Գորգագործություն. հաճելի զբաղմունք, անշահավետ բիզնես

21.07.2015 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հոբբի, բայց ոչ ապագա

«Կուզեմ գործել իմանալ, բայց գորգագործուհի չդառնամ». 10-ամյա Միլենան գորգագործություն է սովորում «Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամում»: Վարժ մեկնաբանում է գորգի ու կարպետի տարբերությունը, ցույց տալիս իր իսկ գծած էսքիզը եւ ընկեր Աստղիկի հետ ընտրում իր կարպետի թելերը: Որ մեծանա՝ դիզայներ է դառնալու, դեմ չի լինի, եթե գորգեր գործեն իր գծած էսքիզներով:

«Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամում» գորգագործության խմբակը գործում է 2014թ. սեպտեմբերից: Խմբակում սովորում են 6-14 տարեկան աղջիկներ եւ տղաներ, էսքիզներն իրենք են գծում՝ համադրելով հայ գորգի ավանդույթներն իրենց պատկերացումների հետ:


Միլենան
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Խմբակի ղեկավար, արվեստաբան Աստղիկ Ամիրբեկյանը պատմում է, որ իրենց նպատակը գորգագործներ պատրաստելը չէ, այլ երեխաների շրջանում գորգագործության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը: Չնայած մեծ ոգեւորությանը՝ երեխաները, սակայն, չեն մտածում ապագայում գորգագործությամբ զբաղվել: Որպես բիզնես եկամտաբեր չէ գորգերի բարձր ինքնարժեքի պատճառով, որպես աշխատանք՝ ցածր է վարձատրվում:

«Վճարումը ճիշտ չէ, շատ ցածր են վճարում, աշխատանքի համեմատ գորգն էժան է գնահատվում»,- պատմում է հիմնադրամում աշխատող գորգագործուհի տիկին Կարինեն՝ հույս հայտնելով, որ եթե գորգագործների աշխատավարձը բարձր լինի, երիտասարդներն էլ կոգեւորվեն:

«Եթե բարձր վարձատրություն լինի, շատերը կվերադառնան իրենց նախկին աշխատանքին, շատերը կոգեւորվեն, էնքան մարդ կա, որ գործել գիտի, բայց չի աշխատում»,- ասում է նա:

Ի հեճուկս տիկին Կարինեի սպասումների՝ գորգագործի աշխատանք, թեկուզ ցածր աշխատավարձով, չի հանդիպում: Աշխատանքի տեղավորման գործակալություններում գորգագործի թափուր աշխատանքի վերաբերյալ Banks.am-ի հարցմանը բացասաբար են պատասխանում, առցանց կայքերում էլ դրան համապատասխան գտնվում է մեկ-երկու արդյունք:

Ոլորտի խաղացողները

1970-ականներին Հայաստանի գրեթե բոլոր մարզերում կային գորգագործությամբ զբաղվող արտադրամասեր, մինչդեռ այսօր դրանցից գրեթե ոչ մեկը լիարժեք չի գործում։ Հայկական գորգագործության ավանդույթներին քիչ թե շատ շունչ են հաղորդում ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող «Մեգերյան կարպետը» եւ «Թուֆենկյան թրանս կավկազուսը»։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը Banks.am-ի հետ զրույցում տեղեկացնում է, որ այսօր, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանում գրանցված է գորգագործությամբ զբաղվող 4 ընկերություն, կան նաեւ մի քանի փոքր տնայնագործական արտադրամասեր: Ամենախոշորները՝ «Թուֆենկյանը» եւ «Մեգերյանը», արտադրում են բացառապես ձեռագործ գորգեր, «Արմեն-Կարպետը»՝ եւ՛ ձեռագործ, եւ՛ մեքենայական: Սրանց կողքին առավել ցածր տեմպերով իր գոյությունն է պահպանում Իջեւանի նախկին գորգագործական կոմբինատը:

Արմեն Եգանյանը նշում է, որ վերջին ժամանակաշրջանում, մասնավորապես անցյալ տարվանից սկսած, գորգագործության ոլորտում շուրջ 20% աճ է գրանցվել, ինչը պայմանավորված է «Արմեն-Կարպետ»-ի առավել ակտիվ գործունեությամբ: Ընդ որում, մեքենայական արտադրության գորգերը՝ ուղեգորգեր, գորգածածկեր, սպառվում են մեծ մասամբ ներքին շուկայում, իսկ ձեռագործները, որոնք ավելի թանկ արժեն, հիմնականում արտահանվում են առավել վճարունակ շուկաներ՝ Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ:

«Կոնկրետ վիճակագրական տվյալներ չունենք՝ ըստ ընկերությունների քանի տոկոսն է արտահանվում, բայց ձեռագործ գորգերի մեջ արտահանման ծավալը մեծ է. կոնկրետ կարող եմ ընդհանուր գորգերի արտադրության մասով ասել. եթե ընդհանուր՝ եւ՛ մեքենայական, եւ՛ ձեռագործ գորգերի արտադրությունը 2014թ. եղել է շուրջ 160 մլն դրամի, դրանից արտահանվել է 16 մլն-ի արտադրանք, մոտ 10%-ը»,- ասում է էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետը։

Պետական աջակցություն

Հայկական գորգերն ամենուր են՝ Լիոնի եկեղեցուց մինչեւ Կոնգրեսի գրադարան, Վատիկանի կարդինալների սենյակներից մինչեւ ամերիկյան դեսպանատներ... Այսօր սակայն հայկական նախշերով շատ գորգեր երբեմն դիտվում են որպես «կովկասյան»:

Գորգեր ներմուծող երկրները նախընտրություն են տալիս թուրքական, հնդկական կամ չինական գորգերին, որոնք երբեմն զիջում են հայկականին որակական հատկանիշներով եւ գնային առումով: Ու թեեւ Հայաստանում ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները աշխատում են հենց արտաքին շուկայի համար, բայց դրանք «կորչում» են ընդհանուր վիճակագրության մեջ:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Վերջին տարիներին կառավարության եւ առանձին կազմակերպությունների կողմից որոշակի քայլեր են ձեռնարկվում գորգագործության զարգացումը խթանելու ուղղությամբ: Մասնավորապես, 2009թ. կառավարության որոշմամբ ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող ընկերություններն ազատվել են շահութահարկից եւ ավելացված արժեքի հարկից: Արմեն Եգանյանը նշում է, որ մեքենայական գորգերի զարգացման համար մենք «ունենք պոտենցիալ, բայց պետք է բիզնեսը ագրեսիվ աշխատանք տանի իր ապրանքը ներքին եւ արտաքին շուկայում ներկայացնելու առումով»:

Նա հիշեցնում է, որ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում թեթեւ արդյունաբերության ճյուղը համարվել է գերակա, եւ այն գործիքակազմը, որը նախատեսված է այդ ոլորտի համար, կիրառելի է նաեւ գորգագործության դեպքում:

«Այո՛, գորգագործությունը նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ գորգագործական ընկերությունները կարող են օգտվել այդ գործիքակազմից՝ ցուցահանդեսների մասնակցություն, հարկերի սուբսիդավորում, խորհրդատվություն եւ այլն»,- ասում է Արմեն Եգանյանը:

Ինչ վերաբերում է ձեռագործ գորգերին, ապա նրա խոսքով՝ դրանք ինչ-որ առումով նաեւ մշակույթի մաս են, հետեւաբար հաջող ներկայացնելու դեպքում, անգամ մրցակցության հիմնական կոմպոնենտները հաշվի չառնելով, հնարավոր է այդ արտադրանքը վաճառել ավելի լավ, քան նույն որակի առավել ցածր գնով արտադրանքը:

Գորգագործությունը՝ գերակա ուղղություն

Գորգագործության բիզնեսի խթանմանը զուգընթաց՝ վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվում նաեւ հայկական գորգի՝ որպես արվեստի կարեւորագույն ճյուղի ներկայացման ուղղությամբ: ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 18-ի որոշմամբ գորգարվեստի հանրահռչակումը ընդունվել է ՀՀ կառավարության գործունեության մշակութային քաղաքականության գերակա ուղղություն:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Պատմական գիտությունների թեկնածու ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը ոլորտի զարգացման նպատակով առաջարկում է հիմնել գիտահետազոտական կենտրոն, որտեղ ամենօրյա պատասխանատու աշխատանք կտարվի գիտնականների եւ հետազոտողների կողմից:

«Դա, իհարկե, մի վայրկյանում չի լինում, որովհետեւ մյուսներն էլ քնած չեն, որովհետեւ մյուսներն էլ 150 տարի այդ գործն անում են, իսկ մենք համեմատաբար նոր ենք»,- եզրափակում է Աշխունջ Պողոսյանը։

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 12543
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai