EY Apricot Party. Հայկական ծիրանի միավորող ուժը

06.07.2015 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Արդեն երրորդ տարին անընդմեջ աուդիտորական, հարկային, գործարքների ուղեկցման եւ խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկայում առաջատար EY ընկերությունն (Ernst and Young) իր «Apricot Party» («Ծիրանի տոն») ամառային հավաք-միջոցառումն է անցկացնում Հայաստանում: Ընկերության մի քանի տասնյակ հայազգի աշխատակիցներ եւ հյուրեր այցելում են հայաստանյան գեղատեսիլ վայրեր՝ համատեղելով հաճելի հանգիստն ու օգտակար շփումները:

Այս տարի Հայաստանում ընկերության EY երեւանյան գրասենյակի հրավերով հունիսի 26-28-ը կրկին հավաքվել էին թվով մոտ քառասուն հյուրեր: Նրանք, մասնավորապես այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ճանապարհորդեցին դեպի Տաթեւի վանք, Նորավանք եւ այլուր: Ծրագրի մասնակիցները ծանոթացել են ոչ միայն Հայաստանի պատմությանը, մշակույթին, այլեւ մեր երկրում բիզնեսի հնարավորություններին, որոնց հաջող իրականացմանը կարող են նպաստել հենց իրենք` EY-ի աշխատակիցները:

Ինչպես Մեդիամաքսին պատմել է EY երեւանյան գրասենյակի անձնակազմի կառավարման գծով խորհրդատվության բաժնի ղեկավար Եկատերինա Մամաեւան, այս երեք տարիների ընթացքում «Ծիրանի տոնին» մասնակցել են հիսունից ավելի հյուրեր Ռուսաստանից,Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լիբանանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից, Կատարից եւ ԱՄԷ-ից:


Լուսանկարը՝ Ernst and Young

«Ամեն տարի փորձում ենք էլ ավելի հետաքրքիր դարձնել մեր միջոցառումը, որպեսզի մասնակիցների համար ծրագրի կրկնություն չլինի: Նրանցից շատերը ցանկություն են հայտնում մյուս տարի եւս մասնակցել հավաքին՝ իրենց հետ արդեն բերելով ընտանիքի անդամներին, ընկերներին»,- նշել է Եկատերինա Մամաեւան:  

Հետաքրքրական է, որ Հայաստանում նման միջոցառում կազմակերպելու գաղափարն առաջ է եկել շատ պատահական եւ այն էլ մարդկանց մոտ, որոնք ազգությամբ հայ չեն:

Ինչպես պատմում է EY երեւանյան գրասենյակի ղեկավար Էրիկ Հայրապետյանը, մի քանի տարի առաջ EY ընկերության գլոբալ գործադիր հանձնաժողովի անդամ եւ հարկային խորհրդատվական ծառայությունների գծով համաշխարհային պրակտիկայի փոխնախագահ Ջեյ Նիբբեն եւ EY ընկերության ԱՊՀ տարածաշրջանի նախկին գործընկեր կառավարիչ Կարլ Յոհանսոնը, ովքեր իրենց համարում են Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամներ, Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում անցկացրած երեկոներից մեկի ժամանակ առաջարկեցին ընկերության հայ աշխատակիցներին համախմբել Հայաստանում:   

«Որպես գլոբալ ընկերություն՝ EY-ը խրախուսում է ընկերության ներսում աշխատակիցների միջեւ շփումների ու կապերի զարգացումը: Հենց այս տրամաբանությամբ էլ առաջ եկավ «Ծիրանի տոնի» գաղափարը, որը մեծ ջերմությամբ ընդունվեց ընկերության հայազգի աշխատակիցների կողմից: Հասկանալի էր, որ մենք չենք կարող միջոցառմանը հրավիրել հայկական ծագում ունեցող ընկերության բոլոր աշխատակիցներին, ուստի որոշվեց այն կազմակերպել նախեւառաջ ընկերության բարձրաստիճան մենեջմենթի համար»,- նշել է Էրիկ Հայրապետյանը:


Լուսանկարը՝ Ernst and Young

«Նրանց գործատու ընկերությունը նախաձեռնում է միջոցառում, որը համախմբում է ազգությամբ հայերին եւ հայերի ընկերներին`հնարավորություն ստեղծելով շփվել եւ ծանոթանալ երկրին: Սա բացառիկ հնարավորություն էր նրանց համար: Կարծում եմ՝ այս նախաձեռնության ամենամեծ հաջողությունն այն է, որ այն նպաստում է հայերի հոգեւոր հայրենադարձությանը: Այն օգնում է հաջողության հասած հայերին, ովքեր ապրում եւ աշխատում են արտերկրում, մի քանի օրով գալ Հայաստան՝ վերագտնելով կապը իրենց հայրենի հողի հետ: Նրանք գալիս են, լավ ժամանակ անցկացնում Հայաստանում, կիսվում իրենց գաղափարներով, նոր նախաձեռնություններ մշակում, կապեր ստեղծում: Սա յուրատեսակ հայրենադարձություն է»,- նշում է ընկերության երեւանյան գրասենյակի ղեկավարը:  

Նրա խոսքերով, տարեցտարի «Ծիրանի տոն»-ը նոր թափ է հավաքում: Միջոցառման մասնակիցներից շատերը հաջորդ տարի Հայաստան են այցելում արդեն իրենց ընտանիքի անդամների եւ ընկերների ուղեկցությամբ:  

EY ԱՊՀ տարածաշրջանի գործարքների ուղեկցման խորհրդատվության բաժնի գնահատման ծառայությունների ղեկավար Հակոբ Սարգսյանի համար, ով շուրջ 35 տարի Մոսկվայում է բնակվում, Apricot Party միջոցառումը Հայաստանի հանդեպ հայերի սերն ու նվիրումը հավաստող վկայություններից մեկն է: Նա տվյալ նախաձեռնության իրականացման աջակիցներից  եւ միջոցառման հաջող անցկացման երաշխավորներից մեկն է:  

EY ընկերության գլոբալ գործադիր հանձնաժողովի անդամ եւ հարկային խորհրդատվական ծառայությունների գծով համաշխարհային պրակտիկայի փոխնախագահ Ջեյ Նիբբեն, իր հերթին նպաստել է Կարլ Յոհանսոնի գաղափարի զարգացմանը, նշելով, որ պետք է մի այնպիսի բան կազմակերպել, որ մյուսներն էլ գան եւ իրենց աչքերով տեսնեն Հայաստանը: «Այդ ամբողջ ընթացքում մենք կատակում էինք, որ աշխարհում գոյություն ունեցող ամեն լավ բան հայկական է: Սեղանին դրված էր ծիրանով լի ափսե, ու մենք բոլորս նայեցինք ու հասկացանք, որ մեր հավաքի համար ավելի լավ անուն, քան Apricot Party, չենք գտնի»,-շարունակելով «Ծիրանի տոնի» գաղափարի առաջացման պատմությունը` պատմում է Հակոբ Սարգսյանը, ով նշում է, որ հայ ժողովրդին անհրաժեշտ է ունենալ որքան հնարավոր է մեծ թվով օտարազգի բարեկամներ:

Ջեյ Նիբբեն վերջին 6 տարիների ընթացքում արդեն հինգերորդ անգամ այցելում է Հայաստան: Նրա խոսքերով, Հայաստան մեծ սիրով է գալիս, իրեն համարում է հայերի ընկերն ու բարեկամը: Պատմում է, որ ամեն տարի Հայաստանում տնտեսության եւ բիզնեսի ակտիվացման նշաններ է տեսնում:


Լուսանկարը՝ Ernst and Young

«Կարծում եմ՝ Հայաստանն այն քիչ երկրներից է, որն ունենալով այսքան փոքր տարածք, այնքան բազմազան է աշխարհագրական, կլիմայական տեսանկյունից: Այս երկիրը բացահայտելն ինձ համար իրական հաճույք է: Ի՞նչ կտանեմ ինձ հետ Հայաստանից: Մեկ ճամպրուկ ծիրան (ժպտում է): Իսկ եթե լուրջ, ապա ինձ շատ դուր է գալիս մարդկանց անկեղծությունը, նրանց սերը եւ հպարտության զգացումը սեփական երկրի մշակույթի, պատմության, ժառանգության հանդեպ: Դու դա զգում ես, երբ այստեղ ես: Մեզանից շատերը, ովքեր այստեղ են գալիս այս միջոցառման համար, տեսնում են, թե ինչպես հայերը, ովքեր ապրում են աշխարհի տարբեր անկյուններում, եւս հպարտ են իրենց հայկական ինքնությամբ: Այս զգացողություններ են ամեն անգամ տանում ինձ հետ Հայաստանից», - պատմում է Ջեյ Նիբբեն: Նա կարծում է, որ Apricot Party միջոցառմանը մասնակցող EY ընկերության յուրաքանչյուր աշխատակից իր այցով նպաստում է Հայաստանի միջազգային համբավին:

EY ԱՊՀ տարածաշրջանի գործընկեր կառավարիչ եւ ղեկավար կոմիտեի նախագահ Ջո Ուատտը Apricot Party միջոցառմանը մասնակցում է առաջին անգամ: Պատմում է, որ շատ էր լսել Հայաստանի եւ հայերի մասին, եւ այն մասին, որ Հայաստանում են պատրաստում աշխարհում ամենահամեղ կոնյակը, որ ամենահամեղ ծիրանը հայկականն է:

«Գործընկերներիս կողմից այս ամենը լսելով՝ որոշեցի ինքս գալ եւ համոզվել: Apricot Party միջոցառումը այս ցանկությունս իրականացնելու լավ առիթ էր: Ինձ անկեղծ շատ դուր է գալիս տեսնել, թե ինչպես են դրսում ապրող հայերը վերաբերվում Հայաստանին եւ միմյանց, ինչպես են փորձում միասին աշխատել՝ գտնվելով անգամ Հայաստանից հեռու: Այս օրերի ընթացքում ես նոր բաներ սովորեցի եւ շատ լավ ժամանակ անցկացրեցի: Անցած գիշեր երեկույթի ժամանակ ես բաժակ բարձրացրի եւ ասացի, որ երբ գնում ես Հայաստանի գյուղեր, լեռներ, դու իհարկե չես տեսնում բրենդային բաներ, որոնք տեսնում ես աշխարհի շատ վայրերում: Ամեն ինչ շատ կուսական է, եւ հենց դրանում է Հայաստանյան անկյունների գրավչությունը եւ բացառիկությունը: Ես հույս ունեմ, որ այդ կուսական գեղեցկությունը նույն կերպ կպահպանվի: Դա է հենց պատճառներից մեկը, որի համար մարդիկ գալիս են եւ կգան Հայաստան»,- ասում է Ջո Ուատտը: Նա ասում է, որ հատկապես տպավորված է հայերի ջերմությամբ եւ միմյանց հանդեպ անկեղծ վերաբերմունքով:

«Հայերը կարողանում են միավորել մարդկանց լավ երաժշտության, խմիչքի, պարզ, բայց որակյալ ուտելիքի շուրջ: Ինձ հետ կտանեմ դրական էներգիայի եւ միջավայրի հուշերը: Մեկ էլ այն, որ ես նույնիսկ պատկերացում չունեի, որ թե որքան կանաչ է Հայաստանը», - խոստովանում է նա:

EY Նյու-Յորք գրասենյակի ֆինանսական ընկերություններին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում խորհրդատվական ծառայությունների բաժնի հիմնադիր Էմմա Առաքելյանը հպարտությամբ է խոսում իր հայկական արմատների մասին: Երեւանում ծնված եւ կրթություն ստացած հայուհին պատմում է, որ հենց Հայաստանում ստացած որակյալ կրթության շնորհիվ կարողացավ հաջողակ կարիերա կառուցել EY ընկերությունում:


Լուսանկարը՝ Ernst and Young

«Երբ առաջին անգամ ստացա Apricot Party-ի հրավերը, մտքում ասացի՝ սա մի ծրագիր է, որը մեծ թվով մարդկանց կհամախմբի: Այդպես էլ եղավ: Արդեն երկրորդ տարին է, ինչ գալիս եմ Հայաստան՝ ոչ միայն կարոտս առնելու, այլեւ հասկանալու` թե ինչ կարող ենք անել Հայաստանի համար: Մենք՝ որպես ազգ տաղանդ ու ստեղծագործ ուժ ունենք: Մենք բազմաթիվ հայտնագործություններ ենք տվել աշխարհին եւ պետք է շարունակենք այդ ճանապարհով առաջ ընթանալ՝ չդադարելով հայ մնալ: Իմ փորձից կարող եմ ասել, որ կապ չունի, թե որտեղ ես բնակվում, աշխատում: Եթե նպատակ ունես, եթե քո սրտում հայ ես մնում, դու կարող ես բերել քո նպաստը քո երկրին, քո հասարակությանը, քո մոլորակին»,- ասում է Էմմա Առաքելյանը:

Նրա կարծիքով, պետք է գտնել ուղիներ, որոնք կօգնեն հայ երիտասարդներին գտնել իրենց ճիշտ ուղին:

«Հենց սա է մեր ընկերության կարգախոսը՝ կառուցել բարեկեցիկ աշխարհ: Եվ ահա մենք այստեղ ենք՝ այդ նպատակով, առաքելությամբ: Այս օրերի ընթացքում բազմաթիվ գաղափարներ ենք քննարկել, թե ինչպես կարող ենք օգտակար լինել հայ երիտասարդներին: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր երկիրը, իսկ դա անելու համար կարեւոր չէ, թե որտեղ ես գտնվում: Կարեւոր է, թե որն է քո նպատակը»,- ասում է նա:

Հակոբ Սարգսյանը գալիս է լրացնելու Էմմայի միտքը:

«Յուրաքանչյուրս պետք է մեզ հարցնենք՝ ի՞նչ մենք կարող ենք անել Հայաստանի համար: Կարծում եմ` ամենակարեւորն այն է, որ օգնենք հայ երիտասարդության հաղթահարելու հոռետեսական տրամադրությունը: Պետք է օգնել մարդկանց վերջնականապես ձերբազատվել Հայաստանը մշտապես լքելու մտածելակերպից: Դուք կարող եք մեկնել աշխատելու, սովորելու նպատակով, դա բնական է, եւ ողջունելի, բայց պետք է պահել կապը հայրենիքի հետ: Վստահ եմ, որ հայերիս բնորոշ կենսասիրությամբ, եռանդով եւ ստեղծագործ ջանքերով կարող ենք հասնել դրան՝ ինտեգրվելով համաշխարհային հանրության հետ եւ կիսվելով մեր տաղանդով եւ ուժով»,- ասում է Հակոբ Սարգսյանը:

P.S. Apricot Party միջոցառման այս տարվա մասնակիցներն արդեն մեկնել են Հայաստանից, բայց նրանցից շատերը չերեւացող, հուզական թելերով մշտապես կապված են Հայաստանի հետ: Նրանք խոստանում են կրկին վերադառնալ Հայաստան՝ իրենց հետ բերելով Հայաստանի նոր ու հավատարիմ բարեկամների:  

Եկատերինա Պողոսյան

Դիտում՝ 39752
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai