Գեւորգ Խաչատրյան. ՀՀ-ում արտահանման ֆինանսավորման ոլորտի առաջատարն ենք

12.10.2016 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Գարնանը Արմսվիսբանկը համագործակցության հուշագիր էր կնքել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» (ՀԱԱԳ) հետ, որի նպատակն էր վերջինիս թողարկած ապահովագրական վկայագրերով ֆինանսավորել ՀՀ արտահանողներին:

Այս առիթով Banks.am-ը զրուցել է Արմսվիսբանկի Գործադիր տնօրենի տեղակալ - Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրեն Գեւորգ Խաչատրյանի հետ:

- Պրն Խաչատրյան, ի՞նչ գործառույթների շուրջ է կառուցվել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» հետ Արմսվիսբանկի համագործակցությունը:

- ՀԱԱԳ-ի հետ սկսել ենք համագործակցել դեռեւս 2014-ից, որի շրջանակում արդեն իրականացրել ենք շուրջ 1 մլրդ դրամի ֆինանսավորում: Ճիշտ է, համագործակցության հուշագիրը կնքվել է 2016թ., սակայն 2014-ից մեր թիմն ակտիվորեն համագործակցել է ՀԱԱԳ-ի թիմի հետ` հետարտահանման ֆինանսավորման, ինչպես նաեւ ավելի ուշ ներդրված նախաարտահանման պրոդուկտի մշակման եւ գործարկման ուղղությամբ:

Արմսվիսբանկն առաջինն է հանդես եկել որպես ՀԱԱԳ-ի գործընկեր բանկ՝ 2016թ. կնքելով համագործակցության հուշագիր:
   
Ինչպես նշեցի, բանկը ՀԱԱԳ-ի հետ ֆինանսավորման շրջանակում իրականացնում է ե՛ւ հետարտահանման, ե՛ւ նախաարտահանման ֆինանսավորում:

Հետարտահանման ֆինանսավորման դեպքում ֆինանսավորվում է հաճախորդների կողմից արդեն իսկ արտահանված ապրանքների եւ/կամ ծառայությունների արդյունքում առաջացած դեբիտորական պարտքը: Ինչ վերաբերում է նախաարտահանման ֆինանսավորմանը, ապա այս դեպքում ֆինանսավորվում է գնորդի հետ կնքված արտահանման պայմանագրի կատարման նպատակով շրջանառու միջոցների ձեռքբերումը (այդ թվում՝ հումք, նյութեր) եւ/կամ որոշակի ծախսերի կատարումը (փաթեթավորման, տրանսպորտային եւ այլն):

ՀԱԱԳ-ի տրամադրած ապահովագրական վկայագրով հաճախորդներին  հնարավորություն է ընձեռնվում ֆինանսավորում ստանալ գործարքի հիմնականում մինչեւ 80%-ի չափով` առանց անշարժ գույքի գրավադրման: Տվյալ դեպքում որպես ապահովություն դիտարկվում է արտահանողի եւ ներմուծողի միջեւ կնքված պայմանագիրը եւ ՀԱԱԳ-ի կողմից թողարկված վկայագիրը՝ նշված պայմանագրի շրջանակում գնորդի կողմից չվճարման ռիսկի ծածկման գծով:  
 
- Ո՞րն է արտահանման ֆինանսավորման գործիքի առավելությունն ավանդական բանկային վարկավորման նկատմամբ:

- Այս պրոդուկտը հարմար է երկու տեսանկյունից. նախ, այն չի պահանջում անշարժ գույքի գրավադրում, եւ երկրորդ` տրամադրվում է բավականին մատչելի տոկոսադրույքով՝ որոշ ապրանքատեսակների արտահանման դեպքում մասամբ սուբսիդավորվելով նաեւ պետության կողմից:

Ֆինանսավորումը տրամադրվում է դրամով, դոլարով եւ եվրոյով, 1-2 տարի ժամկետով` կախված տվյալ արտադրանքի արտահանման ցիկլի տեւողությունից: Ինչ վերաբերում է ֆինանսավորման տարեկան տոկոսադրույքին, ապա եվրոյով եւ դոլարով տրամադրվելու դեպքում այն տատանվում է 6,5-9% տարեկան տոկոսադրույքի, իսկ դրամով տրամադրվելու դեպքում՝ 13-16% սահմաններում:
 
Ինչպես նշեցի, որոշ ապրանքատեսակների արտահանման դեպքում գործում է նաեւ պետության կողմից տրամադրվող սուբսիդավորում՝ ֆինանսավորման տարեկան տոկոսադրույքի 3-6 տոկոսային կետի չափով: Արդյունքում, այս պրոդուկտը շատ ավելի մատչելի եւ գրավիչ է դառնում հաճախորդների համար:

- Իսկ ի՞նչ մեխանիզմով է իրականացվում արտահանման ֆինանսավորման գործընթացը, ի՞նչ ցուցանիշներ եք արդեն արձանագրել:

- Գործընթացը տեղի է ունենում հետեւյալ կերպ. նախ, ուսումնասիրում ենք արտահանողին, ծանոթանում նրա արտադրական եւ տեխնոլոգիական հնարավորություններին, ապրանքի որակին: Ելնելով ՀԱԱԳ-ի կողմից գնորդի համար սահմանված սահմանաչափից՝ բանկն արտահանողի համար հաստատում է սահմանաչափ: Իսկ ֆինանսավորման տեսակը, այն է՝ նախաարտահանման կամ հետարտահանման ֆինանսավորում, որոշվում է հաճախորդի հետ համատեղ քննարկման արդյունքում: Գործընթացը տեւում է 1-2 շաբաթ՝ կախված ընտրված պրոդուկտի տեսակից:

Սահմանաչափը հաստատելուց հետո փաստացի ֆինանսավորումն իրականացվում է 1 օրվա ընթացքում՝ արտահանողի կողմից պահանջված փաստաթղթերը ներկայացնելուն պես: Արտահանման ֆինանսավորման առանձնահատկությունն այն է, որ տրամադրվում է վերականգնվող վարկային գծի սկզբունքով:

Այս պահի դրությամբ Արմսվիսբանկի արտահանման ֆինանսավորման պորտֆելը կազմում է շուրջ 300 մլն դրամ, որի շրջանակում մեկ տարվա ընթացքում (վերականգնվող վարկային գծի սկզբունքով) ընդհանուր առմամբ իրականացրել ենք մոտ 1 մլրդ դրամի ֆինանսավորում:

Նախաարտահանման եւ հետարտահանման ֆինանսավորման պրոդուկտներից օգտվում են հիմնականում սննդի վերամշակման, գինու, կոնյակի արտադրության ոլորտների ընկերությունները:

Համաձայն մեր տեղեկությունների՝ Արմսվիսբանկն ամենաակտիվն է այս սեգմենտում: Չնայած կան համագործակցող այլ բանկեր, սակայն  թե´ տեխնոլոգիական եւ թե´ մասնագետների որակի առումով, կարծում եմ, Արմսվիսբանկն առաջատարն է:

- Արտահանման ֆինանսավորման գործարքի ո՞ր կողմն է ծածկում չվճարման ռիսկերը: Եղե՞լ են արդյոք գնորդի կողմից անվճարունակության դեպքեր:

- Տվյալ դեպքում գնորդի չվճարման ռիսկը ծածկվում է ՀԱԱԳ-ի կողմից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ արտահանողը չի կատարում պայմանագրով սահմանված իր պարտականությունները՝ կապված ապրանքի որակի, քանակի եւ արտահանման ժամկետների հետ: Նշված դեպքում գնորդի չվճարման ռիսկի պատասխանատուն հանդիսանում է արտահանողը:

Նորաստեղծ ընկերությունների առաջին գործարքները, որպես կանոն, ռիսկային են բանկի համար այն առումով, որ դեռեւս հայտնի չէ, թե որքանով է ընկերությունը կարողանում պահպանել մատակարարման պայմանագրի պայմանները: Մինչդեռ կայացած ընկերություններն արդեն ունեն իրենց շուկան ու մշտական գնորդները, եւ քիչ է հավանականությունը, որ նրանք չեն կատարի պայմանագրով սահմանված պարտականությունները:

Ինչ վերաբերում է ՀԱԱԳ-ի կողմից թողարկված վկայագրի շրջանակներում գնորդի կողմից չվճարման դեպքի արձանագրմանը, ապա ՀԱԱԳ-ի հետ համագործակցության շրջանակում այդպիսի դեպք դեռեւս չենք ունեցել:

Սակայն, նման դեպք արձանագրվել է Միջազգային ֆակտորինգային ասոցիացիայի (FCI) ներքո աշխատելիս, որի արդյունքում բանկի գործընկերոջ կողմից փոխհատուցվել է արտահանողին չվճարված գումարը:

 - Պրն Խաչատրյան, իսկ որքանո՞վ են հայ գործարարներն այսօր իրազեկված արտահանման  ֆինանսավորման պրոդուկտների մասին:

-Չնայած ՀԱԱԳ-ի հետ բանկը համագործակցում է 2014-ից, սակայն իր գործունեության սկզբից միշտ էլ առաջնահերթ է համարել առեւտրի ֆինանսավորման ուղղությունը: Այդ մասին է խոսում այն փաստը, որ 2008թ. բանկն առաջինը տարածաշրջանում անդամակցեց Միջազգային ֆակտորինգային ասոցիացիային (FCI):      

Երբ 2008թ. նոր էինք մտնում շուկա, առնչվել ենք մի շարք դժվարությունների, քանի որ, չնայած այն հանգամանքին, որ հաճախորդների հիմնական մասը լսել կամ պատկերացում ուներ առեւտրի ֆինանսավորման գործիքների, մասնավորապես` ֆակտորինգի, այնուամենայնիվ, վարանում էին դրանք կիրառել:

Իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով կազմակերպել ենք բազմաթիվ սեմինարներ, կոնֆերանսներ, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՀԱԱԳ-ի հետ համատեղ:  

- Խոսենք Ձեր բանկի կողմից տրամադրվող ավանդական գործիքների մասին՝ ուղղված առեւտրի ֆինանսավորմանը: Ակրեդիտիվ, երաշխիքներ եւ ինկասո՝ որքանո՞վ են դրանք պահանջված՝ հաշվի առնելով ՀՀ տնտեսության մեջ արտահանման փոքր մասնաբաժինը:

- Այս պահին Արմսվիսբանկն իր հաճախորդներին տրամադրում է առեւտրի ֆինանսավորման գրեթե բոլոր տեսակի գործիքները. միջազգային եւ տեղական ֆակտորինգ, ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասոներ:

Մենք թողարկում ենք նաեւ դիսկոնտավորվող ակրեդիտիվներ, որը թույլ է տալիս ֆինանսավորել մեր հաճախորդներին 3-4% տարեկան տոկոսադրույքով:

- Առեւտրի ֆինանսավորման շրջանակում ի՞նչ միջազգային կազմակերպությունների հետ եք համագործակցում:

- Առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում հիմնական գործընկերը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) է, որի հետ աշխատում ենք 2010-ից:

2014թ. սկսել ենք աշխատել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), ինչպես նաեւ մի շարք եվրոպական բանկերի հետ: Ինչպես արդեն նշեցի, 2008-ից անդամակցում ենք Միջազգային ֆակտորինգային ասոցիացիային (FCI), ինչը հնարավորություն է տալիս իրականացնել միջազգային ֆակտորինգային ծառայություններ աշխարհի շուրջ 90 երկրներում:
 
- Առեւտրի ֆինանսավորման ոլորտում ի՞նչ հեռանկարային ծրագրեր ունեք:

- Բանկի համար առեւտրի ֆինանսավորման ուղղության զարգացումը շարունակելու է համարվել որպես թիրախային` առավել մեծ ուշադրություն դարձնելով արտահանման ֆինանսավորմանը: Ըստ մեր գնահատականի` առեւտրի ֆինանսավորման մեր պորտֆելը ցուցաբերում է դրական միտում. պլանավորում ենք առնվազն 20% աճ:  

- Վերջին շրջանում կապիտալի համալրման հարցը բանկային համակարգի առավել զգայուն թեման է. մնացել են հաշված ամիսներ, երբ ուժի մեջ կմտնի բանկերի նորմատիվային կապիտալի նվազագույն չափը 30 մլրդ դրամի հասցնելու ԿԲ-ի որոշումը: Պատրա՞ստ է արդյոք Արմսվիսբանկն այս փոփոխությանը:

- Իհարկե: Արմսվիսբանկի սեփականատերերը, գիտակցելով իրենց պատասխանատվությունը բանկի հաճախորդների հանդեպ, դեռ այս տարվա մարտի 31-ին  համալրել են ընդհանուր նորմատիվային  կապիտալի մեծությունը՝ հասցնելով այն 31,4 մլրդ դրամի. այս մասին տեղեկացրել ենք մեր հաճախորդներին եւ գործընկերներին: Հոկտեմբերի 1-ի դրությամբ այս ցուցանիշն արդեն կազմում է 33,6 մլրդ դրամ:

Արմսվիսբանկի հաճախորդները կարող են իրենց գործնական ապագան վստահաբար կապել մեր բանկի հետ:

Գեւորգ Խաչատրյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 18964
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai