Ոգելից խմիչք արտահանողները նոր շուկաներ բացահայտելու կարիք ունեն

10.02.2015 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /

«Ավենյու Քընսալթինգ Գրուպ» խորհրդատվական ընկերությունը շարունակում է  ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ իր հետազոտությունների շարքը:

Մենք արդեն առիթ ունեցել ենք ներկայացնել ընկերության իրականացրած՝ Հայաստանի մսամթերքի շուկայի հետազոտությունը: Այս անգամ «Ավենյու Քընսալթինգ Գրուպ»-ը անդրադարձել է ՀՀ ոգելից խմիչքների շուկային եւ ոլորտին՝ վերլուծելով վերջինիս արտադրական ներուժը, արտահանման եւ տեղական շուկայի զարգացման հնարավորությունները:  

Ինչպես Banks.am-ին ասել է ընկերության խորհրդատու Քրիստինա Հովսեփյանը, ուսումնասիրությունը միտված է ավելի խոր եւ ընդգրկուն վերլուծությունների համար հիմք նախապատրաստելուն, ինչը կուղղորդի հայաստանյան ձեռնարկատերերին այս ոլորտում իրենց գործունեությունը սկսելու կամ զարգացնելու հարցում: «Բացի այդ, այս ուսումնասիրությունը հետաքրքիր է նաեւ սպառողների վարքագծի վերլուծության համար, մասնավորապես, այն կօգնի հասկանալ` ինչպես են փոխվել հայ սպառողների վճարունակությունը կամ նախասիրությունները»:

Քրիստինա Հովսեփյանը տեղեկացրել է, որ ընկերության իրականացրած ուսումնասիրությունն ամփոփվել է «Հայաստանի ոգելից խմիչքների շուկայի վերաբերյալ ակնարկ» հաշվետվության մեջ, որը շուտով հասանելի կլինի «Ավենյու Քընսալթինգ Գրուպ»-ի կայքում:

Իսկ մինչ այդ ներկայացնում ենք ընկերության՝ Banks.am-ին տրամադրած հաշվետվությունից որոշ հատվածներ:

Տեղական ապրանքանիշերը գերիշխում են

2014թ. Հայաստանում արտադրվել է ավելի քան 56.5 մլն լիտր, ներմուծվել՝ 11.5 մլն լիտր, արտահանվել՝ 24 մլն լիտր ոգելից խմիչք: Ոգելից խմիչքների շուկայի ծավալը կազմել է 44 մլն լիտր կամ ավելի քան $228 մլն: Հայաստանում հիմնականում արտադրվում են այնպիսի ոգելից խմիչքներ, ինչպիսիք են օղին, գինին, գարեջուրը, կոնյակը եւ շամպայնը:

Հայ սպառողները նախընտրում են ոգելից խմիչքների ավանդական տեսակները, ընդ որում, շուկայում գերիշխող մասնաբաժին են զբաղեցնում հայաստանյան արտադրության ապրանքանիշերը, ինչը պայմանավորված է հայաստանյան արտադրության խմիչքների գին-որակ մրցունակ համադրությամբ: Օրինակ՝ կոնյակի շուկայում 95% մասնաբաժինը պատկանում է հայկական արտադրության կոնյակին, գարեջրի շուկայում՝ 88%-ը, օղու շուկայում՝ 50%-ը:

Մեկ շուկայից կախվածության ռիսկը՝ ազդակ արտադրողներին

2009-2013 թթ. ներմուծման ծավալներն աճել են շատ ավելի դանդաղ տեմպերով, քան արտահանման ծավալները: Ներմուծման ծավալների միջին տարեկան համակցված աճի տեմպը 2009-2013 թթ. կազմել է 6%` $42.1 մլն-ից հասնելով $56.6 մլն-ի, իսկ արտահանմանը՝ 24%՝ $72.7 մլն-ից հասնելով $212.9 մլն-ի: Ոգելից խմիչքները հիմնականում ներմուծվում են Ռուսաստանի Դաշնությունից, Իսպանիայից, Ուկրաինայից, Վրաստանից եւ Ֆինլանդիայից:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա, ինչպես շատ այլ ոլորտներում, այստեղ շատ մեծ է աշխարհագրական կենտրոնացվածության աստիճանը: Արտահանման ճնշող մեծամասնությունն ուղղվում է ՌԴ շուկա, օրինակ՝ 2013թ. արտահանված խմիչքների 80%-ն ուղղվել է ՌԴ: Սա ազդակ է ՀՀ ոգելից խմիչքներ արտահանողների համար՝ նոր շուկաներ բացահայտելու եւ գրավելու, որպեսզի նվազեցվի ՌԴ շուկայից կախվածության աստիճանը: Պետք է հաշվի առնել, որ ՌԴ շուկան կայուն չէ, պարբերաբար փոխվում են դեպի ՌԴ ներմուծող ապրանքների նկատմամբ որակական եւ տեխնիկական պահանջները, ինչը կարող է խոչընդոտել ՀՀ-ից ոգելից խմիչքների արտահանումը: Բացի այդ, առհասարակ, մեկ շուկայից կախվածության բարձր աստիճանը լրացուցիչ ռիսկ է առաջացնում արտահանողների համար:

Օղին առաջատար է արտահանման աճի տեմպով

2010-2014 թթ. Հայաստանում զգալիորեն աճել են գինու արտադրման ծավալները. մասնավորապես 2010թ. արտադրվել էր մոտ 5 մլն լիտր գինի, իսկ 2014թ. ավելի քան 6 մլն լիտր՝ արձանագրելով  20.6% աճ: Գինու արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում եւս աճել են, մինչդեռ ներմուծման ծավալները կրճատվել են:

Գարեջրի ներմուծումը կրճատվել է շուրջ 40%-ով, իսկ արտահանումը, ընդհակառակը՝ աճել է 1.4 անգամ:

Օղու պարագայում 2010-2014 թթ. կտրուկ աճ է գրանցել արտահանումը. այն աճել է 26.8 անգամ, իսկ համակցված տարեկան աճի տեմպը կազմել է 93.1%: Սա ոգելից խմիչքների արտահանման ամենամեծ աճն է: Օղու ներմուծման ծավալները եւս աճել են, իսկ արտադրման ծավալները՝ նվազել՝ տարեկան մոտ 12 մլն լիտրից հասնելով 9.5 մլն լիտրի:

Կոնյակի պարագայում ներմուծման ծավալները չնչին մասնաբաժին են կազմում. 2010-2014 թթ. ընդհանուր առմամբ ներմուծվել է ընդամենը 366 հազ. լիտր կոնյակ:

Վիսկի, տեկիլա, ռոմ, ջին…

Հայ սպառողների շրջանում տարեցտարի աճում է նաեւ այնպիսի խմիչքների նկատմամբ հետաքրքրությունը, ինչպիսիք են վիսկին, տեկիլան, ռոմը եւ ջինը: Նշված խմիչքներից առավել շատ է սպառվում վիսկին: Վիսկիի սպառման շուկան կազմում է շուրջ $1.3 մլն: Առավել մեծ պահանջարկ են վայելում Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից ներմուծված ապրանքանիշները: Իսկ ջինը, ընդհակառակը, հայ սպառողների շրջանում այդքան էլ տարածված չէ: Դրա սպառման ծավալները կազմում են 1.35 հազ. լիտր կամ $23 հազ.:

Առողջ վիճակագրություն

Հայաստանում 1 շնչին բաժին հասնող ոգելից խմիչքների սպառումը բավական զիջում է այլ երկրների նույն ցուցանիշին: Այսպես, ՀՀ-ում գինու՝ 1 շնչի հաշվով սպառումը կազմում է մոտ 1.63 լիտր, օղունը՝ 5.6 լիտր, գարեջրինը՝ 4.4 լիտր: Համեմատության համար նշենք, որ Ֆրանսիայում գինու՝ մեկ շնչի հաշվով սպառումը կազմում է 44 լիտր, իսկ Վատիկանում՝ 72 լիտր: Աշխարհում օղու սպառման առաջատար Ռուսաստանում մեկ շնչի հաշվով սպառվում է 10 լիտր օղի:

«Ամփոփելով նշեմ, որ ոգելից խմիչքների արտադրությունը 2009-ից սկսած դրսեւորում է աճի միտում, նույնը վերաբերում է նաեւ ոգելից խմիչքների արտահանմանը: Սա լուրջ հնարավորություն է հայ ձեռնարկատերերի համար ոգելից խմիչքների ոլորտում նոր բիզնես նախագծեր սկսելու կամ գոյություն ունեցողները զարգացնելու համար»,- Banks.am-ին ասել է Քրիստինա Հովսեփյանը:

Դիտում՝ 6559
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai