Գյումրիի հյուրանոցների «կարդիոգրաման»

18.05.2018 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Գյումրի #Շիրակ #հյուրանոց
Գյումրի-Լենինականի ամենահայտնի, ամենամեծ ու քանդակազարդ հյուրանոցը «Շիրակ»-ն էր, որն իր գոյության 50 տարվա ընթացքում, դժբախտաբար, վաստակեց նաեւ «ամենատխուր» բնորոշումը:

11-հարկանի կառույցն իր պատմություն 30 տարիներն անցկացրել է սպասումով՝ երկրաշարժից հետո նորոգվելու, հիմնանորոգվելու, վերին հարկերը կրճատելով, մի մասը գոնե պահպանելու տասնյակ իրականություն չդարձած ծրագրերով: Ի վերջո, այն դարձավ փլատակ, աղբանոց, խոր վերք, որ դեռ ընդգծված մնում է քաղաքի դիմագծին:

2017թ․ նոյեմբերին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Գյումրիի «Շիրակ» հյուրանոցի հողամասը սեփականության իրավունքով «Բասենի Գովք» ՍՊԸ-ին տրամադրելու նախագիծին: Ներդրողը պարտավորվում է իրականացնել մեկ միլիարդ դրամի ներդրում՝ ստեղծելով քառահարկ սպասարկման կենտրոն՝ 100-150 նոր աշխատատեղով:

Օրերս սկսվել է ապամոնտաժման աշխատանքները, փլատակներից մաքրվում է տարածքը: Սեփականատերը պարտավորվել է պահպանել «Շիրակ» հյուրանոցը զարդարող քանդակագործ Ֆերդինադ Առաքելյանի «Հյուրընկալություն» հարթաքանդակը: Հերթական անկատար որոշումը չդառնալու համար՝ կառավարությունը 3 տարի ժամկետ է սահմանել գործարարի համար:

Շիրակ հյուրանոցի հարթաքանդակ

Քանի դեռ Լենինականի «Շիրակ» հյուրանոցը քայքայվում էր, Գյումրիում անցնող տարիների ընթացքում սկսեցին կառուցվել նոր հյուրանոցներ:

Դոն Կիխոտների բիզնե՞ս, թե՞ փոքր քայլերով բիզնեսի զարգացում

Գյումրիում առաջինը՝ 1996թ., Գերմանիայի Կարմիր Խաչը հիմնեց «Բեռլին» հյուրանոցը: Այն կառուցվեց սոցիալական բիզնեսի սկզբունքով, որն օգնելու էր հարեւանությամբ կառուցված «Բեռլին մոր եւ մանկան բժշկական կենտրոն»-ին: Մինչ այժմ էլ այդ նույն առաքելությամբ գործում է, հոգում է «Բեռլին» պոլիկլինիկայի էներգիայի, ջեռուցման ծախսերը, ինչն ավելի է դժվարացրել ու պատասխանատու դարձրել հյուրանոցի գործունեությունը:

Տարիների ընթացքում այն նաեւ որդեգրեց արվեստի ուղղությունը, այժմ արդեն «Բեռլին Արտ հոթել»-ն առաձնանում է ոչ միայն գեղագիտական ձեւավորմամբ, արվեստի գործերի բազմազանությամբ, այլեւ այստեղ հաճախակի կազմակերպվող մշակութային տարբեր միջոցառումներով:

Փոփոխությունների ու հյուրանոցային բիզնեսի խնդիրների մասին խոսում է 22 տարի հյուրանոցին հետեւած, «Բեռլին Արտ հոթել»-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը.

«Հյուրանոցը Դոն Կիխոտների բիզնես է, լրիվ էնտուզիազմի վրա է մինչեւ հմի էղել, պատահական ներդրողների վրա հիմնված բիզնես, որը գոյատեւելու բարդ ընթացք է ունեցել:

Բեռլին հյուրանոց

Ուտոպիստների բիզնես է, որովհետեւ շատ ցածր զբաղվածություն է ապահովում: Եթե հյուրանոցը 60%-ից ցածր զբաղվածություն ունի, արդեն եկամտաբեր չէ: Ողջ աշխարհում է այդպես»:

«Բեռլին Արտ հոթել»-ն ունի 15 սենյակ, գները տատանվում են 20 000-32 000 դրամի սահմաններում, որը ներառում է նախաճաշը: Այս գինը համարվում է շատ ցածր, երբ համեմատում են իրենց պայմանները երեւանյան հյուրանոցների պայմանների հետ: Բայց ինչպես բոլոր հյուրանոցները, Գյումրիում եւս գները շատ ճկուն են:


«Եթե դրանից էլ էժան լինի, կարելի է չաշխատել: Ձմեռը մենք զբոսաշրջիկներ չունենք համարյա, բայց հյուրանոցը ջեռուցում ենք: Օրինակ, Բաթումիում ամառը բացում են հյուրանոցը, ձմեռը՝ փակում, կամ Ավստրիայում ձմեռը բացում են, ամառը՝ փակում: Մյուս կողմից, մենք չենք կարող մեր ամբողջ անձնակազմին ասել՝գնացեք 6 ամիս ուրիշ գործ գտեք, հետո հետ արեք: Մենք ունենք մասնագետների խնդիր, գերադասում ենք կայուն աշխատավարձ տալ ու գոյատեւել»,- ասում է Ալեքսան Տեր-Մինասյանը:

Անաստղ ենք, բայց տեսակով՝ աստղով ենք

Ինչպես շատ տեղերում, այնպես էլ Գյումրիում հյուրանոցներն առաջնորդվում են էյնշտեյնյան ուսմունքով՝ հարաբերական են, հաճախ համեմատական ինքնագնահատմամբ: Կա հատուկ հանձնաժողով, որը, ստանդարտներին հետեւելով, շնորհում է աստղեր, բայց հյուրանոցներից ոչ մեկը շահագրգիռ չէ «աստղառատ» դառնալ: Booking.com-ում էլ հաճախ ոչ թե աստղերը, այլ հաճախորդների մեկնաբանություններն են վճռորոշ դառնում սենյակ պատվիրելու հարցում:

«Սերվիս չունինք: Օտար լեզուների իմացությամբ, ադմինիստրատորի, խոհարարի, հավաքարի կարիք ունենք: Կարող է՝ օտար լեզու իմանա, բայց աշխատանքին չտիրապետի: Ադմինիստրատորը հյուրանոցի սիրտն է, պետք է կարողանա լավ ընդունել ու ճանապարհել հյուրին»,- ասում է «Գյումրի» հյուրանոցի սեփականատեր Լեւոն Գաբոյանը, որը դեռ տարիներ առաջ էր սկսել հյուրանոցային բիզնեսը, բայց պարբերաբար ընդհատել էր գործունեությունը: Երկու տարի առաջ է 110 սենյակներով «Գյումրի»-ն բացել իր դռներն ու զբոսաշրջիկի սպասում:

Գյումրի հյուրանոց

Ոչ միայն հյուրանոցային ծառայությունների ուսուցման դպրոցների բացն է նկատելի։ Քաղաքում կա մեկ այլ կարեւոր խոչընդոտ, որի մասին նշեցին հյուրանոցների սեփականատերերը. գյումրեցի ընտանիքներում հյուրանոցում աշխատելը կամ հյուրանոցային սերվիսի մասնագետ դառնալն այնքան էլ ընդունելի չէ: Մտածելակերպը փոխվել է, բայց դեռ արմատացած պատնեշներ կան, որ հաղթահարելու խնդիր ունեն:

«Շատ դժվար է լուծել մատուցողի հարցը: Մեծ պահանջարկ կա լավ խոհարարի, ես շատ մարդիկ գիտեմ Գյումրիից, որ խոհարար են ու Երեւանում են աշխատում: Երազում են վերադառնալ ու այստեղ աշխատել, բայց եթե լինի Գյումրիում աշխատանք, այսինքն՝ վճարեն այնքան, որքան Երեւանում: Սակայն մայրաքաղաքում այցելուները շատ են, աշխատավարձն էլ բարձր է, այստեղ այդքան չեն կարող վճարել»,- կադրային խնդիրների մասին խոսում է «Նանէ» հյուրանոցի կոմերցիոն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արզուման Հովհաննիսյանը:

«Ես, որ գալիս էի այստեղ աշխատելու, գիտեի ինչ հաստատություն եմ գալիս, դրա համար խնդիր չի եղել: Անգլերեն լեզվի ու գրականության մասնագետ եմ, բայց երբ սկսեցի աշխատել հյուրանոցում, ուսումնասիրել եմ, կարդացել, հյուր ընդունելու ու ճանապարհելու կարեւոր մանրամասները»,- ասում է Լիլիթ Սարգսյանը: Նա արդեն երեք տարի է՝ աշխատում է «Նանէ» հյուրանոցում:

Նանէ հյուրանոց

«Նանէ»-ն նույնպես սոցիալական բիզնեսի մաս է: Այն հիմնել են լիբանանահայ Խաչատուրյաններ ընտանիքը: 1996թ. Գոհար Խաչատուրյանն այցելում է Գյումրի։ Տեսնելով քաղաքի վիճակը՝ որոշում է աշխատատեղեր բացելով օգնել: 1997թ. նրա որդիները քաղաքի կենտրոնում կառուցում են համալիրը: Երկու տարի անց սկսում է աշխատել հայտնի «Գոհար» համույթը՝ գյումրեցի 150 երաժիշտ-կատարողներով: Միաժամանակ, անվճար հիմունքներով իր դռներն է բացում երաժշտական դպրոցը, իսկ հարակից հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսներն իրենց փոքր եկամուտով օգնում են համույթին:

Այն Գյումրիում ամենաթանկ հյուրանոցն է համարվում, որի հետ համաձայն չեն հյուրանոցում՝ հավատացնելով, որ 40 000-55 000 դրամով առաջարկում են ամենաշքեղ պայմանները՝ քաղաքի ամենախնամված վայրում ու ծառայությունների մեծ փաթեթով:

«Հեռադիտակով» գործարարները

Գյումրիում տուրիզմը զարգացնելու կառավարության նախաձեռնությունը նպաստեց, որ գործարարները գնահատեն Գյումրիի բիզնես ներուժը: 2017-ից գործարարները սկսեցին գնել պատմական շինություններ Գյումրիի պատմական միջուկում:

Առաջին ներդրմամբ Գյումրիում բացվեց «Պլազա Վիկտորիա» հյուրանոցը, որը համալրված է 24 սենյակներով, ունի ռեստորան, սրճարան: Բայց շահութաբեր ծանրաբեռնվածություն չի ապահովվում: Մտահոգող այս հարցի շուրջ հյուրանոցի տնօրենը լավատես է:

«Ինչքան էլ մտավախություն ունենան սեփականատերը բիզնեսի եկամտաբերության հարցում, կարծում եմ՝ մինչեւ ներդրում չկատարվի, մինչեւ չբացվեն նման վայրեր, մինչեւ չաշխատեն հարակից բիզնեսները, զարգացումն ու հեռանկարը աղոտ կլինի»,- ասում է «Պլազա Վիկտորիայի» տնօրեն Լուիզա Բալասանյանը:

Իսկ հյուրանոցների փորձառու տնօրենները չափավոր լավատես են, կարծում են, որ այս բիզնեսի զարգացման համար հարկավոր են որոշ արտոնություններ սահմանել, ինչը կօգնի ներդումներ կատարել ու եկամուտ ստանալ:

Վիկտորիա պլազա հյուրանոց

Հետագայում զբոսաշրջության հեռանկարները կանխատեսելով՝ պատմական վայրում պատմական շինություն ունենալու համար հայ եւ օտարերկրյա ներդրողները «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանում տարածքներ են գնել: Առաջին ներդրողն էլ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքն է, որի օրինակին շատերը հետեւեցին: Նախատեսում են կառուցել հյուրանոցներ ու հյուրատներ: Բիզնեսի ապագա հեռանկարները ճի՞շտ են կանխորոշվել, թե՞ ոչ… կախված է զբոսաշրջության զարգացման ծրագրերի իրագործման հետեւողականությունից: Իսկ այս ամենով շահագրգռված են ոչ միայն նոր ներդրողները.

«Եթե Գյումրիում բացվեն նոր հյուրանոցներ ու նոր օթեւաններ, ամեն մարդ կգտնի իրեն հարմար հյուրանոցը, կավելանա մրցակցությունը, ինչը որակը կբարձրացնի, տուրիստական հոսքը կավելանա»,- ասում է Ալեքսան Տեր-Մինասյանը:

«Ես կողմ եմ կառուցելուն, ինչ ուզում է՝ կառուցեն, թող կառուցեն, մենակ թե չքանդեն: Ինչ-որ մի բան կառուցվում է, ուրեմն էնտեղ աշխատատեղ է բացվելու»,- խոսքը լավատեսորեն ավարտում է Արզուման Հովհաննիսյանը:

Անահիտ Հարությունյան (Գյումրի)
Դիտում՝ 18128
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai