Արա Չալաբյան. Երեւանում կանցկացվի ներքին աուդիտորների գլոբալ հավաք
29.06.2016 | 09:58
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հարցազրույցներ /

Լուսանկարը՝ Անձնական արխիվ

«Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» (ՆԱԻ-Հայաստան) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերին Երեւանում կանցկացվի ՆԱԻ-Հայաստան երկրորդ միջազգային կոնֆերանսը: Միջոցառման, ինչպես նաեւ կառույցի՝ գլոբալ զարգացումներում ներգրավվածության շուրջ զրուցել ենք ՆԱԻ-Հայաստանի նախագահ, ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանի հետ:
- Պրն Չալաբյան, ի՞նչ մանրամասներ կարող եք ներկայացնել կազմակերպվող կոնֆերանսի մասին, որքանո՞վ է այն լինելու ներկայացուցչական մասնակիցների առումով:
- ՆԱԻ-Հայաստանի առաքելությունն է խթանել ներքին աուդիտ մասնագիտության եւ կորպորատիվ կառավարման զարգացումը ՀՀ տարածքում: Այս նպատակով պարբերաբար կազմակերպում ենք միջոցառումներ տարբեր ոլորտների մասնագետների շփման եւ մտքերի փոխանակման համար:
Այս տարի ձեռնամուխ ենք եղել ՆԱԻ-Հայաստան երկրորդ միջազգային կոնֆերանսի կազմակերպմանը, որը կկայանա սեպտեմբերի 15-16 Երեւանում՝ «Խթանելով փոփոխություններ» խորագրով: Պատիվ ունենք հյուրընկալել հայտնի բանախոսների՝ Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի խորհրդի նախագահին, ՏՏ ոլորտի աուդիտորների միջազգային ասոցիացիայի Բարսելոնայի գրասենյակի ղեկավարին, ՎիվաՍել-ՄՏՍ գլխավոր տնօրենին, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալին:
Կոնֆերանսին կմասնակցեն մասնավոր, հանրային եւ ֆինանսական հատվածի ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Հոլանդիայից, Ռումինիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, ԱՄԷ-ից, որոնք կխոսեն մասնավոր եւ հանրային ոլորտներում բարեփոխումների իրենց փորձի մասին:
Կոնֆերանսի համար ստեղծել ենք առանձին կայք (conf2016.iia.am), որտեղ ներկայացված են ծրագիրը, բանախոսները, գրանցման պայմանները եւ այլն: Գրանցվել կարելի է առցանց, մինչեւ հունիսի 30-ը կգործեն վաղ գրանցման զեղչեր ինչպես անդամների, այնպես էլ անդամ չհանդիսացող մասնակիցների համար:
- Դուք ԿԲ գլխավոր վերստուգիչն եք եւ նախագահում եք ՆԱԻ-Հայաստան հասարակական կազմակերպությունը՝ ի՞նչ արդյունքներ եք գրանցել այս ընթացքում, որքանո՞վ է հանրային աշխատանքը ձեզ օգնում աշխատանքային պարտականությունները կատարելիս:
- ՆԱԻ-Հայաստանի կառավարումն իրականացվում է անդամներից ընտրված Խորհրդի կողմից՝ հանրային հիմունքներով: Ներկայիս կազմում ընդգրկված է 9 անդամ, որոնք ներկայացնում են 6 կազմակերպություն: Կենտրոնական բանկի ներկայացուցիչները առանցքային դեր են խաղացել Ինստիտուտի կայացման գործում եւ շարունակում են հանդիսանալ շարժիչ ուժը: Դա հնարավորություն է տալիս միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնել ինչպես ընդհանրապես ներքին աուդիտի եւ կառավարման մշակույթ զարգացնող, այնպես էլ առաջավոր մոտեցումներ կիրառող հանրային հաստատություն:
Համոզված եմ, որ Հանրային աշխատանքը թեեւ ժամանակատար է, սակայն թույլ է տալիս ընդլայնել առօրյա գործի ինչ-որ չափով նեղ շրջանակները, նոր գործընկերներ եւ կապեր ստեղծել եւ կուտակված փորձն ու գիտելիքը կիսվել հնարավորինս շատ համախոհների հետ: Նախորդ տարի նաեւ մեր ակտիվ աշխատանքի շնորհիվ Հայաստանում 97%-ով ավելացել է միջազգային որակավորում ունեցող ներքին աուդիտորների թիվը: Այս ամենը հնարավորություն է տալիս նաեւ հիմնական աշխատանքն ավելի բարձր մակարդակով իրականացնել, քանի որ տիրապետում ես համաշխարհային միտումներին:
Մեր փորձառությունը ցույց է տալիս, որ աշխարհն այսօր գլոբալ է եւ հասանելի նույնիսկ Հայաստանի պես փոքր եւ ինչ-որ չափով կտրված հետխորհրդային երկրի համար: Ներդնելով միտք եւ եռանդ՝ ընդամենը մի քանի տարվա ընթացքում մենք կարողացել ենք հասնել միջազգային ճանաչման եւ հավասարը հավասարի պես շփվել զարգացած երկրների մասնագետների հետ:
Վերջին մի քանի ամսում ես եւ իմ գործընկերներն առիթներ ենք ունեցել ելույթներ ունենալ Մոսկվայում, Բուդապեշտում, Կիեւում եւ Մինսկում: Բոլոր այս քաղաքներում ստացել ենք բազմաթիվ դրական արձագանքներ, ինչպես նաեւ փորձով կիսվելու առաջարկներ: Մասնավորապես, Ղրղըզստանի Կենտրոնական բանկը դիմել է մեզ իր ներքին աուդիտի գործառույթը գնահատելու խնդրանքով:
Մեզ ճանաչում են Հոլանդիայի, Գերմանայի եւ Եվրոպական կենտրոնական բանկերում, Արժույթի միջազգային հիմնադրամում որպես առաջավոր Ներքին աուդիտ ունեցող հաստատություն եւ օրինակ են բերում այլոց: Մենք ներգրավված ենք նաեւ ԱՄՆ-ում գործող Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի աշխատանքներում՝ ներկայացված լինելով կոմիտեներում եւ աշխատանքային խմբերում: Այս տարվա ապրիլին ստացել ենք հատուկ շնորհակալագիր Ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահի կողմից՝ Ինստիտուտի եւ ընդհանրապես ներքին աուդիտի մասնագիտության զարգացմանն ակտիվ աջակցելու համար:
Արա Չալաբյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Վերջին լուրեր
17.05.2025 | 00:05 Հոդվածներ
Coffee House-ի 10 տարվա ճանապարհը, սիրո բաղադրիչն ու անփոփոխ արժեքները
16.05.2025 | 20:00 Նորություններ
16.05.2025 | 16:23 Նորություններ
16.05.2025 | 15:54 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: