Սամվել Խարազյան. Առողջապահությունը չպետք է կախված լինի մարդու գրպանից

27.05.2026 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է 2025 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հիմնադրամի առաքելությունն է Հայաստանում յուրաքանչյուր ապահովագրված անձի համար ապահովել հիմնարար որակյալ բուժօգնության հասանելիություն եւ պաշտպանել ընտանիքներին բժշկական ծախսերի ծանր բեռից։

Ներկայումս ԱՀԱ համակարգում ընգրկված է ավելի քան 1.7 միլիոն շահառու։ Առաջին եռամսյակում իրականացվել է 1.4 միլիոն հետազոտություն:

Banks.am-ը զրուցել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանի հետ՝ հասկանալու, թե ինչ խնդիր է փորձում լուծել համակարգը, ինչ մարտահրավերների է բախվել եւ ինչ է փոխվում առողջապահության ոլորտում։

Սամվել Խարազյանը

- Տարիներ շարունակ Հայաստանում առողջապահությունը շատերի համար ոչ թե իրավունք, այլ ֆինանսական հնարավորության հարց էր։ Ո՞ր պահին ակնհայտ դարձավ, որ գործող համակարգն այլեւս չի աշխատում եւ պետք է անցում կատարել համընդհանուր ապահովագրության։

- Տարիներ շարունակ մեր համակարգում գործել է սոցիալական ֆինանսավորման մոդելը, երբ առողջապահական ծառայությունների հասանելիությունը կախված էր մարդու սոցիալական կարգավիճակից։ Փաստացի բնակչության միայն շատ սահմանափակ հատվածն էր ունենում երաշխավորված բժշկական օգնություն ստանալու հնարավորություն։ Առողջապահական ընդհանուր ծախսերի գրեթե 80%-ը մարդիկ հոգում էին անձնական միջոցներով։ 

Ամենամեծ խնդիրը միայն ֆինանսականը չէր։ Երբ մարդը գիտի, որ բժշկի դիմելը կարող է իր համար մեծ ծախսերի հանգեցնել, նա սկսում է հետաձգել բուժումը։ Հաճախ ինքնաբուժվում էին, խորհուրդ հարցնում ծանոթներից կամ սպասում էին, մինչեւ հիվանդությունն ավելի լրջանա։ Շատ դեպքերում այդ ուշացումը հանգեցնում էր հաշմանդամության կամ նույնիսկ մահվան։ Այս խոչընդոտը հաղթահարելու համար էլ ներդրվեց համընդհանուր ապահովագրության համակարգը։

- Ներդրման պահին ամենամեծ մտավախություններից մեկը «կուտակված հիվանդությունների ալիքն» էր․ ենթադրվում էր, որ տարիներ շարունակ բժշկի չդիմած մարդիկ միաժամանակ կսկսեն օգտվել համակարգի ծառայություններից։ Այդ կանխատեսումները որքանո՞վ արդարացան, եւ ինչպե՞ս համակարգը դիմակայեց առաջին ծանրաբեռնվածությանը։

- Մարդիկ, որոնք երկար ժամանակ բժշկի չէին դիմել, համակարգի ներդրումից հետո սկսելու էին ակտիվ օգտվել ծառայություններից։ Այդ պատճառով վերջին տարիներին բավական մեծ աշխատանք էր տարվել ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Վերանորոգվել եւ վերազինվել են մարզային բժշկական կենտրոններ, զարգացել է պոլիկլինիկական համակարգը, մասնավոր հատվածն էլ է զգալի ներդրումներ արել։ Մյուս կարեւոր փոփոխությունը ֆինանսավորման մեխանիզմների վերանայումն էր։ Մենք փորձեցինք ստեղծել ավելի ճկուն եւ թափանցիկ համակարգ, որպեսզի թե՛ պետական, թե՛ մասնավոր բուժհաստատությունները կարողանան ներգրավվել ծրագրում։

Սամվել Խարազյանը

- Առողջության համընդհանուր ապահովագրությունը հաճախ ներկայացվում է որպես սոցիալական ծրագիր, բայց իրականում այն նաեւ ֆինանսական կառավարման մեծ համակարգ է։ Ի՞նչ սկզբունքներով եք կառուցել ֆինանսավորման մոդելը, որպեսզի այն երկարաժամկետ կայուն լինի։

- Հիվանդանոցային օգնությունը ֆինանսավորում ենք ըստ յուրաքանչյուր ավարտված դեպքի։ Օրինակ՝ եթե խոսքը վիրահատության մասին է, մենք հաշվարկում ենք ամբողջ ծախսը՝ դեղորայք, բժշկական պարագաներ, բժշկի աշխատանք, հետազոտություններ եւ այլն։ Այդ ամբողջի հիման վրա ձեւավորվում է արժեքը, որը փոխհատուցվում է բժշկական կազմակերպությանը։ 

Պոլիկլինիկաներում գործում է խառը մոդել։ Ընտանեկան բժիշկը ֆինանսավորում է ստանում թե՛ իր մոտ գրանցված քաղաքացիների թվի, թե՛ փաստացի իրականացված ծառայությունների համար։ Սա շատ կարեւոր փոփոխություն է, որովհետեւ նախկինում հնարավոր չէր հասկանալ իրական պահանջարկը՝ ինչ մասնագետների կարիք կա, որտեղ են մարդիկ դիմում եւ ինչ ծառայություններից են օգտվում։ Հիմա քաղաքացին ինքն է ընտրում՝ որ բժշկի կամ որ բուժհաստատության այցելի։

- Եթե առաջին ամիսների տվյալներին նայենք ոչ թե թվերի, այլ մարդկանց վարքագծի տեսանկյունից, ի՞նչ է փոխվել ամենաշատը։ Ո՞ր ցուցանիշն է Ձեզ համար ամենախոսունը։

- Ամենակարեւոր ցուցանիշն այն է, որ արդեն յուրաքանչյուր երրորդ ապահովագրված քաղաքացի օգտվել է համակարգի շրջանակում տրամադրվող ծառայություններից կամ դեղորայքից։ Սա նշանակում է, որ համակարգը հասանելի է եւ մարդիկ իրականում օգտվում են դրանից։ Մենք նաեւ տեսնում ենք, որ գրպանից կատարվող ծախսերը նվազում են ավելի արագ, քան կանխատեսում էինք։ 

Սամվել Խարազյանը

- Տարիներով հետաձգված առողջական խնդիրները սովորաբար առաջինը «երեւում» են վիճակագրության մեջ։ Այս պահին ո՞ր ծառայություններն ու հիվանդությունների խմբերն են ամենաբարձր դիմելիությունն ապահովում։

- Ամենամեծ դիմելիությունը 65-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում է, ինչը սպասելի էր։ Այս պահին ամենահաճախ հանդիպող ծառայություններից են կատարակտայի վիրահատությունները, սրտանոթային հիվանդությունների բուժումը, տարբեր ախտորոշիչ հետազոտությունները։ Վերջին ամիսներին նաեւ զգալիորեն աճել է քիմիոթերապեւտիկ բուժման ծավալը։ Մենք մինչեւ 1,2 միլիոն դրամի սահմաններում փոխհատուցում ենք քիմիոթերապիայի դեղորայքը, նաեւ ճառագայթային թերապիայի ծառայությունները։ 

Նաեւ այլ հետաքրքիր ցուցանիշ էլ ունենք․ շուրջ 48 հազար քաղաքացի, որոնք վերջին 7-8 տարիներին ընդհանրապես առողջապահական ծառայություններից չէին օգտվել, հիմա արդեն դիմում են բժիշկների, հետազոտվում եւ բուժում ստանում։

- Հայաստանում տարիներով ձեւավորվել էր մտածողություն, որ բժշկի պետք է դիմել միայն այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասել»։ Համակարգը կարո՞ղ է փոխել այդ մշակույթը։

- Մեր հիմնական նպատակը մարդկանց մոտ նոր մտածողություն ձեւավորելն է՝ առողջությանը պետք է հետեւել առողջ ժամանակ, ոչ թե սպասել, մինչեւ խնդիրը խորանա։

Սամվել Խարազյանը

- Երբ համակարգը դառնում է ավելի հասանելի, անխուսափելիորեն աճում է նաեւ հերթերի եւ ծանրաբեռնվածության խնդիրը։ Ինչպե՞ս եք փորձում պահպանել բալանսը հասանելիության եւ համակարգի կառավարվող լինելու միջեւ։

- Հերթերը այս փուլում որոշ չափով անխուսափելի են, բայց դրանք ավելի փոքր են, քան կանխատեսում էինք։ Աշխատում ենք բուժհաստատությունների կարողությունների զարգացման վրա, որպեսզի առաջիկա տարիներին հասանելիությունն ավելի հավասար լինի ամբողջ երկրում։

Միաժամանակ աշխատանքներ են իրականացվում հերթագրման մշակույթի ձևավորման ուղղությամբ, որպեսզի քաղաքացիները բժշկի դիմելուց առաջ նախապես հերթագրվեն։ Կարեւոր է նաեւ, որ քաղաքացիները հստակ հասկանան՝ ինչ ծառայություններ են հասանելի, որտեղ կարող են լինել համավճարներ կամ սահմանափակումներ, քանի որ դա անհրաժեշտ է համակարգի կայուն աշխատանքի համար։

Սամվել Խարազյանը

- Հանրային քննարկումներում հաճախ ամենազգայուն թեման սահմանափակումներն են․ ինչն է փոխհատուցվում, ինչը՝ ոչ։ Ի՞նչ տրամաբանությամբ են սահմանվել այդ «կարմիր գծերը»։

- Կան սահմանափակումներ, որոնք հիմնված են ծախսարդյունավետության եւ միջազգային փորձի վրա։ Օրինակ՝ նույն մասնագետի մոտ տարեկան երկու խորհրդատվությունից ավելը որոշ դեպքերում չի փոխհատուցվում։ Սրտի ստենտավորման դեպքում փոխհատուցվում է մինչեւ երեք ստենտ։ Կան նաեւ որոշ տարիքային սահմանափակումներ առանձին վիրահատությունների համար։ 

- Այսօր արդեն կան առաջին փորձը, առաջին դիտարկումներն ու առաջին արդյունքները։ Ո՞ր պահին կասեք՝ այո՛, համակարգը ոչ միայն գործարկվեց, այլեւ իսկապես փոխեց Հայաստանի առողջապահական իրականությունը։

- Անկեղծ ասած՝ արդեն այսօր քաղաքացիների արձագանքները շատ բան են ասում։ Երբ մարդիկ բողոքում են ոչ թե համակարգից, այլ նրանից, որ դեռ ներառված չեն դրանում, դա արդեն շատ կարեւոր ցուցանիշ է։ Շատ կարեւոր արձագանք ենք ստանում նաեւ բժիշկներից։ Նրանք ասում են, որ հիմա առաջին անգամ հնարավորություն ունեն ամբողջ ծավալով իրականացնել իրենց աշխատանքը, որովհետեւ նախկինում հաճախ հիվանդը պարզապես չէր կարողանում անցնել նշանակված հետազոտությունները կամ ձեռք բերել անհրաժեշտ դեղորայքը։

Սամվել Խարազյանի հետ զրուցել է Աստղիկ Հովհաննեսովը
Դիտում՝ 2009

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW