Կայացել է վարկային պորտֆելի արժեթղթավորման առաջին գործարքը ՀՀ-ում

21.01.2016 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

2015 թ. դեկտեմբերին «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (ՈՒՎԿ)` չորս այլ  ՈՒՎԿ-ների հետ համատեղ («Գառնի Ինվեստ», «Նոր Հորիզոն», «Կամուրջ», «Գլոբալ Կրեդիտ»), մասնակցել է Հայաստանում առաջին անգամ կայացած վարկային պորտֆելի արժեթղթավորման գործարքին:

Ինչպես հայտնել են «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» կազմակերպությունից Banks.am-ին, գործարքն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի «Ֆինանսավորում՝ հանուն տնտեսական զարգացման» (FED) ծրագրի աջակցությամբ։

Ակտիվներով ապահովված արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում՝ հատուկ այս նպատակով ստեղծված «Վարկային պորտֆելի արժեթղթավորման հիմնադրամ I-ի» կողմից, որի միակ նպատակը մասնակից ՈՒՎԿ-ների վարկային պորտֆելի արժեթղթավորումն է։

Արժեթղթավորումը նախատեսված է մինչեւ $5 մլն պարտատոմսերի համար, որից ներդրողների կապիտալում ունեցած հնարավոր կորստի 50%-ը երաշխավորվում է ԱՄՆ ՄԶԳ Զարգացման վարկային մարմնի կողմից։ Թողարկվող պարտատոմսերի արժեքը ներառում է վարկերի մայր գումարը եւ տոկոսները: Վարկերից եկող բոլոր ֆինանսական հոսքերը եւ վարչական վճարները կփոխանցվեն պարտատոմսեր ձեռքբերողներին։

«Մի շարք երկրներում միկրոֆինանսական կազմակերպություններն իրենց ֆինանսական բազաներն ընդլայնելու հարցում բախվում են երկու լրջագույն խնդրի.
 
- ավանդների ստացումը սահմանափակվում է կանոնակարգերով,  
- տեղական առեւտրային բանկերը միկրոֆինանսական կազմակերպություններին հաճախ դիտարկում են որպես մրցակից։

Այս խնդիրներն արդիական են նաեւ Հայաստանում, որտեղ մրցակցությունը ֆինանսական ոլորտում բավականին մեծ է:

Մասնակցելով արժեթղթավորման ծրագրին՝ ՈՒՎԿ-ները նպատակ ունեն ֆինանսավորում ստանալ կապիտալի շուկայից։ Բացի այդ, պարտատոմսերի ֆինանսավորմամբ կընդլայնվի ՈՒՎԿ-ների կողմից գյուղացիական տնտեսություններին եւ ՓՄՁ-ներին տրամադրվող վարկերի չափը Հայաստանի ամբողջ տարածքում։

Այս ծրագիրը ՈՒՎԿ-ների համար մեծ կարեւորություն ունի, քանի որ Հայաստանում ՈՒՎԿ-ները բավականին փոքրածավալ են իրենց սեփական պարտատոմսերը թողարկելու համար: Բացի դրանից, նրանց համար տեղական առեւտրային ֆինանսներ ստանալը մեծ խնդիր է:

Հաշվի առնելով նմանատիպ նախագծերի միջազգային փորձը, դրանց ընձեռած ինստիտուցիոնալ առավելությունները, ինչպես նաեւ Հայաստանի ֆինանսական ոլորտում առկա մարտահրավերները, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն մշտապես աջակցել է Հայաստանում իրականացվելիք վարկային պորտֆելի արժեթղթավորման գաղափարին եւ հանդիսանում է այս նախագծի առաջամարտիկներից»,- նշված է հաղորդագրությունում։

Ընկերությունում նաեւ հայտնել են, որ արժեթղթաթավորման ծրագրի վերաբերյալ ամբողջական զեկույց կներկայացվի այս տարի՝ Տիրանայում կայանալիք Միկրոֆինանսական կազմակերպությունների ամենամյա համաժողովի ընթացքում։

Դիտում՝ 35928
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai