Ջայլամաբուծությունը Հայաստանում. ներկան ու հեռանկարները

04.05.2018 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ջայլամաբուծություն #MY SNACK #Փշատավան
Հայաստանում կան ջայլամաբուծությամբ զբաղվող մի քանի տնտեսություններ, սակայն ամենախոշոր ագարակը Փշատավան համայնքում է։ Արդեն 2017թ. դեկտեմբերից ագարակատերերը տեղում արտադրում են սուջուխ, բաստուրմա եւ ղավուրմա, որոնք դեռեւս միայն տեղական շուկայի համար են։ Բիզնեսի հեռանկարներին ծանոթանալու համար Banks.am-ի թղթակիցն այցելել է Փշատավան։

Սկզբնական շրջան

Ջայլամները Հայաստան են ներկրվել 2008թ. Իրանից։ Կենդանիները հետզհետե ընտելացել են եղանակային ու կերային պայմաններին եւ արդեն հասուն ջայլամներից սկսել են ստացվել նոր սերունդներ։  

«Մոտ 150 ջայլամ էինք ներկրել, որոնցից մնացին միայն 100-ը, սակայն այժմ արդեն ունենք մոտ 500 ջայլամ՝ 1-ից մինչեւ 10 տարեկան։ Այս տարի հույս ունենք քանակն ավելացնել»,- ասում է ֆերմայի գլխավոր անասնաբույժ Արմեն Սարգսյանը։

Բազմացման համար արուները պատրաստ են դառնում 5-6, իսկ էգերը՝ 4 տարեկանում։ Ջայլամի մեկ ձուն շուրջ 30 հավկիթի քաշ ունի: Առայժմ ստացվող ձվերը վաճառքի ենթակա չեն եւ պահվում են ինկուբատորներում։


Խոչընդոտներ եւ առանձնահատկություններ

Փոքր հասակում ջայլամի սխալ սննդակարգը կարող է բերել գիրացման, ինչի հետեւանքով թռչնի ոտքերը հաճախ չեն դիմանում ծանրությանն ու կոտրվում են։ Արմեն Սարգսյանի խոսքով՝ պետք է հետեւել սննդակարգին, որպեսզի ոսկրային կազմը համաչափ աճի։ Այժմ ագարակում կան մինչեւ 120-կիլոգրամանոց ջայլամներ։

«Թռչունները տեղի կլիմայական պայմաններին արդեն ընտելացել են։ Փոքր հասակում ավելի բարձր ջերմաստիճան է պետք։ Մինչեւ մեկ ամսականը պահում ենք մոտ 30-32o C տաքության պայմաններում։ Հիմնականում բաց տարածքում են լինում, միայն երբ շատ է ցրտում, բերում ենք ներս՝ տաքացվող գոմեր»։

Ջայլամները սնվում են հացահատիկով, նաեւ մրգերով եւ բանջարեղենով։ Անասնաբույժը վստահեցնում է, որ կերակրում են միայն բնական կերերով՝ առանց վիտամինային հավելումների։


Սպառումը տեղական շուկայում

Ֆերմայի գլխավոր անասնաբույժի խոսքով՝ ջայլամի թե՛ ձուն եւ թե՛ միսը դիետիկ են, սակայն առայժմ վաճառել չեն կարող։ 2017թ. դեկտեմբերից սկսել են արտադրել բաստուրմա, սուջուխ եւ ղավուրմա, որոնք առայժմ քիչ քանակով սպառվում են տեղական շուկայում, իսկ հետագայում նաեւ կարտահանվեն։  

«Արտադրանքը դելիկատեսային է եւ ոչ այնքան մատչելի բնակչության լայն զանգվածների համար։Բաստուրմայի մեկ կիլոգրամն արժե 15 000-16 000 դրամ, մինչդեռ լավագույն տավարի մսից բաստուրման եւս այդ գինն ունի։ Առայժմ փորձնական քանակով հանձնել ենք սուպերմարկետների ցանցերին, սակայն հետագայում, երբ ծավալներն ավելացնենք, հնարավոր է՝ ապրանքի ինքնարժեքն իջնի»,- պարզաբանում է Արմեն Սարգսյանը։


Տեղական ջայլամի մսից պատրաստված արտադրանքը սուպերմարկետներում կարելի է գտնել MY SNACK բրենդի ներքո։ Շուտով շուկայում կհայտնվի նաեւ ջայլամի, տավարի, հավի, հնդկահավի եւ խոզի սնեկ՝ չոր միս։ Արտադրությունն իրականացվում է «Մայ Սնաք» ՍՊԸ-ի կողմից։

Նախատեսում են նաեւ սկսել կաշվի վերամշակում։ Դիզայներական լուծումների համար մեծ արժեք են ներկայացնում ջայլամի վերամշակված փետուրները եւ ձվի կեղեւը։

Նոր ցեղատեսակի տավար

Փշատավանի ագարակում նաեւ փորձում են բազմացնել աբերդին-անգուսյան տավար։ Արմեն Սարգսյանի խոսքով՝ կենդանուն կարելի է պահել եւ բազմացնել առանց գոմային պայմանների նույնիսկ հայաստանյան կլիմայի պարագայում։ Փորձնական պահելուց հետո՝ համոզվել են, որ անասունը կարող է մնալ մինչեւ 20 աստիճան ցրտի եւ 30-35o C աստիճան տաքության պայմաններում։


«Տեղական ցեղատեսակների համեմատությամբ՝ աբերդին-անգուսյան տավարն ունի առավելություններ թե՛ որպես մսատու, թե՛ որպես կաթնատու։ Մսատվությունը մինչեւ 350 կգ է, կաթնատվության մասին այս պահին հստակ խոսել չենք կարող։ Շուտով կունենանք առաջին հորթերը, եւ պարզ կդառնա, թե հայաստանյան կլիմայի պայմաններում ինչպիսին է այս տավարի կաթնատվությունը»,- մանրամասնում է Արմեն Սարգսյանը։

Ցուլերի կենդանի քաշը 700-750 կգ է, կովերինը՝ 500-600, իսկ սպանդային ելքը՝ 60-61%։ Այժմ տնտեսությունն ունի 2 աբերդին անգուսյան կով եւ մեկ ցուլ։

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 13885
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai