Գարեգին Գեւորգյան. Մրցակցությունից շահելու է հաճախորդը

27.12.2016 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Թվային տեխնոլոգիաների ակտիվ կիրառությունը մտնում է նաեւ հայաստանցիների կենցաղ. այսօր քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն վարկ ստանալ բջջային հավելվածի միջոցով` «Սեֆ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ՄոբիԴրամ ընկերության համագործակցության շնորհիվ:     

Նոր պրոդուկտի գործարկման կապակցությամբ Banks.am-ը զրուցել է «Սեֆ Ինտերնեյշնլ» ընկերության գործադիր տնօրեն Գարեգին Գեւորգյանի հետ:

- Պրն Գեւորգյան, ի՞նչը դրդեց  «Սեֆ Ինտերնեյշնլ»-ին վարկավորման ծառայությունները տեղափոխել նաեւ թվային հարթակ:

- Առցանց վարկավորման գործարկման դրդապատճառը մեկն է. մենք մշտապես հետաքրքրված ենք հաճախորդների համար առավել հարմարավետ ծառայությունների ներդրմամբ: Տեսնելով ՄոբիԴրամի առաջարկած տարբերակներն ու հասկանալով մեր հնարավորությունները` որոշեցինք գնալ այս քայլին: Ըստ էության, ստացվեց շատ հարմար գործիք, որը բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց հաճախորդների շրջանում:

Կարծում եմ՝ վարկառուները պատրաստ են օգտվելու մեր ծառայություններից նաեւ թվային հարթակում. հայ հաճախորդն առաջադեմ է եւ արագ է կողմնորոշվում որոշումներ կայացնելիս:

- Առցանց միկրովարկավորման ծառայությունը գործում է արդեն շուրջ երկու ամիս: Ի՞նչ արդյունքներ ենք արձանագրել այս ընթացքում, եւ արդյոք արդարացե՞լ են Ձեր սպասումները:

- Նախապես որեւէ նպատակ չենք դրել այս երկու ամիսների համար: Մեր առաջնային խնդիրն է եղել փորձարկել հարթակը, հասկանալ՝ այն իսկապես հարմարավետ է, որքանով է մեզ հաջողվում կառավարել գործընթացն ու արդյունավետ համագործակցել ՄոբիԴրամի հետ. կարծես թե երեք հարցին էլ դրական պատասխան ենք ստացել:

Այսօրվա դրությամբ ունենք շուրջ 310 հաճախորդ, շրջանառությունը բավական ակտիվ է: Իհարկե, ունենք նաեւ վարկի տրամադրման մերժումներ, բայց սա եւս կարեւոր է եւ ցույց է տալիս, որ գործիքն իսկապես աշխատում է: Չենք ուզում ստեղծել մի իրավիճակ, երբ հաճախորդները կստանան միկրովարկ եւ չեն կարողանա մարել այն: Ընդհակառակը, մեր նպատակն է, որ հաճախորդը, վարկ վերցնելու պահին դեռեւս չունենալով վարկային պատմություն, ստեղծի այն եւ հետագայում ստանա հասանելիություն ավելի մեծ վարկային գործիքների` ավելի երկարաժամկետ նպատակների հասնելու համար:

Պրոդուկտը բավական ռիսկային է «Սեֆ»-ի համար: Հարմարավետությունը ստեղծում է հեշտության ակնկալիք վարկառուների մոտ. նրանց կարող է թվալ` եթե վարկը հեշտությամբ են ստացել, ապա վերադարձնելն այդքան էլ կարեւոր չէ: Իրականում այս առումով առցանց վարկը ստանդարտ վարկային գործիք է, որի վերաբերյալ բոլոր տվյալներն ուղարկվում են ԱՔՌԱ վարկային բյուրո:

Այդուհանդերձ, ընդունելով եւ գնահատելով առկա բոլոր ռիսկերը, համարում ենք, որ սա դեռեւս փորձ է, որից դրական ակնկալիքներ ունենք:

Նախատեսում ենք հետագայում մեծացնել միկրովարկի գումարային սահմանաչափը, ավելացնել ժամկետներն ու աշխատել հաճախորդների ավելի լայն շրջանակի հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում ՄոբիԴրամի հետ «Սեֆ Ինտերնեյշնլ»-ի համագործակցության ներկայիս մակարդակը եւ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

- ՄոբիԴրամն առցանց միջավայրում մեր առանցքային գործընկերն է: Լինելով խոշոր ընկերության` ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստրը, միաժամանակ բավական ճկուն կազմակերպություն է՝ նորարարական, հետաքրքիր գաղափարներով:

Կարծում եմ` մեր այս համագործակցությունը երկարաժամկետ կլինի, իսկ մոտ ապագայում բոլոր առցանց գործիքները կգործարկվեն հենց ՄոբիԴրամի հետ համատեղ: Հետագայում չենք բացառում համագործակցությունն այլ հարթակներում եւ ձեւաչափերով:

- Վերջին տարիներին ՀՀ ֆինանսական համակարգում վարկավորման, այդ թվում՝ միկրովարկերի ոլորտում նկատվում է բավական սուր մրցակցություն: Ինչպե՞ս է «Սեֆ Ինտերնեյշնլ»-ին հաջողվում դիմակայել շուկայի պայքարին:

- Լավ հաճախորդ գտնելն այսօր խնդիր է բոլոր կազմակերպությունների համար` հաշվի առնելով վերջին երկու տարվա ոչ բավարար տնտեսական ակտիվությունը: «Սեֆ»-ի վերաբերմունքը մրցակիցների հանդեպ շատ պարզ է. մենք լավ մրցակիցներին սիրում ենք. մրցակցությունը սթափեցնում է, ստիպում ուշադիր հետեւել շուկայի զարգացումներին:

Վերջին տարիների մեր հաջողության հիմքում ընկած է հաճախորդների նկատմամբ վերաբերմունքը: Անընդհատ աշխատանքներ ենք տանում լրացուցիչ ծառայություններ մատուցելու, հարմարավետությունն ու արագությունը բարձրացնելու ուղղությամբ: Հետեւելով այս սկզբունքներին` կարողացել ենք որոշակի դիրք ձեռք բերել շուկայում՝ չնայած այն բավական դինամիկ է, եւ դիրքերը փոփոխվում են շատ արագ:

Սա մրցավազք է, եւ մենք շարունակելու ենք վազել, իսկ արդյունքում շահելու է մեր հաճախորդը:

- Էներգախնայող վարկավորումը ՀՀ ֆինանսական համակարգի վերջին միտումներից է: Ի՞նչ քայլեր եք իրականացնում այս ուղղությամբ:

- Էներգախնայող վարկավորումն ու վերականգնվող էներգետիկան միշտ եղել են «Սեֆ»-ի ուշադրության կենտրոնում: Առաջին իսկ հնարավորության դեպքում սկսել ենք զբաղվել այս ոլորտի վարկավորմամբ:

Դեռեւս 2014-ից իրականացնում ենք էներգաարդյունավետ ապրանքների ապառիկ ձեռքբերման վարկավորում` Վերակառուցման եւ զարգացման բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցության շրջանակում: Վարկավորման երկրորդ փուլը սկսել ենք սեպտեմբերից: Վարկերը տրամադրում ենք բավական ձեռնտու պայմաններով եւ 10% կանխիկի հետվերադարձի (cashback) հնարավորությամբ:

«Սեֆ Ինտերնեյշնլ»-ը 2016թ. հուլիսից հաջողությամբ իրականացնում է արեւային տաքացուցիչների եւ ֆոտովոլտայիկ հարթակների ներդրման վարկավորում, իսկ համակարգերը հիմնականում տեղադրվում են մեր տեղական գործընկերների՝ «Արփի Սոլար» եւ «Շտիգեն» ընկերությունների կողմից: Վարկերը տրամադրվում են KIVA.org հանրադրամային (crowdfunding) հարթակի միջոցով:

Ֆոտովոլտայիկ հարթակների ներդրման ֆինանսավորումը դեռեւս դժվար է «առաջ գնում», քանի որ համեմատաբար թանկ է, սակայն արդեն հասնում ենք սահմանային մի կետի, որտեղից այն սկսում է տնտեսապես ձեռնտու լինել:

Էներգախնայող վարկերն այսօր կազմում են մեր ընդհանուր պորտֆելի շուրջ 5%-ը, իսկ դինամիկան տատանողական է: Նախատեսում ենք ավելացնել դրա տեսակարար կշիռը, առաջիկայում դիտարկում ենք ավելի խոշոր նախագծերի իրականացումն ու աշխատանքն արդյունաբերական էներգախնայողության դաշտում:

- Վարկատու ընկերություններն իրենց հաճախորդների շրջանում սկսել են թիրախավորել երիտասարդությանը: Ի՞նչ պրոդուկտներ եք առաջարկում հասարակության այս հատվածին:

- «Սեֆ Ինտերնեյշնլ»-ը վարկավորման հետաքրքիր առաջարկներ ունի նաեւ հաճախորդների երիտասարդ հատվածի համար: Վերջերս նախաձեռնել ենք կրթական վարկերի տրամադրումը, որն իրականացվում է առանց պետական հովանավորչության եւ սուբսիդիաների, սակայն պետական ծրագրերից ոչ պակաս գրավիչ պայմաններով:

Սա բացառիկ վարկատեսակ է, որը թույլ է տալիս օգտվել նաեւ ոչ ֆորմալ կրթության, օրինակ՝ անգլերեն կամ ծրագրավորման լեզու սովորելու կամ որեւէ կրթական կազմակերպությունում վերապատրաստվելու հնարավորությունից:

Ուսանողական վարկերը դրամային են, տրամադրվում են տարեկան 12% տոկոսադրույքով, մինչեւ 8 տարի ժամկետով, որից ուսման տարիների ընթացքում` միայն տոկոսադրույքների վճարմամբ: Այս պրոդուկտը եւս տրամադրվում է KIVA.org հանրադրամային (crowdfunding) հարթակի միջոցով: Վարկավորման գործընթացն իրականացվում է արագ, գումարը միանգամից փոխանցվում է կրթական հաստատությանը:

Երիտասարդներին հարմար մյուս պրոդուկտը, ինչպես նշեցի, առցանց վարկերն են: Դրանք հնարավորություն են տալիս երիտասարդներին միկրովարկ ստանալու միջոցով ձեւավորել վարկային պատմություն եւ հետագայում օգտվել ֆինանսական հատվածի առաջարկների ամբողջ սպեկտրից:

- Դուք ներկայացրիք «Սեֆ»-ի տարբեր վարկային պրոդուկտները: Իսկ ո՞րն է ընկերության գործունեության հիմնական ուղղությունը:
 
- Մեր վարկավորման առանցքային ուղղությունը գյուղվարկավորումն է: Մենք, լինելով չափերով 40-րդ կազմակերպությունն ամբողջ ֆինանսական համակարգում, գյուղատնտեսական վարկառուների քանակով զբաղեցնում ենք երրորդ տեղը:

Մենք կենտրոնացել ենք գյուղատնտեսության ֆինանսավորման գործում եւ մտադրություն չունենք դուրս գալու այս հատվածից: Վերջին երկու տարիներին արձանագրել ենք գյուղվարկավորման պորտֆելի նվազում, սակայն հույս ունենք վերականգնել դիրքերը գալիք տարիներին:

Ինչ վերաբերում է ոլորտի ռիսկայնությանը, ապա այստեղ հիմնական ռիսկը ոչ այնքան ապահովագրության բացակայությունն է, որքան տեխնոլոգիաների չկիրառումն ու ժողովրդագրական խնդիրները: Պետք է նաեւ գիտակցել, որ արդյունավետ գյուղատնտեսությունը ենթադրում է ինդուստրիալացում եւ խոշորացում:

Ինչ վերաբերում է ապահովագրության բացակայությանը, ապա, ըստ իս, ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է չեզոքացնել այս ռիսկը:

- Տարին մոտենում է ավարտին: Ինչպիսի՞ն էր 2016-ը «Սեֆ Ինտերնեյշնլ»-ի համար, եւ ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել գալիք տարում:

- 2016-ը դժվար տարի էր ինչպես «Սեֆ»-ի, այնպես էլ ամբողջ ֆինանսական համակարգի համար: Արձանագրել ենք վարկային պորտֆելի եւ հաճախորդների քանակի անկում 2%-ով: Ունեցել ենք պորտֆելի որակի վատացում ` 0,5%-ից մինչեւ 2%, ինչը, սակայն, շարունակում է մնալ համակարգում լավագույն ցուցանիշներից մեկը:

Մեզ հաջողվել է կառավարել իրավիճակն ու պորտֆելի նվազման պայմաններում անգամ ունենալ սոլիդ արդյունք թե՛ որակի, թե՛ եկամտաբերության ուղղությամբ:

2017թ. նայում ենք լավատեսորեն, համոզված ենք, որ այն լինելու է աշխատանքի տարի եւ, միաժամանակ, բերելու է հետաքրքրիր արդյունքներ «Սեֆ»-ի եւ ՀՀ ընդհանուր տնտեսության համար:

Չենք դադարելու նորարական մոտեցումների կիրառումը, շարունակելու ենք փորձարկումներ կատարել եւ անելու ենք հնարավորը` հաճախորդների կարիքները բավարարելու եւ առավել հարմարավետ միջավայր ստեղծելու համար:

Գարեգին Գեւորգյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 13458
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai