ՅՈՒՆԻՍԵՖ. Հայաստանում կարիքավոր է ամեն երկրորդ երեխան

01.06.2016 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը, կարիքի մեջ ապրող երեխաների թվի կրճատմանը նպաստելու նպատակով, իրականացրել է ուսումնասիրություն, որը թույլ է տալիս որոշել երեխաների բազմաչափ աղքատությունը՝ ինչպես զուտ նյութական, այնպես էլ այլ տարրական կարիքների տեսանկյունից:

Banks.am-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Սոցիալական եւ տնտեսական քաղաքականության հարցերով փորձագետ Դ. Լուչիա Ֆեռոնեի միջոցով ներկայացնում է երեխաների աղքատության պատկերը Հայաստանում նոր՝ Ազգային բազմակի եւ համընկնող խոցելիության (կարիքավորության) վերլուծության (N-MODA) մեթոդով:

Կարիքը չի չափվում փողով

Տարբեր ուսումնասիրություններում երեխաների աղքատությունը սովորաբար չափվում է նյութական ապահովվածության մակարդակով, ինչը թույլ չի տալիս լիովին բացահայտել երեւույթի խորությունը: Նյութական ռեսուրսների անհրաժեշտությունից բացի՝ երեխաներն ունեն տարրական այլ կարիքներ, որոնք բխում են նրանց հիմնական իրավունքներից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին ուսումնասիրությունը նյութական աղքատությանը զուգահեռ դիտարկում է կարիքավորության հետեւյալ չափիչները՝

- Սնուցում,
- Վաղ մանկական տարիքի կրթություն եւ խնամք,
- Կրթություն,
- Ժամանց,
- Սոցիալական փոխհարաբերություններ,
- Հագուստ,
- Տեղեկատվություն,
- Նյութական/կոմունալ պայմաններ,
- Կացարանային պայմաններ:

Սեղմել նկարի վրա՝  աղյուսակը մեծացնելու համար



ՅՈՒՆԻՍԵՖ-ի բնորոշմամբ՝ կարիքավոր է համարվում այն երեխան, որը զրկված է թվարկված առնվազն երկու պայմանից:

Վերլուծության այս մեթոդը նորարարական է եւ հիմնված է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վրա: Ընդ որում, երեխան այստեղ ընկալվում է որպես հիմնական թիրախ, այն դեպքում, երբ մյուս վերուծություններում դիտարկվում է ընտանիքի հարթությունում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս մոտեցումն օգնում է վեր հանել երեխաների առավել խոցելի հատվածը՝ կենտրոնացնելով հասարակության ուշադրությունը բարձր աստիճանի կարիքավորություն ունեցող խմբերի վրա՝ սահմանելով նրանց աշխարհագրական եւ սոցիալական պատկերը:

Հայաստանում ամեն երկրորդ երեխան կարիքավոր է

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության՝ եթե Հայաստանում նյութապես աղքատ է ամեն երրորդ երեխան, ապա բազմաչափ կարիքավոր է ամեն երկրորդը: Երեխաների մեծ մասն այստեղ զրկված է տարրական կոմունալ ծառայություններից (ոչ բավարար ջրամատակարարում եւ ջեռուցում), բնակարանային պայմաններից (գերբնակեցում, վատ պայմաններ) եւ ժամանցային հնարավորություններից (ժամանցի պարագաներ եւ խաղալու տարածք):

Միաժամանակ, երեք երեխաներից մեկը թե՛ աղքատ է, թե՛ կարիքավոր (28%): Սա երեխաների ամենախոցելի խավն է, որը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանա սոցիալական քաղաքականության տեսանկյունից:

Հայաստանում երեխաների շուրջ 36%-ը կարիքավոր է, բայց ոչ աղքատ: Այս երեխաները նյութապես քիչ թե շատ ապահովված են, սակայն զրկված են մի շարք հիմնական իրավունքներից: Աղքատության նյութական բնորոշումների հետեւանքով այս երեխաները զրկվում են կարիքավորներին ուղղված աջակցությունից:

Սեղմել նկարի վրա՝  գծապատկերը մեծացնելու համար



Հատկանշական է, որ Հայաստանում աղջիկ եւ տղա երեխաների միջեւ կարիքավորության եւ աղքատության առումով էական տարբերություն չի նկատվում, այսինքն՝ սեռային առումով տարբերակում չկա:

Ինչ վերաբերում է գյուղ-քաղաք հարաբերակցությանը, ապա այստեղ առկա է լուրջ խզում: Այսպես, գյուղաբնակ երեխաների շուրջ 82%-ը, ուսումնասիրության տվյալներով, կարիքավոր է, այն դեպքում, երբ քաղաքներում այդ ցուցանիշը կազմում է 53%: Ընդ որում, այս խզումն առավել ակնհայտ է կոմունալ պայմանների եւ տեղեկատվության հասանելիության ուղղություններով:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կարիքավորության վերացման եւ ֆինանսական աջակցության միջեւ կապը հեռու է գծային լինելուց: Այսինքն՝ միայն ֆինանսական ռեսուրսներ տրամադրելով՝ անհնար է լուծել երեխաների զրկվածության հարցը: Եթե ծայրահեղ աղքատության դեպքում փոքր ֆինանսական աջակցությունը կարող է էապես փոխել կարիքավորության պատկերը, ապա նյութական ապահովվածության աճին զուգընթաց՝ այս միտումը փոխվում է: Կան պահանջմունքներ, որոնք հնարավոր չէ գնել փողով, օրինակ՝ բռնություններից երեխաների ապահովվածությունը:

Բացի այդ, երեխաների կարիքների բավարարմանն ուղղված ֆինանսական աջակցությունն ու նպաստները միշտ չէ, որ հասնում են իրենց նպատակին. երեխաները չեն կարող տնօրինել ընտանիքի եկամուտները:

Սիրանուշ Սիմոնյան

Դիտում՝ 7741
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai