Արարատբանկը տեղաբաշխել է Սեւծովյան բանկի 1-ին դրամային պարտատոմսերը

29.06.2017 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Արարատբանկ #Աշոտ Օսիպյան #ԱՍԶԲ
Արարատբանկը հունիսի 27-ին իրականացրել է Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի (ԱՍԶԲ) կողմից թողարկված առաջին դրամային արժեկտրոնային պարտատոմսերի (BSTBB1) տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը տեղեկացրել է, որ տեղաբաշխվել են 10 հազ. դրամ անվանական արժեքով, 3 տարի շրջանառության ժամկետով պարտատոմսեր՝ 2 մլրդ դրամ ընդհանուր ծավալով եւ 8,3481% միջին կշռված եկամտաբերությամբ։

Տեղաբաշխումն իրականացվել է աճուրդի միջոցով, որին մասնակցել է բորսայի 7 անդամ՝ ներկայացնելով տարբեր ընկերությունների 16 հայտ: Պահանջարկի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 2,7 մլրդ դրամ՝ 35%-ով գերազանցելով առաջարկը:

Արարատբանկի ղեկավարը կարեւորել է ԱՍԶԲ-ի մուտքը հայաստանյան արժեթղթերի շուկա՝ ընդգծելով, որ «տեղաբաշխման են ներկայացվել միջազգային ճանաչում ունեցող կազմակերպության պարտատոմսեր, եւ ստացված միջոցներն օգտագործվելու են ի նպաստ Հայաստանի տնտեսությանը»:

«Արժեթղթերի շուկան Հայաստանում գտնվում է կայուն զարգացման փուլում. ի հայտ են գալիս նոր թողարկողներ, գործիքներ՝ երկրում ստեղծելով որակապես նոր ներդրումային միջավայր: Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկն ունի միջազգային A՝ բարձր վարկանիշ, եւ շատ կարեւոր է, որ նրա թողարկած պարտատոմսերից հավաքագրված գումարներն օգտագործվելու են Հայաստանի տնտեսության զարգացման նպատակով՝ ուղղվելով հիփոթեքային վարկավորման խթանմանը»,- նշել է Աշոտ Օսիպյանը:

ԱՍԶԲ հայաստանյան կառավարչի տեղակալ Անդրանիկ Գրիգորյանը եւս կարեւորել է այս նախաձեռնությունը:

«Միջազգային կառույցները, այդ թվում՝ Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը, իրենց մեծ դերակատարումն ունեն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում: Մենք նախկինում եւս ունեցել ենք միջազգային կազմակերպությունների կողմից դրամային պարտատոմսերի թողարկումներ, որոնք բավական հաջողություններ են ունեցել: Վստահ եմ՝ այս թողարկումը եւս հաջողություն կգրանցի»,- նշել է Անդրանիկ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ԱՍԶԲ թողարկումները հայաստանյան շուկայում շարունակական կլինեն:

«ԱՍԶԲ-ն ունի մի մանդատ՝ առաջ մղել տնտեսական զարգացումն ու տարածաշրջանային համագործակցությունը 11 անդամ երկրներում: Մենք ֆինանսավորում ենք նախագծեր պետական եւ մասնավոր հատվածներում, եւ այս խողովակների միջոցով փորձում իրականացնել մեր առաքելությունը: Վերջերս մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք տեղական արժույթով ֆինանսավորման վրա, ինչը թույլ է տալիս բանկերին եւ ընկերություններին նվազեցնել ռիսկերը, դոլարիզացիայի մակարդակը, ինչպես նաեւ ամրացնել տեղական ֆինանսական շուկաները: Դրամային այս պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներն ուղղելու ենք հիփոթեքային վարկավորման խթանմանը՝ տրամադրելով դրանք «Ազգային հիփոթեքային ընկերության»-ը»,- նշել է ԱՍԶԲ գլխավոր գանձապետ Քրիստոֆեր Բեսթը:

Նշենք, որ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունն ապահովելու են Արարատբանկն ու «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ներդրումային ընկերությունը, որոնց հետ ԱՍԶԲ-ն կնքել է շուկայի ստեղծողի ծառայությունների մատուցման պայմանագրեր:
Դիտում՝ 11195
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai