«Գնված ապրանքը հետ է ընդունվում»

06.12.2016 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2016թ. հուլիսի 7-ից ուժի մեջ են մտել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով կարգավորվում են գնված ապրանքը հետ վերադարձնելու վեճերը: Կատարված փոփոխությունների շուրջ Banks.am-ը զրուցել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, որը նախկինում բազմիցս հանդես էր եկել նման առաջարկով:

Օրենքը՝ նախքան փոփոխությունը

Նախքան հուլիսի 7-ը «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածը վերնագրված էր «Պատշաճ որակի ապրանքը փոխարինելու սպառողի իրավունքը»: Դրանում ասվում էր, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում «փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով..., եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ, բացառությամբ կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների»:

Banks.am-ի հետ զրույցում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նույն հոդվածի երկրորդ կետով որոշակիորեն սահմանվում էր նաեւ ապրանքի վերադարձ, սակայն դրանում ձեւակերպումը հստակ չէր, եւ երբեմն շահարկումների տեղիք էր տալիս:
 
Մասնավորապես, դրանում ասվում էր, որ եթե սպառողի՝ վաճառողին դիմելու օրը նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի «իր ընտրությամբ լուծել առուվաճառքի պայմանագիրը եւ պահանջել հետ վերադարձնելու նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով` վաճառքում համապատասխան ապրանքի առաջին իսկ ստացման դեպքում»:

«Նախկինում շատերը փորձում էին այս կետը յուրովի մեկնաբանել, եւ ավելին ասեմ, այն, իսկապես, այնպես էր գրված, որ մեկնաբանելու անհրաժեշտություն կար: Չնայած ասում են՝ օրենքը պետք է մեկնաբանել բառացի, բայց սա այնպես էր գրված, որ բառացի մեկնաբանելն էլ անգամ շատ բարդ էր»,- ասում է Պիպոյանը:

Փոփոխությունից  հետո

Օրենքում կատարված փոփոխությունից հետո 23-րդ հոդվածը վերնագրվել է «Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքը». դրանում արդեն հստակ սահմանվում է որոշակի կանոնների պահպանման դեպքում ոչ պարենային ապրանքների վերադարձի հնարավորությունը:

Մասնավորապես, սպառողն այսուհետ իրավունք ունի 14 օրվա ընթացքում «վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձեւի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ»:

Ընդ որում, ապրանքի փոխարինումը կամ վերադարձը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն «չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաեւ սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, եւ առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ»:

Նշված կանոնները գործում են նաեւ Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող ցանկացած արտասահմանյան ընկերության համար: Նման ընկերությունները սեփական օրենքները կարող են թելադրել միայն այն դեպքում, եթե դրանք ավելի մարդակենտրոն են, քան Հայաստանում սահմանված օրենքը, օրինակ, եթե վերադարձի համար ավելի երկար ժամկետ են սահմանում:

«Որեւէ ընկերություն չի կարող գալ եւ ասել, որ ես ունեմ իմ խաղի կանոնները, ու դրանք հետեւյալն են: Այդ «հետեւյալը» չպետք է հակասության մեջ լինի մեր օրենքների հետ: Բայց եթե իրենք ասում են՝ երկու ամսվա ընթացքում եմ հետ ընդունում, որեւէ հակասության մասին խոսք չկա»,- պարզաբանում է Բաբկեն Պիպոյանը:  

Վերադարձի ենթակա չեն...

Այնուամենայնիվ, գոյություն ունեն որոշակի ապրանքներ, որոնց վերադարձն օրենքով սահմանված չէ: Դրանց թվում են, մասնավորապես, սննդամթերքը եւ դեղորայքը, այնպիսի ապրանքները, որոնք տեղափոխման ընթացքում կարող են փոխել իրենց որակական հատկանիշները, ինչպես նաեւ թերթերը, ամսագրերը, գրքերը կամ տպագիր նյութերը: Բացի այդ, ապրանքը չի կարող հետ վերադարձվել, եթե դրա պատրաստումը եւ մատակարարումը իրականացվել են անհատական պատվերով՝ գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, աճուրդում կամ բորսայում կնքված պայմանագրերի առկայության դեպքում եւ մի շարք այլ դեպքերում:
 
Վերադարձի ենթակա չեն նաեւ ցուցահանդես-տոնավաճառներից ձեռք բերված ապրանքները: Այս առումով օրենքում հստակ նշում չկա, սակայն այստեղ գործում է անհատական պատվերի մոդելը:

«Օրինակ, եթե վաղը լինի մեկ շաբաթով հնդկական ցուցահանդես, սա միանշանակ չի կարող այս օրենքի մեջ տեղավորվել, որովհետեւ 14 օր հետո այդ մարդիկ պարզապես այստեղ չեն լինի: Բացի այդ, այստեղ անհատական աշխատանքներ են, եւ գործում է անհատական պատվերների մոդելը»,- մեկնաբանում է փորձագետը:

Վերադարձի չենթարկվող ապրանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության կողմից 2002թ. ընդունված որոշմամբ: Բաբկեն Պիպոյանը նշում է, որ այս պահին աշխատանքներ են տարվում նաեւ այդ ցանկում փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, եւ օրերի ընթացքում այն արդեն կարող է վերջնական տեսքի բերվել:

Ում դիմել

Բաբկեն Պիպոյանը ցավով փաստում է, որ այս պահին Հայաստանում չկա որեւէ պետական կառույց, որին կարող են սպառողները դիմել իրենց իրավունքների վերականգնման համար: Նախկինում նման գործառույթ էր իրականացնում էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկման պետական տեսչությունը, սակայն այժմ նրան այդ գործառույթը տրված չէ:

Փոխարենը, Պիպոյանը նշում է, որ իրենք «մաքսիմալ հետեւողական» են լինելու՝ դատարանում պաշտպանելու սպառողների իրավունքները:

«Սա եւս լավագույն լուծումը չէ. պետք է ստեղծել պետական որեւէ կառույց, որին սպառողը կարողանա դիմել, եւ այն արբիտրաժի նման որոշում կայացնի: Դրանից հետո տնտեսվարողը կամ նույն սպառողը թող ինքը որոշի՝ այս ատյանից հետո դատարան դիմել, թե՝ ոչ»,- ասում է նա:  

Նման կառույցի բացակայության պայմաններում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն պատրաստ է ինքնուրույն գնահատել՝ սպառողի իրավունքը ոտնահարվա՞ծ է, թե՞ ոչ, եւ դրական եզրակացության դեպքում՝մշակել մեխանիզմ, որով սպառողը կկարողանա անգամ անձամբ դատարան չմտնելուվ՝ վերականգնել իր իրավունքները:  

Բաբկեն Պիպոյանը նշում է, որ սպառողներին իրենց իրավունքների մասին տեղեկացնելու համար ակտիվ աշխատանքներ են տարվում սոցցանցերում, ԶԼՄ-ներում եւ հեռուստատեսությամբ:

Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, փորձագետը հույս է հայտնում, որ ժամանակի ընթացքում նրանք ստիպված կլինեն հաշտվել իրավիճակի հետ, քանի որ որքան էլ «ամենազոր լինեն, սպառողի վրայով անցնել չի կարելի»:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 30632
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai