Ռուբեն Մելիքյան. Անելիք Բանկի համար 2016-ը բեկումնային տարի էր

19.05.2017 | 07:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Անելիք Բանկ #Ռուբեն Մելիքյան
Banks.am-ը զրուցել է Անելիք Բանկի ֆինանսական տնօրեն, վարչության անդամ Ռուբեն Մելիքյանի հետ:

- Անելիք Բանկն ամփոփել է տարեկան ֆինանսական արդյունքները: Հաջողվա՞ծ էր արդյոք 2016-ը բանկի համար:

- Նախորդ տարին բանկի համար, միանշանակ, կարելի է համարել բեկումնային։ Նախ, կարեւորագույն իրադարձություն էր նոր բաժնետիրոջ` Fistoco ընկերության հայտնվելը, որը գնեց Անելիք Բանկի բաժնետոմսերի մոտ 60%-ը՝ կապիտալը համալրելով շուրջ 21,8 մլրդ դրամով (մնացած 40%-ը պատկանում է CreditBank S.A.L.-ին):

Երկրորդ՝ պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ ըստ կանխատեսումների՝ 2016թ. շահույթը պետք է էականորեն գերազանցեր 2014թ. եւ 2015թ. արձանագրված ցուցանիշները, ինչն էլ հետագայում հիմնավորվեց 2016թ. տարեկան աուդիտի տվյալներով, ըստ որի՝ տարեկան շահույթը կազմել է շուրջ 1 մլրդ 117 մլն դրամ։

- Անցած տարվա ֆինանսական հաշվեկշռի տվյալներով՝ բանկն արձանագրել է ակտիվների զգալի աճ: Պայմանավորվա՞ծ էր արդյոք դա կապիտալի համալրումով: Իսկ ի՞նչ ուղղություններով են տեղաբաշխվել ներգրավված միջոցները:

- Ուրախությամբ պետք է փաստեմ, որ 2016թ. դրությամբ Անելիք Բանկը հիմնական ֆինանսական ցուցանիշներով ներառվել է բանկային համակարգի առաջին հնգյակում՝ առանձին ցուցանիշների գծով զբաղեցնելով ավելի բարձր հորիզոնականներ:  

Եթե դիտարկենք 2016թ. ֆինանսական հաշվեկշռի ցուցանիշները, կնկատեք, որ աճել են բանկի գրեթե բոլոր հիմնական ցուցանիշները: Այսինքն՝ աճ է արձանագրվել ինչպես պարտավորությունների, այնպես էլ կապիտալի մասով, որոնց հաշվին էլ ավելացրել ենք վարկավորումը:  

Պարտավորությունների մասով պետք է նշեմ, որ բանկը 2016թ. դեկտեմբերին առաջին անգամ թողարկեց Անելիք Բանկի արժեկտրոնային պարտատոմսերի առաջին տրանշը՝ $5 մլն ընդհանուր արժողությամբ եւ 6,5% եկամտաբերությամբ, որն ամբողջությամբ տեղաբաշխվեց: Գործընթացը շարունակեցինք նաեւ 2017թ. երկրորդ տրանշով թողարկվեց 1 մլրդ դրամի պարտատոմս՝ 12,25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, իսկ այս տարվա մայիսին կավարտենք երրորդ տրանշը՝ $5 մլն արժողությամբ եւ 6,25% եկամտաբերությամբ:

Ընդ որում, ինչպես գործող ավանդատուները, այնպես էլ նոր հաճախորդները բավական հետաքրքրված էին բանկի պարտատոմսերով, հետեւաբար՝ նախատեսում ենք շարունակել պարտատոմսերի թողարկումը մինչեւ 2017թ. ավարտը:

Իսկ ակտիվների մասով բանկը գրանցել է վարկային պորտֆելի զգալի աճ, ավելացրել է ներդրումները արժեթղթերում՝ դառնալով շուկայում առաջատարներից մեկը։

- Չաշխատող ակտիվների խնդիրն այսօր բանկերի համար, թերեւս, ամենամտահոգիչն է: Ի՞նչ իրավիճակ է այս առումով Անելիք Բանկում, ինչպե՞ս եք պայքարում վատորակ ակտիվների դեմ:

- Ներկայում Անելիք Բանկում չաշխատող ակտիվների տեսակարար կշիռն էականորեն ցածր է համակարգի միջին ցուցանիշից: Դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ բանկն անցած տարիներին վարել է խելամիտ վարկային քաղաքականություն, արդիականացրել է ռիսկերի կառավարման համակարգը՝ համագործակցելով ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների հետ: Դրա շնորհիվ է, որ բանկին հաջողվում է զսպված եւ կառավարելի մակարդակում պահել վարկային ռիսկերը։

Չաշխատող վարկերն իսկապես բանկային համակարգի մտահոգիչ խնդիրներից են: Այդուհանդերձ, տարեսկզբից նկատում ենք դրական տեղաշարժ. այն հաճախորդների մոտ, որոնք նախկինում ունեցել են վճարունակության ցածր մակարդակ, այժմ բարելավում են իրենց ֆինանսական դրությունը: Այս միտումը նկատելի է տնտեսության տարբեր ճյուղերում։

- ՀՀ բանկային համակարգում, այդ թվում՝ Անելիք Բանկում, կապիտալիզացիայի արդյունքում կուտակվել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Արդյոք սա չի՞ նպաստի բանկի ռիսկի ախորժակի բարձրացմանը՝ արդյունքում ավելացնելով չաշխատող ակտիվների բաժինը:

- 2014թ. տարեմուտին Կենտրոնական բանկը որոշեց բանկերի նորմատիվային կապիտալը 5 մլրդ դրամից հասցնել 30 մլրդ դրամի, եւ բանկերը սկսեցին ակտիվորեն ներդրումներ ներգրավել: Արդյունքում, բանկային համակարգում ունենք բավական բարձր իրացվելիություն թե՛ տեղական արժույթով, թե՛ արտարժույթով: Դա ունի կարեւոր դրական կողմ. վերջին շրջանում նկատելի է վարկերի եւ ավանդների տոկոսադրույքների էական նվազում, ինչը հնարավորություն է տալիս գործարարներին «էժան» վարկեր ստանալ: Այսպիսով, բարձր իրացվելիությունը վարկավորումն ավելացնելու լավ հնարավորություն է:

Միաժամանակ, բանկերի մոտ ավելացել է կապիտալի համարժեքությունը՝ բարձրացնելով համակարգի կայունությունը:

Ինչ վերաբերում է ռիսկի գործոնին, կարծում եմ, որ հայկական բանկերի փորձը  թույլ չի տա չհիմնավորված ռիսկերի գնալ: Անելիք Բանկի տեսանկյունից ասեմ, որ մենք նպատակահարմար չենք գտնում բարձր ռիսկային ոլորտներ մուտք գործելը, եւ մեր ռիսկերի կառավարման համակարգն ինքնըստինքյան թույլ չի տալիս նման քաղաքականություն վարել:

- Նախատեսո՞ւմ եք կապիտալի նոր համալրումներ:

- Մեր երկու բաժնետերերն էլ պատրաստակամ են ցանկացած պահի աջակցել բանկին: Սակայն այս պահին, երբ մեզ մոտ կապիտալի համարժեքությունը 30%-ից ավելին է՝ ԿԲ-ի սահմանած 12%-ի փոխարեն, իսկ նորմատիվային կապիտալը 10 մլրդ դրամով գերազանցում է սահմանված նորմատիվը, կապիտալի համալրման կարիք պարզապես չկա եւ մինչեւ 2017թ. վերջը դժվար թե լինի:

- Ի՞նչ ցուցանիշներ եք թիրախավորում ընթացիկ տարվա համար: Ըստ Ձեզ՝ ո՞րն է լինելու բանկի գլխավոր մարտահրավերը, ի՞նչ նպատակ է Անելիք Բանկն իր առջեւ դրել այս տարվա համար:

- 2017թ. համար թիրախավորում ենք ապահովել բարձր շահութաբերություն ինչպես շահույթի բացարձակ, այնպես էլ համեմատական՝ կապիտալի շահութաբերության (ROE) ցուցանիշներով: Ընդ որում, պլանավորում ենք գերազանցել ինչպես նախորդ տարիների մեր սեփական, այնպես էլ բանկային համակարգի միջին ցուցանիշը:

Կարծում եմ՝ դա մեզ կհաջողվի: Որպես հիմնավորում՝ նշեմ, որ արդեն 2017թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ բանկի 3 ամսվա շահույթը կազմել է գրեթե այնքան, որքան 2016թ. ամբողջ ընթացքում էր. պատրաստվում ենք պահել այս տեմպը նաեւ մյուս եռամսյակներում:

2017թ. մեր մարտահրավերն է լինելու պահպանել մեր դիրքերը բանկային համակարգի առաջատար հնգյակում, ինչպես նաեւ շարունակել ներդրումները ծրագրային լավագույն լուծումներում՝ այդպիսով բարձրացնելով հաճախորդներին տրամադրվող ծառայությունների արդյունավետությունն ու արդիականությունը:

Պետք է նշեմ, որ մեր հաջող գործունեությունը մեծապես կապված է նաեւ տնտեսության զարգացումից: Բանկը մեկուսացված կառույց չէ. որքան աշխույժ լինի տնտեսությունը, այնքան կավելանան բանկերի շրջանառությունն ու շահութաբերության մակարդակը: Բացի այդ, միայն ստատիկ վիճակագրական թվերը չէ, որ նկարագրում են տնտեսության վիճակը. սպասելիքները մեծ նշանակություն ունեն: Իսկ վերջին ամիսներին Հայաստանի տնտեսությունում սպասելիքները, կարծես թե, բավական դրական են:

Վստահ եմ՝ 2017թ. կլինի լուրջ նվաճումների տարի Անելիք Բանկի համար։

Ռուբեն Մելիքյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 46419
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo