Բացելով փակագծերը. Մայնինգ

02.11.2017 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Մայնինգ #կրիպտոարժույթ #բիթքոին
Ֆինանսական շուկայում լայն տարածում է ստացել «մայնինգ» տերմինը՝ արտահայտելով կրիպտոարժույթ ստանալու գործընթացը: «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը ներկայացրել է մայնինգի վերաբերյալ պարզաբանում, որի առավել ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ստորեւ:

Ի՞նչ է մայնինգը

Մայնինգը (mining, արդյունահանում/արտադրություն) սեփական վիրտուալ դրամապանակին ինչպես կրիպտոարժույթ ստանալու, այնպես էլ այն թողարկելու միջոց է։ Ընդ որում, միակ միջոցը։ Չէ՞ որ կրիպտոփողերը թողարկում է ոչ թե ինչ-որ կենտրոնական մարմին (ինչպես, օրինակ, պետությունը թողարկում է ռուբլին), այլ բոլոր այն օգտատերերը, որոնք գործարկել են հավելվածը՝ համակարգիչների համապատասխան հզորություն ունենալու պայմանով։

Այդ հավելվածում անընդհատ տեղի է ունենում մաթեմատիկական նույնատիպ խնդիրների լուծում։ Յուրաքանչյուր լուծած խնդիր հնարավորություն է տալիս ստեղծել  բլոկ։ Իսկ հավելվածը (այդ հավելվածը կոչվում է բլոկչեյն-համակարգ), ըստ էության, բաղկացած է հենց բլոկերից։ Բլոկի ստեղծման համար մայները ստանում է վճար՝ ցանցի կրիպտոարժույթը։

Մայներները կենսունակ նշանակություն ունեն այդ համակարգի համար։ Եթե ոչ ոք չգործարկի հավելվածը, ապա չեն լինի նոր բլոկներ, կրիպտոփողերը չեն ավելանա, ինչի հետեւանքով հավելվածը «կմահանա» ։ Բայց արդյոք կարելի՞ է անվերջ զբաղվել մայնինգով եւ կարո՞ղ են «անմահ» լինել այդ հավելվածները։ Ոչ։ Ցանցի ստեղծողը կարող է ի սկզբանե նախանշել «առաստաղը»։ Օրինակ, բիթքոինների քանակը չպետք է գերազանցի 21 մլն-ը։ Ըստ կանխատեսումների, վերջին բիթքոինը կարդյունահանեն 2140թ. սկզբին։ Այսինքն՝ ամենաթանկ եւ հայտնի կրիպտոարժույթի կյանքի տեւողությունը կկազմի 131 տարի։


Ինչո՞ւ է անհրաժեշտ հզոր վիդեո քարտ

Մրցակիցներից առաջ անցնելու համար: Մասնավորապես, հավելվածը միաժամանակ գործարկվում է հազարավոր մայներների կողմից (եթե խոսքը բլոկչեյն-համակարգի մասին է)։ Մաթեմատիկական խնդիրը, որն առաջարկում է լուծել համակարգը՝ դա նոր կոդի (այսպես կոչված խեշի) փնտրումն է, որին մասնակցում են բոլոր օգտատերերը։ Ով առաջինն է այն գտնում, նա էլ իրավունք է ստանում ստեղծել նոր բլոկ։ Բլոկ ստեղծողն էլ ստանում է պարգեւավճար՝ 12,5 բիթքոինի չափով։  

Վիդեո քարտ օգտագործող հավելվածն ավելի արագ է լուծում մաթեմատիկական խնդիրը, քան դա կարող է անել կենտրոնական պրոցեսորը։ Որքան հզոր է քարտը, այնքան բարձր է արագությունը։ Այսպիսով, դա ավելացնում է մայների շանսը՝ ստեղծելու բլոկ եւ վաստակելու կրիպտոարժույթ։

Մայնինգի նոր սերունդը

Մայնինգի նոր սերունդն արդեն գոյություն ունի։ Այն ենթադրում է, որ հզորությունները այլեւս որեւիցե դեր չեն ունենալու, սակայն կրիպտոարժույթի արդյունահանումը հասանելի կլինի միայն նրանց, ովքեր արդեն ունեն կրիպտոարժութային կապիտալ։

«Այսօր գերակայում է կրիպտոարժույթի արդյունահանումը հզոր վիդեո քարտերի եւ սալիկների միջոցով՝ proof-of-work մոդելը։ Ով ունի ավելի շատ հզորություններ, նա էլ հաղթում է։ Կա նաեւ մայնինգի մեկ այլ տեսակ՝ proof-of-stake։ Որքան շատ կրիպտոփող կա հաշվին, այնքան շատ է բլոկ ստեղծելու շանսը։ Մայնինգով կարելի է զբաղվել եւ հեռախոսի, եւ հասարակ նոութբուքի միջոցով։ Այս սխեման ավելի արդյունավետ է բնապահպանական նկատառումներից ելնելով եւ քիչ էլեկտրականություն է ծախսվում։ Այսօր այդ ուղղությունը զարգանում է եւ արդյունքում կարող է փոխարինել proof-of-work համակարգին»,- նշել է Ռուսաստանում Waves բլոկչեյն-հարթակի ներկայացուցիչ Գլեբ Կոստարեւը:   

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 39788
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo