Բիոպլաստիկ՝ կարտոֆիլից. երկրորդ կյանք սննդի մնացորդներին

15.11.2016 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Շրջակա միջավայրի աղտոտման՝ գնալով ահագնացող տեմպերի ֆոնին ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, գերխնդիր է դառնում պլաստիկից ազատվելու եւ էկոլոգիապես մաքուր արտադրանքի անցնելու հարցը:

Թե ինչպես ստացվեց, որ Արմթաբեր եւ Արմֆոններ արտադրող ընկերությունում սկսեցին բիոպլաստիկ արտադրել, եւ թե ինչ հեռանկարներ ունի այդ արտադրությունը, Banks.am-ը փորձել է պարզել՝ այցելելով Technology and Science Dynamics (TSD) ընկերություն:

Բիոպլաստիկ. համաշխարհային միտումներ

Ի տարբերություն նավթից կամ գազից ստացվող պլաստիկի՝ բիոպլաստիկն էկոլոգիապես մաքուր է եւ արտադրվում է վերականգնվող աղբյուրներից:

European Bioplastics կազմակերպության իրականացրած շուկայի հետազոտության համաձայն՝ այսօր էկոլոգիապես մաքուր պլաստիկը կազմում է աշխարհում տարեկան արտադրվող շուրջ 300 մլն տոննա պլաստիկի միայն 1 տոկոսը: Սակայն այս միտումը գնալով փոխվում է. մասնագետները կանխատեսում են, որ եթե 2014թ. բիոպլաստիկի համաշխարհային արտադրության ծավալները կազմում էին 1.7 մլն տոննա, ապա 2019թ. արդեն այդ ցուցանիշը կկազմի 7.8 մլն: Ընդ որում, բիոպլաստիկի արտադրության ամենամեծ հանգույցը կդառնա Ասիան, որտեղ կարտադրվի էկոլոգիապես մաքուր պլաստիկի 80 տոկոսը:

TSD-ի կենսաբանները

Քչերը թերեւս գիտեն, որ այդքան հայտնի Արմֆոններ ու Արմթաբեր արտադրող Technology and Science Dynamics (TSD) ընկերությունում գործում է «Մերգելյան ակումբ»-ը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ գիտնականներին  առաջարկել աամենաանսպասելի նորարարական գաղափարները եւ կյանքի կոչել դրանք:

««Մերգելյան ակումբ»-ի ստեղծման նպատակը նորարարական գաղափարների վերհանումն էր ցանկացած ասպարեզում: Մեր խնդիրներից մեկն էլ այն էր, որ ունենանք կրթություն-գիտություն-բիզնես եռանկյունու ամուր կապ: Մենք ուզում էինք, որ գիտության արտադրանքը հնարավորություն ունենա առեւտրայնացվել եւ կիրառականություն ստանալ»,- ասում է TSD ընկերության փոխտնօրեն Լեւոն Գալստյանը:

Հենց ակումբի հանդիպումների ժամանակ էլ առաջարկվել է կարտոֆիլից բիոպլաստիկ ստանալու գաղափարը: Ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը միացել է TSD մեծ թիմին եւ սկսել աշխատանքը:

«Խոհանոցային» լաբորատորիա. փորձեր

Ծրագրի նախնական ֆինանսավորումն իր ուսերին է վերցրել TSD ընկերությունը: Շուկայագետների, տնտեսագետների նախնական հետազոտություններից հետո 4 կենսաբաններից բաղկացած խումբը՝ ծրագրի համակարգող Աննա Գեւորգյանի գլխավորությամբ, անցել է գործի:

«Այդ ֆինանսավորմամբ կարողացանք գնել որոշակի սարքավորումներ եւ հենց այստեղ՝ խոհանոցում, հիմնեցինք տնային լաբորատորիա, գնեցինք առաջին անհրաժեշտության իրերը եւ սկսեցինք առաջին փորձերը»,- պատմում է Աննան:

Անհրաժեշտ հումքի (կեղեւներ, սննդում օգտագործման համար ոչ պիտանի հատվածներ) «մատակարարման» շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել երեւանյան մի շարք ռեստորանների ու սրճարանների հետ:

«Դրանք մեր կենսաբանները համապատասխան մշակման են ենթարկում, ավելացնում են ուրիշ նյութեր, որոնք բոլորն օրգանական ծագման են, եւ արդյունքում մեզ մոտ ստացվում է 100-տոկոսանոց օրգանական ծագման բիոպլաստիկ»,- պատմում է նախագծի ղեկավարը:


Լուսանկարը՝ TSD

Ինչո՞ւ կարտոֆիլ

Աննա Գեւորգանը նշում է, որ ամբողջ աշխարհում բիոպլաստիկ ստանում են հիմնականում օսլայից, իսկ Հարավային Ամերիկայում՝ անգամ ջրիմուռներից:  

«Մենք էլ Հայաստանում ավելի շատ հարուստ ենք կարտոֆիլով, դրա համար որոշեցինք հենց կարտոֆիլով փորձել»,- կատակում է նա՝ հավելելով, որ նախապես ուսումնասիրել են բիոպլաստիկի կազմության մեջ մտնող նյութերը եւ եկել այն եզրահանգման, որ ամենաօպտիմալ տարբերակը հենց կարտոֆիլն է:

Պլաստիկ՝ 100 տոկոսով բիո

Մի քանի ամսվա համառ աշխատանքից, անհաջող փորձերից ու հիասթափություններից հետո առաջին արդյունքներն արդեն պատրաստ էին. թափանցիկ, կարմիր կամ կանաչ գունավորում, տարբեր խտություն ունեցող բիոպլաստիկ, որը կարող է ստանալ ամենաբազմազան կիրառությունը՝ սկսած փաթեթավորումից մինչեւ տոպրակներ:

«100 տոկոսով բնական է, ես այն կերել եմ»,- ասում է Աննան՝ պատմելով, թե ինչպես է պրեզենտացիաներից մեկի ժամանակ ժյուրիի զարմացած հայացքների ներքո կերել իրենց արտադրանքը: Օրինակը համոզիչ է եղել, այնքան, որ նրան միացել է ճապոնացի հյուրերից մեկը:

Թեսթերի արդյունքում պարզվել է, որ երիտասարդ գիտնականների արտադրած բիոպլաստիկը 31 օրում քայքայվում է հողում եւ անգամ ջրում, եւ ոչ միայն չի վնասում շրջակա միջավայրը, այլեւ կարող է ծառայել որպես պարարտանյութ:

Փակ շղթա. երկրորդ կյանք՝ ոչ պիտանի կարտոֆիլին

Աննա Գեւորգյանը նշում է, որ իրենց նախագիծը նպատակ ուներ նաեւ որոշակի սոցիալական ազդեցություն ունենալ: Նա հիշեցնում է, աշխարհում սննդի պաշարների կրճատմանը զուգահեռ՝ տարեցտարի աճում է բնակչության թիվը: Ուստի, իրենք ցանկանում էին ցույց տալ, որ փչացած կամ ոչ լավ վիճակում գտնվող մթերքը դեն նետելու փոխարեն պարզապես կարելի է այն վերամշակել եւ ստանալ այլ արտադրանք:

«Կարտոֆիլից բիոպլաստիկ արտադրելով՝ մենք կարծես երկրորդ կյանք ենք տալիս կարտոֆիլի մնացորդներին, անգամ փչացած կարտոֆիլներին»,- ասում է նա:

Ավելին, նույնիսկ անհաջող փորձերի կամ արդեն պատրաստի բիոպլաստիկի պատռվելու դեպքում դրանք հնարավոր է վերամշակել 3-րդ, 4-րդ անգամ եւ ստանալ նույն հատկանիշներով արտադրանք:

«Ստացվում է գրեթե փակ շղթա, իհարկե, ընթացքում նյութի կորուստ լինում է, բայց, այնուամենայնիվ, դրանք կարող են անվերջ վերամշակվել»,- ասում է երիտասարդ գիտնականը:

«Տոպրակ պետք չէ»

Աշխարհի տենդենցներին զուգընթաց՝ Հայաստանում վերջին շրջանում հաճախակի են դարձել պլաստիկից հրաժարվելու շուրջ խոսակցությունները: Օրինակ, բոլորովին վերջերս սկսվեց «Տոպրակ պետք չէ» ակցիան, որին հաջորդեցին որոշ խանութներում տոպրակները վճարովի դարձնելու քայլերը:

Հիշեցնելով այս զարգացումները՝ Աննա Գեւորգյանը նշում է, որ իրենց ստարտափն ավելի շուտ նպատակ ունի սոցիալական խնդիր լուծել: Նա փաստում է, որ տարբեր կանխատեսումների համաձայն՝ 5 տարի հետո աշխարհում սպառողների 65-75 տոկոսը կնախընտրի հենց էկո արտադրանք:

«Մենք էլ մեր կողմից փորձում ենք, որքան կարող ենք, Հայաստանում քաղաքացիների գիտակցությունը բարձրացնել էկո մշակույթ վարելու վերաբերյալ»,- ասում է նա՝ համոզմունք հայտնելով, որ համաշխարհային տենդենցներից հետ չեն մնա  նաեւ մեր երկրում:

Ինքնարժեք

Չնայած շարունակական աշխատանքներին՝ այս պահին բիոպլաստիկը զանգվածային արտադրություն չունի, ուստի ընկերությունում դժվարանում են նշել, թե որքան կկազմի դրա ինքնարժեքը՝ քիմիական պլաստիկի համեմատությամբ:

Աննա Գեւորգյանը համոզված է, որ զանգվածային արտադրության դեպքում կներդրվեն համապատասխան սարքավորումներ, ինչը կնպաստի ինքնարժեքի նվազմանը, մյուս կողմից՝ բնակչության մոտ կբարձրանա բիո պրոդուկտ օգտագործելու գիտակցությունը:

«Ես, իհարկե, հասկանում եմ, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը նույնպես պետք է հաշվի առնել: Սակայն ճիշտ շուկայական թիրախավորման դեպքում, չեմ կարծում, որ ռիսկը շատ մեծ կլինի: Միշտ էլ այն ապրանքը, որն ունենում է կոնկրետ թիրախավորված հաճախորդ, կարող է իրացվել, իսկ ես կարծում եմ, որ մենք կկարողանանք գտնել ճիշտ թիրախավորված հաճախորդ»,- վստահ է նա:

Անդրադառնալով ինքնարժեքին՝ Լեւոն Գալստյանն էլ նշում է, որ այդ հարցը պետք է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, եւ որպես հաջող օրինակ նշում է արեւային ջրատաքացուցիչների արտադրության փորձը Հայաստանում:

«Հաշվի առնելով համաշխարհային տենդենցները եւ ռեսուրսները՝ մենք փորձում ենք առաջարկել տեխնոլոգիա, որը ժամանակի ընթացքում կփոփոխվի, կսկսի ավելի լայն կիրառություն ստանալ. այսօր կարտոֆիլի մնացորդներն են, վաղը կարող է խնձորը լինել,- ասում է նա: -Առաջին փուլում կարող է դժվար լինել, սակայն մենք բերում ենք մի բան, որի շուրջ ուրիշներն էլ միգուցե կսկսեն մտածել եւ կգտնեն, օրինակ, այլ բնական նյութ, որն ավելի էժան կլինի»:

Արտադրական հնարավորություններ

Այս պահին բիոպլաստիկի արտադրությունը գտնվում է փորձարարական եւ թեստավորման փուլում, իսկ զանգվածային արտադրության անցնելու համար տարվում են հետազոտություններ եւ բանակցություններ:

Ընկերության հանրային կապերի մասնագետ Ալբերտ Բադալյանը նշում է, որ լայնածավալ արտադրության անցնելու համար կատարվում են ուսումնասիրություններ ու հաշվարկներ, որոնց համար տեւական ժամանակ է պետք: Հենց այդ հետազոտությունների արդյունքում էլ կպարզվի՝ ինչ ուղղությամբ պետք է զարգացնել ստարտափը եւ ինչ ծավալներով:

«Բոլոր պարագաներում անհրաժեշտ է ներդրում,- ասում է Լեւոն Գալստյանը: -Մենք ցանկանում ենք, որպեսզի որպես ստարտափ՝ սա տեսնեն նաեւ ուրիշները եւ գուցե՝ միանան, ինչ-որ ներդրումներ անեն: Առաջին փուլի ֆինանսավորումը TSD-ն ապահովել է, սակայն մյուս փուլում արդեն անհրաժեշտ են ներդրումներ»:

Լեւոն Գալստյանն ընդգծում է՝ գաղափարն ինքնին բացառիկ է. աշխարհում քիչ երկրներ կան, որոնք նման խնդիրների են անդրադառնում, եւ իրենց նպատակը նաեւ դա էր՝ ցույց տալ, որ Հայաստանում էլ նման մտավոր ներուժ կա:

«Մենք սկիզբը դրել ենք ու պատրաստ ենք համագործակցելու, լսելու գործընկերներին: Կոչ ենք անում նաեւ՝ մեզ միանան այն մարդիկ, որոնք կիսում են այս գաղափարները»,- ասում է ընկերության փոխտնօրենը:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 10342
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai