Էկոմարտկոցներ՝ կենցաղային հեղուկից

22.02.2017 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ինչպես գտնել էներգիայի աղբյուր, երբ հայտնվել ես արտակարգ իրավիճակում. հենց այս հարցի փնտրտուքներով Technology and Science Dynamics (TSD) ընկերության գիտնականները հորինել են մարտկոցներ, որոնք էներգիա են ստանում կենցաղային եւ կենսաբանական հեղուկից: Banks.am-ը խոսել է մտահղացումն իրականացրած գիտնականների խմբի հետ՝ փորձելով պարզել՝ ինչպես են աշխատում այդ բացառիկ մարտկոցները եւ ինչ հեռանկարներ ունեն:

Նախնական փորձեր

Ինչպես լիցքավորել հեռախոսը, երբ գտնվում ես էներգիայի աղբյուրից հեռու վայրում կամ ինչպես լույս ստանալ, երբ, օրինակ, անտառում ես: Այս հարցերի փնտրտուքներով Մերգելյան ակումբի երիտասարդ գիտնականների խումբը սկսել է տարրական փորձեր՝ ստանալու էներգիայի աղբյուր կենցաղային հեղուկներից:

«Մշակեցինք էլեկտրոդներ, սկզբում փորձեցինք աղաջրով, հետո թեյով ու սուրճով, հետո փորձեր կատարեցինք թանով, սովորական անձրեւաջրով, արցունքով, թքով ու նաեւ երեխայի մեզով: Բոլոր տարբերակներում դրական արդյունք ունենք»,- պատմում է TSD-ի երիտասարդ գիտնական Վիկտորյա Ռաիսյանը:

Խմբի անդամները նշում են, որ իրենց հատկապես ուրախացրել է մեզով արդյունք ստանալու գաղափարը, քանի որ կենցաղային հեղուկների բացակայության պարագայում այն թույլ կտա էներգիա ստանալ ցանկացած անելանելի իրավիճակում:

Երիտասարդ գիտնականների արդյունքով հետաքրքրվել է Technology and Science Dynamics ընկերությունը, որն իր վրա է վերցրել ծրագրի նախնական ֆինանսավորումը՝ խմբի անդամներին տրամադրելով անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները, ինչպես նաեւ տարածք՝ փորձերն իրականացնելու համար:

«Արծաթե մեդալ» Էստոնիայում

«2016թ. ամռանը դիմեցինք Climate Launchpad մրցույթին, որի արդյունքում սեպտեմբերի 9-ին մեր նախագիծը ճանաչվեց առաջինը Հայաստանի ազգային մրցաշարում, իսկ արդեն հոկտեմբերին մենք մեկնեցինք Էստոնիա ու նախագիծը ներկայացրինք այնտեղ»,- պատմում է թիմի անդամներից Հռիփսիմե Մկրտչյանը:

Էստոնիայում տեղի ունեցած մրցույթին մասնակցել է շուրջ 1000 թիմ` աշխարհի տարբեր երկրներից, որոնց մեջ էկոմարտկոցների նախագիծը դարձել է այսպես կոչված «արծաթե մեդալակիր»՝ ներառվելով թոփ 15-ում:

Ծրագիրը ներկայացնելուց հետո, մինչ խմբի անդամները սպասում էին հարցերի տարափի, ժյուրիի անդամներից մեկը պարզապես ասել է. «Երազում եմ այն պահը, երբ ես ունենամ ձեր սարքը, թքեմ ու զանգեմ մայրիկիս, ասեմ՝ ես լավ եմ»:

Թեեւ մրցույթում ֆինանսավորում չեն ստացել, քանի որ, ըստ մրցույթի կանոնների, այն տրվում է միայն լավագույն 10-ին, երիտասարդ գիտնականները չեն վհատվում. արձագանքները դրական էին, առաջարկները՝ բազմազան:

Պիտանելիություն

Այս պահի դրությամբ, նախնական գնահատականներով, վերալիցքավորված մարտկոցները կարող են օգտագործվել մինչեւ 8 ժամ: Նախատեսվում է, որ մարտկոցները կունենան 6 ամսից մինչեւ մեկ տարի պիտանելիության ժամկետ: Իսկ իրենց էկո բաղադրության շնորհիվ պիտանելիության ժամկետի ավարտից հետո էլ շրջակա միջավայրի համար վտանգ չեն ներկայացնի:

Այնուամենայնիվ, խմբի անդամները նշում են, որ ինչպես ցանկացած սարք, այս մարտկոցների «աշխատունակությունն» էլ կախված է օգտագործման ձեւից. անզգույշ օգտագործման դեպքում, կարող է արագ շարքից դուրս գալ:

Մարտկոցների աշխատելու սկզբունքը պարզ է. այն բացվում է, լցվում հեղուկով եւ փակվում, որից հետո կարելի է միացնել եւ լիցքավորել: Այնուհետեւ անհրաժեշտ է մարտկոցը լվանալ եւ չորացնել:

«Այժմ մենք մտածում ենք լվացման մեթոդներ, որպեսզի, օրինակ,սուրճից անցում լինի այլ հեղուկների, քանի որ լավ լվացումը կերկարացնի մարտկոցի կյանքը»,- ասում է Հռիփսիմե Տերյանը:  

Մրցակցային առավելությունները

Ի տարբերություն ավելի մեծ հզորություն ունեցող լիթիում-իոնային մարտկոցների՝ հեղուկով աշխատող մարտկոցներն ունեն աղբյուրի եւ եղանակային անկախություն:

«Լիթիում-իոնային մարտկոցների համար պետք է էլեկտրական աղբյուր, որպեսզի դրանք վերալիցքավորվեն, իսկ մեր մարտկոցների համար անհրաժեշտ է ընդամենը հեղուկ,- ասում է Հերմինե Ղարագուլյանը: -Բացի այդ, մենք ունենք եղանակային անկախություն. լիթիում-իոնային ու մնացած մարտկոցները չեն լիցքավորվում բացասական ջերմաստիճանային տիրույթում: Իսկ մեր դեպքում գոյություն ունեն այնպիսի հեղուկներ, որոնք սառում են ավելի ցածր ջերմաստիճանում»:

Միջազգային շուկայում անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում երիտասարդ գիտնականները պարզել են, որ թեեւ առկա են որոշակի հեղուկներով աշխատող մարտկոցներ, այդուհանդերձ, դրանք ճկվող չեն եւ ունեն ավելի կարճ պիտանելիության ժամկետ:  

«Մեր մարտկոցի կարեւոր մրցակցային առավելությունն այն է, որ այն էլաստիկ է, ճկվող ու թեթեւ, կարող է աշխատել միանգամից մի քանի հեղուկով: Հետագայում, զարգացնելու դեպքում, դրանք կարելի է կիրառել, օրինակ, գոտու տեսքով, որը հնարավոր է կրել ամենուր: Կամ եթե արտադրվեն ճկվող հեռախոսներ, դրանց համար անհրաժեշտ կլինեն ճկվող մարտկոցներ»,- ասում է Հռիփսիմե Մկրտչյանը:

Արտադրության հեռանկարները

Այս պահի դրությամբ էկոմարտկոցները գտնվում են հետազոտական եւ զարգացման փուլում, դեռ չունեն զանգվածային արտադրություն եւ շուկայում հասանելի չեն: Այսօր դրանք իրենց հզորությամբ կարող են բավականացնել մանկական խաղալիքի լիցքավորման համար: Ի դեպ, խմբի անդամների համար անչափ կարեւոր է զարգացնել մարտկոցների հենց այս ուղղությունը, քանի որ հատկապես խաղալիքների դեպքում դրանց էկո բնույթը շատ կարեւոր է: Մյուս կողմից, նախատեսվում է դրանք այնքան կատարելագործել, որ հնարավոր լինի օգտագործել հեռախոսների, թաբլեթների ու ավելի մեծ էներգիա պահանջող սարքերի համար:

Թեեւ ծրագրի նախնական փորձերը ֆինանսավորվում է TSD-ի կողմից, սակայն զանգվածային արտադրության հասնելու համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական ներդրումներ:

Խմբի անդամները նախատեսում են, որ գաղափարը գրանցելու դեպքում հնարավորություն կունենան դրամահավաք կազմակերպել:

«Հումքը ֆինանսատար չէ, բայց արտադրական գործընթացի համար անհրաժեշտ են սարքավորումների որոշակի տեսակներ, որոնց բավականին գումար են պահանջում»,- ասում է Վիկտորյան:

Երիտասարդ գիտնականները հաշվարկում են, որ ֆինանսավորում ունենալու դեպքում ալֆա նախատիպն արդեն պատրաստ կլինի շուրջ մեկ տարուց: Իսկ մինչ նրանք ներդրումներ են փնտրում, մտավախություն կա, որ գաղափարը կարող է զարգացվել ուրիշների կողմից:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 85953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo