«Երրորդ տեղ»՝ անտիկաֆեի հայաստանյան դիմանկարը

05.04.2017 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#անտիկաֆե #«Էոն» #«Լոֆթ»

Անտիկաֆե, «ազատ տարածք», թայմ-կաֆե եւ այլն. անվանումները տարբեր են, բովանդակությունը՝ նույնը. «երրորդ տեղ», որտեղ այցելուները վճարում են միայն ժամանակի համար: Անտիկաֆեի գաղափարն առաջացել է 2010թ. Ռուսաստանում եւ կարճ ժամանակ անց գրավել Եվրոպան: 2014թ. հունվարին առաջին «ազատ տարածքը» բացվեց նաեւ Երեւանում, որով Հայաստանում հիմք դրվեց այդ մշակույթին:

Անտիկաֆեի հայաստանյան առանձնահատկությունների շուրջ Banks.am-ը խոսել է դաշտում առաջնեկը համարվող «Էօն»-ի համահիմնադիրներ Կարինե Արոյանի եւ Մանուշակ Վահրամյանի, ինչպես նաեւ ժամանցի ու ինքնազարգացման «Լոֆթ» կենտրոնի գլխավոր տնօրեն Արեւիկ Համբարձումյանի հետ:  

Շեղում դասականից

«Հայաստանում ալտերնատիվ տարածքներ գրեթե չկան, եւ «Էօն»-ը պատասխան էր հենց այդ տարածքների բացակայությանը»,- ասում է «Էօն»-ի համահիմնադիր Կարինե Արոյանը:

Այլընտրանքային տարածք փնտրող Կարինեին ու Մանուշակին 2014թ. միավորում է հենց այս գաղափարը. սրճարաններին այլընտրանք, որտեղ մարդիկ կվճարեն ժամանակի համար, կստանան թեյի, սուրճի ու քաղցրավենիքի հյուրասիրություն, կկարողանան կազմակերպել իրենց ժամանանցը եւ զուգահեռ կաշխատեն «ոչ ավանդական» միջավայրում: Թեեւ «Էօն»-ն ի սկզբանե բացվում է որպես անտիկաֆե՝ հագեցած սեղանի խաղերով, գրադարանով, իրերի փոխանակման «կետով», այդուհանդերձ, հիմնադիրները նշում են, որ ժամանակի ընթացքում կոնցեպտը հարմարեցվել է հայկական միջավայրին եւ իրականությանը:

«Անտիկաֆեի կլասիկ գաղափարից որոշ չափով հեռացել ենք, անգամ ինտերիերով,- ասում է «Էօն»-ի համահիմնադիր Մանուշակ Վահրամյանը: -Երբ արտասահմանից հյուր ենք ունենում, ասում են՝ դուք ուրիշներից տարբեր եք»:

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում «Էօն»-ը մասամբ ստացել է ակումբ-մշակութային կենտրոնի իմաստ: Դասախոսություններին, ցուցահանդեսներին ու շնորհանդեսներին զուգահեռ՝ երբեմն կազմակերպում են միջոցառումներ, որոնք եկամուտ չեն հետապնդում. նպատակն էօնցիների համայնք ձեւավորելն է:


«Երրորդ տեղ»-ի փնտրտուքները հանգեցրել են երեւանյան մեկ այլ «ազատ տարածք»-ի՝ ինքնազարգացման եւ ժամանցի «Լոֆթ» կենտրոնի հիմնադրմանը:

«Լոֆթ»-ի գլխավոր տնօրեն Արեւիկ Համբարձումյանը նշում է, որ թեեւ կենտրոնի ստեղծման հիմքում անտիկաֆեի գաղափարն էր, այդուհանդերձ, ի սկզբանե կար տեսլական, որ այն ընդլայնվելու է՝ վերածվելով ինքնազարգացման եւ ժամանցային կենտրոնի:

Այսօր արդեն, անտիկաֆեից բացի, «Լոֆթ»-ը ներառում է «լռության գոտի», աշխատանքային (co-working), սեմինարների, խաղերի, առողջ ապրելակերպի գոտիներ, գրադարան եւ այլն:

«Դասական անտիկաֆեից վերցրել ենք միայն վճարման համակարգը. մեզ մոտ վճարում են միայն ժամանակի համար»,- ասում է Արեւիկ Համբարձումյանը:

Աշխատանքը՝ «ազատ տարածքում»

Թեեւ բազմաթիվ ֆրիլանսերների համար «Էօն»-ը ծառայում է որպես գրասենյակ, այդուհանդերձ, Մանուշակը նշում է, որ իրենք հստակ սահմանազատում չեն դրել, թե տարածքի որ մասը կարելի է օգտագործել որպես աշխատանքային, կամ, այսպես ասած, «լուռ գոտի»:

Արդյունքում՝ աղմուկի պատճառով շատերի համար աշխատանքային մթնոլորտ չի ապահովվում, սակայն շատ էօնցիների դուր է գալիս հենց այդ միջավայրը:

«Մեզ մոտ մեկը նստած աշխատում է, իսկ կողքը ինչ-որ միջոցառում է տեղի ունենում, մյուս սեղանի մոտ խաղ են խաղում եւ այլն, այսինքն անընդհատ տարբեր հետաքրքիր իրադարձությունների մեջ ես հայտնվում: Մի քիչ, իհարկե, շեղում է, բայց շատ մարդիկ ասում են, որ այդ կենդանի վիճակն իրենց ավելի արդյունավետ է դարձնում»,- պատմում է Մանուշակը:

Ինչ վերաբերում է «Լոֆթ»-ին, այստեղ հստակ առանձնացվել է co-working գոտի, որտեղ կատարյալ լռության պայմաններում կողք կողքի կարող են աշխատել նկարիչն ու ծրագրավորողը:   

«Երբ անտիկաֆեի հատվածը ստեղծվեց, մեր որոշ ացելուներ խնդրեցին ավելի լուռ տարածք, եւ մենք շատ արագ փորձեցինք «լուռ գոտի»-ն ստեղծել,- պատմում է Արեւիկը: -Երբ որ «լուռ գոտի»-ն ստեղծվեց, եւ միաժամանակ այնտեղ սկսեցինք սեմինարներ անցկացնել, այդ գոտում աշխատողները խնդրեցին մի այնպիսի տարածք, որտեղ կնստեն, կկտրվեն ամեն ինչից, բայց «Լոֆթ»-ից չեն բաժանվի, եւ մենք ստեղծեցինք  co-working-ը, որն իրականում պետք է լինի հենց ստարտափերների եւ ֆրիլանսերների համար բիզնես միջավայր»:

Նեթվորքինգ

Արեւիկ Համբարձումյանը նշում է, որ ունենալով ներքին ու արտաքին համագործակցության լայն բազա եւ պարբերաբար ստանալով որոշակի պատվերներ՝ այդ պատվերները «Լոֆթ»-ը հասցեագրում է իր հաճախորդ-ֆրիլանսերներին:
 
«Բացի այդ, մենք ունենք մեծ տարածք, կամավորների բազա, սոցցանցերում լուրջ թվով հետեւորդներ: Եվ այս հնարավորությունները մենք կարող ենք օգտագործել ի շահ ստարտափերների ու մեր այստեղի բաժանորդների՝ նրանց տրամադրելով հավելյալ ադմինիստրատիվ աջակցություն. ստարտափի համար պրեզենտացիա, մեդիա առաջխաղացում, տարբեր գործընկերների հետ հարաբերություններ եւ այլն. սա պարզապես գեղեցիկ պատ չէ. մեզ համար շատ կարեւոր է՝ բովանդակային տեսանկյունից ինչպես ենք լցնում այդ պատը»,- նշում է Արեւիկը:

Նույն գաղափարն է առաջ տանում նաեւ «Էօն»-ը:

Երկու տարի առաջ էօնցիների կողմից ձեւավորված «Հարթակ» փառատոնը նպատակ ունի միավորել տարբեր մասնագիտությունների եւ մտահոգությունների նույն շրջանակն ունեցող մարդկանց՝ հանուն որոշակի խնդիրների լուծման:

«Նպատակն այն է, որ օրինակ, բնապահպանը կարողանա գալ-միանալ ճարտարապետին, եւ նրանք միասին, օրինակ, հանրային տարածքի որեւէ հարց լուծեն,- մեկնաբանում է Կարինեն: -Բացի այն, որ «Հարթակ»-ը բաց է, եւ մարդիկ կարող են գալ ու նոր գիտելիք ստանալ, շատ կարեւոր է նաեւ նեթվորքինգի գաղափարը, հատկապես որ մեր օրերում անձնական կապերը մեծ դեր ունեն: Արդյունքում պրոյեկտներ են ձեւավորվում, տարբեր ոլորտների մարդիկ համագործակցում են միմյանց հետ»:
 
Ցանց. հանուն մարզերի զարգացման

Խոսելով «Լոֆթ»-ի մասին՝ Արեւիկ Համբարձումյանն այն բնութագրում է ավելի շուտ որպես սոցիալական ձեռնարկատրիրություն, քան դասական բիզնես:

«Մեր յուրաքանչյուր պրոյեկտի հիմքում ընկած է ոչ թե հավելյալ եկամուտ աշխատելը, այլ այն նոր սոցիալական ծրագրի մեջ ներդնելը, մարզերում նոր «Լոֆթ»-եր բացելը եւ այս ապակենտրոնացված վիճակը մայրաքաղաքացից դեպի մարզեր ցրելը»,- ասում է նա:

Հենց այդ նպատակով էլ «Լոֆթ»-ն իր երկրորդ կենտրոնը բացել է Գյումրիում, հերթում են Վանաձորը, Հրազդանը եւ մյուս խոշոր քաղաքները: Նախատեսվում է, որ առաջիկայում Երեւանում կբացվի նաեւ «Մեծերի Լոֆթ», որի պահանջարկը, Արեւիկի խոսքով, գնալով մեծանում է:

Ուշագրավ է, որ «Լոֆթ Գյումրի»-ում աշխատում են բացառապես գյումրեցիներ: Արեւիկ Համբարձումյանը վստահ է՝ այստեղի երիտասարդները որակով չեն զիջում, ավելի սրտացավ են, իսկ իրենք էլ հպարտ են, որ թեկուզ 10 աշխատատեղ ստեղծելով՝ նպաստում են գործազրկության նվազմանը:

Երիտասարդության եւ հատկապես մարզերի զարգացման խնդիրներն ուշադրության կենտրոնում են պահում նաեւ էօնցիները: Այսպես, բոլորովին վերջերս «Էօն»-ն իր երկրորդ անիտկաֆեն բացեց Ֆրանսիական եւ Եվրոպական համալսարանների տարածքում, իսկ էոնցիների կողմից կազմակերպվող «Հարթակ» ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի Գյումրիում:

«Գյումրիում հասարակությունն ավելի ընկալունակ է ու կարոտ նմանատիպ բաների: Այս տարվա «Հարթակ»-ն էլ փորձել ենք կապել քաղաքային մշակույթի հետ, ուստի հենց ճիշտ կլիներ այն անցկացնել Գյումրիում»,- ամփոփում է Կարինեն:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 5594
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo