Քրիս Լիասիդես. Հայ ուսանողները չեն դադարում զարմացնել ինձ

12.02.2018 | 09:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Քրիս Լիասիդես
Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի՝ CITY քոլեջի մարքեթինգի ավագ դասախոս Քրիս Լիասիդեսի հարցազրույցը Banks.am-ին

- Պարոն Լիասիդես, ի՞նչ կարող եք պատմել Ձեր հայ ուսանողների մասին:

- Ես դասավանդում եմ ինչպես բակալավրներին, այնպես էլ Executive MBA ծրագրով սովորող ուսանողներին, եւ երկու խմբերում էլ ուսանողները չեն դադարում զարմացնել ինձ: Նրանք ձգտում են սովորել եւ բացահայտել նոր բիզնես հմտություններ ու գիտելիքներ:

Ինձ իսկապես հիացնում է այն փաստը, որ Executive MBA ծրագիրը յուրացնող իմ ուսանողները գիտելիքի ծարավ ունեն՝ չնայած այն հանգամանքին, որ նրանցից ոմանք բարձր պաշտոններ են զբաղեցնում իրենց ոլորտներում՝ շքեղ իրեր արտադրող ընկերության տնօրեն, բժիշկ, առեւտրի կենտրոնի մենեջեր, հեռուստաընկերության ղեկավար:

Հայ ուսանողների մեջ ինձ նաեւ զարմացնում է այն, որ երիտասարդ, սակայն հասուն մարդիկ այժմ կյանքում այլ հետաքրքրություններ ունեն, մասնավորապես՝ սոցցանցերում: Այսպիսով` ես հաճախ եմ կիրառում սոցցանցերի օրինակը, որպեսզի հասկացնեմ ուսանողներին, որ այն, ինչ նրանց մատուցվում է, ժամանակավոր բնույթ է կրում: Սոցցանցերում խմբերը ստեղծվում են ուսանողների հետ կապն ավելի դյուրին դարձնելու նպատակով: Ես նաեւ փորձում եմ հասկացնել իմ ուսանողներին այս ոլորտում աչքի ընկնելու անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով Եվրոպայում տիրող անկումը եւ այն փաստը, որ ընկերությունները հակված են մշտապես կրճատումներ անել, այժմ շատ դժվար է աշխատանք գտնել: Այսպիսով, իմ առջեւ դրված խնդիրներից մեկն է օգնել է ուսանողներին հասկանալ, որ նրանք պետք է անընդհատ սովորեն, զարգանան եւ լինեն «crème-de-la-crème» (լավագույներից լավագույնը), որպեսզի ոչ միայն աշխատանք գտնեն լավ ընկերությունում եւ նպաստեն այդ ընկերության զարգացմանը, այլեւ իրենց ապագա ծրագրերը կյանքի կոչելու համար արժեքավոր փորձ ձեռք բերեն:

- Հայ ուսանողները տարբերվո՞ւմ են մյուս ուսանողներից, որոնց հետ առնչվել եք Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում:

- Կիրառելով եւ դասավանդելով մարքեթինգի եւ բիզնեսի հիմքերը, ես ոչ միայն գիտելիքներ եմ փոխանցում, այլեւ անընդհատ մի նոր բան եմ սովորում, եւ սա իմ՝ որպես գիտնականի եւ մարդու անձնական աճի մեթոդն է: Հայ ուսանողներն օգնեցին ինձ նայել իրերին տարբեր կերպ եւ ընդհանուր առմամբ հարստացնել գիտելիքներս:


Հայ ուսանողների շրջանում ինձ հատկապես գերեց հետեւյալը. նրանք գիտակցում են, որ բիզնեսը հիմնված է ողջախոհության վրա եւ իրենից ներկայացնում է մի միջավայր, որտեղ պետք է ինքդ քեզ ամեն օր մարտահրավեր նետես, լինես ստեղծագործ, նորարար, պատրաստ նոր բաներ փորձել, այլապես երբեք հաջողության չես հասնի:

- Որո՞նք են այն առանցքային մտքերը, որոնք փոխանցում եք ուսանողներին:

- Իրական մարտահրավերն այս ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումներին համընթաց քայլելն է: Նոր երեւույթներ են ի հայտ գալիս, եւ ընկերության հաջող ներկայությունը շուկայում հաջողության բանալին է: Ժամանակին ձեռք բերված հմտությունները այլեւս արդիական չեն, կամ, ավելի քիչ կարեւոր են, եւ չափազանց կարեւոր է բացահայտել զարգացման նոր մոտեցումներ:

Հաճախորդները դարձել են ավելի խելացի, բանիմաց եւ պահանջկոտ: Հաճախորդների կարիքները բավարարելու հիմնական սկզբունքն անընդմեջ վաճառքի ապահովումն է եւ դրական կարծիքի ձեւավորումը: Բոլոր մենեջերները պետք է ուշադրություն դարձնեն սրան եւ համոզված լինեն, որ այն, ինչ նրանք տալիս են մարդկանց, հաջողություն եւ բարի համբավ է բերում իրենց կազմակերպությանը, մասնավորապես՝ աշխատակիցներին:

- Հաճախ ենք լսում, որ «դասական կրթությունը» (այդ թվում՝ MBA-ը) մեր օրերում դառնում է պակաս կարեւոր եւ «ամեն բան որոշում են հմտությունները»: Ի՞նչ կարծիքի եք նման մոտեցման մասին:

- Հմտությունն ընկալման տեսանկյունից յուրօրինակ հասկացություն է:

Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի շարք կանոններ, որոնց պետք է հետեւենք: Այդ կանոններն են՝ հետեւել ընթացիկ միտումներին, թվային ոլորտում լինել գրագետ, կենտրոնանալ շուկայի ապագա թրենդների վրա եւ որեւէ բան առաջինը ներմուծել՝ խոչընդոտներից խուսափելու եւ այսպես կոչված «առաջին քայլը կատարողի առավելությանը» հասնելու համար: Զբաղեցնել այնպիսի դիրք, որը թույլ կտա պահպանել հաճախորդի բազան՝ չզիջելով այն մրցակիցներին: Հմտությունների պահանջարկի առումով ասեմ, որ ներկայիս բարձր մրցակցային միջավայրում գործարարները երբեք չպետք է հանգստանան՝ կարծելով, որ ամեն բան ճիշտ են անում: Մրցակից ընկերությունների մենեջերներն իրենց գործը լավ գիտեն եւ անընդհատ մշակում են նոր ռազմավարություններ շուկայում իրենց մասնաբաժնի ավելացման նպատակով: Այսպիսով, մեզ անհրաժեշտ են նոր տեսական հմտություններ, որոնք կկիրառենք մեր հետագա քայլերի մեջ:


Հարկավոր է ցրել այն մոլորությունը, որ համալսարաններում դասավանդում են տեսություն, այլ ոչ թե հմտություններ: Տեխնոլոգիաների, սիմուլյացիոն խաղերի, իրական կյանքում տեղի ունեցող միջազգային մրցումների կիրառումը՝ դասախոսների ուղղորդումների հետ մեկտեղ, կազմում են հմտությունների մի ամբողջություն, որը փոխանցում ենք ուսանողներին: Անընդմեջ զարգանալու եւ նոր մարտավարություններ մշակելու անհրաժեշտություն միշտ էլ կա, եւ իսկապես որակյալ մասնագետը պետք է զբաղեցնի այնպիսի պաշտոն, որի շրջանակում կկարողանա հանդես գալ նորարարական մտքերով:

Պետք է փորձել հասկանալ մարդկանց վարքագիծը, պոտենցիալ հաճախորդի հոգեբանությունը: Երբ դա պարզում ես, մնացածն ավելի հեշտ է դառնում: Թյուր կարծիք կա, որ շուկայում որակյալ մի բան առաջարկելով՝ կարելի է գրավել սպառողներին եւ ստիպել նրանց ձեռք բերել ապրանքը: Խնդիրն իրականում այլ է. հարկավոր է հասկանալ, թե ինչ են ցանկանում մարդիկ եւ ինչպես են դա ցանկանում, այնուհետեւ առաջարկել դա նրանց: Առաջարկն անհատական դարձնելու ձգտումն ինձ համար այս ոլորտում աշխատելու ամենահետաքրքիր կողմն է, եւ դրան հասնելու համար պահանջվում են հմտություններ: Ուսանողներիս փորձում եմ փոխանցել հենց այդ հմտությունները՝ ինչպես մուտք գործել շուկա եւ համոզել մարդկանց, որ ձեր ապրանքը հենց այն է, ինչ անհրաժեշտ է նրանց:
Դիտում՝ 37882
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai