Աշոտ Օսիպյան. Բանկերը հաջողությամբ հանձնեցին քննությունը

18.05.2018 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աշոտ Օսիպյան #Արարատբանկ
Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը վերջին մեկ ամսվա քաղաքական իրադարձությունները բանկային համակարգի համար հաջողությամբ հանձնած քննություն է համարում եւ բացատրում՝ սա նշանակում է, որ բանկային համակարգը Հայաստանում կայուն է:  

Անդրադառնալով բանկային համակարգի այսօրվա իրավիճակին ու զարգացման ապագային՝ Աշոտ Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  առանձնացրել է երեք մարտահրավեր՝ բանկային համակարգի նոր կանոնակարգում, մրցակցություն եւ ֆինտեխ:

Նոր կանոնակարգման մասով Արարատբանկի վարչության նախագահը նշում է կարեւոր փոփոխությունները, որոնցից է IAS 39-ի փոխարինումը IFRS 9-ով:

«Այս տարվա մարտից հաջողությամբ ներդրեցինք IFRS 9-ը Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը, որն իմ գնահատմամբ՝ շատ մեծ առաջընթաց էր: Այն զուտ հաշվապահական փոխարինում չէ, քանի որ մենք IFRS 9-ով կարողանում ենք գնահատել հնարավոր ակտիվները: Նախկինում մենք գնահատում էինք այսօրվա առկա ռիսկերը եւ չէինք մտածում՝ ինչ է լինելու ակտիվի հետ»,- ասել է Աշոտ Օսիպյանը:

Նա նշել է, որ ներկայում աշխատում են «Բազել 3»-ի ներդրման ուղղությամբ:

Այս փոփոխությունների արդյունքում, փորձագետի խոսքով, բանկերը եկամտաբերության կարճաժամկետ անկում կունենան, ինչն ընդունված միջազգային պրակտիկա է, սակայն երկարաժամկետում կունենանք կայուն, զարգացող եւ ռիսկերից զերծ բանկային համակարգ:

Խոսելով մրցակցության մասին՝ Աշոտ Օսիպյանն ասել է, որ այսօր Հայաստանում գործող 17 բանկերը եւ 30-ից ավելի վարկային կազմակերպությունները հիմնականում առաջարկում են միանման բանկային ծառայություններ:

«Շատ ժամանակ բանկերը մատուցում են ծառայություններ՝ ինքնարժեքից ցածր գնով: Կարճաժամկետ առումով սա բացասական է բանկերի համար, որովհետեւ նկատվում է շահութաբերության նվազում, սակայն երկարաժամկետ առումով բանկերը շահելու են դրանից: Նրանք կրճատելու են ինքնարժեքները, բարձրացնելու բանկային գործընթացների արդյունավետությունը եւ ուղղորդելու են դեպի բանկային ինովացիաներ»,- նշել է Արարատբանկի ղեկավարը:  

Աշոտ Օսիպյանի խոսքով՝ 2017-ին բոլոր ոլորտներում գրանցվել է վարկավորման ծավալների առնվազն 1% նվազում՝ սպառողականից մինչեւ բիզնես:

Խոսելով ֆինանսական նորարարությունների մասին՝ Արարատբանկի վարչության նախագահը նշել է, որ չի կարելի այսօր անտեսել ֆինտեխը եւ շարունակել ավանդական գործունեությունը, քանի որ այն կտանի ինքնակործանման:

Հակադարձելով հոդվածներին, որոնք կանխատեսում են բանկերի կործանումը, Աշոտ Օսիպյանը նկատել է, որ, ի տարբերություն ֆինտեխ ընկերությունների, բանկերի ամենակարեւոր առանձնահատկությունը նրանց հանդեպ վստահությունն է:

«Որեւէ մեկն այժմ չի վստահում Google-ին, Apple-ին, գուցե 10 տարի հետո՞ վստահի, մինչդեռ բանկերի վստահությունը դարերով է եկել: Բանկերն այն պետք է օգտագործեն, ինչպես նաեւ պետք է օգտագործեն ֆինտեխը. անտեսել ֆինտեխը՝ նշանակում է չտեսնել ապագան»,- ասել է Աշոտ Օսիպյանը:

Նա բանկերի զարգացումը կապել է տնտեսության իրական հատվածի զարգացման հետ: Աշոտ Օսիպյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին ունենք զարգացած բանկային համակարգ եւ թույլ զարգացած իրական հատված:

«Եթե մենք ունենանք տնտեսության աճ, բանկերն ավելի արագ կզարգանան: Նույնիսկ անցած մեկ ամսվա անկայուն քաղաքական իրավիճակում բանկերը ոչ միայն վարկեր, այլեւ բաժնետերեր էին ներգրավում, ինչը շատ կարեւոր ազդակ է մեր բանկային համակարգի համար»,- ամփոփել է Աշոտ Օսիպյանը:
Դիտում՝ 7179
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai