Հայաստանի «ամենահասանելի» բանկերը

25.07.2016 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանում, որտեղ հեռահար բանկային ծառայությունները դեռ լայն կիրառություն չեն գտել, բանկ-հաճախորդ շփման արդյունավետությունը հիմնականում որոշվում է մասնաճյուղերի եւ բանկոմատների քանակով ու տարածքային ընդգրկմամբ:

Banks.am-ը, ուսումնասիրելով ՀՀ բանկային համակարգի մասնաճյուղային եւ բանկոմատային ցանցը, փորձել է ներկայացնել հաճախորդներին «ամենահասանելի» բանկերը:

Մասնաճյուղային ցանց

Հայաստանի բանկային հատվածում ամենամեծ մասնաճյուղային ցանցն ունի ՎՏԲ-Հայաստան Բանկը: Այն ընդհանուր առմամբ ունի 67 մասնաճյուղ, որոնցից 24-ը՝ Երեւանում: Բանկն առաջատար է նաեւ ՀՀ մարզերում ունեցած իր մասնաճյուղային ցանցով (43):

Նրան հաջորդում է Արդշինբանկը՝ 58 մասնաճյուղերով, որոնցից 15-ը Երեւանում են, 36-ը՝ մարզերում, իսկ 7-ը՝ ԼՂՀ-ում:

Մասնաճյուղային ցանցով երրորդ տեղում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է: Բանկն ունի 57 մասնաճյուղ, այդ թվում՝ 16-ը՝ Երեւանում, եւ 41-ը՝ ՀՀ մարզերում:

Մասնաճյուղերի ցանցով առաջատարների թվում է նաեւ Արարատբանկը՝ իր 54 մասնաճյուղերով: Վերջինս մայրաքաղաքում ունեցած մասնաճյուղերի քանակով (29) զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում, մարզերում ունի 24, իսկ ԼՂՀ-ում՝ 1 մասնաճյուղ:

49 մասնաճյուղերով առաջատար բանկերի հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը: Այն 21-ական մասնաճյուղ ունի Երեւանում եւ ՀՀ մարզերում, եւ 7-ը՝ Արցախում:

ԼՂՀ-ում ունեցած մասնաճյուղային ցանցով առաջատարը Արցախբանկն է: Բանկն ունի 16 մասնաճյուղ Արցախում, եւ 7-ը՝ Երեւանում:

Ընդհանուր առմամբ, ՀՀ բանկային համակարգում առկա է 540 մասնաճյուղ՝ որոնցից 244-ը՝ Երեւանում, 260-ը՝ մարզերում եւ 36-ը՝ Արցախում:

Բանկոմատներ

ՀՀ բանկային համակարգում բանկոմատների ցանցով առաջատարը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է: Այն, ընդհանուր առմամբ, ունի 198 բանկոմատ, որից 103-ը՝ Երեւանում: Վերջինս առաջատարն է նաեւ մարզերում ունեցած բանկոմատային ցանցով (95)՝ պայմանավորված բանկի գյուղվարկավորման ուղղվածությամբ:

Հաջորդը ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ իր 155 բանկոմատներով, որոնցից 78-ը գործում են Երեւանում, եւ 77-ը՝ մարզերում:

Նշենք, որ բանկոմատների թվով առաջատար երկու բանկերը՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու ՎՏԲ-Հայաստան Բանկը, միավորել են իրենց բանկոմատային ցանցերը՝ դառնալով առավել հասանելի իրենց հաճախորդների համար:

Բանկոմատների թվով երրորդ տեղում Յունիբանկն է՝ 113 բանկոմատով. 75-ը՝ Երեւանում, 36-ը՝ մարզերում եւ 2-ը՝ Արցախում:

111 բանկոմատով չորրորդ տեղում է Կոնվերս Բանկը. 75-ը՝ Երեւանում, 34-ը՝ մարզերում եւ 2-ը՝ ԼՂՀ-ում, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Ամերիաբանկը՝ 110 բանկոմատով (88-ը՝ Երեւանում եւ 22-ը՝ մարզերում):

ԼՂՀ-ում բանկոմատների ամենամեծ ցանցը, ինչպես եւ ակնկալվում էր, Արցախբանկինն է: Այն ունի 46 բանկոմատ, որոնցից 39-ը գործում են Արցախում:

Ընդհանուր առմամբ, ՀՀ բանկային համակարգում առկա է 1 439 բանկոմատ, այդ թվում՝ 904-ը՝ Երեւանում, 476-ը՝ մարզերում եւ 59-ը՝ Արցախում:

Սեղմել նկարի վրա՝  աղյուսակը մեծացնելու համար


* Ինեկոբանկի եւ ՊրոԿրեդիտ Բանկի միացման գործընթացի ավարտի արդյունքում միավորվել են նաեւ բանկերի մասնաճյուղային ու բանկոմատային ցանցերը:

Աղյուսակի տվյալները ներկայացված են 18.07.16-ի դրությամբ: Ցուցանիշները Banks.am-ին տրամադրել են ՀՀ առեւտրային բանկերը:

Սիրանուշ Սիմոնյան

Դիտում՝ 22111
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai