքներն են թելադրել:

«Քանի որ մեր թիմի մեծ մասն Ամերիկյան համալսարանից է, իսկ հետագայում էլ ընդգրկվեցինք նույն համալսարանի Epic կենտրոնի ինկուբացիոն ծրագրում, որոշեցինք, որ հենց այստեղից էլ կսկսենք աշխատել,- ասում է Վահանը: -Բացի այդ, բազմաթիվ կազմակերպություններ կային, որ հենց Ամերիկյան համալսարանից էին աշխատող փնտրում»:

Ժամանակի ընթացքում ցանկը համալրվեց Ֆրանսիական ու Սլավոնական համալսարաններով, այս փուլում բանակցություններ են ընթանում նաեւ մյուս համալսարանների հետ:

Աշխատանքի հայտարարությունից մինչեւ հարցազրույց

Փաստացի, «Բռիջի» անդամներն իրենց վրա են վերցրել աշխատանքի հայտարարությունները մշակելու, դրանք ուսանողներին ներկայացնելու եւ ուղարկված ինքնակենսագրականներն ուսումնասիրելու ծանր ու պատասխանատու գործը:


«Կազմակերպությունները մեզ դիմում են, երբ որ անհրաժեշտություն է լինում իրենց անձնակազմը համալրել ուսանողներով,- պատմում է Վահան Մելքոնյանը: -Մենք նրանց գործը մի քանի անգամ հեշտացնում ենք, քանի որ միայն Երեւանի համալսարաններում ուսանողներ փնտրելն արդեն մեծ ռեսուրսներ է պահանջում»:

Որպես առաջին քայլ՝ «Բռիջի» անդամները ծանոթանում են գործատու կազմակերպության մշակույթին, հետո աշխատանքային հայտարարությունը մշակում, ներկայացնում են ուսանողի համար առավել գրավիչ տեսքով: Ինքնակենսագրականները ստանալուց հետո ընտրված ուսանողները զրույցի են հրավիրվում «Բռիջ», այնուհետ կազմվում է լավագույնների «շորթ-լիսթ» եւ ներկայացվում գործատուին:

Ընդ որում, ընկերության համահիմնադիրներից Մարկ Համազասպյանը նկատում է, որ «շորթ-լիսթում» ներառված ուսանողները ոչ թե ավելի լավն են, քան մյուսները, այլ ավելի շատ են համապատասխանում գործատու կազմակերպության մշակույթին: «Մենք հաշվի ենք առնում ոչ միայն մասնագիտական, այլեւ անձնական որակները»,- ասում է նա:

Մարկ Համազասպյանը

Մյուս կողմից, նրա խոսքով, ուսանողներն իրենց շատ ավելի ազատ են զգում, երբ հարցազրույցը վարում է ոչ թե «խիստ դեմքով» գործատուն, այլ իրենց տարիքի ուսանող, որի հետ կարող են ազատ շփվել եւ իրենց լավագույն որակներով դրսեւորել:

«Մենք «ինթերնշիփ» հասկացությունը փորձում ենք ներդնել եւ պրոպագանդել որպես փորձ ուսանողի համար,- շարունակում է Վահանը:- Ոչ միայն որպես աշխատանքային փորձ, այլեւ փորձ՝ մասնակցել հարցազրույցների, փորձ՝ գտնել քո տեղը, փորձ՝ հասկանալու, թե ինչ մասնագիտություն ու ինչ աշխատանք է քեզ պետք, որովհետեւ շատ ուսանողներ, որոնց հետ մենք շփվել ենք, անգամ չգիտեն՝ ինչ մասնագիտությամբ են իրենք ուզում շարունակել»:

Մեթոդաբանություն. կազմակերպության մշակույթ

Վահան Մելքոնյանը նշում է, որ աշխատանքի դիմող ուսանողների ինքնակենսագրությունները հաճախ իրարից շատ չեն տարբերվում, քանի որ նրանք աշխատանքային մեծ փորձ չեն էլ կարող ունենալ:

Հետեւաբար, «Բռիջի» մեթոդաբանության հիմքում առավելապես դրվում է ուսանողի անձնական որակների գնահատումը եւ այն, թե որքանով կարող է նա համապատասխանել գործատու կազմակերպության մշակույթին:

«Մենք ունենք հստակ չափանիշներ՝ հիմնված տարբեր համալսարանների մշակած հետազոտությունների վրա, եւ ըստ այդ չափանիշների՝ ուսանողների որակները համեմատում ենք կազմակերպությունների մշակույթի հետ»,- ասում է Վահանը:  

Ընդ որում, աշխատանքի ընդունման ժամանակ անձնական որակների վրա շեշտադրումը նոր միտում է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում:  

«ԱՄՆ-ում, օրինակ, մեծ ստարտափները նոր աշխատողներ ներգրավելու գործընթացում սկսել են հոգեբանական մակարդակի վրա նայել իրենց թեկնածուներին,- ասում է Վահանը: -Առաջ է քաշվում այն գաղափարը, որ մարդու անձն ավելի կարեւոր է, քան իր մասնագիտական որակավորումը, փորձը, գիտելիքները եւ այլն»:

Հայաստանում, նրա խոսքով, արդեն կան մի շարք կազմակերպություններ, որոնք հետեւում են այս միտմանը եւ իրենց ներսում էլ ունեն շատ լավ դրսեւորված «կազմակերպության մշակույթ»:

Միջնորդավճարը՝ միայն գործատուից

Իրենց բիզնեսն ընդամենը $600 ներդրումով սկսած «Բռիջի» անդամները նշում են, որ հենց սկզբից գործատուների հետ աշխատել են վճարով հիմունքով: Արդյունքում ստացվել է այնպես, որ «հաճախորդները միաժամանակ դարձել են ներդրող»:


«Բռիջի» կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ուսանողն աշխատանքի ընդունվելու դեպքում որեւէ միջնորդավճար չի վճարում: Ընկերության եկամուտն ապահովվում է գործատու կազմակերպությունների հաշվին, որոնք ֆիքսված գումար են վճարում միայն ուսանողին արդեն աշխատանքի ընդունելու դեպքում:

«Իրականում կազմակերպությունները պատրաստ են բարձր գումար վճարել ճիշտ մարդու համար, բայց մեր թիրախային գոտում գտնվող փոքր կազմակերպություններն իրենք էլ չունեն այդ գումարները,- նկատում է Վահան Մելքոնյանը: -Հետեւաբար, այժմ մենք թեստավորում ենք մի գաղափար, որ գործատուն որոշակի ֆիքսված գումար վճարի ուսանողին ընդունելու ժամանակ, իսկ գումարի մյուս մասը՝ այն ժամանակ, երբ ուսանողը դուրս կգա ինթերնշիփից եւ կդառնա հիմնական աշխատող»:

Հաջողության ուղին

«Բռիջի» գաղափարախոսությանն առաջինը վստահել է բրիտանական Benivo ընկերությունը, որը Հայաստանում բացված իր ծրագրավորման մասնաճյուղի համար դեռ մայիսին աշխատող էր փնտրում:

«Նրանց գլխավոր ՄՌ մենեջերին անհրաժեշտ էր օգնական, եւ նա մեզ վստահեց այդ գործը: Դա մայիս ամիսն էր, ու այդ օգնականը մինչեւ հիմա իր հետ է աշխատում: Դա մեր առաջին հաջողության պատմությունն է»,- ասում է Վահանը՝ հավելելով, որ դրանից հետո մեկը մյուսի հետեւից իրենց սկսեցին դիմել տարբեր կազմակերպություններ:

8 ամսվա ընթացքում «Բռիջի» միջոցով ավելի քան 80 ուսանող աշխատանք է գտել ավելի քան 45 կազմակերպություններում: Աշխատանքի ընդունման արդյունավետությունը գնահատվում է 70-80%:

«Լավագույն հաջողությունը եղավ Chessify ստարտափի հետ,- հիշում է Վահան Մելքոնյանը: -«Շորթ-լիսթում» ներկայացված 3 թեկնածուներից նրանք մեկին պետք է ընտրեին, բայց արդյունքում 2 հոգու աշխատանքի ընդունեցին, որովհետեւ 2-ին էլ շատ էին հավանել»:

2 տարի հետո

Սկզբնական շրջանում «Բռիջն» աշխատում է կայքի վրա, որը հասանելի կդառնա ամենամոտ ապագայում: Կայքի միջոցով ուսանող-գործատու կապը դուրս կբերվի նոր մակարդակի վրա, ավելի կհստակեցվեն ուսանողների ընտրության չափանիշները՝ «թեսթ-խաղերի» միջոցով:

Բացի այդ, առաջիկա 1,5-2 տարիների ընթացքում ակնկալվում է, որ կընդլայնվի գործատու կազմակերպությունների շրջանակը:

«Լավ կլիներ, որպեսզի ՏՏ եւ բիզնես ոլորտներից բացի՝ մենք կարողանայինք մասնագիտությունների ամբողջ շուկան ծածկել, հետո արդեն ե՛ւ տարիքային մակարդակը կբարձրացնենք, ե՛ւ ինչու ոչ, արտաքին շուկա դուրս գալու մասին կարելի է մտածել: Բայց մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որ առաջիկա 1,5-2 տարում պետք է ամբողջ ուսանողությանը հասանելի լինենք, որպեսզի Հայաստանում չլինի ոչ մի ուսանող, որ չիմանա՝ ինչպես գտնի աշխատանք կամ որտեղից սկսի»,- ամփոփում է Վահան Մելքոնյանը:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 16164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai