Նորիկ Նազարյան. Բանկի պորտֆելում ակնկալում ենք գյուղվարկերի ծավալի աճ

03.06.2015 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Banks.am-ի հարցազրույցը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, վարկային տնօրեն Նորիկ Նազարյանի հետ:

- Ներկայիս տնտեսական մարտահրավերների ֆոնին՝ ինչպիսի՞ն է գյուղատնտեսական վարկերի նկատմամբ պահանջարկի ընդհանուր պատկերը, եւ ի՞նչ միտումներ են նկատվում սեզոնային աշխատանքներին ուղղված վարկերի մասով:

- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 1996-ից սկսած ֆինանսավորում է գյուղատնտեսությունը: Բանկն այսօր էլ իր սկզբնական նպատակներից չի շեղվել եւ շարունակում է ֆինանսավորել գյուղատնտեսության ոլորտն ավելի մեծ ծավալով՝ Հայաստանի ամբողջ տարածքում:

Սեզոնային աշխատանքներին ուղղված վարկերի մասով մեծ հետաքրքրություն կա: Կարծում եմ` գյուղատնտեսական լավ տարի ենք ունենալու: Եթե անցած տարի խնդիրներ կային, օրինակ, կապված ոռոգման հետ, ապա այս տարի, կարծում եմ, նման խնդիր չենք ունենա: Արդեն իսկ ունենք հաճախորդներ, որոնք պատրաստվում են բերք առաքել Ռուսաստան: Այս առումով նույնիսկ արկղերի դեֆիցիտ եղավ:

- Չի՞ նվազել արդյոք երկարաժամկետ ներդրումներ ենթադրող վարկերի քանակը:

- Սովորաբար նման վարկերը տրամադրվում են 3 եւ ավելի տարի ժամկետով: Եթե վարկը նպատակ ունի համալրել շրջանառու միջոցները, ապա կարող է ավելի կարճ ժամանակահատվածով էլ տրամադրվել: Նշեմ, որ վարկը շուտ մարելու դեպքում չկան տուգանային տոկոսներ:

Ներկայում շատերը խուսափում են երկարաժամկետ վարկեր վերցնել այն դեպքում, եթե վարկը տրամադրվում է դոլարով, քանի որ այդտեղ տեսնում են որոշակի ռիսկեր: Բայց եթե մարդիկ ունեն հստակ նպատակ, ապա նրանք դա անում են:
    
- Վերջին շրջանում հաճախ է խոսվում վարկավորման գործընթացի խստացման եւ, որպես հետեւանք՝ մերժված վարկային հայտերի քանակի կտրուկ աճի մասին: Ի՞նչ կասեք այս առումով. խնդիրն այսօր հատկապես արդիական է` հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկած ակտիվ շրջանը:

-Այո, կան որոշակի խստացումներ, որոնք տնտեսությունն ինքն է թելադրում:

Նախկինում ունեինք գյուղացիական տնտեսություններ, որոնց եկամուտները դիտարկելիս հաշվի էինք առնում դրսից եկող տրանսֆերտները, ինչը ներկայում հաշվի չենք առնում: Փորձել ենք այդպիսով որոշակի ռիսկեր զսպել:

Արտարժութային վարկեր տրամադրելիս նաեւ սկսել ենք ցուցանիշներն ավելի խիստ ձեւով հաշվարկել՝ հետագա ռիսկերից խուսափելու նպատակով: Նման հաշվարկներ ենք իրականացնում, որպեսզի մեր վարկառուն հանկարծ խնդիր չունենա, հետեւաբար մենք էլ զերծ լինենք խնդիրներից: Ներկայում խուսափում ենք շատ ավելի ռիսկային վարկեր տրամադրելուց, ինչը կարող է որոշակի դժգոհություններ առաջացնել:

- Իսկ եղե՞լ են արդյոք փոփոխություններ գյուղատնտեսական վարկերի տրամադրման պայմաններում, մասնավորապես՝ սակագներում:

- Պայմանները նույնն են, փոփոխություններ չեն եղել:

Փոխարենը կան նոր վարկատեսակներ: Անցած տարվանից սկսել ենք որոշ վարկեր տրամադրել՝ նույնիսկ առանց տնտեսություններ այցելելու: Սքորինգային համակարգի միջոցով առանց տնտեսություն այցելելու՝ մեր ունեցած տեղեկատվությամբ կարողանում ենք ստանալ որոշակի ցուցանիշներ: Ըստ այդմ, հաճախորդին նաեւ ուղարկում ենք տեղեկատվություն` նշելով, որ նա կարող է ստանալ մոտ այսքան արժողության վարկ: Սրանք այն մարդիկ են, որոնք մեզ մոտ երկար տարիների վարկային պատմություն ունեն:

Էներգախնայողական համակարգերի հետ կապված նորություն ունենք՝ վարկեր ենք տրամադրում ջեռուցման համակարգեր տեղադրելու, ջերմոցային տնտեսություններում կաթիլային ոռոգման համակարգեր տեղադրելու նպատակով: Երեք տարվա ընթացքում այս համակարգերի շնորհիվ գյուղացու ծախսը զրոյանում է՝ խնայողության հաշվին: ՀՀ ողջ տարածքից ընտրվել են գյուղացիական տնտեսություններ, որոնց հետ փորձնական կիրականացնենք ծրագիրը:

Ինչ վերաբերում է սակագների փոփոխությանը, ապա դա նկատելի է միայն սուբսիդավորման տոկոսներում: Կառավարության նախկինում սուբսիդավորված 4%-ը դարձել է 6%, ինչը տարածվում է բոլորի վրա:

- Օրերս ընդունված որոշման համաձայն՝ կառավարությունը 10 մլրդ դրամ  կհատկացնի գյուղացիներին տրամադրվող վարկային ծրագրի իրագործման համար: Ձեր բանկը եւս ներառված է ծրագրում. ի՞նչ մանրամասներ կարող եք տրամադրել այս գործընթացի վերաբերյալ:

- Մեր վարկային պորտֆելում ներկայում մոտ 17 մլրդ դրամի չափով սուբսիդավորված վարկեր ունենք, որոնք կառավարությունը հատկացնում է մեզ ամեն տարի՝ յուրաքանչյուր կիսամյակի կտրվածքով: Այս տարի մեր սահմանաչափը 5 մլրդ դրամ էր, որն արդեն իսկ տրամադրվել է:  

Պահանջարկը, սակայն, շատ ավելի մեծ էր. մարդիկ դժգոհում էին գումարների քիչ լինելուց, որովհետեւ մենք արհեստականորեն կրճատում էինք վարկերի գումարները, որպեսզի կարողանանք ավելի շատ գյուղական տնտեսությունների բավարարել: Կառավարությունը, դա հաշվի առնելով, լրացուցիչ միջոցներ հատկացրեց:

Հիմա մենք եւս 3 մլրդ դրամի վարկավորում ենք տրամադրում, եւ կարծում եմ, որ մինչեւ հուլիսի վերջ գումարի տրամադրումը կավարտվի: Կառավարությունն աշնանային վարկային փուլի համար եւս 7 մլրդ դրամ է հաստատել, որը կսկսենք տրամադրել արդեն սեպտեմբերից սկսած:

Վարկերը տրամադրվում են առավելագույնը 3 մլն դրամի չափով՝ մինչեւ 2 տարի ժամկետով եւ տարեկան 14% տոկոսադրույքով, որից 6%-ը պետությունը սուբսիդավորում է:

- Ունե՞ք արդյոք նոր պայմանավորվածություններ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ՝ ուղղված գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորմանը:

- Նոր պայմանավորվածություններ դեռ չկան, սակայն ներկայում պայմանագրեր ունենք մի շարք միջազգային ֆինանսական կառույցների հետ, որոնց հետ համագործակցում ենք  արդեն երկար տարիներ: Նաեւ ունենք դրամային միջոցներով վարկային մի շարք պայմանագրեր:

- Բանկի ընդհանուր վարկային պորտֆելի ո՞ր մասն են այսօր կազմում գյուղատնտեսական վարկերը: Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել այդ ցուցանիշն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, եւ ի՞նչ սպասումներ ունեք այս տարվա համար:

- Գյուղատնտեսական վարկերի ծավալն այսօր մեր վարկային պորտֆելում կազմում է ավելի քան 40%: Մեր տրամադրած վարկերի մոտ 52%-ը կազմում են դրամային վարկերը: Արտարժութային վարկերը կազմում են 48%-ը: Դրանք այն վարկերն են, որոնք մենք տրամադրում ենք սեփական կամ տարբեր այլ կառույցներից ներգրավված դրամային միջոցների հաշվին եւ կառավարության սուբսիդավորման ծրագրի շրջանակում:

Պետք է արձանագրել, որ բանկի վարկային պորտֆելում գյուղատնտեսական վարկերի ծավալն էական փոփոխություն չի կրել: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում խոսքը նորից գնում էր շուրջ 40%-ի մասին: Սակայն ծավալային առումով գրանցվել է շուրջ 10% աճ` պայմանավորված նրանով, որ աճել է նաեւ վարկային պորտֆելը:

Այս տարի ակնկալում ենք ավելի մեծ աճ: Ակնհայտ է, որ գյուղացին ավելի ոգեւորված է աշխատում, ավելանում են ցանքատարածությունները, ոգեւորված են նաեւ վերամշակողները: Վերամշակողների շրջանում ակտիվանում են Ռուսաստան արտահանման համար կնքվող պայմանագրերը: Կարծում եմ` 2-3 ամսից այս առումով շատ ավելի հստակ պատկեր կունենանք:

- Գյուղատնտեսության ապահովագրության ներդրմամբ պետք է որ հետաքրքրված լինեն նաեւ բանկերը: Ինչպե՞ս կգնահատեք տվյալ հեռանկարը Ձեր բանկի համար եւ որքանո՞վ եք իրատեսական համարում տեսանելի ապագայում այս հարցի լուծումը մեր երկրում:

- Հայաստանում այսօր ոչ մի ապահովագրական ընկերություն գյուղատնտեսությունը չի ապահովագրում: Խուսափելու հիմնական պատճառը ռիսկերն են: Կարծում եմ` գյուղատնտեսության ապահովագրությունը Հայաստանում կներդրվի առաջիկա 5 տարիներին, քանի որ այլ կերպ այսօր ուղղակի հնարավոր չէ:

Այսօր գյուղացիական տնտեսությունները եւս խուսափում են մեծ վարկերի բեռի տակ մտնելուց, որովհետեւ իրենք էլ գիտակցում են ռիսկերը: Բանկերը եւս խուսափում են` հաշվի առնելով այն, որ ոլորտն ապահովագրված չէ, եւ խնդիրների դեպքում բանկերը մենակ են կանգնելու գյուղացու առջեւ:

Նշեմ, որ 2 տարի առաջ Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկուտի հետեւանքով խոսակցություններ սկսվեցին, թե բանկերը պետք է սառեցնեն վարկերը, զիջեն ինչ-ինչ հարցերում, ինչը հնարավոր չէր: Գտնվեց հիանալի միջանկյալ լուծում:

Կառավարությունը, ԿԲ-ն եւ այն բանկերը, որոնք գյուղատնտեսություն էին ֆինանսավորում, համատեղ որոշեցին, որ կառավարությունը պետք է գումար հատկացնի՝ սուբսիդավորվող վարկեր, որոնց մարման ժամկետը մեր խնդրանքով 2 տարուց դարձավ 3 տարի: Մարման գրաֆիկի հարցում եւս սահմանափակում չկար: Մենք վերաֆինանսավորեցինք այդ վարկերը, եւ ԿԲ-ն էլ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որոշեց, որ այդ վարկերի դեպքում պահուստավորում չի կատարվելու: Որոշվեց վերաֆինանսավորել ոչ միայն ամբողջ պարտքը, այլեւ գյուղացուն վարկային պարտավորության մինչեւ 30%-ի չափով ավելի գումար տրամադրել: Այս քայլերը նպաստեցին, որ գյուղացիական տնտեսությունները վերականգնվեն:

Կարծում եմ՝ գյուղատնտեսության ապահովագրության ներդրման համար պետք է նվազեցնել գյուղատնտեսական ռիսկերը: Դա կարելի է անել նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Օրինակ, ավտոմատ համակարգով այգիների վրա ցանցերի քաշում, ինչը նորություն է, եւ կարծում եմ` կտարածվի: Մենք եւս մեր նոր ծրագրերով նպաստում ենք ոլորտում տեխնոլոգիաների տարածմանը:

Մյուս ուղղությունը հակակարկտային կայաններն են, որոնք այսօր բավարար սփռված չեն հանրապետությունում, եւ ծածկում են դրա ընդամենը 10%-ը: Եթե սրան գումարած պետությունը հնարավորություն ստանա սուբսիդավորել նաեւ ապահովագրական ընկերություններին, ապա այս բոլոր գործոնները միասին կհանգեցնեն նրան, որ ոլորտը գրավիչ դառնա ապահովագրական ընկերությունների համար:

Նորիկ Նազարյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 6360
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai