Թվերով՝ ամառային հանգիստը Հայաստանում

29.05.2017 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Արձակուրդ #հանգիստ #Booking.com
Վերջին տարիներին հասարակության շրջանում ձեւավորված կարծիք կա, որ ամառային հանգիստը Հայաստանում անցկացնելու համար «պետք է բավական հարուստ լինել»։ Banks.am-ը փորձել է պարզել՝ որքանով է այս արտահայտությունը համապատասխանում իրականությանը, եւ որքան կարժենա ամառային հանգիստը Հայաստանի տարածքում։

Հետազոտությունն արվել է Booking.com հարթակում պայմանականորեն ընտրված ժամանակահատվածի համար (հուլիսի 24-30)՝ հետազոտությունն անելու պահին հասանելի տարբերակների հիման վրա (6 գիշեր, 7 օր, 2 անձի համար)։

Ուսումնասիրության համար ընտրվել են Հայաստանի ամենապահանջված ուղղությունների հյուրանոցները, հյուրատները եւ առողջարանները, մասնավորապես՝ այն տարբերակները, որոնցում սնունդը ներառված չէ։ Բացառություն են կազմում Հանքավանը, Աղվերանը եւ Արզնին, որտեղ Booking.com-ում հասանելի հյուրանոցներում սնունդն ամբողջությամբ կամ մասամբ ներառված է։

Հետազոտության մեջ ներառված չեն հյուրանոցների կողմից որոշակի օրերի առաջարկվող զեղչային փաթեթները։

Այսպես, hուլիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ամենամատչելի հանգիստն առաջարկվում է Լոռու մարզում։ Մասնավորապես, Ստեփանավանում 6 գիշերվա հանգիստը 2 անձի համար կարժենա 78 հազ. դրամ։

Ստեփանավանից մի փոքր հեռու՝ Օձունում, Վանաձորում, Ալավերդիում, հյուրանոցների եւ հյուրատների գները տատանվում են 48-120 հազ. դրամի սահմաններում։

Դիլիջանի բնության սիրահարներին առաջարկվում է ամառային հանգստի համար նախատեսել նվազագույնը 57 հազ. դրամ։ Դիլիջանում առաջարկվող բազմատեսակ հյուրանոցներում, հյուրատներում եւ առողջարաններում 7-օրյա հանգստի ընդհանուր գինը տատանվում է 90-210 հազ. սահմաններում։ Առավել շքեղ հանգստի սիրահարները կարող են իրենց ընտրությունը կատարել 240-720 հազ. դրամի միջակայքում։


Մայրաքաղաքին ավելի մոտ՝ Կոտայքի մարզում, ամառային հանգստի գները տատանվում են 70-780 հազ. դրամի սահմաններում։ Մասնավորապես, բնության գրկում հանգստի մեծ բազմազանություն են առաջարկում Ծաղկաձորի հանգստյան տները եւ հյուրանոցները։ 6 գիշերվա համար 2 անձի համար նախատեսված հանգիստն այստեղ սկսվում է 72 հազ. դրամից։ Ամենատարբեր նախասիրությունների տեր հաճախորդներին այստեղ առաջարկվում է տարբեր կարգի հյուրանոցներ ու հյուրատներ 72-180 հազ. եւ 210-270 հազ. դրամի միջակայքում։

Ծաղկաձորից ոչ հեռու՝ Հանքավանում, Booking.com-ում հասանելի տարբերակները տատանվում են 114-258 հազ. դրամի սահմաններում. ուշագրավ է, որ հարթակում հասանելի հյուրանոցներում սնունդն ամբողջությամբ կամ մասամբ ներառված է։

Կոտայքի մարզի մեկ այլ «կանաչ» հանգստավայրում՝ Աղվերանում, նշված օրերի համար հասանելի հանգստի միջին գինը 186 հազ. դրամ է (նախաճաշը ներառված է):

Իր հանքային ջրերով ու առողջարաններով հայտնի Արզնիում մեկշաբաթյա հանգիստը սկսվում է 120 հազ. դրամից եւ հասնում 240 հազ-ի։ Հաշվի առնելով՝ որ Արզնին հիմնականում առաջարկում է առողջարաններ, նշված գնային միջակայքի գրեթե բոլոր հաստատություններում սնունդը մասամբ կամ ամբողջությամբ ներառված է։  

Հայաստանի առողջարանային քաղաքներից Ջերմուկը նույնպես առաջարկում է գնային տարբեր կատեգորիաներում գնվող հանգստյան տներ ու հյուրանոցներ։ Մասնավորապես, 2 անձի համար նախատեսված հանգիստն այստեղ տատանվում է 72-192 հազ. սահմաններում (եթե նախաճաշը ներառված է՝ մինչեւ 360 հազ. դրամ)։

Ափամերձ հանգստի սիրահարների համար Հայաստանում մեծ բազմազանություն չկա։ Սեւանի ափին հանգստի ամենամատչելի տարբերակը սկսվում է 90 հազ-ից։ Այստեղ միջին գինը տատանվում է 120-270 հազ. սահմաններում, իսկ առավել շքեղ հանգստի սիրահարներին առաջարկվում է 7 օրվա համար մինչեւ 1 մլն դրամանոց հանգիստ։
 
Թե որքան հարուստ պետք է լինել Հայաստանում հանգստանալու համար՝ այս մասին խոսում են թվերը։ Իսկ մինչ այդ, հիշեցնենք, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազ. դրամ, իսկ 2016թ. միջին աշխատավարձը, Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, կազմել է 187 հազ. դրամ։

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 20150
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai