Ալեք Բաղդասարյան. Հայաստանին հաջողակ բիզնես պատմություններ են պետք

21.05.2018 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Ալեք Բաղդասարյան #Բիզնես Արմենիա
ԱՄՆ-ում «Բիզնես Արմենիա»-ի պատվո ներկայացուցիչ, Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահ, Հայկական առեւտրային ցանցի գործադիր խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանի հարցազրույցը Banks.am-ին։ Ալեք Բաղդասարյանի հետ զրուցել ենք ապրիլի 11-ին՝ նրա հայաստանյան այցի շրջանակում:

- Պրն Բաղդասարյան, որպես կանոն, դեպի ԱՄՆ արտահանումների դեպքում խոսքը հիմնականում Կալիֆոռնիա նահանգի մասին է։ Ի՞նչ շանսեր ունեն հայաստանյան ապրանքները՝ լայնացնելու իրենց աշխարհագրությունն ԱՄՆ-ում, եւ, հատկապես, ո՞ր ապրանքատեսակներին դա կարող է վերաբերել։   

- Այսօր Կալիֆոռնիայում գործելը երկու տարբեր ձեւով է արվում: Մի մասը մեծ կազմակերպություններն են, որոնք ծանոթություններ ու կապեր ունեն Հայաստանում ու արդեն վաղուց աշխատում են: Իսկ փոքր արտադրողներին քաջալերելու եւ նրանց ապրանքները ներկայացնելու համար՝ արդեն բավական ուսումնասիրել ենք շուկան, բիզնես ծրագրեր ներկայացրել եւ հիմա պլանավորում ենք ստեղծել Made in Armenia showroom (ցուցասրահ):

Երեւանում կունենանք ներկայացուցիչներ, որոնք կօգնեն արտադրողներին ապրանքը պիտակավորելու հարցում, իսկ վաճառքի հետ կապված գործերը Լոս Անջելեսում արդեն կիրականացվեն: Ցուցասրահի առաջարկն արվել է, հույս ունենք՝ այս տարի հաջողության կհասնենք: Բուն նպատակը փոքր արտադրողներին օգնելն է, քանի որ մեծ արտադրողն արդեն բոլոր հնարավորություններն ունի՝ վաճառքով զբաղվելու:

- Ըստ պաշտոնական տվյալների՝ անցած տարվա ընթացքում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 42%-ով: Կխնդրեի մեկնաբանել այս ցուցանիշը։

- Երբ կարողանում ես 42%-ով որեւէ բան բարելավել, շատ մեծ թիվ է, սակայն շատ փոքր է, երբ այդ 42%-ը ոչ մի բան չի «ասում»: Կարծում եմ՝ Հայաստանում ամեն ինչ դեպի լավն է գնում, բայց այն, ցավոք սրտի, ամեն մարդ չի հասկանում: Ինձ թվում է՝ մեր ազգի համար Սփյուռքի դերակատարությունը շատ կարեւոր է, որպեսզի ներդրումներ կատարվեն եւ այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ բոլորը հանգիստ գան Հայաստան: Վստահության եւ բիզնեսի պոտենցիալի հետ կապված՝ պետք է կարողանանք խնդիրները լուծել եւ մարդկանց բացասական վերաբերմունքը կոռուպցիայի հանդեպ փոխել, եւ դա պետք է անենք հաջողակ պատմություններով (success story):

Աճ նկատվել է ՏՏ ոլորտում: Ցավոք սրտի, ինձ թվում է՝ երկրում առիթներ չեն ստեղծվում, գործարաններ չեն բացվում, որ ժողովուրդը աշխատի, թե ինչու, պատճառները չգիտեմ: Չգիտեմ նաեւ, թե որքանով լավ են քննարկվում պատճառները: Բնականաբար, ՏՏ ոլորտում աճը նկատվում է, որովհետեւ մարդկային կապիտալի վրա է հիմնված, բայց, մյուս կողմից, ուրիշ գործարաններ չեն ստեղծվում, պետք է հասկանանք՝ ինչու չի լինում: Կարծում եմ՝ մենք ամեն ինչի մեջ չէ, որ լավ խորանում ենք, եւ կարող ենք անել ավելին՝ վիճակը բարելավելու համար: Օրինակ, զբոսաշրջության ոլորտն աճ է գրանցում Հայաստանում, բայց արդյոք այն աճում է, քանի որ լավ մշակված տուրիզմի ծրագի՞ր ունենք, թե՞ աճում է, որովհետեւ Երեւանը սիրուն քաղաք է, եւ մարդիկ պարզապես գալիս են այցելության:

Երբ, օրինակ, խոսում են Արցախի զբոսաշրջության զարգացման մասին եւ նշում, թե որքան մարդ է այցելել, ես դա չեմ համարում որպես տուրիզմի 5 տարվա լավ մշակված ծրագիր: Ով որ այցելելու է Արցախ, այցելում է: Կարծում եմ՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար ներուժը շատ ավելի մեծ է:

Նման խնդիրների քննարկումը շատ կարեւոր է, որովհետեւ այն օրերն անցել են, որ մենք միայն կարողանանք ժողովրդին ասել՝ եկե՛ք, Հայաստանում լավ է, եկե՛ք բիզնես սկսեք: Մարդիկ իսկապես ցանկանում են, որ մենք փաստենք, որ եղել են լավ պատմություններ եւ կան:

-Ինչպես նշեցիք, հզոր Սփյուռքի առկայությունը, բնականաբար, մեծ առավելություն է արտասահմանյան ներդրումների համար։ Բայց եւ այնպես, չե՞ք կարծում, որ մենք շատ ենք կենտրոնանում մեր հայրենակիցների ներուժի վրա՝ ինչ-որ տեղ աչքաթող անելով օտարազգի ներդրողին։ Դուք ունե՞ք այս հարցում հավասարակշռություն ապահովելու բանաձեւը։    

- ՏՏ ոլորտում շուկան մեծ է, եթե մի լավ հաջողված պատմություն լինի, ավելի հեշտ կլինի նաեւ արտասահմանցու գրավելն ու Հայաստան բերելը: Մյուս դեպքերում, օրինակ, անասնապահության շուկան փոքր է, չկան այդքան հաջողակ պատմություններ, շատ դժվար է օտարազգի մարդուն համոզել, որ գա Հայաստան ներդրում անելու: Պետք է փոքր արդյունաբերությունները մեծանան, կարծում եմ՝ այսօր Արցախում կամ Հայաստանի տարբեր մարզերում շատ հեշտությամբ կարելի է օրգանիկ բրենդով նոր մթերքներ վաճառել: Սակայն այդ գործընթացը սկզբի համար պետք է հայերով սկսել, որ հաջողակ պատմություններ ունենանք, որպեսզի արտասահմանցին էլ, դա տեսնելով, շահագրգռվի:

Գինին լավ օրինակ է. մի օր արթնացանք ու իմացանք, որ մեր հարեւան Վրաստանը 40 մլն շիշ գինի է արտադրում, մենք՝ 2 մլն: Ինչո՞ւ չավելացնենք. տեսանք, որ հաջողություններ գրանցում ենք, իսկ դա ինչո՞վ էր պայմանավորված, որովհետեւ հաջողակ պատմություն ունեինք:

Ալեք Բաղդասարյանը

- Պրն Բաղդասարյան, Դուք Հայկական առեւտրային ցանցի գործադիր խորհրդի անդամ եք։ Ցանցը ներկայացված է 14 երկրում, ուստի կառույցից ունեցած սպասելիքները շատ մեծ են։ Ի՞նչ կասեք այս առումով։

- Յուրաքանչյուր երկրում, որտեղ մենք ներկայացված ենք, աշխատում ենք քաջալերել գործընթացը, նաեւ նոր երկրներ ավելացնել ցանցին: Իհարկե, բոլոր երկրների հայկական գաղութներն այդքան մեծ չեն, որ կարողանան նման ձեւով գործել: Պոտենցիալը, սակայն, շատ մեծ է, եւ մենք արդեն հեշտությամբ ենք կապեր ստեղծում երկրների միջեւ՝ ԱՄՆ-ից Իրան կամ Ռուսաստանից Արգենտինա եւ այլն: Ներուժը կա, գործն արվում է:   

- Ձեր կողմից ղեկավարվող Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի ստեղծումից ի վեր անցել է երկու տարի՝ ի՞նչ է հաջողվել իրականացնել այս ընթացքում. բացահայտե՞լ եք այն մարտահրավերները, որոնք խոչընդոտում են լիարժեք արդյունքի գրանցումը։    

- Արդեն կարող ենք վստահորեն ասել, որ մենք Հայաստանում բավական շատ կապեր ունենք տարբեր կազմակերպությունների հետ: Երբ Հայաստանից տարբեր նախարարություններ ցանկանում են այցելել ԱՄՆ, գիտեն, որ կարող են կապվել մեզ հետ: Ամիսը 6-7 հոգի կապ է հաստատում ինձ հետ եւ տեղեկացնում, որ կցանկանան ինչ-որ մի բան սկսել Հայաստանում: Հայկական գաղութները նույնպես տեղյակ են, որ կա նման կառույց, եւ կարող են դիմել հարցերի պատասխաններ ստանալու համար:

Ինչ վերաբերում է մարտահրավերներին՝ ի վերջո, եթե խոսում ենք ինչ-որ մեկի բիզնես սկսելու մասին, պետք է կարողանանք շահույթը ցույց տալ: Ես բոլորին նույն խոսքն եմ ասում, պետք է լավ պատրաստվել ու բիզնես պլանը ներկայացնել, բնականաբար, բոլորը խոսում են կոռուպցիայի մասին, բայց դա ընդամենը խնդիրներից մեկն է, եթե չկարողանանք այն լուծել, շղթայի նման կտարածվի ու ներդրումներ անողներ չեն լինի: Մեր անելիքը պետք է լինի մարդկանց վստահություն ներշնչելը:

- Դուք ինքներդ հետաքրքրվե՞լ եք՝ ունե՞նք հաջողակ պատմություններ, որ գուցե Ձեզ չեն հասել:

- Հետաքրքրվել եմ՝ մինչեւ հիմա չեմ ստացել հաջողակ պատմություններ: Ես 2-3 տարի է՝ ասում եմ, որ նմանատիպ պատմությունների կարիք ունենք, ու դեռ չեմ ստանում: Վստահ եմ՝ կան որոշները, բայց պետք է լավ ներկայացվի:

Կարծում եմ՝ շատ բան կարելի է անել, պետք է լավ քննարկվի, թե որն են խնդիրները, սրանք խնդիրներ են, որ 5 րոպե խոսելով չեն լուծվում, ամեն փոքր բանի վրա պետք է շատ կենտրոնանալ, շատ բծախնդիր պետք է ամեն ինչը քննարկվի ու ստեղծվի լավ մշակված բիզնես պլան, որն իսկապես ցույց կտա հնարավոր ներուժը: Դրանք հետո մեծ արդյունք կունենան:

-  Արդեն նշմարվո՞ւմ են այն քայլերը, որոնք կարող են տեսանելի ապագայում գործնական հարթություն տեղափոխել հայ-ամերիկյան բիզնես ներուժը։

- Արդեն երկու տարի է՝ կազմակերպում ենք մի շարք վեբինարներ (ինտերնետ սեմինարներ) եւ բիզնես համաժողովներ. աշխատում ենք արդյունավետ ծրագրեր կազմակերպել: Նկատել ենք, որ շատ կարեւոր է ժողովրդին հստակ բիզնես պլան ներկայացնելը: Հասել է այն պահը, որ մարդիկ արդեն հետաքրքրված չեն միայն ծրագրերի մասին լսելով եւ ավելի շատ ցանկանում են հստակ բիզնես պլան տեսնել, հաջողակ պատմություններ լսել եւ հնարավորություն ունենալ՝ խոսելու տեղեկացված մարդկանց հետ: Սրանք բոլորը մի ամբողջական խճանկարի մաս են կազմում, որոնք համադրելով՝ կարելի է արդյունքի հասնել:

Նման ծրագրերն անմիջապես չեն իրականանում, եւ, իհարկե, պետք է ավելի ակտիվացնել գործընթացը: Ընդհանուր առմամբ, մենք ունենք խնդիրներ, որոնց վրա պետք է աշխատել: Առաջին խնդիրը Հայաստանի տնտեսական վիճակն է եւ դրա հետ կապված ժողովրդի մոտեցումը:

Երկրորդ խնդիրը՝ մենք Հայաստանում չունենք լավ ուսումնասիրված բիզնես նախագծեր: Ինձ շատ են զանգահարում Հայաստանից եւ Արցախից, մի հատ PowerPoint ծրագիր են ներկայացնում, մի տեսանյութ պատրաստում տեղանքի մասին եւ վերջ: Պետք է կարողանանք հստակ ծրագիր ներկայացնել:

Կա նաեւ կոռուպցիայի վախ, աշխատում ենք այդ հարցով մարդկանց ճիշտ ուղղություններ ցույց տալ: Ես միշտ փորձում եմ ասել, որ մարդ պետք է ոչ միայն հստակ պլան ունենա, այլեւ վստահ լինի, որ ունի լավ փաստաբան, հաշվապահ եւ այլ մասնագետներ:

Ալեք Բաղդասարյանի հետ զրուցել է Ամալի Խաչատրյանը
Դիտում՝ 15200
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai