Facebook
Google Extention
RSS
Հինգշաբթի, Փետրվար 23

Հարցազրույցներ / Հոդվածներ

 
Exclusive

«Բարի ախորժակ» կամ գաստրոտուրիզմի հեռանկարները Հայաստանում

 
 Ուրբաթ 10 Փետրվար 2017
Photo: Ալեքսանդր Սլյադնեւ
Photo: Ալեքսանդր Սլյադնեւ
Photo: Ալեքսանդր Սլյադնեւ
Photo: Ալեքսանդր Սլյադնեւ
Photo: Ալեքսանդր Սլյադնեւ
Photo: Անձնական արխիվ
Photo: Ալեքսանդր Սլյադնեւ
 

Ասում են՝ ազգային խոհանոցի պատմությունը նույնքան կարեւոր է, որքան եկեղեցունը, պանիրն էլ նույն ուշադրությանը պետք է արժանանա, որքան 16-րդ դարի շինությունը:

Հենց ազգային խոհանոցի՝ որպես մշակութային ատրիբուտի ճանաչողության բարձրացմանն է ուղղված աշխարհում 90-ականներից թափ առնող գաստրոտուրիզմը:

Հայաստանում զբոսաշրջության այս ուղղության հեռանկարների շուրջ Banks.am-ը զրուցել է «Արեւաքար» գործակալության գաստրոտուրերի կազմակերպիչ, գործարար եւ բլոգեր Աննա Մազմանյանի հետ:

Ուտելիքը մտերմացնում է

«Ուտելիքի շնորհիվ ավելի շատ ինֆորմացիա ես ստանում, քան արձան կամ շինություն ուսումնասիրելիս,- Banks.am-ի հետ զրույցում պատմում է Աննա Մազմանյանը՝ վկայակոչելով սեփական փորձը: -Երբ խոհարարը պատմում է, թե ինչու հացն ունի այս անվանումը, ինչու են այս ճաշատեսակն ուտում գյուղում, իսկ մյուսը՝ քաղաքում, արդեն իսկ ծանոթանում ես այդ երկրի մշակույթին: Մյուս կողմից, ուտելիքի շուրջ ավելի շուտ ես կապվում երկրին, իսկ ուրիշների հետ սեղան նստելիս շատ արագ մտերմանում ես, որովհետեւ ուտելիքը մտերմացնում եւ միավորում է»:

Մասնագետները գաստրոտուրիզմում առանձնացնում են երկու ուղղություն՝ քաղաքային եւ գյուղական, դրանք էլ իրենց հերթին բաժանվում են ավելի մանր ենթաճյուղերի:

Գաստրոտուրիզմի համար արդեն ավանդական եվրոպական եւ ամերիկյան քաղաքների կողքին այսօր պահանջված ուղղություններ են դարձել ասիական երկրները, մասնավորապես՝ Վիետնամը եւ Հնդկաստանը: Ավելին, Հայաստանի հետ միեւնույն տարածաշրջանում գտնվող Վրաստանը National Geographic ամսագրի կողմից բազմիցս հիշատակվել է որպես գաստրոզբոսաշրջիկների համար պահանջված կամ ուշադրության արժանի ուղղություն:

Աննա Մազմանյանը նշում է, որ զբոսաշրջության այս տեսակը առանձնահատուկ է նրանով, որ կախված չէ եղանակային պայմաններից, չունի սեզոնայնություն, հասանելի է ցանկացած սոցիալական շերտի, ցանկացած տարիքի, կրոնի կամ ազգության ներկայացուցչի համար. այլ կերպ ասած, ուտելիքն ամենահեշտ ու մատչելի ձեւն է՝ ներկայացնելու երկրի պատմությունը եւ մշակույթը:

Բլոգերից՝ գործարար

Լինելով ակտիվ գաստրոտուրիստ՝ Աննա Մազմանյանը դեռ 2010թ. սկսել է ճամփորդությունների մասին տպավորություններով կիսվել իր Food Adventures բլոգում:

«Այն ժամանակ երեխաներս փոքր էին: Եվ ես ուզում էի՝ ուրիշ մայրերն իմանան, որ ճիշտ կազմակերպելով ձեր ճանապարհորդությունը, նույնիսկ փոքր երեխա ունենալու դեպքում կարող եք շատ լավ ժամանակ անցկացնել՝ ե՛ւ դուք, ե՛ւ ձեր երեխաները»,- ասում է Աննան:

Ժամանակի ընթացքում կուտակված փորձը եւ երկար պրպտումները դրդել են ինքնուրույն մշակել գաստրոփաթեթներ՝ տարբեր ուղղություններով:

«Երբ սկսեցի ավելի հաճախ այցելել Հայաստան, անընդհատ մտածում էի՝ ինչու մենք չենք օգտագործում այն ռեսուրսները, որ ունենք: Եվ որոշեցի ինքս օգտագործել. մոտ մեկ տարի ծախսեցի, շրջեցի այն ռեստորաններով, հյուրանոցներով, որտեղ կցանկանայի բերել ընկերներիս կամ իմ բլոգն ընթերցողներին: Հետո կազմեցի ինչ-որ փաթեթներ, եւ շատ ակտիվ դա սկսեց զարգանալ»,- պատմում է մոսկվաբնակ գործարարը:

Այսօր Աննա Մազմանյանը համագործակցում է Հայաստանում գործող «Արեւաքար» տուրիստական ընկերության հետ, որն առաջարկում է բացառապես գաստրոտուրեր:

Խոհանոցային առանձնահատկություններ

«Այո՛, երկիրը փոքր է, բայց տարբեր մարզերում ունի շատ հետաքրքիր ու իրարից տարբերվող խոհանոց եւ ճիշտ շեշտադրելու դեպքում մենք կարող ենք ստանալ մեր երկրի գաստրոնոմիկ քարտեզը՝ դրանով մեծ հետաքրքրություն առաջացնելով օտարերկրացիների մոտ»,- վստահ է Աննա Մազմանյանը:
Photo: Ալեքսանդր Սլյադնեւ

Խոսելով Հայաստանի տարբեր շրջանների գաստրոնոմիկ տարբերությունների մասին՝ նա հատկապես առանձնացնում է Գյումրիի ուտեստները եւ դրանց անվանումները, ինչպես նաեւ Ալավերդու շրջանը, որտեղ տարածված են այծի միսը եւ պանիրը:

Չնայած այդ բազմազանությանը՝ այստեղի ռեստորաններում ճաշացանկը շատ միօրինակ է, իսկ տարածաշրջանին բնորոշ յուրահատուկ ուտեստները երբեմն ներկայացված են ձեւականորեն եւ պատվիրելիս հասանելի չեն լինում, որովհետեւ չկա պահանջարկ:

«Պահանջարկը խորովածն է, լավաշը կամ գաթան: Մինչդեռ հենց տուրիստական կազմակերպությունները իրենք պետք է փոխեն այդ պահանջարկը, իրենք պետք է ձեւավորեն մենյուները՝ ճիշտ տպավորություն թողնելու համար»,- կարծում է Աննա Մազմանյանը:

Պոտենցիալ գաստրոտուրիստները

Ուսումնասիրելով միջազգային փորձը եւ հայաստանյան առանձնահատկությունները՝ գործընկերները եկել են այն եզրակացության, որ շեշտը պետք է դնել Ռուսաստանի վրա, ինչը համեմատաբար ավելի հեշտ է, քանի որ չկա լեզվի խնդիր: Բացի այդ, հայկական խոհանոցը կարող է գրավիչ լինել Ասիայի, ինչպես նաեւ BRICS երկրների համար, որոնք, ըստ միջազգային վիճակագրության, համարվում են ամենաշատ ճամփորդող զբոսաշրջիկները:

Մյուս կողմից, անչափ կարեւոր է զարգացնել ներքին տուրիզմը, քանի որ «եթե չկա ներքին տուրիզմ, չի կարող լինել արտաքին»:

«Եթե քո երկրի քաղաքացին չունի հնարավորություն գոնե տարին մեկ անգամ հանգստանալ իր երկրում գտնվող հյուրանոցում, ուրեմն այստեղ ինչ-որ բան սխալ է»,- կարծում է Աննան:

Այնուամենայնիվ, ցանկացած տուր կազմակերպելիս պետք է հստակ իմանալ՝ որ երկրի զբոսաշրջիկի համար է այն կազմակերպվում, քանի որ «նույն փաթեթը չի կարելի վաճառել եւ՛ չինացուն, եւ՛ ռուսին»:

Լավագույն PR-ը ճիշտ տպավորությունն է

Աննա Մազմանյանը կարծում է, որ ժամանակակից աշխարհում լավագույն PR-ը ճիշտ տպավորությունն է, որն արտացոլվում է սոցցանցերում եւ ինտերնետային տարբեր հարթակներում:

«Աշխարհում շատ բան արդեն փոխվել է. մարդիկ էլ չեն գնում տուրիստական ցուցահանդեսների, չեն դիմում տուրգործակալություններին, այլ այդ ինֆորմացիան ստանում են սոցցանցերից ու իրենց ընկերներից: Հատկապես որ կա Booking, Trip Adviser: Հետեւաբար, ամեն ինչ պետք է գրագետ արվի, իսկ դրա համար անհրաժեշտ են բարձր մակարդակի եւ մեծ փորձ ունեցող պրոֆեսիոնալներ»,- կարծում է Աննան:

Բացի այդ, նրա խոսքով՝ Հայաստանի եւ հայկական խոհանոցի մասին տեղեկություն կարող են փոխանցել նաեւ տարբեր քաղաքներում գործող հայկական ռեստորանները. վերջիններիս վրա հատկապես մեծ պատասխանատվություն է դրված, որովհետեւ նրանց մոտ մտնող տեղացին արդեն կարծիք է կազմում Հայաստանի եւ հայկական խոհանոցի մասին, եւ կախված դրանից՝ որոշում է այցելել Հայաստան կամ չայցելել:

Դժվարություն եւ պատասխանատվություն

Խոսելով գաստրոտուրիզմի հայաստանյան դաշտում մրցակցության բացակայության մասին՝ Աննա Մազմանյանն առանձնացնում է երկու կետ՝ դժվարություն եւ պատասխանատվություն:

«Լինել առաջինը, իհարկե, բավականին դժվար է, որովհետեւ դու անում ես ամեն ինչ: Դու բացում ես պատմությունը, դու հանում ես պատմական բաղադրատոմսերը, գտնում ես խոհարարին, որ կարող է այդ բաղադրատոմսը պատրաստել, պատրաստում ես էքսկուրսավարին... »,- ասում է Աննան:
Photo: Ալեքսանդր Սլյադնեւ

Միեւնույն ժամանակ, նրա խոսքով՝ դա ունի իր առավելությունը. կառուցել զրոյից եւ դնել գրագետ հիմք եւ ոչ թե հետագայում ուղղել սխալները:

«Պետք է հասկանալ, որ գաստրոտուրիզմը միայն եկեղեցի տեսնելուց հետո ուտելը չէ. գաստրոտուրիզմը միջոց է երկրի պատմությունը եւ ավանդույթները փոխանցելու համար: Հետեւաբար, անհրաժեշտություն կա ճիշտ մշակել այդ ինֆորմացիան եւ ճիշտ մատուցել»,- ասում է նա:

Սխալվելու իրավունք չունենք

Գաստրոտուրիզմի, եւ ընդհանուր առմամբ, տուրիզմի զարգացման համար, Աննա Մազմանյանի կարծիքով, գլխավոր նախապայմանը պետության, մասնավոր սեկտորի եւ հասարակության, տարբեր ասպարեզների մասնագետների միավորումն է: Ընդ որում, պետք է սկսել ամենատարրական բաներից, օրինակ, աղբահանությունից:

«Ես ուզում եմ դիմել մեր մարզպետներին, քաղաքապետներին ու գյուղապետներին. երբ որ դուք հյուր եք հրավիրում ձեր տուն, դուք տունը չե՞ք հավաքում: Նույնը պետք է անել ձեր մարզերում, գյուղերում ու քաղաքներում»,- իր վրդովմունքն է հայտնում Աննան՝ հավելելով, որ գաստրոտուրիզմը հատկապես անհամատեղելի է սննդի կետերի մոտ կուտակված աղբի հետ:

«Նման տարրական բաներում մենք սխալվելու իրավունք չունենք: Մենք չունենք ֆանտաստիկ PR արված տեղեր, որպեսզի մտածենք՝ դե Փարիզն ենք, ոնց էլ չլինի, տարեկան 50 մլն մարդ կգա: Ո՛չ»,- հավելում է գործարարը:

Աննան հավատացած է, որ եթե լինի այդ համախմբումը, եթե մարդիկ փորձեն միմյանց օգնել բարտերային սկզբունքով կամ ֆինանսապես, մարդկային ռեսուրսներով կամ կապերով, 10 տարի հետո Հայաստանը ֆանտաստիկ արդյունք է ունենալու:

«Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ արագընթաց գնացքը մեր առջեւով անցնում է, ու մեր խնդիրը դարձել է վազելով հասնել գնացքի գոնե վերջին վագոնի վերջին նստարաններին»,- եզրափակում է Աննա Մազմանյանը:

Վիկտորյա Անդրեասյան

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  4744
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա