Բագրատաշենի ձիթապտղի արտադրամասն «առաջին պտուղն» է տվել

29.04.2015 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ժամանակին սահմանամերձ շուկայով հայտնի Բագրատաշեն համայնքին շուտով կարող է նոր համբավ բերել ձիթապտուղը: Սա Հայաստանի եզակի գյուղերից է, որտեղ ձիթապտուղ է աճում, եւ որտեղ արդեն մի քանի ամիս է՝ կազմակերպվում է ձիթապտղի վերամշակում:

Խորհրդային տարիներին համայնքը մոտ 200 հա ձիթապտղի այգի է ունեցել, այժմ մնացել է 60 հա: Գյուղացիներն են մշակում այգիները, իսկ այս տարվա ամբողջ բերքը հանձնել են դրա մշակման համար հիմնված արտադրամաս:

Բագրատաշենի ղեկավար Արկադի Մակյանն այս արտադրամասի հետ մեծ հույսեր է կապում. եթե արտադրությունն ընդլայնվի, կարող է մեծ նպաստ բերել գյուղի տնտեսության զարգացմանը:

«Փոքրիկ շենք են վերանորոգել, այնտեղ են արտադրությունը կազմակերպում: Շատ լավ է, որ արտադրամասը կա, դա կարող է հետագայում մեծ գործարանի վերածվել, ձիթապտղի բերքն էլ կավելանա: Ցավոք, նախորդ տարի սահմանափակ բերք է եղել, բայց այս տարին լավն է, հույս ունենք, որ բերքը շատ կլինի»,- Banks.am-ին ասել է գյուղապետը:

Ձիթապտղի վերամշակմամբ զբաղվում է Viva Fruit ընկերությունը, որի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանը Banks.am-ին պատմել է, որ այս պահին երեք աշխատող ունեն. «Մեր ընտանիքի անդամներն էլ են աշխատում: Ընդհանուր առմամբ, արտադրությունը 6 մարդ է իրականացնում»:

Նախորդ տարվա հոկտեմբերի կեսերին գյուղի այգիները մոտ 600 կգ բերք են տվել, որից էլ 1000 տարա վերամշակված ձիթապտուղ են ստացել:

«Վաճառքի գինը 1500-2000 դրամ է: Մենք դեռ փորձնական ենք աշխատում: Ոչ ոք չի հավատում, որ Հայաստանը ձիթապտուղ ունի, հիմա մեր խնդիրը ապրանքը ճանաչելի դարձնելն է: Ծրագրում ենք իրացնել Հայաստանում: Դեռ պետք է մեզ մոտ ճանապարհ անցնի, որից հետո արդեն կմտածենք արտահանելու մասին»,- ասել է Վիգեն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է արտադրանքի որակին, ընկերության տնօրենի խոսքով՝ Բագրատաշենում աճող ձիթապտուղը շատ լավն է. «Առանց կոնսերվանտների է, օգտագործում ենք միայն աղ եւ ջուր: Դրսից ներկրվածները չեն կարող այս համն ունենալ, հունականից էլ լավն է»:

Viva Fruit-ի արտադրամասի պայմաններն այժմ բավարարում են եղած բերքի մշակման համար: Հիմնական խնդիրն այգիների փոքր ծավալն է: Ընկերությունը նաեւ ձիթապտղի աճեցմամբ զբաղվելու նպատակ ունի, մոտ 1 հա այգի են տնկել, սակայն բերք ստանալու համար տարիներ են պահանջվում:
Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ Վիգեն Հովհաննիսյանն ասել է, որ եթե բերքը լավ լինի, արտադրությունը կմեծացնեն, ինչին զուգահեռ նաեւ արտադրամաս կկառուցեն:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ հեղինակի

Դիտում՝ 43249
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai