«Ռուսաստանյան Amazon»-ը կգործարկվի աշնանը

22.05.2018 | 09:32 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #«Յանդեքս» #beru.ru
Սբերբանկն ու «Յանդեքս»-ը ներկայացրել են «Վերցնում եմ» («Беру») էլեկտրոնային կոմերցիայի համատեղ հարթակը (մարկետփլեյսը), որը կգործարկվի 2018-ի աշնանը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ծառայությունը հասանելի կլինի beru.ru կայքում, ինչպես նաեւ Android եւ iOS սարքերի համար նախատեսված հավելվածների միջոցով: Ներկայում սերվիսի բետա տարբերակը հասանելի է Սբերբանկի եւ «Յանդեքս»-ի աշխատակիցներին՝ Ռուսաստանի բոլոր մարզերում, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր կցանկանան փորձարկել նոր ծառայությունը:

Banks.amհիշեցնում է, որ անցած տարվա օգոստոսին Սբերբանկն ու «Յանդեքս»-ը համաձայնագիր էին ստորագրել «Յանդեքս.Մարկետ»-ի բազայի հիման վրա նոր ընկերություն հիմնելու մասին: Ըստ համաձայնագրի՝ Սբերբանկը պարտավորվում էր «Յանդեքս.Մարկետ»-ում 30 մլրդ ռուբլի ներդնել:


Գործարքն իր ավարտական փուլին հասավ այս տարվա ապրիլի 27-ին, որի արդյունքում համատեղ ընկերությունը գնահատվեց 60 մլրդ ռուբլի: «Մենք ցանկանում ենք «Յանդեքս.Մարկետ»-ի բազայի հիման վրա կառուցել «ռուսաստանյան Amazon», եւ մեծ հույսեր ունեմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- նշել էր Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը:

«Յանդեքս.Մարկետ»-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հինգ տարվա ընթացքում «Վերցնում եմ» («Беру») հարթակի շրջանառությունը կկազմի մինչեւ 500 մլրդ ռուբլի:

«Մենք հույս ունենք դառնալ ճանաչված խաղացող եւ մեծ ջանքեր կգործադրենք՝ ուղղված Ռուսաստանում էլեկտրոնային առեւտրի շուկայի զարգացմանը, որը դեռեւս զբաղեցնում է ընդհանուր մանրածախ առեւտրի միայն փոքր մասը, հատկապես, եթե համեմատելու լինենք զարգացած երկրներում էլեկտրոնային կոմերցիայի մասնաբաժնի հետ»,- ընդգծել են ընկերությունում:

Փորձարկման փուլում մարկետփլեյսում հասանելի է 25 հազ. ապրանքային տեսականի (ներառյալ էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա, ապրանքներ տան եւ ամառանոցի համար, մանկական ապրանքներ): Նախատեսվում է, որ աստիճանաբար ապրանքների տեսականին կընդլայնվի՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում հասնելով մինչեւ 1 մլն-ի:  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 14148
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai