Բանկեր. Հայաստան vs Վրաստան

12.05.2017 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Կապիտալ Լոկուս #Ավթանդիլ Գոգոլի

Հայաստանն ու Վրաստանը, լինելով անմիջական հարեւաններ, ունենալով բազմաթիվ նմանություններ եւ միեւնույն խորհրդային անցյալը, կամա թե ակամա ենթարկվում են համեմատության:

Banks.am-ը «Կապիտալ Լոկուս» ընկերության հիմնադիր Ավթանդիլ Գոգոլիի օգնությամբ ներկայացնում է հայկական եւ վրացական բանկային հատվածների համեմատական վերլուծությունը:

Նմանություններ    

Բանկերը՝ տնտեսության առաջադեմ հատված

Հայաստանում եւ Վրաստանում բանկային համակարգը, տնտեսության մյուս ճյուղերի (էներգետիկա, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն եւ այլն) համեմատ, առավել առաջադեմ հատվածն է՝ կորպորատիվ կառավարման, թափանցիկության, կարգավորման եւ արդարացիության առումով: Ընդ որում, երկրների դրսեւորված քաղաքական կամքին զուգահեռ՝ այստեղ առանցքային դեր են խաղացել միջազգային կառույցները, որոնք մեծ ավանդ են ունեցել ժամանակից ստանդարտների ներդրման, ինչպես նաեւ կարգավորման եւ վերահսկողության ամուր համակարգերի ստեղծման գործում:

Չնայած Հայաստանի եւ Վրաստանի բանկային հատվածներում դեռեւս բարելավելու շատ հարցեր կան, այդուհանդերձ, անհնար է ժխտել. երկու համակարգերն էլ վերջին քսան տարին անցկացրել են առանց որեւէ լուրջ ցնցման:

Աճի զգալի ներուժ

Տնտեսության մեջ բանկային ոլորտի դերը երկու երկրներում էլ ցածր է զարգացած երկրների համեմատ. վարկային պորտֆելի հարաբերակցությունը ՀՆԱ-ին ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, չի գերազանցում 50%-ը:

Միեւնույն ժամանակ, բավական ցածր է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն. 2016-ի վերջի տվյալներով` Վրաստանում այն կազմում է $3 850, Հայաստանում` $3 530: Եթե դիտարկվող երկրների տնտեսություններն աճեն տարեկան 7%-ով, այսինքն՝ շուրջ երեք անգամ ավելի արագ, քան աճում են հիմա, ապա նրանցից մոտ 20 տարի կպահանջվի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը հասցնելու, օրինակ, հետխորհրդային Լատվիային: Այստեղ կա երկու «մեսիջ»՝ պետք է ավելի արդյունավետ աշխատել Հայաստանում եւ Վրաստանում՝ տնտեսական հետամնացությունից խուսափելու համար, եւ երկրորդը՝ աճի չօգտագործված զգալի ներուժ կա (հետամնացության, այսպես կոչված, «օգուտը»):

Այսպիսով՝ հայկական եւ վրացական բանկային հատվածներն աճի եւ վարկային պորտֆելի ներդրումը ՀՆԱ-ում ավելացնելու ներուժ ունեն:

Միանման մարտահրավերներ

Հայաստանի եւ Վրաստանի բանկային հատվածների առջեւ ծառացած է երկու հիմնական մարտահրավեր: Առաջինը կարգավորումն է. «Բազել 3» ստանդարտի ներդրումը կբարդացնի առեւտրային բանկերի «կյանքը», քանի որ կպահանջվի կապիտալի լրացուցիչ համարժեքության պահանջ (խոսքը նվազագույն կապիտալի նորմատիվի մասին չէ), կխստացվի ռիսկերի կառավարման քաղաքականությունը, ինչպես նաեւ կբերի ներքին բյուրոկրատիայի եւ մարժաների վրա ճնշումների ավելացման:

Երկրորդ մարտահրավերը տեխնոլոգիաներն են. fintech ընկերությունները խլում են բանկերի համեմատաբար եկամտաբեր բիզնես ուղղությունները: Այսօր առանց բանկերի օգնության կարելի է կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ, ստանալ վարկավորում, իրականացնել տարադրամի փոխանակման գործառնություններ: Ճկուն եւ խելացի fintech ընկերությունները, գտնվելով կարգավորման հիմնական դաշտից դուրս, ավելի արդյունավետ եւ հաջողակ են գտնվում վերոնշյալ բիզնես ոլորտներում՝ դրան գումարած ներդրումների եւ «տաղանդի» զգալի արտահոսքը: Առեւտրային բանկերը թանկ են վճարում դրա դիմաց:

Եթե խոսենք կարճաժամկետ եւ գործառնական մարտահրավերների մասին, ապա բանկիրները ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, դեռ տեւական ժամանակ զբաղված կլինեն չաշխատող վարկերի խնդրով:

Մի երկրի բանկը բացակայում է մյուսում

Հայաստանյան կապիտալով որեւէ բանկ գործունեություն չի ծավալում Վրաստանում, նույն պատկերը հակառակ դեպքում է:

Մոտ յոթ տարի առաջ Վրաստանում բացվեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Վրաստանը, որը, կարելի է ասել, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մասնաճյուղն էր այնտեղ: Այն, սակայն, մեկ ու կես տարի անց փակվեց` հիմնականում կոշտ մրցակցային պայքարի պատճառով: Թերեւս հենց այս փորձն էլ հայկական բանկերին ստիպեց չափից դուրս զգուշավոր դառնալ Վրաստանի շուկա մուտք գործելու հարցում՝ կարծելով, որ եթե դա չհաջողվեց միջազգային խոշոր բանկին, դժվար թե իրենց հաջողվի:

Այդուհանդերձ, միջազգային կապիտալով բանկերից մեկը՝ ՊրոԿրեդիտ Բանկը,  մինչեւ վերջերս գործում էր թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում. ներկայում առկա է միայն Վրաստանում (Հայաստանում այն միացել է Ինեկոբանկին):

«ՎՏԲ Բանկ» ռուսական ֆինանսական խումբը ներկա է միաժամանակ երկու երկրներում էլ, իսկ «Ֆինքա»-ն Վրաստանում բանկ է, Հայաստանում` վարկային կազմակերպություն:

«Կապիտալ Լոկուս» ընկերությունն այս հարցում գրանցում է որոշակի առաջընթաց` վրացական ֆինանսական խմբերից մեկին բերելով Հայաստան: Նշված ֆինասական խումբն ունի «խաղի կանոններ» փոխելու բավական մեծ փորձ եւ ներուժ: Առաջիկայում վրացի ներդրողները ծրագրում են մասնաբաժին ձեռք բերել ՀՀ առեւտրային բանկերից մեկում: Հաշվի առնելով, որ նվազագույն կապիտալի նկատմամբ պահանջը Հայաստանում բավական բարձր է՝ մոտ $62 մլն, օտարերկրյա ներդրողների համար ավելի նպատակահարմար է ներդրում անել արդեն գործող բանկում, քան բացել նորը:

Ի դեպ, օրերս հայաստանյան Մելլաթ Բանկը հայտարարել է սեպտեմբերին Թբիլիսիում դուստր բանկ բացելու մասին:

Տարբերություններ

Օրգանական եւ ոչ օրգանական աճ, կենտրոնացում

Վերջին տասնամյակում հայաստանյան բանկերն ավելի շատ հակված են եղել օրգանական աճի, այսինքն՝ աճ՝ առանց միաձուլումների եւ ձեռքբերումների: Եվ միայն 2016-ին ենք մենք ականատես եղել բանկերի միաձուլման-ձեռքբերման 4 դեպքի՝ պայմանավորված ԿԲ-ի սահմանած նորմատիվային կապիտալի նոր սահմանաչափը բավարարելու խնդրով, եւ վարկային կազմակերպությունների մոտ վարկային պորտֆել գնելու մեկ-երկու գործարքի:

Մինչդեռ Վրաստանի բանկային հատվածը վերջին տասնամյակում կարելի է բնութագրել ոչ օրգանական աճի միտումով, այսինքն՝ տեղի են ունեցել առեւտրային բանկերի եւ ՈՒՎԿ-ների, ինչպես նաեւ նրանց վարկային պորտֆելի ձեռքբերման բազմաթիվ գործարքներ: Բանկային հատվածում բարձր է կենտրոնացվածության մակարդակը. Վրաստանի միայն երկու խոշոր բանկերին բաժին է ընկնում համակարգի ընդհանուր ակտիվների մոտ 70%-ը: Եթե նրանցից որեւէ մեկն ունենա իրացվելիության կամ վճարունակության խնդիր, կարգավորողն ու կառավարությունը ստիպված կլինեն միջամտել եւ կանխել նրանց փլուզումը, այլապես դա կհանգեցնի ծանր հետեւանքների բանկային հատվածի եւ անգամ ամբողջ տնտեսության համար. այս բանկերին բնորոշում են որպես «չափազանց մեծ` ձախողելու համար» (too big to fail):

Ի հակադրություն վերոնշյալի՝ Հայաստանի բանկային հատվածում կենտրոնացվածության մակարդակը բավական ցածր է. խոշորագույն 9 բանկերին բաժին է հասնում համակարգի ակտիվների 70%-ը:

Կապիտալի նկատմամբ պահանջ, ներդրումներ տարբեր երկրներից

Հայաստանում, մինչեւ 2016-ը, նորմատիվային կապիտալի պահանջն առեւտրային բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար կազմում էր շուրջ $10 մլն, իսկ 2017-ից այն հասցվել է $62 մլն-ի:

Վրաստանում այս պահանջը մայիսից հասցվել է շուրջ $20 մլն-ի` նախկին $5 մլն-ի փոխարեն։ Գործող բանկերն այս ցուցանիշին համապատասխանությունը պետք է ապահովեն երեք փուլով. $12,5 մլն մինչեւ այս տարեվերջ, $16 մլն՝ մինչեւ 2018թ. հունիսի վերջ եւ $20 մլն՝ մինչ 2018թ. վերջը, իսկ բանկային լիցենզիա ստանալու համար նոր դիմողները պետք է ամենասկզբից ապահովեն $20 մլն նվազագույն նորմատիվային կապիտալը։

Այդուհանդերձ, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ նորմատիվային կապիտալի նվազագույն պահանջների հետ կապված առկա է զգալի տարբերություն: Մինչդեռ եթե համեմատենք երկու երկրների բանկային հատվածում կապիտալի համարժեքության նորմերը, ռիսկերի կառավարման նկատմամբ պահանջներն ու այլ նորմատիվ ասպեկտներ, ապա այստեղ էական տարբերություններ չկան:

Չնայած նորմատիվային կապիտալի չափերի տարբերությանը, թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում բանկերի թիվը 17 է (վերջերս վրացական վարկային կազմակերպություններից մեկը ստացել է բանկային գործունեության լիցենզիա եւ դարձել 17-րդը):

Կան տարբերություններ օտարերկրյա ներդրողների ներկայության տեսանկյունից: Օրինակ՝ Մերձավոր Արեւելքի, Լիբանանի, Ռուսաստանի ներդրողներն ավելի ուժեղ ներկայություն ունեն Հայաստանի բանկային հատվածում: Վրաստանում գործում է միջազգային բորսայում ցուցակված երկու բանկ, կան բանկեր գերմանական, ֆրանսիական, թուրքական եւ չինական կապիտալով:

Կենտրոնական բանկերի արձագանքը տնտեսական ցնցումներին

2014թ. նոյեմբեր-դեկտեմբերին վրացական լարիի եւ հայկական դրամի արժեզրկումն ի ցույց դրեց երկու երկրներում Կենտրոնական բանկերի գործունեության մեխանիզմի եւ հակազդեցության տարբերությունները:

Երբ նշված ամիսներին դրամը սկսեց արժեզրկվել, ՀՀ Կենտրոնական բանկը զգալիորեն ավելացրեց առեւտրային բանկերի արտարժութային ավանդների պահուստավորման (դրամով) նորմը: Այդ որոշմամբ ԿԲ-ն արդյունավետ կերպով ստեղծեց դրամի արհեստական դեֆիցիտ: Միաժամանակ, կարգավորիչը շուկայում սկսեց դոլարի ագրեսիվ վաճառք՝ իր արտարժութային պահուստների հաշվին:

Արդյունքում, դրամն արժեզրկվեց ընդամենը 20%-ով՝ տարածաշրջանում նվազագույն ցուցանիշը, ինչն օգնեց մեղմելու սոցիալական ռիսկերը: Սակայն դրա դիմաց վճարվեց ոչ պակաս թանկ գին՝ տնտեսության աճի դանդաղում, արտարժութային պահուստների կրճատում (ծածկում է երեք ամսվա ներմուծումը, որը, այսպես կոչված, «կարմիր գիծ» է) եւ արտահանման աճի խոչընդոտում:

Ինչ տեղի ունեցավ Վրաստանում. 2014թ. նոյեմբեր-դեկտեմբերին վրացական լարին սկսեց թուլանալ՝ իր նվազագույն կետում գրեթե 60%-ով արժեզրկվելով դոլարի նկատմամբ: Այս իրավիճակը սոցիալական եւ քաղաքական մեծ ճնշում գործեց երկրի կառավարության եւ Վրաստանի Ազգային բանկի վրա: Ակնկալվում էր, որ վերջինը կմիջամտի եւ կդադարեցնի լարիի արժեզրկումը՝ վաճառելով իր դոլարային պահուստների մի մասը, սակայն դա տեղի չունեցավ: Փաստարկը հետեւյալն էր՝ փոխարժեքը լողացող է, եւ այն պետք է սահմանվի շուկայի կողմից. փոխարժեքի կայունությունը կարգավորչի գերնպատակը չէ:

Արդյունքում, տնտեսական ակտիվությունը շարունակեց մնալ համեմատաբար բարձր, արտահանողները շահեցին տեղական արժույթի արժեզրկումից, արտարժութային պահուստները չսպառվեցին եւ մնացին համեմատաբար բարձր մակարդակի վրա: Մինչդեռ տուժեցին անհատներն ու տեղական ընկերությունները, որոնց գերակշիռ մասը դոլարային վարկեր ուներ:

Երկու երկրների Կենտրոնական բանկերի այս քայլերը միանշանակ ճիշտ կամ սխալ բնորոշում չունեն՝ սա ավելի շատ հեռանկարի, սոցիալական եւ քաղաքական ակնկալիքների տարբերության հարց է:

***
«Այսպիսով, Հայաստանի եւ Վրաստանի բանկային հատվածներն ունեն ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ: Հուսանք՝ զարգացման վեկտորը երկուսի դեպքում էլ կլինի համանման՝ դեպի առաջ»,- ասել է «Կապիտալ Լոկուս»-ի հիմնադիր Ավթանդիլ Գոգոլին:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են Հայաստանի եւ Վրաստանի առեւտրային բանկերը՝ իրենց ակտիվներով: Բանկերը դասավորված են ակտիվների մեծությամբ՝ ամենամեծից մինչեւ ամենափոքրը:

Հայաստանյան բանկերի ցուցանիշները ներկայացված են 31.03.2017 դրությամբ եւ վերցված են Banks.am-ի համապատասխան վերլուծությունից: Վրաստանի բանկերի ցուցանիշները 30.09.2016 դրությամբ են՝ ստացված միջազգային KPMG ընկերության հրապարակած զեկույցից:  

Armenia_Georgia_arm

Պատրաստեց Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 193637
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai