«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի Կառավարման խորհրդի նախագահ Արմեն Հովհաննիսյանի հարցազրույցը Banks.am-ին- Վերջերս «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը հրապարակեց Հայաստանի աուդիտորական շուկայի 2025 թվականի վերլուծությունը՝ ներկայացնելով ոլորտի հիմնական միտումները, շուկայի կառուցվածքը եւ առաջատար դերակատարների դիրքերը, իսկ դրանից հետո նաեւ հրապարակվեց Հայաստանի Աուդիտորների եւ Փորձագետ հաշվապահների պալատի տարեկան հաշվետվությունը։ Ի՞նչ հիմնական պատկեր է ձեւավորվում շուկայի վերաբերյալ։- Կարծում եմ՝ 2025 թվականը Հայաստանի աուդիտորական շուկայի համար բավականին կարեւոր եւ որոշ առումով նաեւ վերաիմաստավորման տարի էր։ Մենք տեսնում ենք, որ շուկան դառնում է ավելի կառուցակարգված, իսկ հաճախորդների պահանջները՝ ավելի հստակ եւ բազմաշերտ։ Եթե նախկինում աուդիտորական ընկերությունների միջեւ մրցակցությունը հիմնականում դիտարկվում էր միայն աուդիտի ծառայությունների շրջանակում, ապա այսօր այն արդեն ընդգրկում է խորհրդատվական, հարկային, ֆինանսական, տեխնոլոգիական եւ իրավաբանական ծառայությունների ամբողջական էկոհամակարգ։Միեւնույն ժամանակ, կարեւոր է, որ Հայաստանի Աուդիտորների եւ Փորձագետ հաշվապահների պալատի հրապարակած տարեկան տվյալները եւս մեկ անգամ հնարավորություն տվեցին շուկան դիտարկել առավել օբյեկտիվ եւ համադրելի հարթության մեջ:- Ձեր հրապարակած վերլուծության համաձայն՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը կրկին շուկայում առաջատարն է ըստ հասույթի եւ հաճախորդների թվի։ Ի՞նչ է սա նշանակում ընկերության համար։- Նախ եւ առաջ, սա մեզ համար ոչ միայն արդյունք է, այլ նաեւ պատասխանատվություն։ Երբ շուկան քեզ վստահում է նման մասշտաբով, դա նշանակում է, որ տարիների ընթացքում կարողացել ես ձեւավորել վստահություն, կայունություն եւ երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։Մեզ համար սկզբունքային է մեկ կարեւոր հանգամանք․ խոսքը միայն թվերի մասին չէ։ Այո՛, հրապարակված տվյալների համաձայն՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը 2025 թվականին գրանցել է շուկայում ամենամեծ հասույթը` ավելի քան 4.3 մլրդ դրամ, սակայն այդ արդյունքի հիմքում մեծ թիմային աշխատանք, մասնագիտական մոտեցում եւ հաճախորդների նկատմամբ երկարաժամկետ պատասխանատվություն է։Այսօր մենք աշխատում ենք տնտեսության գրեթե բոլոր առանցքային ոլորտների հետ՝ ֆինանսական համակարգից մինչեւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, էներգետիկա, արտադրություն, հանքարդյունաբերություն եւ զարգացման ծրագրեր։ Միեւնույն ժամանակ, վերջին տարիներին էականորեն ընդլայնվել է նաեւ մեր միջազգային ներգրավվածությունը։ Այսօր մեր թիմերը ծառայություններ են մատուցում աշխարհի շուրջ 40 երկրների հաճախորդների եւ գործընկեր կազմակերպությունների համար։ Բացի այդ, «Գրանթ Թորնթոն» միջազգային ցանցի շրջանակում մենք ձեւավորել ենք նաեւ համատեղ ռեսուրսների կենտրոնի (shared resource center) գործառույթներ, եւ մեր աուդիտորական թիմերը ներգրավված են ավելի քան 10 երկրներում իրականացվող նախագծերում։ Սա մեզ համար պարզապես արտահանվող ծառայություն չէ․ սա նաեւ հայկական մասնագիտական ներուժի միջազգային մրցունակության կարեւոր ցուցանիշ է։- Պալատի հաշվետվության մեջ հրապարակվել էին նաեւ միայն աուդիտորական ծառայություններից գոյացած հասույթների տվյալները։ Ինչպե՞ս եք գնահատում այդ ցուցանիշները։- Այդ տվյալներն, ըստ էության, թույլ են տալիս շուկային նայել մեկ այլ տեսանկյունից։ Դրանք ցույց են տալիս, որ միջազգային ցանցերին անդամակցող առաջատար ընկերությունները շարունակում են պահպանել գերակշիռ դերակատարում պարտադիր աուդիտների եւ խոշոր հաճախորդների հատվածում։Միեւնույն ժամանակ, այսօր արդեն ակնհայտ է, որ մասնագիտական ծառայությունների շուկան շատ ավելի լայն է, քան միայն աուդիտը։ Հաճախորդները սպասում են ոչ միայն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ, այլեւ ռազմավարական, հարկային, ռիսկերի կառավարման, տեխնոլոգիական եւ գործարքային աջակցություն։ Այդ պատճառով էլ ոլորտում առավել մրցունակ են դառնում այն կազմակերպությունները, որոնք կարողանում են առաջարկել համալիր ծառայություններ եւ ունենալ բազմապրոֆիլ թիմեր։- Ձեր ուսումնասիրությունում հետաքրքիր էր նաեւ հաճախորդների շարժի եւ շուկայի ներսում փոփոխությունների վերաբերյալ հատվածը։ Ի՞նչ միտումներ եք տեսնում։- Այո՛, եւ սա այն հատվածներից է, որը, կարծում եմ, ամենահետաքրքիրներից մեկն է շուկայի տեսանկյունից, որովհետեւ ցույց է տալիս մրցակցության իրական դինամիկան։ Մենք տեսնում ենք, որ հաճախորդների շարժը շուկայում բավական ակտիվ է, հատկապես խոշոր եւ միջին բիզնեսների հատվածում։Միաժամանակ, մեզ համար շատ կարեւոր ցուցանիշ է նաեւ հաճախորդների պահպանման մակարդակը։ Երբ հաճախորդները երկար տարիներ շարունակում են աշխատել նույն կազմակերպության հետ, դա խոսում է ծառայությունների որակի, վստահության եւ պրոֆեսիոնալ հարաբերությունների մասին։Հատկանշական է նաեւ, որ 2025 թվականի մեր հաճախորդների շրջանում անցկացված պաշտոնական հարցումների արդյունքում՝ մեր հաճախորդների հավատարմության ցուցանիշը (Net Promoter Score) կազմել է 71%, ինչը միջազգային չափանիշներով համարվում է գերազանց արդյունք։- Ի՞նչ դեր ունի մարդկային կապիտալը նման մրցակցային միջավայրում։- Մասնագիտական ծառայությունների ոլորտում մարդկային կապիտալն իրականում ամենակարեւոր ակտիվն է։ Աուդիտը եւ խորհրդատվությունը առաջին հերթին գիտելիքահեն ծառայություններ են, եւ հաջողության հիմքում մարդիկ են՝ իրենց փորձով, մասնագիտական մտածողությամբ եւ արժեքներով։Այսօր մրցակցությունը գնում է ոչ միայն հաճախորդների, այլ նաեւ լավագույն տաղանդների համար։ Այդ պատճառով մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագիտական զարգացմանը, միջազգային փորձի փոխանցմանը, ուսուցմանը եւ կազմակերպության ներսում գրեթե երեսուն տարի առաջ ձեւավորված մշակույթի պահպանմանը։ Մեզ համար կարեւոր է, որ շուրջ երկու հարյուր մասնագետներից բաղկացած մեր մեծ թիմը կիսի նույն արժեքներն ու մասնագիտական մոտեցումները։Վերջին տարիներին նկատում ենք նաեւ, որ երիտասարդ մասնագետների համար ավելի ու ավելի կարեւոր են դառնում ոչ միայն աշխատավարձը, այլ նաեւ զարգացման հնարավորությունները, կազմակերպության արժեքները, ճկունությունը եւ միջազգային միջավայրը։- Ձեր կարծիքով, ի՞նչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանի աուդիտորական շուկան առաջիկա տարիներին։- Կարծում եմ՝ շուկան շարունակելու է աճել եւ մասնագիտանալ։ Բիզնես միջավայրը դառնում է ավելի բարդ, կարգավորումներն՝ ավելի խիստ, իսկ ներդրողների եւ միջազգային գործընկերների ակնկալիքները՝ ավելի բարձր։ Սա նշանակում է, որ որակյալ աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների պահանջարկը շարունակելու է աճել։Բացի այդ, առաջիկա տարիներին ավելի մեծ դեր են ունենալու տեխնոլոգիաները, մասնավորապես արհեստական բանականության գործիքների կիրառությունը, տվյալների վերլուծությունը, կիբեռանվտանգությունը եւ կայուն զարգացման հետ կապված ծառայությունները։ Մենք արդեն տեսնում ենք, որ շուկան աստիճանաբար շարժվում է այդ ուղղությամբ։ Մեր ռազմավարությունն էլ հենց այդ տրամաբանության վրա է կառուցված՝ համատեղել միջազգային փորձը, տեղական շուկայի խորքային իմացությունը եւ բազմամասնագիտական ծառայությունները՝ երկարաժամկետ արժեք ստեղծելու համար։ Tweet Դիտում՝ 3165