«Գրանթ Թորնթոն Հայաստան». առաջին դժվարություններն ու հաղթանակները

12.04.2017 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Գրանթ Թորնթոն Հայաստան» #Արման Փինարբասի

«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» մեծ ընտանիքը` ի դեմս «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի, արդեն երկու տասնամյակ իր աուդիտորական եւ խորհրդատվական առաքելությունն է իրականացնում հայաստանյան շուկայում: Banks.am-ը նախաձեռնել է հրապարակումների շարք, որում ներկայացնում է ընկերության հիմնադրման պատմությունը, ընթացիկ գործունեությունն ու հեռանկարային ծրագրերը:

Սկսելով իր գործունեությունը Հայաստանի անկախացման վաղ տարիներին, երբ դեռեւս թարմ էին Խորհրդային Միությունից մնացած «ոչ շուկայական» պատկերացումները, իսկ աուդիտն ընկալվում էր որպես հերթական ստուգում, ընկերությունը մեծ ավանդ է ունեցել ոլորտի կայացման գործում:

Ընկերության բաժնետեր, նախկին գործադիր տնօրեն Արման Փինարբասին Banks.am-ին հետաքրքիր մանրամասներ է պատմել «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադրման, վաղ տարիների դժվարությունների եւ հաղթանակների մասին:

Հայրենասիրական մղումներով

Խորհրդային Միության փլուզումից հետո՝ Հայաստանի անկախացման առաջին տարիներին, աուդիտը` որպես գործունեություն, նորություն էր Հայաստանում: Ոլորտում գործում էին հատուկենտ աուդիտորական ընկերություններ, որոնք հիմնականում միջազգային էին: Դրանց թվում էր «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի իրավանախորդը` ֆրանսիական «Ամիօ Էքսկո»-ն:

««Ամիօ Էքսկո»-ի գործունեությունը Հայաստանում սկսվեց  ընկերության հայազգի ղեկավար Հրաչյա Ջուլհակյանի նախաձեռնությամբ: Վերջինս, լսելով Հայաստանի անկախացման լուրը, հայրենասիրական մղումներով որոշեց գործունեության այս տեսակը զարգացնել հայրենիքում»,- հիշում է Արման Փինարբասին, որը կանգնած է եղել ընկերության հիմնադրման ակունքներում:

Նրա խոսքով` նախնական շրջանում հայաստանյան ընկերություններին ծառայություններ մատուցում էին անմիջապես Ֆրանսիայից: Պահանջարկն այդ տարիներին ներկայացնում էին հիմնականում միջազգային կազմակերպությունները՝ Եվրահանձնաժողովը, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ հազվադեպ` մասնավոր ընկերությունները:

1994-ից սկսեցին աշխատանքներ տարվել այստեղ ներկայացուցչություն հիմնելու ուղղությամբ, իսկ 1997-ին ՀՀ Ազգային ժողովը «Ամիօ Էքսկո Հայաստան»-ին տրամադրեց երկրում առաջին աուդիտորական լիցենզիան: 1998-ին էլ Արման Փինարբասին Ֆրանսիայից տեղափոխվեց Հայաստան` ղեկավարելու նորաբաց ընկերությունը:


«Տարիների ընթացքում, երբ միջազգային կառույցները ներդրում արեցին նաեւ Հայաստանի սեփական բիզնեսներում՝ նրանցից պահանջելով անկախ աուդիտորական եզրակացություններ, զարգացավ նաեւ մասնավոր կազմակերպությունների աուդիտը: Այսպիսով` աուդիտորական ծառայություններն աշխուժացան Հայաստանի տնտեսության զարգացմանը համընթաց»,- ընդգծում է նա:

Հակասական պատկերացումներ

«Աուդիտի հասկացությունն այդ տարիներին լրիվ նորություն էր Հայաստանում, անգամ ԽՍՀՄ-ից ժառանգած հաշվապահական գիտելիքներն այլ մոտեցում ունեին եւ աուդիտը նույնացնում էին պետական ռեվիզիայի հետ: Անընդհատ ստիպված էինք բացատրել, որ մեր գործունեությունն անկողմնակալ է, հարկային մարմնի շահերը չենք ներկայացնում, այլ, ընդհակառակը, տալիս ենք անաչառ գնահատական ընկերության հաշվապահության վերաբերյալ»,- պատմում է ընկերության բաժնետերը:

Նրա բնորոշմամբ՝ սա իրենց առաջին մարտահրավերն էր Հայաստանում, որին բախվեցին հենց գործունեության սկզբից:

«Մենք, ինչպես ցանկացած առեւտրային ընկերություն, շահույթ ստանալու նպատակ էինք հետապնդում: Սակայն եթե այլ ոլորտի ընկերությունները բախվում էին միայն ընդհանուր շուկայական եւ մրցակցային խնդիրների, մեզ մոտ դրանց գումարվում էին շուկայի նոր լինելու հետ կապված դժվարությունները»,- նշում է Արման Փինարբասին:

Նրա կարծիքով՝ աուդիտի հասկացությունն այսօր էլ «մինչեւ վերջ» չի ընկալվում ԱՊՀ ամբողջ տարածքում, սակայն բավական ընդունված է բոլոր նրանց շրջանում, ովքեր այս կամ այն չափով տեղեկացված են միջազգային ստանդարտներից կամ առնչվում են միջազգային շուկային: Հայաստանում էլ, ընդհանուր առմամբ, աուդիտը մտել է գործարար դաշտ, այն դեպքում, երբ 15-20 տարի առաջ դրա կարիքն ու օգուտը գրեթե չէր գիտակցվում:

Մասնագետների պատրաստում 0-ից

«1990-ականներին դժվարություններ ունեինք նաեւ կադրերի համալրման եւ վերապատրաստման գործում. այդ ժամանակ քչերն էին խոսում անգլերեն կամ ֆրանսերեն, իսկ ոլորտի միջազգային ստանդարտները կազմվում էին այդ լեզուներով:

Սկզբնական շրջանում ծառայություններ մատուցում էր Ֆրանսիայի անձնակազմը, որը բարձր մասնագիտացում եւ հարուստ փորձ ուներ: 1999-ից սկսեցինք պատրաստել մեր սեփական կադրերը. Ֆրանսիայից մասնագետներ հրավիրեցինք, որոնք մեր աշխատակիցներին փոխանցեցին ինչպես պահանջվող պրոֆեսիոնալ, այնպես էլ էթիկական գիտելիքները, որոնք պակաս կարեւորություն չունեն այս գործում:

Մեր աշխատակիցները մասնակցեցին տարբեր դասընթացների, ստացան միջազգային վկայականներ եւ որակավորումներ՝ ընկերության միջոցների հաշվին: Բավական մեծ ներդրում կատարեցինք կադրերի պատրաստման հարցում»,- պատմում է Արման Փինարբասին:

Իրավական կարգավորում

1990-ականներին, երբ Հայաստանում մի ամբողջ հասարակարգ էր փոխվել, բնական է, որ շատ ոլորտներում, այդ թվում՝ աուդիտի, չկար պատշաճ օրենսդրական կարգավորում: Իրավական դաշտն անկատար էր, հստակ չէին կարգավորչի գործառույթները, կազմակերպություններն էլ հստակ չգիտեին իրենց պարտականությունները կարգավորչի առաջ:  

Աուդիտին առնչվող առաջին օրենքն ընդունվել է միայն 1994-ին:  Աուդիտորական դաշտի զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել Կենտրոնական բանկի կարգավորիչ դերը: Բացի այդ, վերջինն իրականացրել է նաեւ ուսուցման եւ վերապատրաստման գործառույթներ՝ մինչեւ բուհերում աուդիտորական, բանկային եւ հաշվապահական ֆակուլտետների առաջացումը:

Այսօր իրավիճակը լիովին այլ է. գործում են հստակ իրավական մեխանիզմներ, կա կարգավորիչ մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, ինքնակարգավորող մարմին՝ Հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան, եւ կողմերը տեղյակ են իրենց իրավունքներից ու պարտականություններից:

Երկու տասնամյակ անց...

Անցել են տարիներ, եւ 8 աուդիտոր ունեցող «Ամիօ Էքսկո Հայաստան»-ը վերածվել է 150 աշխատակիցներով «Գրանթ Թորնթոն Հայաստան» խոշորագույն կազմակերպության, որը շուկայում առաջատար է ինչպես իրացման ծավալներով եւ աշխատակազմի մեծությամբ, այնպես էլ շուկային անընդհատ ներկայացվող նորարարական մոտեցումներով:

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը հայաստանյան շուկայում ներկայում ունի 3 առանձին կազմակերպություն, որոնք զբաղվում են աուդիտով, բիզնեսի խորհրդատվությամբ եւ հարկային ու իրավաբանական խորհրդատվությամբ: Բացի այդ, ընկերությունը կազմակերպություններ է հիմնել Վրաստանում, Տաջիկստանում, Ղրղըզստանում եւ վերջերս թույլտվություն է ստացել «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ից Մոնղոլիայում կազմակերպություն հիմնելու:

«Առաջիկայի մեր ամենամեծ նպատակը տարածաշրջանային ընդլայնումն է ինչպես առանձին կազմակերպություններ հիմնելու, այնպես էլ կապիտալի մասնակցության եւ ծառայությունների արտահանման միջոցով»,- ամփոփում է Արման Փինարբասին:

Արման Փինարբասին արդեն մի քանի տարի է՝ չի բնակվում Հայաստանում, տեղափոխվել է Ֆրանսիա,  աշխատում է «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի մի քանի գրասենյակների (այդ թվում՝ Նիցայի) տարածաշրջանային տնօրենի պաշտոնում: «Գրանթ Թորնթոն Հայաստանի»-ի տնօրենի պաշտոնում նրան փոխարինել է Գագիկ Գյուլբուդաղյանը: Այդուհանդերձ, Արման Փինարբասին պահպանում է իր կապերը տեղական ընկերության հետ, հանդիսանում է ընկերության բաժնետերը եւ տարվա մեջ մի քանի անգամ այցելում Հայաստան: Չնայած «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի ընթացիկ կառավարման գործերին մասնակցելու անհնարինությանը՝ գլոբալ, ռազմավարական կառավարման հարցերում շարունակում է մնալ ներգրավված:

Շարունակելի


Պատրաստեց Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 7945
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo