Գործատու-աշխատող իրավահարաբերություններ. Մաս II

17.05.2017 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ԼեգալԼաբ #Մերի Օհանյան #Աշխատանքային օրենսգիրք
Գործատու-աշխատող հարաբերություններում հաճախ են հանդիպում խնդրահարույց հարցեր, որոնց պատասխաններին միշտ չէ, որ կողմերը լիարժեք տիրապետում են: Banks.am-ը որոշել է դիմել «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես են օրենքով կարգավորվում աշխատանքային իրավահարաբերությունների տարբեր կետերը:

Շարքի առաջին մասը կարդացեք այստեղ:

Շարքի երկրորդ մասը նվիրված է արձակուրդի կազմակերպմանը, որը ներկայացնում է «ԼեգալԼաբ»-ի իրավաբան Մերի Օհանյանը:

Արձակուրդի կազմակերպման հետ կապված հարցերը

Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու եւ աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) եւ վճարվում է միջին աշխատավարձը: Ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված եւ լրացուցիչ:

Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:

Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Օրինակ՝ եթե միջին օրական աշխատավարձը 3000 դրամ է (սա հաշվարկվում է, հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, միջին ամսական աշխատավարձը 21-ի, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում՝ 25-ի բաժանելով), իսկ արձակուրդը՝ 24 աշխատանքային օր, ապա աշխատողը կվճարվի 72 000 դրամի չափով:

Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:

Աշխատող ուսանողների արձակուրդներ տրամադրելու կարգը

Միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին տրամադրվում է արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:

Հանրակրթական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ`

1) Ընթացիկ քննություններին նախապատրաստվելու եւ հանձնելու համար` յուրաքանչյուր քննության համար` երեք աշխատանքային օր,

2) Ստուգարքներին նախապատրաստվելու եւ հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու աշխատանքային օր,

3) Լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով,

4) Դիպլոմային աշխատանքի նախապատրաստման եւ պաշտպանության համար` երեսուն աշխատանքային օր,

5) Պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու եւ հանձնելու համար` վեց աշխատանքային օր:

Հանրակրթական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն այն դեպքում, երբ գործատուն իր իսկ նախաձեռնությամբ է աշխատողին գործուղել սովորելու: Վճարման կարգը հաշվարկվում է՝ յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով:

Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով եւ/կամ կողմերի համաձայնությամբ:

Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու եւ վերադառնալու ժամանակը:

Շարքի առաջին մասը կարդացեք այստեղ:

Շարունակելի
Դիտում՝ 19216
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai