Երեւանից Համբուրգ՝ տնտեսագիտական կրթության ճանապարհին

20.03.2017 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Banks.am-ի եւ Շուշան Մարգարյանի համագործակցությունը սկիզբ առավ 2013թ. ամռանը, երբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կառավարման ֆակուլտետի ուսանողուհին արտահաստիքային լրագրողի կարգավիճակով սկսեց թղթակցել մեր կայքին:

Համագործակցությունն արդյունավետ էր, սակայն ոչ երկարաժամկետ՝ մեկ տարի անց Շուշանը հայտնեց կրթությունը Գերմանիայի Համբուրգ քաղաքում շարունակելու որոշման մասին:

2,5 տարի անց Շուշանը Banks.am-ին պատմել է, թե որքանով էր արդարացված իր որոշումը, որոնք են Գերմանիայում մագիստրոսական կրթության առավելությունները եւ ինչ գաղափարներ կան՝ Համբուրգում ստացած գիտելիքները հայաստանյան աշխատաշուկայում կիրառելու տեսանկյունից:  

Գերմանիան՝ գին-որակ համակցության հաղթող

Գերմանիայում կրթությունս շարունակելու պատճառները շատ էին: Առաջին հերթին, ստացածս կրթությունն ինձ չէր բավարարում զուտ ակադեմիական տեսանկյունից: Միաժամանակ, այն լայն հեռանկարներ չէր ստեղծում թիրախային աշխատատեղ գտնելու համար: Դեռ բակալավրիատում սովորելու տարիներին որոշել էի, որ կրթությունս շարունակելու եմ Արեւմուտքում: Արդյունքում՝  կրթության գին-որակ համակցության տեսանկյունից Գերմանիան բացարձակ հաղթող դուրս եկավ:

2013թ. կեսերն էին, երբ պատրաստում էի կրթաթոշակի եւ համալսարանի դիմումները: Այդ շրջանում ամենաթեժ տնտեսական նորությունները Եվրոգոտու ճգնաժամի շուրջ էին: The Economist-ի բոլոր թողարկումներում գովաբանվում էին Գերմանիայի տնտեսությունը, աշխատանքի շուկայի բարեփոխումները, արտահանման շարունակական աճը, մասնագիտական (vocational) կրթության առավելությունները:

Որպես տնտեսագետ՝ նման հաջողությունները կրթական համակարգի որակի հետ կապելն անխուսափելի է: Դրանից բացի, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) առաջարկում էր շատ հստակ տարբերակ Գերմանիայում կրթությունը կրթաթոշակով ֆինանսավորելու համար: DAAD-ը մագիստրանտներին տրամադրում է €750 ամսական կրթաթոշակ՝ չսահմանելով որեւէ պարտավորություն կրթությունն ավարտելուց հետո:  


Տանջանքները՝ ուսանողից դասախոս դառնալու գրավական

Արդյունքում, 2013թ. հոկտեմբերին դիմեցի DAAD, 2014թ. ձմռանը՝ Համբուրգի համալսարան, եւ հոկտեմբերից սկսեցին դասերս համալսարանում, նույնն է, ինչ տանջանքները (ծիծաղում է – խմբ.):

Համալսարանի ընտրության հարցում ինձ համար շատ կարեւոր էր, որ այն առաջարկեր կոնկրետ ինձ հետաքրքրող ծրագիրը՝ տնտեսագիտություն, եւ ոչ դրա վարիացիան, ինչպիսիք են, օրինակ, մարքեթինգն ու բիզնեսը, ֆինանսները կամ միջազգային տնտեսագիտությունը:

Եվ երկրորդ՝  ես փնտրում էի ամբողջովին անգլալեզու ծրագիր: Ընտրության արդյունքում մի քանի համալսարան մնացին ամբողջ Գերմանիայում, եւ ի վերջո նախընտրությունը տվեցի Համբուրգի համալսարանին, ծրագիրը՝ Master of science in Economics:

Առաջին ամիսները շատ ծանր էին: Ցավոք, բակալավրի կրթական հիմքերս շատ թույլ էին նրա համեմատ, թե ինչ էր ակնկալում Համբուրգի համալսարանը: Իսկ վատ նորությունն այն էր, որ բաց թողնված հիմքերը լրացնելը շատ բարդ էր:  Այնուամենայնիվ, մագիստրատուրան ավարտեցի գերազանց գնահատականներով ու անցած տարվա հոկտեմբերից սկսեցի աշխատանքս համալսարանում:

Ներկայում աշխատում եմ «Էսսեներ կրթության տնտեսագիտությունում» (Essays in Education Economics) դիսերտացիայիս առաջին գլխի վրա ու միաժամանակ բակալավրիատի ուսանողներին դասավանդում կիրառական էկոնոմետրիկա:

Տեսության եւ պրակտիկայի գերմանական կանոնները

Կրթական համակարգի տարբերությունները Գերմանիայի ու Հայաստանի միջեւ ահռելի են՝ սկսած դպրոցական կրթությունից: Գերմանիայի յուրաքանչյուր ֆեդերալ հող սահմանադրորեն իրավունք ունի ինքնուրույն կազմակերպել կրթական գործընթացը: Ազատությունն ահռելի է՝ պարտադիր կրթության տեւողությունից մինչեւ դպրոցական ծրագրեր: Չնայած դրան՝ գրեթե բոլոր ֆեդերալ հողերում բոլոր աշակերտները` ներառյալ չորրորդ դասարան, սովորում են տարրական դպրոցում, որից հետո ըստ ունակությունների եւ գնահատականների բաժանվում են երեք մակարդակի դպրոցների միջեւ:

Ամենացածր մակարդակի դպրոցում կրթությունն ավարտվում է իններորդ դասարանից հետո, միջին մակարդակում՝ տասը, իսկ ամենաբարձրում, որից հետո աշակերտը ստանում է համալսարան դիմելու հնարավորություն, տասներկու կամ տասներեք:

Կարեւոր է նկատել, որ ինը կամ տասը տարի դպրոց հաճախողների համար կրթությունը, որպես այդպիսին, ավարտված չէ: Դրան, որպես կանոն, հաջորդում է  պրակտիկ կրթությունը, ինչը հնարավորություն է տալիս ձեռք բերել իրական մասնագիտություն, որն ունի պահանջարկ եւ ապահովում է համապատասխան աշխատավարձ: Պրակտիկ կրթության այս համակարգը Գերմանիայի կրթության կարեւորագույն բաղադրիչներից է, եւ հաճախ ֆինանսավորվում է հենց մասնավոր գործատուի կողմից:

Համալսարանական կրթության տարբերությունների մասին ամբողջական խոսելը կնշանակի անել ոչ գիտական եզրակացություններ, քանի որ դասավանդող   պրոֆեսորադասախոսական կազմն ունի մեծ ազատություն դասերն «իր սրտով» կազմակերպելու համար: Ըստ էության, տեսության եւ պրակտիկ բաղադրիչների կշիռը կախված է միայն դասավանդողից: Նույնը վերաբերում է նաեւ քննություններին:


Մեկ հստակ տարբերություն, որ կարող եմ ամբողջականացված նշել,   դասախոսների մասնակցությունն է գիտական հետազոտություններին:  Դասախոսի ակադեմիական կարիերայի կարեւորագույն բաղադրիչը տպագրություններն են, մասնավորապես, թե ինչ կարգի ակադեմիական պարբերականում են տպագրվում նրա հեղինակած հոդվածները: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր դասախոս ոչ միան ծանոթ է հետազոտության վերջին մեթոդներին եւ արդյունքներին, այլեւ կիրառում է դրանք, իսկ երբեմն նաեւ ինքն է հանդիսանում դրանց հեղինակը: Բնականաբար, սա հայաստանյան կրթական համակարգին բնորոշ չէ. իմ ուսանողական տարիներին մենք ուրախանում էինք, երբ հանձնարարվող գրականությունը գոնե խորհրդային տարիների չէր:  

Եվ, իհարկե, եւս մեկ տարբերություն՝ դասախոսություն կարդալ-գրելու պրակտիկան այստեղ վաղուց չկա:

Մնա՞լ, թե՞ չմնալ

Հայաստան վերադառնալու կամ առհասարակ առաջիկա տարիների աշխարհագրական դիրքիս մասին ծրագրեր դեռ չունեմ: Առաջիկա երեք-չորս տարիները հատկացնելու եմ դիսերտացիայիս, որից հետո պետք է կարեւոր որոշում կայացնեմ՝ մնա՞լ, թե՞ չմնալ գիտության ոլորտում:

Եթե որոշեմ տեղափոխվել տնտեսության իրական հատված, կարծում եմ՝ Հայաստան վերադառնալը լավագույն որոշումը կլինի: Իհարկե, աշխատաշուկայում համապատասխան աշխատանք գտնելու հեռանկարները հուսադրող չեն՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր երկրորդ տնտեսագետն աշխատում է կա՛մ բանկում, կա՛մ խորհրդատվության ոլորտում:

Կարծում եմ, որ ամենահավանական ապագա գործատուիս կարող եմ գտնել կա՛մ հասարակական կազմակերպությունների, կա՛մ միջազգային կազմակերպությունների շրջանում, որտեղ կարող եմ տվյալների վերլուծությամբ (data anlysis) զբաղվել:


Եթե որոշեմ շարունակել գիտությամբ զբաղվել, ապա Հայաստան վերադառնալը, ըստ էության, կնշանակի «կործանել» կարիերան: Հայաստանում գիտությանը հատկացվող չնչին գումարների պարագայում գիտական նախագծերի համար ֆինանսավորում ստանալը հեքիաթի է նման: Գիտահետազոտական կարիերան շարունակելու պարագայում, կարծում եմ՝ կտեղափոխվեմ անգլախոս երկիր, բայց ոչ ԱՄՆ:

Այս ամենի մասին, իհարկե, բավական վաղ է խոսել, քանի որ դիսերտացիայիս վրա դեռ բավական աշխատանք կա անելու:

Պատրաստեց Տաթեւ Հովհաննիսյանը

Դիտում՝ 7683
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai