Իզաբելա Հովհաննիսյան. ՏՏ ոլորտի աջակցության օրենքից սպասելիքները մեծ են

22.05.2017 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Իզաբելա Հովհաննիսյան #ՎԶԵԲ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետական մակարդակով հայտարարվել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություն: Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունն արդեն մի քանի տարի է՝ ներդրել է ոլորտի խթանման մեխանիզմ՝ ի դեմս «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության» մասին օրենքի:

Օրենքում առաջիկայում նախատեսվող փոփոխությունների, աջակցության մեխանիզմի արդյունավետության, ոլորտի հիմնախնդիրների եւ այլ հարցերի շուրջ  Banks.am-ը զրուցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործարարության աջակցման գրասենյակի իրավական խորհրդատու Իզաբելա Հովհաննիսյանի հետ, որը մասնակցել է նաեւ օրենքի մշակմանը:

- Ի՞նչ է տալիս «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության» մասին օրենքը ոլորտի կազմակերպություններին, եւ ի՞նչ փոփոխություններ են առաջիկայում նախատեսվում:

- «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության» մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2015-ից, նախատեսում է հարկային արտոնություններ ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար: Մասնավորապես, ԱԱՀ դաշտում գործող ընկերությունների դեպքում այն ենթադրում է շահութահարկից ազատում եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում, իսկ շրջանառության հարկի դաշտում գործողների համար՝ եկամտային հարկի 10% դրույքաչափ:

Աջակցությունը, մասնավորապես, տրամադրվում է մինչեւ 30 աշխատակից ունեցող՝ ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ընկերություններին, որոնք ունեն առնվազն 3 ամսվա գրանցում եւ չեն կազմավորվել մեկ այլ ընկերության լուծարման, վերակազմակերպման հետեւանքով: Վերջին պայմանը նրա համար է, որ կայացած ընկերությունները միտումնավոր չլուծարվեն եւ նոր ընկերություն գրանցելու միջոցով օգտվեն արտոնությունից. օրենքն ի սկզբանե նպատակ ունի աջակցել ստարտափներին:

Ինչ վերաբերում է կատարված փոփոխություններին, ապա կառավարությունը երկարացրել է ընկերություններին տրամադրվող արտոնության ժամկետները: Նախկին օրենքով՝ հավաստագրերը տրամադրվում էին մինչեւ 2017-ը ներառյալ եւ գործում մինչեւ 2020թ.: Սա նշանակում է, որ 2017թ. հավաստագիր ստացած ընկերությանը տրամադրվում է առավելագույնը 3 տարի արտոնություն, իսկ 2016թ. ստացածին՝ 4 տարի: Կառավարությունն առաջարկել է, անկախ հավաստագրի ստացման պահից, արտոնության տրամադրման ժամկետը սահմանել ստացման պահից 5 տարի: Օրենքը տարածվում է նաեւ արդեն գործող հավաստագրերի վրա:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված արտոնությունների ժամկետի երկարացման անհրաժեշտությունը:

- Պետական աջակցության ժամկետների երկարաձգումը, նախեւառաջ, պայմանավորված է դրա պահանջվածությամբ:

Օրենքը մշակելիս մենք կանխատեսում էինք, որ արտոնության համար կդիմի առավելագույնը տարեկան 40-50 ընկերություն, մինչդեռ մեր սպասումները գերակատարվեցին. օրենքի գործողության երկու տարվա կտրվածքով հավաստագրման համար դիմել է 135 ընկերություն, հավաստագրվել է 131-ը, բացվել է 568 աշխատատեղ: Ես, լինելով հանձնաժողովի դիտորդ, տպավորված էի այս ակտիվությամբ: Մեզ դիմում էին մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդ կադրեր, այդ թվում՝ մասնագետներ, որոնք արդեն աշխատում էին կայացած ընկերությունում եւ այս օրենքն իրենց համար հնարավորություն էր սեփական ծրագիրը կյանքի կոչելու համար:

Իրականում, ՏՏ ընկերությունների գործունեությունը շատ դժվար է վերահսկել. դրանք էլեկտրոնային եղանակով ծառայություն են մատուցում ներսի եւ ավելի հաճախ՝ դրսի հաճախորդներին, եւ դա ոչ մի տեղ չի արտացոլվում: Հարկային արտոնությունների տրամադրումը նրանցից շատերին դրդեց գրանցել ընկերություն եւ գալ հարկային դաշտ: Ի վերջո, նրանց դրսի գործընկերների համար էլ է գերադասելի աշխատել գրանցված ընկերության հետ:

- Այսինքն, օրենքի փոփոխությունը զուտ ժամկետի երկարաձգո՞ւմ է ենթադրում:  

- Այո: Այլ փոփոխություններ չեն նախատեսվում, քանի որ օրենքը բավական լավ քննարկվել է մասնավոր հատվածի հետ եւ, ըստ էության, հստակ սահմանում է արտոնության տարածման դաշտն ու մեխանիզմները:

Ճիշտ է, ցանկալի կլիներ նաեւ երկարացնել հավաստագրերի տրամադրման ժամկետները եւ ապահովել օրենքի շարունակականությունը, սակայն այս պահին այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, ինչը կարող է կապված լինել նաեւ ոլորտի զարգացման համար պատասխանատու լիազոր մարմնի փոփոխության հետ, այսուհետ՝ լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Հատկանշական է, որ օրենքի նախաձեռնությունը եկել էր հենց մասնավոր հատվածից.  դրա անհրաժեշտությունը հիմնավորել են ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններն ու միությունները: Օրենքը, ըստ էության, գրվել է մասնավորի հետ համատեղ, ինչն էլ թերեւս եղել է դրա հաջողվածության գրավականը:

Որպես հանձնաժողովի դիտորդ անդամ՝ կարող եմ փաստել, որ հավաստագրերի տրամադրման գործընթացը թափանցիկ է, եւ հանձնաժողովի անդամները մաքսիմալ տրամադրված են հայտերը բավարարելու, քան մերժելու ուղղությամբ: Մերժվում են միայն այն դիմումները, որոնք հստակ շեղումներ ունեն:

- Ըստ Ձեզ՝ ո՞րն է ՏՏ ոլորտին ներկայում առավել հուզող խնդիրը, եւ ո՞րն է ոլորտի հաջողության գրավականը:

- Մինչ վերջերս ՏՏ ոլորտի ընկերություններին հուզում էր իրենց աշխատակիցների եկամտային հարկի խնդիրը: Գաղտնիք չէ, որ այս ոլորտում ներգրավված են բարձր որակավորման աշխատուժ, հետեւաբար՝ բարձր են նաեւ աշխատավարձերը: Այնպես էր ստացվում, որ ՏՏ ոլորտի աշխատակիցները վճարում էի բարձր դրույքով (հիմնականում 26%) հարկ՝ կապված Հայաստանում գործող եկամտի հարկման պրոգրեսիվ մեխանիզմի հետ: Խնդիրը որոշակիորեն լուծվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության» մասին օրենքով. ներկայում սկսնակ ընկերությունների աշխատակիցների համար կիրառվում է եկամտային հարկի ստանդարտ 10% դրույք:

Հայաստանի ՏՏ ոլորտում զարգացման զգալի ներուժ կա, առկա են բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ, սակայն պետական աջակցության կարիքը եւս մեծ է: Ողջունելի է, որ պետությունը պատրաստակամ է աջակցել եւ խրախուսել մեր մասնագետներին:

Ի՞նչ է պետք մեր երկրին՝ տնտեսական կայունություն եւ զարգացում, իսկ ՏՏ-ն այն ոլորտն է, որի զարգացումն ինքնըստինքյան բերում է հարակից ոլորտների զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Պետությունը որոշեց աջակցել հենց այս ոլորտի ընկերություններին, քանի որ նրանք արդեն արդարացրել էին իրենց՝ գրանցելով  տպավորիչ արդյունքներ, կառավարությունն էլ հասկացել է, որ ՏՏ-ն կարող է մեր տնտեսության շարժիչը դառնալ:

Ոլորտի պետական աջակցության օրենքից մեր սպասելիքները մեծ են. ակնկալում ենք, որ այս աջակցության երկարաձգումը կնպաստի նոր ընկերությունների բացմանը, որոնք հետագայում կզարգանան եւ կայանալով՝ կտեղափոխվեն նորմալ հարկային դաշտ: Եթե դա հաջողվի ստարտափների գոնե կեսին, կարող ենք վստահ ասել՝ գործը հաջողվել է:

Իզաբելա Հովհաննիսյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 55803
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai